Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից
Մոլորակի միակ գյուղը, որի միջով երկու գետ է հոսում և մի քանի տասնյակ մետրի վրա ունեցել է յոթ կամուրջ, իմ հայրենի գյուղն է։ Ասում են՝ իբր քիչ վեր հնում մի կամուրջ էլ եղել է, բայց գետը տարել է։ Դեռ չենք հաշվում տարատեսակ, փայտե ու մետաղյա անցումները, որ կամրջի դեր ունեին։ Շարունակ կրկնում եմ, կարծես հայտնագործություն արած լինեմ․ հարավային ծայրամասով հոսող գետը երեք անուն ունի Շենի, Կռնասա և Կռաթաղի: Այս գետն ավելի ջրառատ էր, ամռանը դիմանում էր երաշտին, տեղատարափ ու երկարատև անձրևներին, մի փոքր ավելի տանելի էր լինում, զուլալ էր, քան գյուղի միջով հոսող Շիկահող գետը: Դժվար չէ հասկանալ՝ Շենի էր, որովհետև անցնում է գյուղի գլխավոր բնակելի թաղամասի եզրով։ Կռնասա անունը գալիս էր Կռնասաքարի անտառներից, որտեղից մի վտակն էր գոյանում։ Կռաթաղի, քանի որ անցնում էր հնագույն Խրավանդի և նրանից ներքև տարածվող դամբարանադաշտերի ու բնակատեղիների հարևանությամբ, որ տեղացիները անվանում էին Կըռապաշտի պու¨ներ, այսինքն՝ բներ, Կռապաշտի տներ և այլն և այլն:
Շինություններ ու տեղանուններ են, որ խորհրդանշում են նախաքրիստոնեական ժամանակները: Ցավոք թե՛ քրիստոնեական և թե՛ նախաքրիստոնեական շատ հուշարձանների մի մասը չի պահպանվել, կուլ են գնացել ճանապարհներին ու հողաշինարարությանը։ Սովետական շրջանում ներմուծված մի չարիք կար․ հուշարձանը մի կողմ, իսկ ճանապարհը կամ կառույցը պիտի ժամանակից շուտ ավարտել, հնագետներին չհայտնել։ Հասակավող մարդիկ հավաքում, հանձնում էին թանգարաններին, դպրոցներին, կամ պահպանում էին տանը։ Չհասկացան, չգնահատեցին, չպահպանեցին, ու շատ արժեքներ կորան-գնացին։ Այս գետի ավազանում դարավոր անտառներ են, որոնք իրենց մեջ են առնում անձրևաջրերն ու ձնհալի ջրերը, և գետն այնքան վտանգավոր չէր, որքան գյուղը կիսող գետը: Վերջինիս վարարումները ահավոր վախ էին տարածում գյուղում: Վերևներում անտառը դեռ Կապանի հանքերի ժամանակներից հատվել ու ածխի էր վերածվել, հետո ավելի շատ խմհատներ ու արոտավայրեր էին բացվել, որի հետևանքով ջուրը չէր ներծծվում հողի մեջ և անարգել սահում էր ներքև՝ դեպի գետի հունը: Գյուղի մերձակայքում այն արդեն կործանարար հոսանք էր, որի ջրերը կարմրին էին տալիս, քանի որ անձրևը քերել ու գետն էր լցրել ձախափնյակի կավի շերտերը և Կարմիր հողերի փոշին։ Սոսկում էին մարդիկ. գետը արյուն էր բերում: Գետերն իրենց հետ քշում-բերում, քշում-տանում էին հսկայական քարաբեկորներ, որոնց՝ միմյանց բախումների որոտը սարսուռ էր բերում մոտակա տների երեխաներին: Նրանք վախից չէին քնում։ Նույնն էին նաև Արեգունի (Պառակի) երկու ձորակները, որոնք թեև մի կարգին ջրահավաք ավազան չունեին, բայց այնպես էին հորդանում, որ կանգնեցնում էին երթևեկը գյուղի երկու մասերի միջև: Կյանքը գյուղում կանգ էր առնում․ ով որտեղ հայտնվել, այնտեղ գամվում էր, մինչև անվտանգության հույս էր առաջանում: Հիմա նման անձրևներ չկան, և լավ է, որ չկան: Մանավանդ դրանք կարկտախառն էին, աչքիդ առաջ պայթող կայծակներով ու հզոր խլացնող որոտներով: Նման որոտներ մենք մեկ էլ լսեցինք, երբ գյուղերի գլխին, տների բակերում պայթում էին «Գրադ»-ի հրթիռները:
-Շենի գետը գլխակեր է,- ասում էին տարեցները և հիշում, որ ջուրը տարել է 14 տարեկան երկու աղջիկների։ Մեկը Հաբունց Քրիստափորի, մյուսը հարևանի աղջիկն էր։ Երկուսով խազազի էին գնացել: Ձեռք ձեռքի տված փորձել են անցնել գետի վրա գցված գերանի վրայով ու ընկել են ջուրը։ Հեռվից տեսնող է եղել, գոռգոռացել է, թե տեղներդ մնացեք, բայց գետի աղմուկը խլացրել է ձայնը։ Աղջիկներին գտան Ծիրանուտի ջրերում, թաղեցին գյուղի գերեզմանատանը։ Մեկի անունը գիտեն՝ Նունե, մյուսին չգիտեն։ Աղջիկների վրա անտաշ քարեր էին դրել, այնպես որ նրանք էլ շիրիմ չունեն։
Հեռավոր անցյալում մի հովիվ էլ է զոհ գնացել վարարումներին, որի անունը ևս հայտնի չէ։
1972-ի մայիսին գյուղամիջի գետն էլ գլխակեր դարձավ և կուլ տվեց կաճապ (նվիկ) հավաքելու գնացած Սերոժի ու Քնարի սիրուն ու շեկ աղջնակին՝ Մելիային։ Տարին անձրևային էր: Այդ օրը երկինքը ջինջ ու կապույտ էր, արևը պայծառ, մի օր առաջ տեղացած անձրևից հետո թեթև գոլորշի էր բարձրանում ձորերից ու այգիներից: Միայն ամպի մի փոքր, անչափ փոքր կտոր կախվել էր Կռզնենուն ձորից վեր, որտեղ ավարտվում էր անտառը, և սկսվում էին սարերը: Շիկահողցին միակն է, որ խոր անտառից քաղում և ձմռան համար «լուս» էր անում՝ չորացնում ու ձմռան համար պաշարում էր կաճապ անունով բույսը։ Լուս անել, այսինքն՝ հյուսել, ծամ անել: Շրջակա գյուղերից ոչ մեկը այս բույսի տեղն էլ չգիտի: Կաճապ քաղելու օրերն էին: Հարյուրին մոտ Արսեն դային, ինչպես որ անվանում էին, երբ էշի փալանն էր դնում ու պատրաստվում գնալ փայտի, բակում նկատեց երեխաների աշխուժություն: Ծերունին դիմեց հարսին․ «Աղջի՛, Քնայի՛, էս խոխեքը էս զու̈լու̈մին հըվաքվածըն շտեղ քինի՞ն»։
-Շենին խոխենքն ըն են, մորոցը նըհետ քինու̈մըն են կաճապու: Հինչ զու̈լու̈՞մ: Տե̈սնում չի՞ս նախշուտ արև ա, Հարի՛գ: Հարիգ, այսինքն՝ հայրիկ։
-Արև չի: Հենե՜, տե̈ս էն թոխպը, էն մի կուտուրեն մեջին հինչ ասիս կա: Խխենցը ետ տո, թո քու̈չեքու̈մը վազվազ անին:
Ծերունի հայրիկին ո՞վ է լսում, որ հարսը լսեր: Եվ յոթ-ութ աղջիկ՝ տասներկու-տասնչորս տարեկան, պարկերն առած, թռվռալեն բարձրացան գետն ի վեր՝ դեպի Մխոտի ծմակները:
Ծերունի՞ն ինչ գիտեր, որ զուլում օր է լինելու։
Կեսօրից հետո էն մի կտոր ամպի տեղում հսկայական սև ամպի զանգված գոյացավ, հետո ընդարձակվեց, տարածվեց ու փակեց արևի շողերը։ Երկինքն անսպասելի մթնեց, սևացավ, կայծակ — որոտին հաջորդեց անձրևը, ապա անձրևին խառնվեց կարկուտը: Կարճ ժամանակում գյուղի միջով գետակներ հոսեցին, գետերը դուրս թռան ափերից, գյուղը խլացավ գետերի մռնչյունից։ Բոլորն անորոշ դես ու դեն էին վազում: Սահմռկեցուցիչ տեսարան․․․
«Բանակի քեֆերի» ժամանակներն էին, գյուղում երկու քեֆ պիտի լիներ։ Դրանց մասին մոռացան, սպասում էին՝ տեսնեն ի՞նչ է գալու գլխներին։ Լուր տարածվեց, որ կաճապի գնացած աղջիկները չկան, չեն վերադարձել։ Դես ու դեն ընկան, Քնարիկը վազեց գետափ, տեսավ աղջիկները եկել դեմ են առել գետին, հետ են դարձել ու բարձրանում են արտերն ի վեր, որտեղ ջուրը կորչում է հողի մեջ ու այնտեղից հանգիստ կարող էին իջնել գյուղի վրա: Կինը զուր տեղը ձայնը գլուխը գցեց: Ափից ափ ոչինչ չէր լսվում… Միմյանց չհասկացան, աղջիկները շեղվեցին ճիշտ ուղուց ու պարկերը շալակներին՝ քայլեցին գետի վրա կախված խճաքարե նեղ արահետի վրայով: Վերջին անցնողը Մելիան էր։ Դիմացի ափից տեսնողներ եղան՝ հողը փլուզվեց աղջկա ոտքերի տակից, ու նա գահավիժեց ներքև։ Հորձանքը կուլ տվեց աղջկան: Ու էլ ոչինչ: Գյուղն իմացավ, դես ու դեն ընկան, վազում էին ափի երկայնքով, բայց՝ անիմաստ։ Միևնույն է, փրկություն չկար․ գետն իր հետ հսկա քարաբեկորներ ու ծառեր էր քշում։ Խելագար մեկը՝ գյուղի վարորդներից, քշվող փայտի մի կտոր տեսավ, կարծեց երեխան է, ուզեց գետը նետվել, բայց նրան հասցրին հետ քաշել։ Որքա՜ն անզոր է մարդը բնության խաղերի դեմ։
