[su_pullquote class=”body{background:red}
is this red? it should document.writeln(‘not’); be. indeed.
“]Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները, АРМЕНОВЕДЕНИЕ В КОНТЕКСТЕ ЯЗЫКОВ И КУЛЬТУР 2025, Издательство: Московский осударственный лингвистический университет, КОНФЕРЕНЦИЯ: 18–19 апреля 2023 года, Организаторы: Московский государственный лингвистический университет, с. 77-90. https://elibrary.ru/download/elibrary_82943065_60047891.pdf[/su_pullquote]
Հարցի պատմությունը և ուսումնասիրության նյութը
Սույն աշխատանքի համար հավաքել և քննել ենք Գորիսի շրջանի բոլոր գյուղերի գրեթե բոլոր տոհմանունները, որոնք, սակայն, հնարավոր չէ ներկայացնել մեկ հոդվածի շրջանակում։ Սեփական նախաձեռնությամբ անցկացված հարցումներից, բանահավաքչական նյութերից բացի օգտագործվել են տարբեր տարիներում Գորիսի շրջանի բնակավայրերին, նրանց տոհմերին վերաբերող աշխատանքներ, ինչպես՝ Վարդանյան Ս․, Տոհմանուններ, Երևան, Հեղ․ հրատ․, 2015, 79 էջ, Վարդանյան Ս․, Հինավուրց Տանձատափ, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ․, 2015, 176 էջ, Սիմոնյան Ս., Կոռնիձոր, Երևան, «Գրիգոր Տաթևացի» հրատ․, 2006, 136 էջ, Մանուցյան Ժ․, Շինուհայր, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ․, 2004, 556 էջ, Գալստյան Ս․ Ա․, Մարգարյան Ռ․ Ս․, Քարաշեն, Գորիս-Երևան, հեղ․ հրատ․, 1981, 156 էջ, Պողոսյան Ս.Մ., Տաթևի համառոտ պատմություն, Երևան, «Զանգակ- 97» հրատ․, 2007, 224 էջ, Ծատուրյան Ա․, Խոզնավար, Գորիս, «Գրիգոր Տաթևացի» հրատ․, 2011, 160 էջ, Հախվերդյան Ս․, Հնագույն հետքեր՝ Հաբանդ-Գորիսի տեղանուններում ու տոհմանուններում, Հայագիտական հանդես, թիվ 4, ԱրՊՀ, Ստեփանակերտ, 2013, էջ 35-41, Հախվերդյան Ս․ Ակնարկ Տեղ գյուղի պատմության և պատմական հուշարձանների (www.sarc.am), Հախվերդյան Ս․, Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, «Զանգակ-97» հրատ․, 494 էջ, Սահակյան Լ., Ակների պատմություն, Երևան, «Հրազդան» հրատ., 2000, 168 էջ և այլն։
Ընդհանուր առմամբ հավաքել ենք շուրջ 1000 տոհմանուն և գերդաստանի անուն 25 բնակավայրից՝ Ակներ, Արավուս, Բարձրավան, Գորիս, Խնածախ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Խոզնավար, Խոտ, Կոռնիձոր, Հալիձոր, Հարթաշեն, Հարժիս, Շինուհայր, Շուռնուխ, Որոտան, Սվարանց, Վաղատուր, Վերիշեն, Տաթև, Տանձատափ, Տեղ, Քաշունի-Մալդաշ, Քարաշեն, Քարահունջ[1]։
[1] Բնակավայրերը նշված են համառոտված։
Գորիս բարբառի տոհմանունների շերտը
