
«Բարև, սիրելի՛ս, ինչպե՞ս ես։ Ուզում եմ, որ լավ լինես՝ այսօր ու միշտ։ Եթե հիմա կարդում ես սա, նշանակում է, որ ես չկամ։ Չգիտեմ՝ քանի օր է անցել իմ մահվանից, բայց վստահ եմ, որ Սահակը շուտ է հասկացել, թե ինչ պետք է անի տվածս ծրարի հետ։ Ինչևէ։ Ուզում եմ խոսել քեզ հետ, զրուցել, ասել այն, ինչ չեմ կարողանում բարձրաձայնել լարվածությանս ու վախերիս պատճառով։ Հիմա առավել քան հանգիստ եմ, խաղաղ, դրա համար էլ որոշել եմ հիմա գրել։ Գիտե՞ս, այստեղ ևս մայրամուտը շատ գեղեցիկ է, ինչպես մեզ մոտ։ Բայց այստեղ անեզր թվացող հեռուներն ու հորիզոնը չեն բախվում, ինչ-որ մի տեղ նրանց կապը կտրվում է։ Միշտ ասում ենք, որ ամեն մայրամուտ ունի լուսաբաց, բայց կարծում եմ, որ այս պահին այստեղ լուսաբացն այդպես էլ չի գալու։ Չնայած դրան՝ շատ գեղեցիկ տեսարան է։ Կուզեի՝ այստեղ լինեիր՝ կողքիս, միասին նստեինք ու իրար ձեռք բռնած ժամերով նայեինք այս պատկերին։ Վստահ եմ՝ շատ կհավանեիր։
Վա՛րդ, ուզում եմ քեզ մի բան ասել։ Ես քեզ սիրում եմ, ու դա քեզ համար նորություն չէ, բայց դու չգիտես, որ ես քեզ սիրել եմ միշտ՝ դեռ մանուկ հասակից։ Պարզապես դու դա չէիր նկատում, իսկ ես քեզ կորցնել չէի ուզում։ Երբ հասկացա, որ այլևս անզոր եմ քեզ համար ընկեր լինել, որոշեցի վերջ տալ այդ ամենին, այնպես անել, որ հիասթափվես ինձնից։ Ու դա ինձ մոտ ստացվեց։ Հա՛, հենց ես էի հովանավորը, որ մենք մի տարի շարունակ չշփվեցինք։ Ների՛ր ինձ, գիտեմ՝ հիմար եմ եղել, ինչպե՞ս կարող էի այս կիսատ կյանքիցս ևս մի տարի կորցնել՝ քեզ հետ չշփվելով։ Կյանքիս տևողության միակ տարին էր, որ առանց քեզ էր անցնում։ Բայց դա ինձ չէր խանգարում ամեն օր հեռվից հետևել ու տեսնել քեզ, տեսնել, թե ինչպես ես մի տարվա մեջ մեծանում, հասունանում ու փոխվում։ Բանակ գնալուս մասին անգամ չասացի՝ մտածելով, որ քեզ համար այդպես ավելի հանգիստ կլինի։ Նաև հոգացել էի, որ մեր ընդհանուր ծանոթներից էլ ոչինչ չիմանաս։ Եվս մեկ անգամ ների՛ր, խնդրում եմ։ Աշոտի հետ կատարվածից հետո հասկացա, որ ինչ էլ լինի, չպիտի կորցնեմ քեզ, որ պիտի վերագտնեմ ու վերադարձնեմ քեզ։ Արձակուրդ գալուս օրը Նարեից իմացա, որ նորից ճամբարի եք գնալու։ Որոշեցի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնել, չնայած առաջին օրն այնպիսի հայացքով էիր նայում, որ կարծում էի՝ ամեն ինչ կորած է։ Բայց դեպքերն իմ ուզածի պես էին ընթանում։ Հատկապես Մերիի գնալը ինձ օգնեց նորից մտերմանալ քեզ հետ։
