Categories: Արցախ

ԼՂԻՄ-ի տարածքը հայերից մաքրելու Ադրբեջանի քաղաքականությունը

Ինչպես նամակագիրներն են գրում՝ «Ամեն ինչ կատարվում է բարեկամության ու եղբայրության քողի տակ», բնականաբար՝ Խորհրդային աչալուրջ վերահսկողության պայմաններում: Խորհրդային վերահսկողությունը հիշեցնում եմ՝ արցախահայության անտանգության վերաբերյալ առաջիկա քննարկումներում հնարավոր «երաշխիքների» արժեքը գնահատելու նպատակով:
Եվ այսպես՝
1962թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից հայկական շրջանների շուրջ 2500 հայեր նամակ են ուղարկել Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար և Նախարարների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովին: Հարկավ այս նամակը Խորհրդային մամուլում չի հրատարակվել, բայց ինչ որ ձևով հայտնվել է (ուղարկվել է) սփյուռքի հայերին: Առաջին անգամ հրապարակվել է Բեյրութի «Սփյուռք» շաբաթաթերթի 1963 թ. դեկտեմբերի 31-ի համարում, ապա՝ «Ալիք» (Թեհրան), 1964 թ. մայիսի 23, 24 և 25, «Յուսաբեր» (Կահիրե), 1964 թ. հուլիսի 14, 15 և 16, «Ազդակ» (Բեյրութ), 1964 թ. հուլիսի 21, 22 և 24, «ՀայաստանԱմեն ինչ կատարվում է բարեկամության ու եղբայրության քողի տակ (Փարիզ), 1964 թ. մայիսի 21 և 28, թերթերի համարներում:
Այստեղ կներկայացվի այդ նամակում բարձրացված խնդիրների միայն տնտեսական մասը.
«Ինքնավար մարզի իրավունքներն աստիճանաբար սահմանափակվեցին և այժմ համարյա իսպառ վերացվել են: Ադրբեջանական ՍՍՌ-ի հայ ազգաբնակչության նկատմամբ վարվել է ուղղակի ազգայնական քաղաքականություն, ստեղծվել են սահմանափակումներ և կյանքի ծայրահեղ աննպաստ պայմաններ: Եթե ինքնավարության ստեղծման առաջին շրջանում որոշ բան, այնուամենայնիվ, արվել է մարզի արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ապա հետո ամեն մի ձեռնարկում արգելակվել է. սկսված ամեն մի բան խոչընդոտվել է և կամ տրվել ադրբեջանական շրջաններին: Մինչդեռ մեր մարզի նկատմամբ ներկայացվել են բարձր և ուժից վեր պահանջներ (ներքնակների, վերմակների ու բարձերի միջից հարկադրաբար բուրդ հանելու և մթերման հանձնելու դեպքերը): Հայ ազգաբնակչության տնտեսական վիճակի վատթարացման և մարզից հարկադրաբար հեռանալու նպատակով ձեռնարկված այդ սքողված միջոցառումներից բացի ձեռնարվել են նաև վնասարարական գործողություններ: Ժողովրդի թշնամի Բագիրովը ադրբեջանցիներով էր վերաբնակեցնում Մարտունու և Մարզի այլ շրջանների հայկական գյուղերը, չնայած այն բանին, որ Ադր. ՍՍՌ-ի մի շարք շրջաններում գոյություն ունեին ոռոգվող հողերի ազատ տարածություններ: Դրա հետևանքով այդ գյուղերում քիչ էր մնում, որ առաջանային ազգամիջյան ընդհարումներ: Բագիրովի հետևորդները չեն մոռացել նրա ցուցումները: Հայ ազգաբնակչության շահերի անվերջ ու սիստեմատիկ ոտնահարումով, թշնամական միջոցառումներով նրանք ջանում էին ոչ միայն ոչնչացնել մարզի ինքնավարությունը, այլև հայ ազգաբնակչությունը դուրս մղել Ղարաբաղից: Բերենք մի քանի օրինակներ.
• Ստեփանակերտի հացի գործարանը ենթարկվում է Աղդամին (30 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական շրջկենտրոն): Աղդամի շրջանում պիտի կազմակերպեն Ստեփանակերտին հաց մատակարարելու գործը, պլանավորեն ալյուր բաց թողնելն ու հացի որակը:
• Մարզի առողջապահական բաժինը ենթարկվում է Աղդամին, որտեղից նշանակվում կամ հեռացվում են մարզի առողջապահական աշխատողները: Հիվանդանոցներն ու այլ հիմնարկներն ապահովվում են և ավելի ճիշտ` չեն ապահովվում անհրաժեշտ գույքով ու դեղանյութերով: Մարզի դեղատները նույնպես ենթարկվում են Աղդամին, ինչպես մատակարարման, այնպես էլ աշխատակիցներ նշանակելու առումով:
• Շինարարական վարչությունը ենթարկվում է Մինգեչաուրին, որը 120 կմ հեռու է Ստեփանակերտից: Դրա անհապաղ արդյունքը եղավ այն, որ լավագույն մեքենաներն ու մեխանիզմները տեղա- փոխվեցին Մինգեչաուր, իսկ դրա փոխարեն բերեցին անպետք, հնացած սարքեր, տեխնիկա: Ստեփանակերտի ավտոպարկի գլխավոր աշխատողներն ազատվել են և նրանց տեղերն ուղարկվել են ադրբեջանցիներ:
• Մարզի մետաքսի կոմբինատը, որն ունի 3000 բանվոր (մարզի միակ արդյունաբերական ձեռնարկությունը), ենթարկել են Նուխու համապատասխան, բայց փոքր հզորության մի ձեռնարկության, որը 120 կմ հեռու է Ստեփանակերտից: Ներկարարական ֆաբրիկան տեղափոխել են Նուխի, որի հետևանքով կրճատվել է աշխատավարձի ֆոնդը և իջեցվել է Ստեփանակերտի բանվորների աշխատավարձը: Խնձրիստանում, Սեյիդշենում, Ղշլաղում և այլ գյուղերում փակվել են մետաքսամանվածքային ֆաբրիկաները:
• Մարզի «Սոյուզպեչատի» բաժինը (թերթերի և հրատարակչությունների առաքման բաժին) տեղափոխվել է Աղդամ (1962 թ. մայիսից): Աղդամը պետք է պլանավորի, թե մենք ինչ պիտի կարդանք: Իսկ Ստեփանակերտի «Սոյուզպեչատի» աշխատողները մնացել են անգործ:
• Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում է Բարդայի շրջանին (60 կմ հեռավորությամբ), որը բացարձակապես ոչ մի կապ չունի գործարանի հետ:
• Թարթառգէսի շինարարության հարցը մտցված է եղել հետպատերազմյան հնգամյակի մեջ, բայց լիապես չի կատարված: Թարթառգէսը կոչված է լուծելու մարզի էներգետիկայի և լեռնային ու նախալեռնային շրջանների ոռոգման հարցը: Մինգեչաուրի շինարարության պատճառով դադարեցվել է Թարթառգէսի շինարարությունը, իսկ Մինգեչաուրը չի կարող լուծել Թարթառգէսի հարցերը:
• Մարզի համար վերջին հնգամյակների մեջ մտցված մի շարք օբյեկտների (հրուշակեղենի կոմբինատը, Կուրոպատկինոյի գինեգործարանը և ուրիշներ) շինարարությունները չեն կատարվել:
• Չնայած անհրաժեշտ նախադրյալների ու կադրերի առկայությանը, յոթնամյա պլանով նախատեսած Ստեփանակերտի ավտովերանորոգման գործարանը կառուցվել է Կիրովաբադում:
• Քառասուն տարիների ընթացքում գյուղերի և մարզային կենտրոնի միջև ոչ մի կիլոմետր ճանապարհ չի կառուցվել և չեն բարեկարգվել եղած ճանապարհները:
• Ոչ մի հնարավոր գործ չի ձեռնարկվել մարզի գյուղատնտեսության զարգացման համար… Լեռնային Ղարաբաղի մի շարք գետերի վրա ոռոգման նպատակով ջրամբարներ են կառուցվել, բայց այդ ջրերից օգտվում են միայն ադրբեջանական գյուղերը: Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսականները իրավունք չունեն օգտագործելու իրենց գետերի ջրերը: …