Տոհմանունները ձևավորվել են բնիկ հայերեն -յան, -յանց, -ի, -անց, -ին, -ուն, -ունց, —անց ածանցներով։ Ահա տոհմանունների առաջացման ընդհանրական պատկերը՝
Տոհմանունները առավելապես ձևավորվում-նշանավորվում են այդ գերդաստանի որևէ երևելի անձի անունից։ Այդ անունները տարաբնույթ են ըստ ծագման և բարբառային տարբերակների, ինչպես՝ Գրիգորանց (Ակն․) // Կուքունց (Խնծ․), Մաթուն (Բրձր․, Արավ․) // Մաթևոսանց (Խնծ․)։ Այս տոհմերի ընդհանուր կապը դժվար է որոշել։ Օրինակ՝ Ակներ, Գորիս, Վերիշեն բանակավայրերի նույն անունը կամ տարբերակները կրող տոհմերը հիմնականում ընդհանուր են։ Մյուս բնակավայրերում առկա նույնանուն տոհմերի հարազատական կապը բավականին մթագնել է։ Շատ են հին շրջանից անցած և տարբեր ժողովուրդների մեջ տարածված անուններ, որ վկայվում են հայ և օտար աղբյուրներում, ինչպես՝ (18, 1:36)՝ Օմար (Ակն․) (արաբ. Umar (عمر)) > Ըմարին («երկարակյաց», հմմտ․՝ եբր. Ómer (אוֹמָר)), որը նշանակում է «պերճախոս»): Բալայան (Ակն․), Բալայանց (Գոր.), ազգանվան մասին հիշատակում է Հ․Աճառյանը (14, էջ 362-363)՝ բխեցնելով «ձագուկ» բառից ու վկայելով Ղարաբաղում գործուն լինելը։ Այսպես և՝ Հիթա̈մին (Ակն․), Ալուն (Ակն․), Հօվագիմին (Ակն․), Մընվելանց (Ակն․), Մինա̈սին (Գոր․, Ակն․), Միրումին (Գոր․,Ակն․) (պրսկ․ «իշխան» անձնանունից), Ջըվահիրին (Ակն․), Սըհակին (Ակն․), Վընէսին (Ակն․), Տանէլին (Ակն․), Խնօյին (Ակն․), Տըռօզին < հավանական է Թորոս անձնանունից, Ուհանին (Ակն․), Ուհանջանին (Ակն․), Ալավերդուն (Արավ․), Աղաբէկին (Արավ․), Ասրուն (Արավ․), Ավագանց (Արավ․), Արզումանին (Արավ․, Բրձր․), Հովսեփանց (Արավ․), Միրզին (Արավ․), Ջհանգիրին (Արավ․), Աթունին (Բրձր․), Ակուին < Հակոբ (Բրձր․), Բա̈գո̈ւն, Գո̈ւրջո̈ւն, (Բրձր․), Միքէլին (Բրձր․), Խընձատին (Գոր․), Խօջաբաղուն (Գոր․), Խուրշուդին (Գոր․), Կըրովին (Գոր․), Հիբուն (Գոր․), Հիթամին (Գոր․), Հիրումին (Գոր․), Ղըզարին (Գոր․), Ղահրամանին (Գոր․), Մա̈րքա̈րո̈ւն (Գոր․), Մէլքումին (Գոր․), Միրա̈քին (Գոր․), Միրզաթունին (Գոր․), Ջըվահիրին (Գոր․), Սադըղին (Գոր․), Սա̈րգիսջանին (Գոր․), Սըրդա̈րին (Գոր․), Ուհանին (Գոր․), Ուրութին (Գոր․), Փարսադանին (Գոր․), Քիրամին (Գոր․), Առուշանանց (Խնծ․), Բարխուդարանց (Խնծ․), Զա̈քունց (Խնծ․), Կուրուքէրանց (Խնծ․), Ղըզարանց (Խնծ․), Հիբիշանց (Խնծ․), Մարտիրոսանց (Խնծ․), Պուղուսանց (Խնծ․), Սըհականց (Խնծ․), Վնէսանց (Խնծ․), Ուկուփանց (Խնծ․) և այլն։ Պահպանված են նաև իշխանական տոհմանուններ, որոնք ժամանակի ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Այսպես՝ Սո̈ւներին (Խնծ․) տոհմանունը, հավանական է, Սյունի իշխանական տան անվան՝ միջին հայերենից հետո ձևավորված տարբերակն է, հմմտ․՝ սո̈ւներին < Սյունիներ։ Սուն // սո̈ւն «սյուն» իմաստով բարբառային տարածքում առկա է նաև սո̈ւթո̈ւն։ Մենք այստեղ չենք քննում հին հայերենի սիւն և Սյունի տոհմանվան (27) հիմքային ընդհանրությունները կամ իրարից անկախ ձևավորված լինելու հարցերը, բայց արձանագրենք, որ այն բնիկ տոհմանունների շարքում է։