Ամբողջ ընթացքում միայն քեզ տեսնելն ու քեզ հետ շփվելն էր ինձ օգնում սթափ մնալ, թե չէ վաղուց կխելագարվեի այս ամենից։ Աշոտից հետո ես ինձ ներել չէի կարողանում, անընդհատ մեղադրում էի ինքս ինձ նրա մահվան մեջ։ Ասում էիր, որ իր մոր որդին իմ պատճառով չէ զոհվել, այլ ինձ համար։ Բայց իր մայրն ամենևին էլ այդ կարծիքին չէր։ Քեզ հետ խոսելուց հետո համարձակություն հավաքեցի ու որոշեցի այցելել նրա մայրիկին։ Կարծում եմ՝ չարժեր։
Նա ինձ մեղադրեց իր անզավակ մնալու մեջ և խնդրեց պարզապես հեռանալ։ Չեմ կարող ասել, որ անարդար վերաբերմունք էր իմ հանդեպ, որովհետև մաշկիս վրա զգում էի նրա ցավն ու տանջանքը։ Դրանից հետոն ավելի սարսափելի էր։ Երբ շրջափակման մեջ էինք հայտնվել, կյանքը մի պահ կանգ էր առել բոլորիս համար։ Մտածում էինք՝ ավելի լավ է մեռնենք, քան գերի ընկնենք կամ մնանք այդտեղ։ Մեզնից մեկն ինքնասպան եղավ՝ չդիմանալով այդ ամենին։ Անտանելի էր նայելը, թե ինչպես են ընկերներդ մեկ առ մեկ զոհվում աչքերիդ առաջ։ Նրանք, ովքեր ինքնասպան չեղան, սպանվեցին թուրքի փամփուշտից։ Չգիտեմ էլ՝ բախտս ինչպես էր ինձ հետ մնացել, որ չզոհվեցի։ Չընայած դժվարանում եմ բախտավորություն համարել դա։ Ավելի լավ կլիներ՝ ես էլ նրանց հետ զոհվեի, քան շարունակ տանջվեի։ Զոհված ընկերներիս հայացքները մինչ օրս հանգիստ չեն տալիս ինձ, Վա՛րդ։ Նրանք այնքա՜ն լիահույս էին, այնքան էին հավատում, որ աղոթքը կփրկի իրենց։ Ինչո՞ւ չփրկեց… Չեմ հասկանում։ Բացատրել անկարող եմ, թե ինչ եմ զգում։ Վա՛րդ, ես իրոք չեմ կարողանում ապրել այսքանից հետո։ Պատերազմը կործանեց ինձ։ Ես շնչում ու արտաշնչում եմ, առավոտյան արթնանում ու անցնում եմ իմ օրակարգին, հետո գիշերը նորից պառկում եմ քնելու։ Բայց ես չեմ ապրում, Վարդ, հասկանո՞ւմ ես։ Ծանր է ապրել ընկերներիդ արյան հաշվին, առաջ նայել ու շարունակել կյանքդ այնպես, ասես ոչինչ չի էլ եղել։ Չգրված օրենքներ կան էս կյանքում, որ չեն թողնում ապրել։ Մենք կորցրինք Արցախը, կորցրինք վերջնականապես, բայց դրանից զատ մենք փշրվեցինք հազար ու մի բեկորների, ընկճվեցինք ու կոտրվեցինք, սկսեցինք պայքարել հանուն մեկս մյուսի կյանքի, հանուն վաղվա օրվա։ Մենք կորցրինք մեր եղբայրներին, ընկերներին ու հայրերին, ու ոչ մի մխիթարանք, ապագայի հանդեպ հույս կամ հավատ չի կարող նրանց ետ բերել, չի կարող ամոքել որդեկորույս մայրերի ցավն ու վիշտը։ Պատերազմի ճիրաններում կառուցեցինք նոր ու ավելի սիրուն պատմություններ, որոնք համեմված են դառնության ու ցավի սերմերով։ Տարիներ անց նախագահները կկանգնեն այդ հողի վրա ու իրար ձեռք կսեղմեն առանց մի վայրկյան մտածելու, որ այդ հողն ամուր է, որովհետև նրա տակ հանգչում են մեր տղաների սուրբ մարմինները…