…Ավտոնոմ մարզի և նրա հայկական ազգաբնակչության նկատմամբ կիրառված ապօրինի գործողությունների թվարկումն անգամ բնութագրում է մարզի ազգաբնակչության ծանր իրավիճակը: Դա ծաղր է ինքնավարության, հայ ազգաբնակչության շահերի ու սովետական քաղաքացու իրավունքների նկատմամբ: […] Լեռնային Ղարաբաղի հիմնարկ-ձեռնարկները` 40–60 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական շրջանների համապատասխան ձեռնարկություններին ենթարկելու (Աղդամ, Բարդա, Մինգեչաուր, Կիրովաբադ, Նուխի և այլն) փաստերը, մարզի հիմնարկություններն ու ձեռնարկությունները Ադրբեջանական ՍՍՌ-ի շրջաններ տեղափոխելը, մարզի` պլանով նախատեսված արդյունաբերական և այլ անհրաժեշտ ձեռնարկությունների կառուցման խափանումը, հասցրել են մարզի վարչատնտեսական գործունեության կատարյալ քայքայման: Այդ միակողմանի վնասակար միջոցառումների պատճառով մարզի հայ ազգաբնակչությունը զրկվել է աշխատանքից ու բարեկեցությունից ու հարկադրաբար թողնում է իր հարազատ օրրանը, որին և ձգտում են ադրբեջանական իշխանությունները: Ահա թե ինչով պետք է բացատրել վերջին 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության աճի կատարյալ բացակայության փաստը: Պետք է նշել, որ վերը նշվածի շնորհիվ Ղարաբաղը միաժամանակ բնակեցվում է ադրբեջանցիներով: Ուղղակի տարվում է ազգային-շովինիստական, պանթուրքիստական քաղաքականություն, որը միանգամայն աներևակայելի է ու անհարիր Սովետական իշխանության պայմաններում, բայց, ըստ երևույթին, ընդունելի է Ադրբեջանի հանրապետության ղեկավարության համար: Այդ քաղաքականությունը ավելի նողկալի ձևեր է ընդունել մարզից դուրս գտնվող հայկական շրջաններում (Շամխորի, Շահումյանի, Խանլարի շրջաններ): Ստեղծվել է անհանդուրժելի դրություն: Խտրականությունն ամենուր է և ամեն ինչում: Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918– 1920 թթ.` թուրք մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում: Ամեն ինչ կատարվում է բարեկամության ու եղբայրության քողի տակ: Մենք առաջ էլ բողոքել ենք, որ փաստորեն չկա ինքնավար մարզ: Փորձեր են արվել պարզելու մասսայի դժգոհության պատճառները, բայց դրա համար գործադրվել են անթույլատրելի մեթոդներ: Օրինակ, Բագիրովը Ստեփանակերտում հրավիրել էր կուսակցական ակտիվի նիստ և առաջարկել. «Ովքեր ճիշտ չեն համարում Ղարաբաղի` Ադրբեջանական ՍՍՌ-ին միացումը, թող դուրս գան ժողովից»: Պարզ է, թե տվյալ դեպքում ինչով կարող էր վերջանալ ժողովից դուրս գալը»:
Տպագրված է «Հայության պայքարը ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու: Կազմողներ և խմբագիրներ՝ Կ.Խաչատրյան, Հ.Աբրահամյան, Երեւան, 2011» գրքում, էջ 39-45/ Борьба армян за восстановление НКАО с Советской Арменией. Сборник документов и материалов. Составители: к.и.н. Карен Хачатрян, Грант Абраамян. Ереван, Институт Истории, 2011
2500 մարդ ստորագրել է այս նամակը: Հավանաբար վախեցել են, բայց ստորագրել են: Վաղը կտեղադրեմ հաջորդ դրվագը՝ հայատյացության քրեական դրսևորումները:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Письмо президенту Республики Азербайджан господину И. Г. Алиеву

Письмо президенту Республики Азербайджан господину И. Г. Алиеву: краткий историко-правовой, научно-публицистический очерк-размышления или краткая справка…

Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։ Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն…

Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…