Տաթևի համալսարանը․ Ա․ Գզոյան

Հեղինակ՝ Արտակ Գզոյան
Հեղինակ՝ Արտակ Գզոյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ մշակույթի, մասնավորապես` միջնադարի հայ դպրության ու գիտության, զարգացման ասպարեզում հսկայական նշանակություն է ունեցել Տաթևի համալսարանը: Ուսումնագիտական այս կաճառն իր ընդհանուր մշակութային, կրթական-գիտական և հասարակական-քաղաքական եռանդուն գործունեությամբ անջնջելի հետք է թողել հայ իրականության մեջ` առաջին հերթին իր ժողովրդին ծառայելու նպատակադրվածությամբ, գիտամանկավարժական վիթխարի և համարձակ գործունեությամբ:

Տաթևի համալսարանն անկման շրջանի ուշագրավ երևույթներից  մեկն է, որի համակողմանի ուսումնասիրությունը կարող է մեծապես նպաստել հայ իրականության, մասնավորապես` դպրության և մշակույթի, բազմաթիվ իրողությունների բացահայտմանը: Տաթևի համալսարանի պատմության առաջին երախտընկալ ուսումնասիրողը և դրա վերաբերյալ ձեռագրական աղբյուրներում պահպանված հիշատակագրությունները մասամբ հրապարակ հանողը եղել է վաստակաշատ հայագետ Ղևոնդ Ալիշանը, ով համալսարանի և նրա ղեկավարների մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ է հաղորդել: Նրա ծավալուն «Սիսական» աշխատությունը[1], հիրավի, մինչև օրս էլ հանդիսանում է պատմական Սյունիքի չգերազանցված հանրագիտարանը:

Այնուհետև ուսումնագիտական այս կենտրոնի պատմության հետազոտման բնագավառում իր մեծ ավանդը ներմուծեց Աբգար Մովսիսյանը: Իր արժեքավոր աշխատության[2] մեջ նա, քննության ենթարկելով X-XV դարերի հայ դպրության և մանկավարժության պատմությունը, հանգամանորեն խոսում է նաև Տաթևի համալսարանի, նրա ուսուցչապետերի մասին: Ա. Մովսիսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել համալսարանի ներքին բովանդակության լուսաբանման հարցերին:

Տաթևի համալսարանի պատմության ուսումնասիրման բնագավառում իր կարևոր նպաստը բերեց նաև Գրիգոր Գրիգորյանը: Իր հիմնարար աշխատություններում[3], հենվելով մատենագրական ու վիմագրական վկայությունների վրա, հեղինակը վերլուծել է Սյունիքի IX-XV դարերի քաղաքական-տնտեսական և մշակութային կյանքը, որտեղ անդրադարձել է նաև Տաթևի համալսարանի, նրա ականավոր դեմքերի գործունեության մեկնաբանմանը:

Տաթևի համալսարանի պատմության և դրա հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ ուշագրավ կարծիքներ են արտահայտել Լևոն Խաչիկյանը[4], Արտաշես Մաթևոսյանը[5], Սեն Արևշատյանը[6] և ուրիշներ: Վերջինիս ծառայությունները հատկապես նշանակալից են Տաթևի փիլիսոփայական դպրոցի ուսումնասիրման և արժևորման ասպարեզում:

Սույն աշխատանքը գրելիս օգտագործել ենք մի շարք սկզբնաղբյուրներ: Դրանց մեջ առանձին կարևորություն են ներկայացնում ձեռագիր մատյանների հիշատակարանները, որոնք, որպես պատմական սկզբնաղբյուրներ, ունեն որոշակի առավելություններ այլ կարգի աղբյուրների նկատմամբ: Հիշատակագիրները, լինելով իրենց կողմից գրանցվող դեպքերին և անցուդարձերին ժամանակակիցներ, իսկ հաճախ նաև ականջալուր և ականատես վկաներ, բնականաբար շատ ավելի ճշմարիտ տվյալներ են հաղորդել դրանց մասին, քան տասնամյակներ հետո ապրած և ստեղծագործած պատմիչները: Հիշատակագիրները հաճախ կենդանի ու ճշգրիտ նկարագրություններով բովանդակալից լրացումներ են կատարում այլ աղբյուրներից հայտնի տվյալների վրա, իսկ երբեմն էլ նրանց հաղորդած տեղեկությունները ձեռք են բերում բացառիկ արժեք: Լ. Խաչիկյանի մեղվաջան աշխատանքի շնորհիվ XIV-XV դարերի ձեռագիր մատյանների հիշատակարանները հավաքված են ըստ տարեթվերի և հրատարակված ըստ առանձին ժամանակահատվածների, որոնցից էլ մեծապես օգտվել ենք[7]:

Օգտագործված սկզբնաղբյուրների շարքում ուրույն նշանակություն ունի XIII դարի ականավոր պատմագիր և եկեղեցական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը[8], որի հաղորդած տեղեկությունները լույս են սփռում Տաթևի համալսարանի պատմության նախընթաց շրջանի բազմաթիվ իրողությունների վրա:

Օգտագործվել են նաև բազմաթիվ  այլ սկզբնաղբյուրներ և ուսումնասիրություններ:

*  *  *

XIII դարի վերջերին մոնղոլական Իլխանությունը բախումների մեջ մտավ Ոսկե Հորդայի հետ, որի հետևանքով տարածաշրջանի զգալի մասը, այդ թվում նաև Հայաստանը, վերածվեց պատերազմական թատերաբեմի: Մոնղոլ խաները ստիպված էին նաև մշտական բախումներ ունենալ ներքին դավադիր ուժերի հետ: Այս ամենը կործանարար հետևանքներ ունեցավ Հայաստանի և նվաճված մյուս երկրների համար: Մշտական անապահով վիճակը, մոնղոլական զորքերի ավարառությունները, քոչվոր ցեղերի անընդհատ տեղաշարժերը և ծանր հարկերը կասեցնում էին երկրի զարգացման բնականոն ընթացքը և հետ մղում այն:

Հայաստանի միայն մի փոքր մասը` պատմական Սյունիքը, մնաց համեմատաբար բարվոք վիճակում: Օրբելյան իշխանները դեռևս XIII դարի կեսերից մոնղոլական արքունիքի նկատմամբ որդեգրած ճկուն քաղաքականության շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթների սահմանները` ի հաշիվ Զաքարյանների և նրանց վասալ Պռոշյանների[9]: Մասնավորապես` Սմբատ Օրբելյանը կարողացավ ձեռք բերել ինջուական իրավունք և պահպանել իր տիրույթները` դառնալով երկրամասի փաստացի տերը: Այդ շրջանում Սյունյաց իշխանություններն արտոնություններ ձեռք բերեցին նաև եկեղեցու համար, որը սկսեց արագորեն ընդարձակել իր տիրույթները:

Սակայն դարավերջին Սյունիքում սկսված ներքին ավատատիրական ընդհարումների հետևանքով, որոնք խրախուսվում էին մոնղոլ կառավարիչների կողմից, Օրբելյանների իշխանությունը տրոհվում է[10]: XIV դարի առաջին տասնամյակներին Իլխանության մեջ ավելի են բորբոքվում գահակալական կռիվները, տեղի են ունենում հզոր ապստամբություններ[11]: Բոլոր փորձերը` ամրապնդելու վարչակարգը և կանխելու տնտեսության անկումը, շոշափելի արդյունքներ չեն տալիս: Մյուս կողմից` վիճակը բարդանում էր նաև արտաքին հարձակումների հետևանքով[12]: Այս ընթացքում Սյունյաց Օրբելյաններին թեև հաջողվում է որոշ չափով վերականգնել իրենց նախկին հեղինակությունը հանձինս Բուրթել Մեծի, այնուամենայնիվ, նկատելի էր, որ հայկական ավատատիրական իշխանությունների դերը երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում զգալի չափով թուլացել էր:

Չնայած այս ամենին` Սյունիքում ստեղծված պայմանները համեմատաբար նպաստավոր էին, որոնց առկայության շնորհիվ հաջողվեց բորբոք պահել դպրության ջահը, պահպանել և զարգացնել հայ բազմադարյա մշակույթի ավանդները:


  1. ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆԿՈՒՄԸ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՏՆԵՑԻՆ (1315-1386) ԵՎ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Իրենց անձնվեր ծառայությունների համար Օրբելյան և Պռոշյան իշխանները մոնղոլական արքունիքից ստացել էին մի շարք արտոնություններ, հասել Սյունիքի հոգևոր հաստատությունների ապահարկմանը: Լեռնաշխարհի տարածքում ստեղծված հարաբերական անդորրը, մոնղոլ խաների և իշխանավորների հետ ունեցած անձնական մտերիմ կապերը նահանգի տերերին հնարավորություն էին տալիս հատուկ ուշադրություն դարձնելու նաև դպրության ու լուսավորության գործերին: Սյունիքի Վայոց ձոր և Ծղուկ գավառներում հավաքվել էին Հայաստանի տարբեր շրջանների ազգային մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր քաղաքական ապահովության պայմաններում կարող էին շարունակել իրենց հայրենանվեր գործը: «Վայոց ձորը դարձավ Հայաստանի այն երջանիկ անկյուններից մեկը,– գրում է Գ. Գրիգորյանը,– ուր կարելի էր բորբոք պահել հայոց մտավոր կյանքը»[13]:

1280 թ. Տարոնից այստեղ տեղափոխված Ներսես Մշեցու ջանքերով բացվում է Գլաձորի համալսարանը, որը շուտով, հատկապես Եսայի Նչեցու ղեկավարման տարիներին, դառնում է համահայաստանյան ամենախոշոր և հեղինակավոր ուսումնագիտական կենտրոնը: Պռոշյանների տիրույթների սահմաններում հիմնադրված այդ ուսումնական հաստատությունը փարոսի նման իրեն ձգեց ոչ միայն բուն Հայաստանի, այլև Կիլիկիայի, հայկական հեռավոր գաղթօջախների ուսումնատենչ երիտասարդներին:

Գլաձորի համալսարանը` միջնադարյան Հայաստանի «երկրորդ Աթենքը», ահռելի դեր խաղաց հայ դպրության վերածնության, մշակույթի անկումը կանխելու և այն զարգացնելու ուղղությամբ: Սակայն ուսումնական այդ կենտրոնին վիճակված չէր երկար գործել:

XIV դարի 30-ական թթ. կեսերից փլուզվող մոնղոլական Իլխանության ողջ տարածքում ծայր էին առել գահակալական պատերազմներ, որոնք վերջնականապես կործանեցին կայսրությունը: Առաջացան մի շարք ինքնուրույն պետություններ, որոնց մեջ առավել զորեղ էին Չոբանյանների և Ջելայիրյանների իշխանությունները:

Այս իրադարձությունները խիստ բացասական հետևանքներ են ունենում Սյունիքի ոչ միայն սոցիալ-իրավական, տնտեսական, այլև կրթամշակութային կյանքում: Շուրջ 60 տարի գործելուց հետո` 1338-1340 թթ. Գլաձորի համալսարանն անկում է ապրում: Այս տխուր փաստն, անշուշտ, ունի իր պատճառները, որոնցից պետք է նշել հատկապես հետևյալները.

  1. Իլխանության քաղաքական ճգնաժամի խորացումը:
  2. Իսլամի պաշտոնական արմատավորման կապակցությամբ նախկին հանդուրժողական վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը քրիստոնյաների նկատմամբ:
  3. Օրբելյան և Պռոշյան տոհմերի տրոհման հետևանքով երկրամասի ռազմատնտեսական հզորության փլուզումը:
  4. Բուրթել Մեծի` բարձր պաշտոնների նշանակվելու կապակցությամբ, հեռացումը Սյունիքից:
  5. Րաբունապետ Եսայի Նչեցու մահը:
  6. Կաթոլիկ եկեղեցու լայն քարոզչությունը, որին կուլ էին գնում հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնցից շատերը Գլաձորի համալսարանի առաջավոր դեմքերից էին:
  7. Ի վերջո, համալսարանի անկման պատճառների մեջ զգալի դեր խաղաց նաև հայ ազնվականության և ժողովրդական հոծ զանգվածների արտագաղթը հայրենի երկրից, որի հետևանքով նվազեց ազգային ավանդներով տոգորված դպրության մարդկանց վերարտադրությունը:

*  *  *

Գլաձորի համալսարանի քայքայումից հետո Վայոց ձոր գավառից հեռացավ նաև Հովհաննես կամ Հովհան Որոտնեցին, ով այնտեղ «առնվազն րաբունական աստիճանի էր հասել»[14]:

Հ. Որոտնեցու ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ: Ուսումնասիրողների մի մասի կարծիքով` նա ծնված պետք է լինի 1313 թ.[15]: Հետազոտողների մի այլ խումբ նշում է 1315 թ.-ը[16]: Հայր Ղ. Ալիշանը Հ. Որոտնեցուն համարում է ծննդյամբ «յՕրպելեանց տոհմէ»[17]: Նույն կարծիքին է Մ. Աբեղյանը. «Օրբելյաները վաղուց իրենց համարում էին Սիսական տոհմի ժառանգներ, ուստի զարմանալի չէ, որ Որոտնեցուն այն տոհմից են դնում»[18]: Սակայն աղբյուրներում հավաստի տեղեկություններ են պահպանվել, որոնց համաձայն Որոտնեցին բնիկ սյունեցի էր: Այսպես` «Ի աւուրս սորա (սուլթան Մահմեդի գահակալության ժամանակ` 1385 թ. – Ա. Գ.) փայլէր յարևելս մեծ վարդապետաց վարդապետն Յովհաննէս Կախիկն` կախեալն ի սէր Քրիստոսի, ի գաւառէն Որոտու, ի գեղջէն Վաղնդու, որդին մեծ իշխանին Իւանոյ, որ ի զարմէն Վասակայ էր. սա յոյժ իմաստուն և անյաղթ փիլիսոփայ, աշակերտ մեծին Եսայեայ և Տիրատրոյ վարժապետացն մերոց»[19]: Թովմա Մեծոփեցին ևս հայտնում է, որ Հ. Որոտնեցին ծննդյամբ էր «ի գաւառէն Որոտնոյ, ի գեղջէն Վաղանդնայ` որդի մեծի իշխանին Իւանի, որ էր ի զարմէ առաջին իշխանացն Սիւնեաց, յորմէ Վասակն էր»[20]: Եվ վերջապես` Օրբելյանների սպարապետ Ամատա Շահուռեցու տիկնոջ` Թուղթանի իշխանուհու հիշատակարանը, որտեղ ասված է. «Արդ ես` անարժան Թուղթանի, դուստր Իւանէ Որոտան իշխեցողի, քոյր քաջ քարտուղարի և երջանիկ րաբունապետի Յովաննէս վարդապետի, հարսն մեծ Շահուռեցեանց… »[21]:

Այսպիսով` աղբյուրներից պարզվում է, որ Հ. Որոտնեցին ծնունդով բնիկ սյունեցի էր` Որոտան գավառի Վաղադին գյուղից, ուներ իշխանական ծագում, աշակերտել էր Գլաձորի համալսարանի րաբունապետեր Եսայի Նչեցուն և Տիրատուրին:

Ուսումնասիրողներից ոմանք կարծում են, թե նա Որոտնեցի է կոչվել Որոտնավանքի առաջնորդ լինելու կապակցությամբ[22]: Սակայն ավելի հավանական է, որ նա այդպես է անվանվել Որոտնում ծնված լինելու պատճառով:

Հակասական կարիքներ են հայտնվել նաև Հ. Որոտնեցու մահվան տարեթվի վերաբերյալ: Ուսումնասիրողների մեծ մասը նրա մահվան տարեթիվ է համարում 1388 թ.-ը[23]: Ըստ Ալիշանի` նա վախճանվել է 1385 կամ 1386 թ.[24]: Լ. Խաչիկյանը, հիմնվելով Գրիգոր Խլաթեցու վկայության վրա, որպես Հ. Որոտնեցու մահվան տարեթիվ ընդունում է 1386.-ը[25]:

Հովհաննես Որոտնեցին եղել է իր ժամանակի ամենահեղինակավոր ուսուցչապետն ու գիտնականը: Նրան կոչել են «տիեզերալոյս վարժապետն մեծ»[26], «լուսաւորիչ Հայկազեան ազգիս»[27], «րաբունապետն վարժապետաց»[28]: Մտադիր լինելով Որոտնեցու մանկավարժական ու գիտական վաստակի մասին խոսել առանձին` այժմ անդրադառնանք այլ հարցերի:

Հայոց հին մատենագրության մեջ տարածված է եղել այն ընկալումը, որ իբր Որոտնեցին Գլաձորից հեռանալուց անմիջապես հետո տեղափոխվել է Տաթև, ապա Երնջակի դպրոց և վերջում հաստատվել Որոտնում: Այդ ընկալումը նույն կերպ արտահայտվել է նաև նոր գրականության մեջ: Սակայն Ա. Մովսիսյանը պարզել է, որ Հ. Որոտնեցու ճանապարհը սխալ է նշված: Նրա կարծիքով` Հ. Որոտնեցին Գլաձորից տեղափոխվել է Որոտն, հետո Տաթև, և այնուհետև Տաթևի դպրոցը հանձնելով իր աշակերտ Գ. Տաթևացուն, տեղափոխվել է Երնջակի Ապրակունյաց վանք, այստեղից էլ` Որոտան, ուր երկրորդ անգամ է հաստատել իր դպրոցը և հենց այստեղ էլ վախճանվել է[29]:

Համաձայն ենք այս կարծիքի հետ, սակայն որոշ վերապահումներով: Սկզբնաղբյուրներից, իրոք, պարզվում է, որ Հ. Որոտնեցին Գլաձորից անցնում է Որոտան և այստեղ հիմնում դպրոց: Հայտնի է նաև, որ Ապրակունյաց վանքում մոտ երկու տարի դասավանդելուց հետո նա 1381 թ. վերադառնում է Որոտան, որը 1384 թ. գրավվում է թշնամիների կողմից: Դրանից հետո Հ. Որոտնեցին իր աշակերտների հետ երկու տարի աստանդական կյանք է վարում: Ահա, Որոտնա դպրոցի գաղթի, ծանր կացության այս իրողությունը Ա. Մովսիսյանը վերագրում է 1340-ական թթ. ստեղծված դպրոցին[30], որը, մեր կարծիքով, ճիշտ չէ: Հ. Որոտնեցին Ապրակունյաց վանքից Որոտան է տեղափոխվում շարունակելու և ծավալելու իր մանկավարժական գործունեությունն արդեն գործող մի դպրոցում և ոչ թե այստեղ երկրորդ անգամ դպրոց հաստատում, ինչպես կարծում է Ա. Մովսիսյանը[31]:

Այսպիսով` Գլաձորի համալսարանի գոյության դադարումից հետո` 1340-ական թթ. սկզբներին, Հ. Որոտնեցին վերադառնում է իր հայրենի գավառը` Որոտան: Օգտագործելով Գլաձորում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները[32]` նա սկսում է համալսարանական դասընթացների արծարծումն ու կազմակերպումն այստեղ` հիմնադրելով նոր դպրոց: Որոտնա դպրոցի այս շրջանի պատմության մասին շատ քիչ բան է հայտնի:

Հիմնվելով Օրբելյանների հետ ունեցած ազգակցական կապերի վրա` Հ. Որոտնեցին խնդրեց նրանց հովանավորությունը և աջակցությունը: Օրբելյան իշխաններն ըստ հնարավորին նպաստեցին մեծ ուսուցչապետի նախաձեռնությանը, և 1340-ական թթ. կեսերին, իր աշակերտների մի մասի հետ Հ. Որոտնեցին տեղափոխվեց Տաթև: Որոտնա դպրոցում, որն, ըստ երևույթին, արդեն բավականաչափ ամուր հիմքերի վրա էր կանգնած, մնաց ուսուցիչների և աշակերտների մի մասը, որը շարունակեց իր եռանդուն գործունեությունը: Տաթևում առկա պայմաններն անհամեմատ ավելի նպաստավոր էին, մի հանգամանք, որը կարևոր նախապայման էր դպրոցական գործունեության ծավալման համար: «Հարաբերական խաղաղությունը դարձավ այն պարարտ հողը,– գրում է Գ. Գրիգորյանը,– որտեղ աստիճանաբար ծլարձակելու էին գլաձորյան հասուն սերմերը, և որոնց անխոնջ սերմնացանը լինելու էր Որոտան գավառի հանճարեղ զավակը` Հովհան Որոտնեցին»[33]: Այսպիսով` հիմք էր դրվում մի նոր բարձրագույն ուսումնական հաստատության, որը հայ դպրության պատմության մեջ փառավորվել է Տաթևի համալսարան անունով:

Տակավին IX դարում Սյունյաց հոգևոր կենտրոնը Շաղատ գյուղաքաղաքից տեղափոխվում է Տաթևի վանք, որն այդ ժամանակ աննշան կրոնական հաստատություն էր: IX-X դարերի սահմանագծում վանքում կատարվում են ծավալուն շինարարական աշխատանքներ, և Տաթևը դառնում է Սյունյաց աշխարհի «գլուխն ամենեցունց վանորէից»[34]:

Նորահաստատ հոգևոր կենտրոնին շուք հաղորդելու համար եկեղեցական պատմագիրները Տաթևի վանքի հիմնադրումը կապում են Եվստաթեոս առաքյալի անվան հետ, ով եղել է Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը, քարոզել և նահատակվել է Սյունիքում և թաղվել է այստեղ: Ժողովրդական ստուգաբանության համաձայն` Տաթև անունն առաջացել է տա և թև բառերից և կապված է Հարսնաձորի մասին եղած ավանդության հետ[35]: Տաթևի վանքը եղել է խոշոր կալվածատեր. միայն սեփական գյուղերի թիվը հասել է 47-ի, իսկ 677 գյուղից վանքը ստանում էր տասանորդ հարկ[36]:

IX դարի վերջերին Տաթևի վանքում հիմնադրվում է բարձր տիպի դպրոց` վարդապետարան: Ա. Մովսիսյանն իրավացիորեն գտնում է, որ այն ստեղծվել է Սյունյաց (Շաղատի) վարդապետարանի հիմքի վրա[37]: Կարճ ժամանակամիջոցում Տաթևի դպրոցը մեծ հռչակ է ստանում, նրա համբավը հասնում է երկրի բոլոր ծայրերը:

Սակայն XIV դարում Տաթևի վանքն արդեն այն շքեղ փառքը չուներ, ինչ դարեր առաջ, երբ միաբանների թիվը հասնում էր 500-ի, և Հայաստանի մյուս ուսումնական հաստատությունների համեմատությամբ փայլում էր «իբրև զարեգակն ի մէջ աստեղաց»[38]: Երկրի քաղաքական անկման, ներքին ավատատիրական հարաբերությունների լարվածության, տնտեսական քայքայման, հոգևոր աթոռների ներհակության հետևանքով սոսկ երազային հուշեր էին մնացել երբեմնի համբավավոր փիլիսոփաներից, երաժիշտներից, արվեստագետ նկարիչներից ու գրողներից, «վարդապետական կրթութեամբ» «վարժարանից»[39]:

Տաթևի համալսարանի հիմնադրման վերաբերյալ արտահայտվել են հակասական կարծիքներ: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ այն ստեղծվել է IX դարի վերջերին[40], որը, մեր կարծիքով, սխալ է: Ինչպես նշվեց, այդ ժամանակ հիմնադրվել է Տաթևի վարդապետարանը, որը, ինչպես և մեր մյուս բոլոր վարդապետարանները, իր ներքին բովանդակության և կազմակերպվածության չափանիշներով դեռևս չի համապատասխանում միջնադարյան համալսարանի: Այլ հեղինակներ գտնում են, որ Տաթևի համալսարանը հիմնվել է 1370-ական թթ., մասնավորապես նշվում է 1373 թ.-ը[41], որը նույնպես ճիշտ չէ: Թուղթանի իշխանուհու` նախորդ էջերում մեջբերված հիշատակարանում, որը գրվել է 1349 թ., Հ. Որոտնեցին ուղղակիորեն կոչվում է «րաբունապետ»[42], մի եզրույթ, որը ներկա չափանիշներով համապատասխանում է ռեկտոր հասկացությանը: Ուրեմն` արդեն ստեղծված էր նոր համալսարան, որի ղեկավարը` Հ. Որոտնեցին, Գլաձորից եկած ավանդույթի համաձայն, մեծարվում է որպես «երջանիկ րաբունապետ»:

Այսպիսով, մեր կարծիքով, Տաթևի համալսարանի հիմքերը դրվել են Որոտնա դպրոցում, 1340-ական թթ. սկզբին: Այս հաստատության ստեղծմամբ է սկսվում Տաթևի համալսարանի հիմնադրման գործընթացը, որն իր ավարտին է հասնում Տաթևում հաստատվելու շրջանում` 1340-ական թթ. երկրորդ կեսին:

Որտե՞ղ է գործել Տաթևի համալսարանը:

Գ. Գրիգորյանը գտնում է, որ այն գործել է Տաթևի վանքից ներքև` Որոտան գետի ափին` Մեծ Անապատ կոչվող վայրում, ուր մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ օժանդակ շինություններ` տաճարը եզերող ցանկապատից ներս[43]: Սակայն հիշատակագիրներից մեկը մի առիթով նշում է, որ Գ. Տաթևացին «… ուներ ի վանս Տաթեւու զերիս ուսումնարանս…»[44]: Տաթևի վանքում էր գործել երբեմնի հռչակավոր վարդապետարանը: Վերջապես` Տաթևի վանքն ուներ համեմատաբար ավելի ապահով դիրք, քան Մեծ անապատը: Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ համալսարանը գործել է Տաթևի վանքում:

Տաթևում հաստատվելուց հետո, կարճ ժամանակամիջոցում Հ. Որոտնեցին իր ուսումնագիտական կենտրոնը դարձրեց «մայր դպրոց», «կենտրոն ամենայն իմաստնոցի», «հրահանգատուր դպրոց»[45]: Տաթևի սաներից մեկը, խոսելով համալսարանի մեծ դերի, նրա ուսման առատության ու կրթության տարածման մասին, գրում է, թե Տաթևը «… էր երբեմն երկրորդ Աթէնք ի մեջ հայոց»[46]:

Աղբյուրներում նշվում է, որ Հ. Որոտնեցին «նաև զզանազան հնացեալ կարգս ինչ փոխելով, զվարդապետս բազմացուցանելով նաև զուսումնարանս կարգավորեալ ընդ ամենայն տեղիս ի վանորայս և ի քաղաքս ի գաւառս»[47]: Այս վկայությունից պարզ է դառնում, որ Հ. Որոտնեցին միայն վանական, տարբեր տիպի հոգևոր դպրոցների կարգավորման հարցով չի զբաղվել, նա կարգավորել է նաև քաղաքների, գավառների և գյուղերի դպրոցները: Այլ կերպ ասած` նա զբաղվել է նաև հասարակական, աշխարհիկ դպրոցների հարցերով, մի բան, որն այդ ժամանակ բացառիկ երևույթ էր Հայաստանի և նրա նման ու նրա պայմաններում գտնված ուրիշ շատ երկրների համար:

Տաթևի համալսարանը ոչ միայն կադրեր էր պատրաստում Սյունյաց և հայոց այլ դպրոցների համար, այլև նրա գլխավորությամբ Սյունիքում մի շարք նոր դպրոցներ են հաստատվում, և ինքը դառնում է այդ դպրոցների ղեկավար կենտրոնը: Տարբեր ժամանակներում Տաթևի համալսարանի հովանավորության և ազդեցության տակ են եղել Ապրակունյաց, Ռշտունյաց, Մեծոփա, Հերմոնի, Հովհաննավանքի, Երզնկայի, Խիզանի, Աստապատի, Բաղեշի և Հայաստանի ու նրա սահմաններից դուրս մի շարք այլ դպրոցներ ու Սյունյաց աշխարհի գրեթե բոլոր դպրոցները[48]:

1350-ական թթ. վերջերին Հ. Որոտնեցին կատարում է մի երկար ճանապարհորդություն: Նա լինում է Թիֆլիսում, Երուսաղեմում, Երզնկայում և Տրապիզոնում, ուժեղ վիճաբանությունների մեջ է մտնում քաղկեդոնականների և ունիթորների դեմ, ամեն տեղ հռչակվում է իր համարձակությամբ և խոր գիտելիքներով:

1379 թ., հակաունիթորական պայքարը մոտիկից վարելու նպատակով, Որոտնեցին իր մի շարք աշակերտների հետ տեղափոխվում է Ապրակունյաց վանք` Տաթևի համալսարանի ղեկավարությունը հանձնելով իր ամենատաղանդավոր սան Գ. Տաթևացուն[49]: Շուրջ երկու տարի այստեղ դասավանդելուց հետո` 1381 թ., նա հանգրվանում է Որոտնում, որտեղ ևս շարունակում է իր մանկավարժական-գիտական գործունեությունը: Սակայն 1384 թ. «թուրքն էառ զբերդն Որոտան և մեծ վարդապետն Կախիկ (իմա` Հ. Որոտնեցին – Ա. Գ.) գնաց փախստական ի ծարայ…»[50]: Մոտ երկու տարի, իր աշակերտների հետ միասին, Հ. Որոտնեցին վարում էր թափառական կյանք` չընդհատելով իր դասախոսությունները. «… շրջէր աշակերտօք հանդերձ, կարդալով և ուսուցանելով»,– գրում է նրա աշակերտ Հակոբը[51]:

Ժամանակի ահեղ փոթորիկներն ավելի էին սաստկանում: 1386 թ., Թավրիզը գրավելուց հետո, Հայկական լեռնաշխարհ է մտնում Արևելքի ամենադաժան բռնակալներից մեկը` Լանկ-Թամուրը: Նա իր բանակը մասերի բաժանեց և ուղարկեց Հայաստանի տարբեր շրջաններ, որոնք կողոպտվեցին և ամայացան: Արյան գետեր էին հոսում հայոց հինավուրց հողի վրա: Թամուրը կրկին արշավեց 1394-1396 թթ.` էլ ավելի ծանր արհավիրքներ պատճառելով Հայաստանին: Նա իր որդի Միրանշահին կարգեց Իրանի, Իրաքի, Հայաստանի և անդրկովկասյան մյուս նվաճված երկրամասերի կուսակալ: 1400-1402 թթ. հայ ժողովուրդը դժբախտություն ունեցավ նորից ենթարկվելու Լանկ-Թամուրի արշավանքներին: XV դարի առաջին տասնամյակից սկսած Հայաստանը դարձավ Թամուրյանների, Կարա-կոյունլուների և Աղ-կոյունլուների, Ջելայիրյանների և այլոց միջև անընդհատ բախումների մղձավանջային թատերաբեմ:


[1] Ալիշան Ղ., Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893:

[2] Մովսիսյան Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X-XV դդ.), Երևան, 1958:

[3] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դդ.), Երևան, 1981: Григорян Г., Очерки истории Сюника (IX-XV вв.), Ереван, 1990.

