Ես շատ խղճացի
Մեռնող պատրանքի հազիվ առկայծող շողանքը վերջին,
Կրկին ատեցի
Ախորժանքները կյանքի ժեխ ու ցոփ
բարքերի միջին,
Հավատս գրկած
Դուրս սպրդեցի ես ամբոխախեղդ այն մեծ դահլիճից,
Ուր ո՛չ ամոթխած
Հայացքներն անթարթ ուղղված են քիչ֊քիչ մերկացող բեմին…
Ախ, ես ատեցի,
Նորե՜ն ատեցի այդ զվարճանքի կերպարները խեղճ,
Հավատ խնդրեցի
Երկնի բարձրյալից,որ հեռու տանի հոգեվարքի մեծ
Հոգեցնցումից
Եվ երազեցի լու՜յս և ափերս կապույտ գրկեցին…
Ու մի նո՜ր անգամ,
Մի կրկին անգամ ատեցի բոլոր զեղումները մերկ,հավերժ նողկանքով
Ու մի նո՜ր անգամ
Ի դերև եկան բոլոր գույները բյուր գարշանքներով
Եվ ես ատեցի
Գույների ծովում լողացող բոլոր պչրանքները ստերջ
Եվ ուխտ կապեցի
Լույս փնտրել միայն, լույս լինել միայն կապույտում անվերջ…
