Հաբանդցիները Մխիթարյան միաբանության տարեգրության մեջ

Մխիթարյան միաբանության գործունեությունը հայոց մշակույթի պատմության ամենա-լուսավոր էջերից մեկն է հանդիսանում: Այն 18-րդ դարի մեծ մտավորական Մխիթար Սեբաստացու մտքի հղացքն էր ու նրա բացառիկ նվիրումի արդյունքը: 1717 թ. Վենետիկի մոտ գտնվող Ս. Ղազար կղզում վերահաստատելով ավելի վաղ (1701թ.) Պոլսում իր հիմնած միությունը՝ Մ.Սեբաստացին համախոհներով ծավալում է գիտամշակութային ակտիվ գործունեություն՝ նաև ջանք ու եռանդ չխնայելով ստանալու նյութական կարողությունների տեր անձանց  աջակցությունը: Եվ հոգևոր-մշակութային այդ հզոր օջախի շուրջ 300-ամյա պատմության մեջ անմահացել են ոչ միայն բուն միաբանության անդամները, այլև նրանց նյութական ու բարոյական  աջակցություն ցույց տված անձինք: Եվ պարզվում է, որ թե’ միաբանության անդամների մեջ և թե’այդ գիտական կենտրոնին աջակցողների շարքում հայտնվել են նաև Ս.Ղազարից այնքան հեռու ընկած Սյունյաց աշխարհի զավակները: Հիրավի, հետաքրքրական է  Մխիթարյան միաբանության  տարեգրության մեջ նաև  հաբանդցի՝ գորիսեցի մի քանի մարդկանց անունների հայտնվելը:1  Այսպես՝ Ս.Ղազար կղզու վանքի 1736 թվականի ժամանակագրության մեջ կարդում ենք. «Պատանի մի աստուածասէր ի վաճառականութիւն եկեալ յարեւելից, Յովհաննէս անուն, ի Հաբանդ երկրէ Հայաստանեայց»2: Հաբանդցի Հովհաննես անունով պատանին պատահականորեն Վենետիկում հայտնվել չէր կարող: Պետք է ենթադրել, որ նա ունեցել է այնտեղ ապրող բարեկամներ, որոնց ապավինելով հայտնվել է այդ օտար քաղաքում: Հետաքրքրական է վաճառական դառնալ ցանկացող պատանու հետագա ճակատագիրը: Վենետիկում ծանոթանալով Մխիթարյան միաբանության նիստ ու կացին, նաև հաշվի առնելով իր ծանր հիվանդությունը՝ Հովհաննեսը հրաժարվում է առևտրական դառնալու իր մտադրությունից և մտնում միաբանության մեջ: Միաբանի հագուստը նա ստանում է անձամբ Աբբահոր հրամանով: Իսկ որոշ ժամանակ անց, զգալով մոտալուտ մահը, Հովհաննեսը գրում է կտակ, որն հիշատակվում է միաբանության հաշվեմտից մատյանում: Կտակում նա խնդրում է, որ իրեն թաղեն ոչ թե պատանքով, այլ միաբանի հագուստով՝ եկեղեցու մեջ և իր հիշատակի համար մշտապես պատարագ մատուցեն: Ս.Ղազար կղզու վանքի ժամանակագրության 1767թ. արձանագրության մեջ նորից հիշատակվում է Հովհաննեսի անունը և նշվում, որ մինչև օրս (շուրջ 30 տարի) նրա հիշատակին նվիրված պատարագը Ս.Ղազար կղզու եկեղեցում «անվթար» մատուցվում է3: Մխիթարյան միաբանության ժամանակագրության մեջ գորիսեցի պատանու անվան հիշատակման և նրա կտակի անխաթար կատարման փաստը ցույց է տալիս, որ նա եղել է նշանավոր այր ու մեծահարուստ տոհմի ներկայացուցիչ և իր շոշափելի նպաստն է բերել այդ կրթամշակութային օջախի գործունեությանը:

Մխիթարյան միաբանության պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հովհաննեսը միակ հաբանդցին չէ, որ թաղված է Ս.Ղազար կղզում: Վանքի 1737թ. ժամա-նակագրությունը հիշատակում է հաբանդցի երկու վաճառական եղբայրների մասին, որոնք աչքի են ընկել միաբանության համար իրենց կատարած բարեգործությամբ: «Էին ի Վեհէշ (Վենետիկ) յազգե մերմէ եղբարք երկու հարազատք, վաճառականք ի Հաբանդ երկրէ Հայաստանեայց: Անուն միում Ստեփաննոս եւ երկրորդին Նահապետ, եւ եկոքին մեծա-տունք»4: Հաբանդցի Ստեփանոս և Նահապետ եղբայրները, սերտ կապված լինելով միա-բանության հետ, որոշել են իրենց անունով մի անմեռ հիշատակ թողնել կղզում և իրենք էլ թաղվել այնտեղ: Մխիթար Սեբաստացու վարքը շարադրող Հ.Թորոսյանը գրում է. «Հաբանդ գավառէն երկու վաճառական ազգականք (ժամանակագրության մեջ՝ եղբայր-ներ՝ Ս.Հ.)՝ Ստեփան և Նահապետ, որ Վենետիկ կը բնակէին, ուզեցին յիշատակ  մը թողուլ Մխիթարայ դաստակերտին մեջ: Մտածեցին խորան մը շինել Ս.Գրիգոր Լուսավորչին՝ մարմար քարերով»: Կառույցի նախագիծը կազմում է ինքը՝ Մխիթար Աբբահայրը, իսկ վա-ճառական եղբայրները հավանելով՝ սկսում են շինարարությունը: Խորանը կառուցվում է կարմիր մարմարից,  գոթական  ճարտարապետության գեղեցիկ ոճով:  Խորանի առջև  կառուցվում է եղբայրների դամբարանը: Նրանց ծախսերով Վենետիկի նշանավոր մի նկարչի մոտ պատվիրվում է  Տրդատ թագավորի մկրտությունը պատկերող յուղաներկ մի նկար: Հ.Թորոսյանը գրում է. «Այս պատկերը ամէնէն յարգի եւ թանկագինն է մեր եկեղեցւոյ պատկերներուն մեջ, զոր նկարած է Փրանկիսկոս Ծունիոյ՝ վենետիկցի Տիեպոլոյ մեծանուն նկարչին աշակերտը»5:

Ավարտուն խորանի շինությունն օրհնում է ինքը՝ Մխիթար Սեբաստացին: Երկու հաբանդցի վաճառականների աճյունները ամփոփվել են խորանի առջև  գտնվող դամբարանի մեջ: Տապանաքարի վրա արձանագրված է.

Ղափանեցիք   Շահումեանց   տան

Պարոն  Զաքարն  որ է  Դավթեան,

Պարոն Ստեփան  Վարդանէսեան,

Պարոն  Նահապետ  Պօղոսեան

Ետուն շինել զայս սուրբ սեղան

Եւ ընդ նմին զայս դամբարան

Ի  յիշատակ եւ ի կայան

Բնաւից որք են ճիւղք նոյնոյ տան

Յամի տեառն  1787 յուլիսի 306

Կարմիր մարմարից  կերտված այս տապանաքարը Վենետիկի Ս.Ղազար կղզում 1975թ. ծագած հրդեհից հետո զետեղվել է եկեղեցու գավթի որմերից մեկի վրա՝ մուտքից դեպի աջ:

Մխիթարյան միաբանության հետ կապված սյունեցի մեզ հայտնի ամենանշանավոր անձը թերևս Դավիթ Բեկի գլխավորությամբ ապստամբության տարեգրության հեղինակ Ստեփանոս Շահումյանն է, որն այդ հերոսական ապստամբությունը ճնշվելուց հետո հաստատվել է Վենետիկում, զբաղվել առևտրով, բայց միաժամանակ կապվել է Մխիթարյան միաբանության հետ և թելադրել է այդ հերոսապատումի պատմությունը, իսկ միաբանության անդամներից մեկը՝ Հ.Ղուկաս Ստեփանյան Սեբաստացին, այն գրի է առել:

Վերը նշված փաստերը որոշակի խորհրդածությունների տեղիք են տալիս: Նախ՝ պարզվում է, որ Սյունիքի պատմական Հաբանդ գավառի բնակիչները արդեն 17-րդ դարավերջից ձգտում էին դեպի Եվրոպական երկրներ՝ առևտրի մեջ ներգրավվելու կամ ուսանելու նպատակով: Նրանցից շատերը հատկապես առևտրական գործունեության մեջ հասել են մեծ հաջողությունների և դարձել են մեծահարուստ մարդիկ: Ոմանք զբաղվել են նաև արհեստներով: Ի դեպ, սրա վառ ապացույցն է Ղ.Ալիշանի մի վկայությունն այն մասին, որ 1699-1710 թթ. Վենետիկում ապրել է Թադևոս Հանպանտցի անունով մի դերձակ7: Ավելի հետաքրքրական է վենետիկյան փաստաթղթերում Հաբանդ գավառանվան հիշատակումը:  17-րդ դարից սկսած մեր ձեռագրերում այդ գավառանունը չի գործածվում: Այն չի գործածել նաև 1736թ. Գորիս (Խնձորեսկ, Քարահունջ, Շինուհայր, Տաթև) այցելած Աբ.Կրետացին:8 Սակայն Հովհաննես անունով երիտասարդը, Ստեփանոս և Նահապետ վաճառականները Վենետիկում իրենց ծննդավայրը ներկայացնում են Հաբանդ անունով: Վենետիկի հայ միաբանների համար անշուշտ առավել հարգի և ընդունելի է եղել հայոց այդ հեռավոր ոստանի պատմական անունը շեշտելը:

18-րդ դարի առաջին կեսին վենետիկյան ժամանակագրության մեջ Հաբանդ գավառանվան օգտագործումը նաև վկայում է, որ այդ ժամանակ դեռ գործածական չի եղել Զանգեզուր տեղանունը:

Այսպիսով, բերված փաստերը հավաստում են այն մասին, որ որոշ սյունեցիներ ևս, կապվելով Մխիթարյան միաբանության հետ, իրենց համեստ նպաստն են բերել այդ հոգևոր-մշակութային հզոր կենտրոնի գործունեությանը:


Հաբանդը պատմական Սյունիք նահանգի գավառներից է, իր մեջ ընդգրկել է ներկայիս Գորիսի ենթամարզի (շրջանի) տարածքը:

Ստ. Շահումեան, Դաւիթ Բէկ կամ պատմութիւն Ղափանցւոց, Վենետիկ, 1975, էջ 85:

Նշվ. աշխ., էջ 114:

Նշվ. աշխ., էջ 113:

Ստ. Շահումեան, Դաւիթ Բէկ կամ պատմութիւն Ղափանցւոց, Վենետիկ, 1975, էջ 115:

Նշվ. աշխ., էջ 116:

Ղ.Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1895, էջ 261:

Աբ.Կրետացի, Պատմություն, Երևան, 1973, էջ 151:

Written By

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Դրվագներ ուշ միջնադարյան Մեղրու հոգևոր կյանքից

Հոգևոր կյանքի հաջորդ բուռն վերելքի ժամանակաշրջանը Մեղրիում կարելի է համարել XVII-XVIII դդ.՝ Մովսես Խոտանանցի (կամ՝…

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…