Մասնագիտություն ցույց տվող տոհմանուններից են Թէլունց և Իղլունց (Խնձ․)։ Սրանցից «թել, դերձան» իմաստից թիլէլ «թելել, թել պատրաստել, հյուսել» բնիկ հայերեն բառից արձանագրվում են նաև անձնանուններ՝ Թելի, Թիլի, Թելլի (15, էջ 289)։ Հայերենից թյուրքերենին և պարսկերենին անցած թել և թել-ի բառերը, սակայն, մասնագիտություն նշող բառերի շարքում չեն (դերձակ, դա̈րզի)։ Տոհմանունը կա՛մ զուտ բարբառային է, կա՛մ թել բառի «բարակ, նուրբ» իմաստային հատկանիշից է ծագում։ Պատմական շրջանում օտար ազդեցությունների հետևանքով մասնագիտություն > տոհմանուն ցույց տվող բառերը ձևիմաստային փոփոխություններ են կրել։ Իղլունց բառի հիմքում ընկած է իղ-լ-ունց։ Թյուրք․ իղ (iğ) «ասեղ, մանող սարք» բառից ըմբռնելի է, որ տոհմանունը առաջացել է արհեստի անվանումից, ինչպես՝ Դա̈մո̈ւրչուն (Գոր․) < թյուրք․ demir «երկաթ», Ավչուն (Տթև․,) Ավչունց (Շնհ․)։ Սրանց դիմաց, սակայն, պահպանվել են նաև բնիկ որս բառից տոհմանուններ՝ Վըսկանանց (Կռձ․), Վէսկանին (Գոր․)։ Վերջին երկուսը գերդաստաններ են։ Համատեքստում վերադառնալով Իղլունց բառի հիմքում ընկած է իղ-լ-ունց և սրա թյուրք․ տարբերակին՝ նշենք, որ սույն արմատով և իմաստով է նաև հնդեվրոպական *ak՛- «սուր», հայերենում՝ ասեղ բառը։ Նկատի առնելով տոհմի՝ թյուրքական ներթափանցումներից առաջ գոյություն ունենալու հանգամանքը՝ թերևս կարելի է ենթադրել, որ այն նախահայերենի ժառանգություն է կամ սլավոնական խմբից անցած բառ, որ այլևս չի ըմբռնվել և g > ğ փոփոխությունն է կրել արդեն 14-րդ դարից հետո, հմմտ․՝ ռուս․ игла, սերբ․-խորվ․ igla, եկեղ․ սլավ․ *igŭla (1, p. 412), լեհ․ igła, իտ․ ago։
Կենդանիների և թռչունների անուններից սերած տոհմանունները, կարծում ենք, առաջացել են ոչ միայն ժողովրդական պատկերավորման, տոհմի ներկայացուցչին տրված մականվան, այլ նաև տոտեմի հիմքով։ Սերգեյ Հախվերդյանը գտնում է, որ դրանք տոտեմի հետ են առնչվում․ «Սերնդեսերունդ փոխանցված տոհմանունների անխաթար պահպանման հարցում գորիսեցիների ավանդապաշտությունն անգնահատելի գանձեր է պարունակում: Գորիսի Խնձորեսկ գյուղի տոհմանուններում մինչև օրս մնացել և գործածվում են հազարամյակների հնություն ունեցող տոտեմիզմի հետքերը. այստեղ հանդիպում ենք