Գրիգոր Տաթևացին (1346-1409) և Տաթևի համալսարանը

Սկիզբը 

Արտակ Գզոյան

Հովհաննես Որոտնեցու մահվանից հետո Տաթևի համալսարանի րաբունապետ դարձավ նրա տաղանդավոր աշակերտ և գործակից Գրիգոր Տաթևացին, ով դեռևս ուսուցչի կենդանության օրոք, իր արտակարգ ընդունակությունների շնորհիվ, դարձել էր հայ դպրության աչքի ընկնող կազմակերպիչներից մեկը:

Քաղաքական խառնակ կացության ու տնտեսական քայքայվածության պայմաններում Տաթևի համալսարանը բնականաբար չէր կարող գտնվել բարվոք վիճակում: Այդ մասին ձեռագիր մատյանների հիշատակարաններում կան բազմաթիվ վկայություններ:

Համալսարանի դրությունն առավել վատթարացավ մեծ րաբունապետ Հ. Որոտնեցու մահից հետո: Լանկթամուրյան հրոսակախմբերը, ներխուժելով Սյունյաց աշխարհ, սկսում են անգթաբար կոտորել ժողովրդին, թալանել և ավերել բնակավայրերը, գերեվարել կանանց ու մանուկներին: Տաթևի համալսարանի հետագա գոյությունն այլևս անհնար էր դառնում: Օրբելյանները, ովքեր հովանավորում էին և նպաստավորում էին համալսարանը, այժմ ստիպված էին մտածել իրենց գոյությունը պահպանելու մասին: Երկրում մոլեգնում էր տարափոխիկ հիվանդությունների համաճարակը, սովը հնձում էր մարդկանց: Տաթևի սաները, հետապնդվելով թշնամուց, դեգերում էին տարբեր վայրերում` մշտապես անբաժան մնալով մագաղաթից և մելանից: Հարկավոր էր ճկուն մտքի և  հզոր կամքի տեր, համարձակ մի գործիչ, ով կկարողանար ի մի հավաքել ցրված դասախոսներին ու սաներին: Դա եղավ Որոտնեցու ջահակիր սանը` Գ. Տաթևացին:

Տաթևացու կյանքի և գործունեության մասին սկզբնաղբյուրներում պահպանվել են բավական հարուստ տեղեկություններ, սակայն ցայժմ վերջնականապես պարզ չէ, թե երբ և որտեղ է ծնվել նա: Ժամանակակիցներից շատերը նշում են, որ նրա հայրը ծննդով արճիշեցի էր, մայրը` Արարատյան նահանգի Փարպի գյուղից, որ նրա մկրտության անունը եղել է Խութլուշահ[1]: Ոմանք տեղեկացնում են, որ Գ. Տաթևացին ծնվել է Վայոց ձորում, 1346 թ.[2]: Գ. Տաթևացու նշանավոր սաներից մեկի` Մատթեոս Ջուղայեցու հաղորդած տեղեկությունների համաձայն` նա ծնվել է Թմոք (Թմկաբերդ) ամրոցում. «Սքանչելի այրս Աստուծոյ էր ազգաւ Հայկազնի, աշխարհաւ կրկնակի` ի հայրենական տոհմէ Քաջբերունի և մայրական ցեղն յԱյրարատ գաւառէ, ի գեղաւանէն Փարպոյ: Ծնեալ յաշխարհին Վրաց, ի յամուրն Թմոք և սնեալ ի ձեռն հարազատ եղբօրն` ի տան թագաւորին Դաւթի…. »[3]:

Նախ` անդրադառնանք Գ. Տաթևացու ծննդյան հարցին: Նշենք, որ նրա ծննդյան տարեթիվ են համարում նաև 1344 թ.-ը[4], 1340 թ.-ը[5]: Տաթևացու ականավոր աշակերտներից մեկի` Թովմա Մեծոփեցու հավաստի վկայությամբ` նա Հ. Որոտնեցուն աշակերտել է 28 տարի (ներառյալ նաև համատեղ աշխատանքի տարիները)[6]: Քանի որ Որոտնեցին մահացել է 1386 թ., ուրեմն Տաթևացին սկսել է նրան աշակերտել 1358 թ.-ից: Մատթեոս Ջուղայեցին նշում է, որ այդ ժամանակ Տաթևացին մանուկ էր[7]: Այս տվյալներից հետևում է, որ առկա տարբերակների մեջ Գ. Տաթևացու ծննդյան տարեթիվ պետք է համարել 1346 թ.-ը: Այդ պարագայում նա 1358 թ. կլիներ 12 տարեկան, այսինքն` կարող էր համարվել մանուկ, մինչդեռ մյուս տարբերակներն ընդունելու դեպքում կստացվեր, որ պետք է լիներ 14 կամ 18 տարեկան և չէր կարող անվանվել մանուկ:

Իսկ որտե՞ղ է ծնվել մեծ ուսուցչապետը` Թմկաբերդու՞մ, թե՞ Վայոց ձորում: Գ. Գրիգորյանը հավանություն է տալիս երկրորդ տարբերակին` գտնելով, որ Սյունիքում 1340-ական թթ. իշխում էր Բուրթել Մեծը, ում տիրույթներից զանգվածային բնույթի արտագաղթ տեղի չի ունեցել ապահով վիճակի շնորհիվ: «Բուրթել Մեծի մահվանից հետո,– գրում է նա,– քաղաքական աննպաստ պայմանների պատճառով հնարավոր էին մասսայական արտագաղթերը, անտարակույս, առավելապես Վրաստան: Չի բացառվում, որ Խութլուշահ-Գրիգորի ծնողները այս ժամանակ ընտանիքով գաղթեին դեպի վրաց երկիրը, «յամուրն Թմոք»[8]: Այս տեսակետը, մեր կարծիքով ևս, շատ հավանական է:

Հակասական են նաև Գ. Տաթևացու մահվան տարեթվի վերաբերյալ եղած կարծիքները: Առավելապես ընդունված է նրա մահվան տարեթիվ համարել 1410 թ.-ը[9]: Սկզբնաղբյուրներից մեկի տվյալների համաձայն` Գ. Տաթևացին վախճանվել է 1411 թ., երբ Թամուրյանները սպանեցին վրաց Կոստանդին թագավորին[10]: Մատթեոս Ջուղայեցին վկայում է, որ Տաթևացին «… հանգեաւ երանելի մահուամբ ի վանքն Տաթեւոյ ի դեկտեմբերի ԻԷ (27 – Ա. Գ.), և թաղեցաւ ի տօնի մեծ առաքելոցն Պետրոսի և Պօղոսի, և եղև դասակից և պաշտոնակից, ի թվին ՊԾԹ (1410 – Ա. Գ.)»[11]: Լ. Խաչիկյանը գտնում է, որ տարին, ըստ հայկական տոմարի, օգոստոսի 11-ից սկսելու դեպքում դեկտեմբերի 27-ը ընկնում է 1410 թ.-ի տակ, իսկ հունվարի 1-ից հաշվելու դեպքում դա 1409 թ.-ի վերջին օրերից է[12]: Մեր կարծիքով` այս տեսակետն ավելի է համապատասխանում իրականությանը:

Ականատեսների վկայությամբ` Գ. Տաթևացին ունեցել է առինքնող արտաքին. «հասակաւ երկայն, դիմօք պայծառ, տեսակ արժանի գոռոզութեան, հերօք խարտեաշ, մորուօք առատ»[13]:

Թ. Մեծոփեցին նշում է, որ Գ. Տաթևացին այնքան գեղեցիկ ու ճոխ լեզվով էր խոսում, որ հիացնում էր իր ունկնդիրներին, շատ խոր ու հյութեղ, «առաւել քան զիմաստունս հելլենացւոց»[14]:

Նշանավոր մատենագիր Հովհաննես Երզնկացին այսպես է բնորոշում Տաթևացուն. «զսպիտակացեալ աղաւնին ի յոգի և ի մարմին, զմեծ րաբունապետն և զամենեցունց վարժիչն աշակերտակցած իւրոյ… բազմերախտ հայր, զպայծառացեալն իբրև զոսկի ի քրայումն ի մամուլս կրթութեան»[15]:

Գ. Տաթևացին օժտված էր հարուստ գիտելիքներով, ճարտար լեզվով, ուժեղ և տոկուն բնավորությամբ: Նա իր ժամանակի բազմակողմանի կրթություն ունեցող մարդկանցից մեկն էր, խիստ հմուտ ու գիտակ էր ոչ միայն աստվածաբանական, փիլիսոփայական, բնական, մանկավարժական և ընդհանրապես, այսպես կոչված «արտաքին գիտությունների» մեջ, այլև անվանի մասնագետ էր գրչության, նկարչության և երաժշտության արվեստների ասպարեզում:

Երկրի քաղաքական անկայուն դրությունը, լանկթամուրյան հորդաների բարբարոսությունները, համատարած աղքատությունն ու սովը անելանելի վիճակ էին ստեղծել Գ. Տաթևացու և նրա աշակերտների համար: Խուսափելով նվաճողների անընդհատ հետապնդումներից` նա ստիպված էր հաճախակի փոխել իր դպրոցի տեղը: Նրան երբեմն տեսնում ենք Որոտնավանքում (1386 թ.)[16], երբեմն` Շահապոնքի ամրոցում (1387 թ.)[17], որտեղ շարադրած իր աշխատություններից մեկի հիշատակարանում սրտաճմլիկ պատկերներով է ներկայացնում «Խորազմ անուանեալ»

խառնամբոխի ասպատակությունները Հայաստանում[18]:

1391 թ. Գ. Տաթևացին դարձյալ ապաստանում է Երնջակի Ապրակունյաց վանքում[19], սակայն այստեղ ևս ենթարկվում է հալածանքների: Ինչպես տեղեկանում ենք մի հիշատակարանից, Երնջակում նա «… երկու ամ էր, որ նստեալ էր յաթոռ վարդապետութեան ուսուցանելոյ», որից հետո «… ելեալ աշակերտօքն իւրովք գնացեալ ի շնորհալից գերահռչակ աթոռն Ստաթեի և ի տուն Օրբէլեանց առ իշխանն Հայոց Սմբատ, որդի Իւանէի թոռն Բուրթելի և անդ եւս ժողովեաց բազում աշակերտս»[20]:

Այսպես, ուրեմն, 1393 թ. Գ. Տաթևացին հաստատվում է Տաթևում, ըստ երևույթին, իշխան Սմբատ Օրբելյանի (Բուրթելյան) հրավերով: Վերոհիշյալ վկայությունից կարելի է եզրակացնել նաև, որ Տաթևում ստեղծված պայմանները զգալիորեն ավելի նպաստավոր էին, և րաբունապետն այստեղ ավելի է ծավալում իր գործունեությունը` «անդ եւս ժողովեաց բազում աշակերտս»:

Հարկ է նկատել, որ Գ. Տաթևացու տեսչության տարիներին, դժբախտաբար, ավելի է վատթարանում Սյունյաց լեռնաշխարհի առանց այդ էլ մասնատված ու թուլացած իշխանական տների վիճակը: Երբեմնի հզոր Օրբելյան տոհմի Բուրթելյան ճյուղի ներկայացուցիչները թեև այլևս չունեին իրենց նախկին դիրքն ու կարողությունը, այնուամենայնիվ, իրենց հնարավորությունների սահմաններում աշխատում էին պաշտպանել ու նյութապես աջակցել Տաթևի համալսարանին:

XIV դարի վերջերին Տաթևն ու շրջակա մի քանի գյուղեր դեռևս գտնվում էին Բուրթել Մեծի թոռան` Սմբատի ձեռքին, և Գ. Տաթևացին, խիստ կարիքից դրդված, երբեմն դիմում էր նրան: Այսպես` երբ 1390 թ. Սյունիքում բռնկվեց համատարած սով, րաբունապետը «գնաց ի տունն Օրբելեանց, առ իշխանն Սմբատ` որդի Իւանէի, թոռն Բուռթէլի», և Սմբատ Օրբելյանն օգնություն կազմակերպեց Տաթևի համալսարանի ուսանողության համար[21]:

Տաթևում վերստին հաստատվելուց մինչև Գ. Տաթևացու մահն ընկած ժամանակահատվածը հանդիսանում է համալսարանի գործունեության ամենաբեղմնավոր, ծաղկուն շրջանը (1393-1409 թթ.): Տաթևի դպրոցի համբավն այնքան մեծ էր, որ ամեն կողմերից ուսումնատենչ աշակերտները ձգտում էին գնալ այնտեղ:

Համալսարանի սաներից շատերը մեծ պարծանքով էին խոսում այն մասին, որ իրենք աշակերտել են Գ. Տաթևացուն, նրա ձեռքի տակ են կրթվել և դաստիարակվել: Ժամանակակիցները մարդկանց կրթության աստիճանը որոշում էին Տաթևի դպրոցի համեմատությամբ և շատ առաքինություններ կապում էին անձամբ Տաթևացու անվան հետ: Նա երկրի հասարակական-քաղաքական և եկեղեցական կյանքում հսկայական հեղինակություն էր վայելում:

Քաղաքական և տնտեսական ծանր վիճակի պատճառով Գ. Տաթևացին ստիպված էր թողնել Տաթևը և իր սաների հետ գնալ Արճեշի Մեծոփա վանքը: Այսպիսով` Տաթևի համալսարանը նորից անցնում է աստանդական կյանքի, այն տարբերությամբ, որ այս անգամ տեղահան է լինում կրթարանն ամբողջությամբ` 100-ից ավելի աշակերտներով` կատարելով երկար ճանապարհորդություն:

1409 թ. սկզբներին Գ. Տաթևացին ապաստանում է Մեծոփում, որտեղից երկար ամիսներ հետո իր քրոջ որդի և արժանավոր աշակերտ Առաքել Սյունեցի եպիսկոպոսի և այլոց աջակցությամբ վերադառնում է Տաթև:

1409 թ. դեկտեմբերի 27-ին` Տաթև վերադառնալուց մոտ մեկ ամիս անց, «տիեզերալոյս րաբունապետ» Գ. Տաթևացին ավանդում է հոգին:

Մեծ երախտավորի պայծառ հիշատակը հավերժացնելու նպատակով Սյունյաց Ծղուկ գավառի Բռնակոթ գյուղի մի խումբ բնակիչներ Հովակիմ եպիսկոպոս Սյունեցու գլխավորությամբ Տաթևի վանքի մեծ տաճարի սրահին կից ամփոփված նրա աճյունի վրա 1787 թ. կառուցում են դամբարան[22]: Դրա պատին փորագրված ընդարձակ արձանագրության մեջ Գ. Տաթևացին մեծարվում է «եօթնալոյս րաբունապետ», «երկրորդ ոսկեբերան», «երիցս երանեալ վարժապետ», «չորրորդ լուսաւորիչ» և այլ որակումներով[23]:

Գ. Տաթևացու պատվին, տակավին նրա կենդանության օրոք, 1401 թ. խաչքար է կանգնեցրել Առաքել Սյունեցին[24]:


[1] ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա, կազմեց Լ. Խաչիկյանը, Երևան, 1955, էջ 104 (Այսուհետև` ԺԵ դարի հիշատակարաններ, մասն Ա):

[2] Նույն տեղում, էջ 103:

[3] Նույն տեղում, էջ 104:

[4] Մաթևոսյան Ա., Հայոց միջնադարյան համալսարանը, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1984, № 1, էջ 70: Խաչիկյան Լ., Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1969, № 9, էջ 193:

[5] Հայ ժողովրդի պատմություն, ԵՊՀ հրատ., խմբագրությամբ Ս. Մելիք-Բախշյանի, Երևան, 1975, էջ 570: Григорян Г., Очерки истории Сюника (IX-XV вв.), Ереван, 1990, с. 192.

[6] ԺԵ դարի հիշատակարաններ, մասն Ա, էջ 213:

[7] Նույն տեղում, էջ 104:

[8] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դդ.), Երևան, 1981, էջ 171:

[9] Հայ ժողովրդի պատմություն, ԵՊՀ հրատ., խմբագրությամբ Ս. Մելիք-Բախշյանի, Երևան, 1975, էջ 570:

[10] ԺԵ դարի հիշատակարաններ, մասն Ա, էջ 119:

[11] Նույն տեղում, էջ 104:

[12] Նույն տեղում, էջ 102-103:

[13] Նույն տեղում, էջ 104:

[14] Մովսիսյան Ա., Ուրվագծեր…, էջ 127:

[15] Նույն տեղում, էջ 128:

[16] ԺԴ դարի հիշատակարաններ, էջ 564:

[17] Նույն տեղում, էջ 567:

[18] Նույն տեղում, էջ 567-568:

[19] Նույն տեղում, էջ 591-592:

[20] Մովսիսյան Ա., Ուրվագծեր…, էջ 129:

[21] Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, գիրք II, Երևան, 1946, էջ 358:

[22] Դիվան հայ վիմագրության, պրակ II,  կազմեց Ս. Բարխուդարյանը, Երևան, 1960, էջ 23-24:

[23] Նույն տեղում:

[24] Նույն տեղում, էջ 23:


Շարունակելի


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Տաթևի համալսարանը․ Ա․ Գզոյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հայ մշակույթի, մասնավորապես` միջնադարի հայ դպրության ու գիտության, զարգացման ասպարեզում հսկայական նշանակություն է ունեցել…

Read More

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Read More

Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից” [6.] Գրատպությունը Գորիսում.  «Սասուն» տպարանի հիմնադրումը[1] 1903-1905թթ.…

Read More