Այս ամենից հետո մենք կանք, շարունակում ենք պայքարել հանուն մեր ապրելու իրավունքի, հանուն մեր գոյության։ Սակայն ես ինձ կտրում եմ այդ «մենք»-ից, որովհետև ես վաղուց դադարել եմ լինել…
Տարիներն ու օրերը, հակառակ մայրամուտների, լուսաբաց չունեն։ Դրանք այն օրերն են, որոնց համար դու երբևէ լացել կամ անհանգստացել ես, սրտիդ թրթիռով ես ընդունել ու ճանապարհել։ Դրանք այն օրերն են, որոնց հանդեպ կարոտով ես լցվել ու մեկ-մեկ էլ զղջացել, որ ապրել ես այդ պահերը, որովհետև կարոտն ու անսահման սերը ներսդ քանդում են այրվելու աստիճան դաժան։ Դու իմ քսան տարիների կյանքի միակ վառ ու լուսավոր, կարոտով լի ու սպասումնալից օրերն ես, Վա՛րդ։ Ես երջանիկ եմ, որ ապրել եմ քեզ հետ կյանքիս ամենահիշարժան պահերը։ Ես երջանիկ եմ, որ դու իմ միակ ու անփոփոխ հիշողությունն ես։ Բայց ես չկարողացա այնքան ուժեղ լինել, որ ապրեմ հանուն քեզ, հանուն իմ մեծ ու անսահման սիրո։ Թերևս ես գերադասեցի մեռնել հանուն այդ սիրո, որպեսզի այն կարողանա հետագայում ծաղկել ու ապրել։ Չեմ կարող քեզ ասել, որ կյանքը շարունակվում է, որ հեշտությամբ առաջ նայես, որովհետև գիտեմ, թե ինչ մեծ ցավ եմ քեզ պատճառում, գիտեմ, որ անհամբեր սպասում էիր իմ վերադարձին, որ պիտի միասին գնայինք Տաթևի վանք, գիտեմ, որ քո միայնությունը լցնողը ես էի, բայց դավաճանեցի քեզ։ Ների՛ր ինձ, եթե կարող ես, խնդրում եմ քեզ։ Եթե ես շարունակեմ շնչել, ես կսպանեմ մեր սերը, կսպանեմ քո մեջ ապրելու հույսն ու ցանկությունը, ինչն իմ ուժերից վեր է։ Ապրի՛ր մեր երկուսի փոխարեն, Վա՛րդ, եթե կարող ես։ Ես քեզանից ոչինչ խնդրելու, առավել ևս պահանջելու իրավունք չունեմ, բայց ուզում եմ, որ օրերից մի օր գտնես քո երջանկությունը, խաղաղվես ու առաջ նայես։ Խոստանում եմ ամեն օր հետևել ու պահապան լինել քեզ երկնքից, անել այն, ինչը ուժ չգտա անելու երկրում՝ այս անիրավ ու անարդար աշխարհում։
Եթե զգաս իմ կարիքը, պարզապես հիշիր, որ ես քո սրտում եմ, ապրում եմ քո հոգում՝ թերևս այս աշխարհում եղած ամենախաղաղ ու ազնիվ տեղում։
Երբ կարոտես ինձ, գնա Տաթև, մոմ վառիր իմ ու քո փոխարեն, ապրիր մեր երկուսի փոխարեն…
Ների՛ր, որ քո ուսերին ծանրացրի մեր սերը պահելու ու ապրեցնելու դժվար բեռը…
Սիրում եմ քեզ իմ կյանքից ու աշխարհից առավել…
Ների՛ր»:
Իմ կարոտ, իմ սեր, իմ Վարդ
Քեզ անսահման սիրող՝ Տիգրան…