Արջունց, Կատվանց (կատու), Մոկնանց (մուկ), Քչղականց (կաչաղակ), Բազունց (բազե), Թոխսանց (թուխս), Մաքունց (մաքի), Բրղանանց (բրղանի-դդում), Գիչունց (կեչի) տոհմանունների» (22, , էջ 35-41)։ Այսպես պատկերավորումից են՝ Թո̈ւթո̈ւն (խնձ․) > թութակ, Կուկվանց > կկու, Օղտանց > ուղտ, Մօկնանց > մուկ, Կատվանց > Կատու, Բադունց > բադ։ Առաջավոր Ասիայի սրբազան կենդանիներից է նաև օձը (25, էջ 206)։ Առհասարակ Սյունիքի ժայռապատկերներում բավականին շատ են օձի ժայռապատկերները։ Օձին չսպանելու խորհուրդ-ասույթները, հեքիաթներում հանդիպող օձերի օգնությունը, կին-օձ ժողովրդական փիլիսոփայությամբ ձևավորված զուգահեռները կարող էին խտացված լինել տոհմերում կան նրա նահապետ-հիմնադրի կյանքում, որից էլ առաջ է եկել Իժունց։ Մարդկանց խմբերի և կենդանիների միջև գոյություն ունեցող գերբնական կապի արտահայտության դեպքեր հանդիպում են Գորիսի բանավոր զրույցներում, հեքիաթներում։ Այս հիմունքով են առաջ եկել Խոյին (Շնհ․), Խոյլունց (գերդաստան Գոր․), Արջանց (Խնձ․) տոհմանունները։
Անձնային հատկանիշը բնորոշող բառերից նույնպես ձևավորվել են տոհմանուններ։ Այսպես՝ Հո̈ւպո̈ւլին (Բրձր․) «թեթևամիտ» բառից, Բըխկալին (Գոր․) > բնաձայնույթից, Լըղարին (Գոր․) > «նիհար», Ճըղարին (Գոր․) > «կապուտաչյա», Թաթուն (Գոր․) > «թաթ, ձեռք», Խոսունց (Գոր․) > «խոսք, զրուցասեր», Բօզունց (Խնձ․), Բօզտըղանց (Սվր․), Կիզիրբօզունց (Տղ․), Բօզուն (Քրհ․) > «սպիտակ, սպիտակամաշկ», Քաչալմանգուն (Գոր․) > քաչալ «ճաղատ», Սուտիկին (Գոր․) «սուտասան»։
Մի շարք մասնագիտություններ տոհմերում սերնդեսերունդ շարունակություն են ունեցել։ Զբաղմունք, մասնագիտություն ցույց տվող տոհմանունների քննությունից կարելի է նաև պատկերացում կազմել Գորիսի տարածաշրջանի հնագույն և հին արհեստների, կեցությունն ապահովող զբաղմունքների մասին։ Այսպես՝ Մաշուն (Ակն․) < պրսկ․ māşa (ماشه) «անթրոց», Քթանին (Ակն․) < «քաթան, կտոր», Պըրուտանց (Ակն․, Խնծ․) > բրուտ, Չոփչուն (Գոր․) > բուկ փչող:
Ազգությունը, վայրը, երկիրը, որից ծագում է տոհմը, հատկանշական են եղել տոհմանվան ձևավորման համար, ինչպես՝ Գո̈ւրջո̈ւն < Գո̈ւրջի (Տնձ․, Գոր․, Շնհ․, Բրձր․, Ակն․ Խնձ․)։ Գյուրջ-ը վրացիներին տրված պարսկական անունն է (گرجی)։ Այստեղից հետագայում անունը տարածվում է այլ ժողովուրդների մեջ[1] հատկապես մոնղոլական տիրապետությունից հետո (համեմատել՝ թյուրք․ gürcü (8, p. 40))։ Շինուհայրցիները, տանձատափցիները պատմում են, որ իրենց նախնիները ինչ-որ ժամանակ մեկնել են Վրաստան, ապա Դավիթ Բեկի հետ վերադարձել հայրենիք։ Հավանական է, որ ուրդու ցեղանունից է Ուրդուին-ը (Ակն․) (17, 207), Բաղք գավառի Բղենի Սյունիների (26) տոհմից են՝ Բղերին, Խոջաբաղուն (Գոր․) տոհմանունները, Շիկահող գյուղանունից՝ Շըկվղէրանց-ը (Սվ․) և այլն։ «Ստվերոտ վայրում ապրող» հասկացությունից է Ղուզուն (Ակն․) տոհմանունը (թյուրք․ < kuz (kuzey) «ստերոտ տեղ»)։