[4] Խաչիկյան Լ., Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1969, № 9:

[5] Մաթևոսյան Ա., Հայոց միջնադարյան համալսարանը, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1984, № 1:

[6] Արևշատյան Ս., Տաթևի փիլիսոփայական դպրոցը և Գրիգոր Տաթևացու աշխարհայացքը, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1958, № 4:

[7] ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լ. Խաչիկյանը, Երևան, 1950: ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա, կազմեց Լ. Խաչիկյանը, Երևան, 1955:

[8] Ստեփանոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Տփղիս, 1910: Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, աշխատասիրությամբ Ա. Աբրահամյանի, Երևան, 1986:

[9] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դդ.), Երևան, 1981, էջ 88-89:

[10] Նույն տեղում, էջ 107:

[11] Հայ ժողովրդի պատմություն, ԳԱ հրատ., հ. III, Երևան, 1976, էջ 641:

[12] Նույն տեղում:

[13] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դդ.), Երևան, 1981, էջ 156:

[14] Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը, Երևան, 1973, էջ 170:

[15] Խաչիկյան Լ., Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1969, № 9, էջ 192: Հայ ժողովրդի պատմություն, ԳԱ հրատ., հ. IV, Երևան, 1972, էջ 452:

[16] Հայ ժողովրդի պատմություն, ԵՊՀ հրատ., խմբագրությամբ Ս. Մելիք-Բախշյանի, Երևան, 1975, էջ 570:

[17] Ալիշան Ղ., Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 23:

[18] Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, գիրք II, Երևան, 1946, էջ 358:

[19] Մանր ժամանակագրություններ, հ. Բ, կազմեց Վ. Հակոբյանը, Երևան, 1951, էջ 351:

[20] Խաչիկյան Լ., Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1969, № 9, էջ 178:

[21] ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լ. Խաչիկյանը, Երևան, 1950, էջ 375 (Այսուհետև` ԺԴ դարի հիշատակարաններ):

[22] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դդ.), Երևան, 1981, էջ 167:

[23] Տե՛ս Յովհաննու Որոտնեցվոյ Վերլուծութիւն Ստորոգութեանց Արիստոտէլի, հավաքական տեքստը, առաջաբանը և ծանոթագրությունները Վ. Չալոյանի, Երևան, 1956, էջ VIII:

[24] Ալիշան Ղ., Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 378:

[25] ԺԴ դարի հիշատակարաններ, էջ 555:

[26] Նույն տեղում, էջ 507:

[27] Նույն տեղում, էջ 508:

[28] Նույն տեղում, էջ 520:

[29] Մովսիսյան Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X-XV դդ.), Երևան, 1958, էջ 112 (Այսուհետև` Մովսիսյան Ա., Ուրվագծեր…):

[30] Նույն տեղում, էջ 108-111:

[31] Նույն տեղում, էջ 112:

[32] Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը, Երևան, 1973, էջ 171:

[33] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դդ.), Երևան, 1981, էջ 166:

[34] Ստեփանոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Տփղիս, 1910, էջ 248:

[35] Գրիգորյան Գ., Սյունիքի վանական կալվածատիրությունը IX-XIII դդ., Երևան, 1973, էջ 36-38:

[36] Նույն տեղում, էջ 40-41:

[37] Մովսիսյան Ա., Ուրվագծեր…, էջ 94:

[38] Ստեփանոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Տփղիս, 1910, էջ 164:

[39] Նույն տեղում, էջ 165:

[40] Հայ ժողովրդի պատմություն, ԵՊՀ հրատ., խմբագրությամբ Ս. Մելիք-Բախշյանի, Երևան, 1975, էջ 558:

[41] Հայ ժողովրդի պատմություն, ԳԱ հրատ., հ. IV, Երևան, 1972, էջ 437:

[42] ԺԴ դարի հիշատակարաններ, էջ 375:

[43] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դդ.), Երևան, 1981, էջ 166:

[44] Մովսիսյան Ա., Ուրվագծեր…, էջ 132:

[45] Նույն տեղում, էջ 113:

[46] ԺԴ դարի հիշատակարաններ, էջ 492:

[47] Նույն տեղում, էջ 458:

[48] Մովսիսյան Ա., Ուրվագծեր…, էջ 159:

[49] Խաչիկյան Լ., Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1969, № 9, էջ 192:

[50] Մովսիսյան Ա., Ուրվագծեր…, էջ 108: Տե՛ս նաև Մաթևոսյան Ա., Հայոց միջնադարյան համալսարանը, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1984, № 1, էջ 69:

[51] Մովսիսյան Ա., Ուրվագծեր…, էջ 110:


Շարունակելի


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Read More

Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից” [6.] Գրատպությունը Գորիսում.  «Սասուն» տպարանի հիմնադրումը[1] 1903-1905թթ.…

Read More

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Read More