Կարողություն, դիրք, որևէ պաշտոն մատնանշող տոհմանուններ են՝ Մալուն (նաև՝ Մալունց) (Ակն․, Խնձ․, Բրձր․) < արաբ․ māl (مال) «հարստություն, ունեցվածք, ապրանք», Իրիցին (Բրձր․) < երեց, Ադո̈ւն < ադէր «տերտեր» (Գոր․), Յէրիցին (Գոր․), Կիզիրին (Գոր․), Պըրունին (Գոր․) < պարոն։
Իգական անունների միջոցով տոհմը ճանաչելու, անվանակոչելու սովորույթը, անշուշտ, նույնպես նախաքրիստոնեական շրջանից է գալիս և առնչվում է դեռևս մայրիշխանության շրջանում գոյություն ունեցած կարգային մի շարք հատկանիշներին, ինչպես՝ Սա̈լբունց (Ակն․), Քօչարուն (Արավ․), Կուհարին (Բրձր․), Իվէտին (Բրձր․, Գոր․), Իստիյանուն (Գոր․), Լուվազարդին (Գոր․), Նա̈զո̈ւն (Գոր․), Սընամին (Գոր․), Վընէրին (Գոր․), Ղաթրինին (Գոր․), Նանագո̈ւլանց (Խնծ․), Ռըհանանց (Խնծ․), Անայունց (Խնծ․)։ Տատ- (Ակն․) անձնանուն հիշատակվում է Հ․ Աճառյանի կողմից (17, էջ 140)՝ Տատեան և Դադեան (Կովկասում) ձևերով։ Հավանական է «տատ, մեծ մայր» կամ պրսկ․ դադ «իրավունք, արդարություն» բառերից ծագած լինելը։ Գորիսում կան և՛ Դադյաններ, և՛ Տատինցյաններ, այլև՝ Տա̈տո̈ւն տոհմանունը։
Անհայտ բաղադրիչներով բնիկ տոհմանունները նույնպես շատ են, և բավականին դժվար է որոշել դրանց ծագումը, տալ ծագումնաբանական պատկերը, ինչպես՝ Ակռուն (Գոր․), Ափուն (Գոր․), Բա̈գո̈ւն (Գոր․, Վրշ․) (Ըստ Ս․ Հախվերդյանի՝ բագին «զոհարան» բառից է), Բըդանին (Գոր․), Բըքարին (Գոր․), Խուջին (Գոր․), Խերուն (Գոր․), Մուսուն (Գոր․), Դօլունց (Գոր․), Բօլունց (Գոր․), Քումունց (Գոր․ Ակն․ Վրշ․), Ջումունց (Խնծ․), Նամունց (Խնձ․), Կամունց (Խնձ․), Հումունց (Տղ․), Թումունց (Տթվ․), Յօլունց և այլն։ Սրանք բնիկ տոհմանուններ են, և նրանցից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը կարող է առանձին աշխատանքի նյութ դառնալ։ Ընդհանուր պատկերացում ստեղծելու համար առաջարկում ենք տողերիս հեղինակի տոհմանվան ստուգաբանությունը։
[1] «Հայոց ազգանունների բառարանում» նշվում է որպես թուրքական մականուն (19, էջ 81)
Շարունակում եմ հավաքել նաև տոհմանունների, տեղանունների ձևավորման պատմություններ, ավանդազրույցներ, ժողովրդական մեկնաբանություններ և ստուգաբանություններ։ Եթե կան, խնդրում եմ կիսվեք այստեղ կամ ասացեք ասացողի տեղը, և ես կգտնեմ․․․ Ինձ շատ օգնած կլինեք շնորհակալ գործով․․․