Մութն ընկավ, լույսերը հանգան, խավարը նստեց գյուղի վրա։ Նոր լուր տարածվեց՝ մահացել է բարի մի կին՝ Անուշկան։ Ամուսնուն գյուղում չէին սիրում։ Նրա չարագործությունների մասին մութ պատմություններ էին պտտվում, ասում էին, որ սրա մեղքով «ցամաքել էր» նորածինը, և մահացել էր կինը։ Տանջել-բանեցրել էր հղիության շրջանում, հարվածել էր կնոջը։ Ընտանի կենդանիների հետ անգամ չէր հաշտվում, ճապկի ծանր մահակի տակ էր տալիս մայր կովերին ու հորթերին։ Սրա հետ ոչ ոք անասունի հերթի չէր գնում, ոչ ոք հաց չէր կտրում, երեսին չէր նայում։ Այս երկարահասակ չարագործը նաև ագահ ու անկուշտ էր, էդպես էլ մնաց, էդպես էլ ապրեց։ Նախանձում ու հետապնդում էր հարևանին՝ դժբախտ Խաչիին, որ Առաջին աշխարհամարտի զինվոր էր եղել, հետո բռնությունների շրջանում բանտ նստել, խաղաղ տարիներին բանակում որդուն կորցրել։ Մուրադ, Կորյուն, Համազասպ անունները դարասկզբի իրադարձություններից հետո տարածվել էին մեր գյուղերում, Խաչին որդուն Մուրադ էր կոչել, որդու կորստից հետո թոռանը նույն անունն էր տվել։ Երկուսով միասին վար էին արել, հունձ արել, անասուն պահել, հաց կերել, բայց ընկերոջ գլխին կռիվ սարքեց ու մինչև հոգու խորքը վիրավորեց նրան մի երկու իշաբեռ ծղոտի համար։ Խաչին հունձ էր արել, ինչպես գյուղում էին ասում «պտոկ պտոկ» էր հարել, որ մնացորդը քաղի անասունների համար։ Բայց երկարահասակը թաքուն քաղեց ու տուն տարավ։ Խաչին ասաց․
-Ցորենը ես եմ քաղել, արտը ես եմ վարել։
-Վարելուն մասնակցել եմ, հերիք ա,- պատասխանել էր անհոգին ու բացել հայհոյախոս բերանը։
Խաչին՝ փոքրամարմին այս մարդը, «Հարյուրամյա պատերազմ» գրքի մանկահասակ հերոսներից է, Բակունցի Մթնաձորի հերոսների նախատիպերի ժառանգներից․ չէր դիմադրելու, չէր հայհոյելու։ Սովոր չէր։ Փոքրամարմին այս մարդու ուսերին կոլտնտեսության զանազան հոգսեր ու բեռներ էին։ Վերջում արդեն նախրապանն էր, գիտեր իր գործը, չափազանց բարի և ուշադիր մարդ էր։ Պատահում էր, որ նրա ընկերոջ բացակայության ժամանակ վերջինիս փոխարինում էր ֆերմայի վարիչ Արտեմ Արզումանյանի որդի Սամվելը։ Մեծերի հետ դժվար էր, բայց Սամվելը սիրով էր ընկերանում բարի մարդու հետ։ Սամվելին հուզում էր այս մարդու վիշտը, ձգտում էր ամեն կերպ օգտակար լինել, մի բան ավելին անել։ Պապն ապրում էր դստեր ու թոռան՝ Մուրադի հետ։ Մի օր Մուրադը հուզված խոսեց պապի մասին․ «Չեմ հասկանում, չգիտեմ, պապիս գիտակցությունը գնում-գալի՞ս է, թե՞ ինչ-որ բան է տեսնում։ Երեկ տուն մտա, տեսնեմ հայելու առաջ կանգնած զրուցում է, խոսում, ժպտում, մեկ-մեկ էլ մանկանում, ծիծաղում է երեխայի պես։ Ասացի․
-Պապի՛, էդ ո՞ւմ հետ ես էդպես ծիծաղելով խոսում։
Ասաց․
-Մուրա՛դ, բալա՛ ջան, չես հավատա։ Արի տե՛ս, հայրս է, հորս հետ եմ զրուցում։
Մուրադի այս զրույցից հետո տղաները կախել էին գլուխները․․․
Խաչին սիրելի էր, ամենասիրելի տարեց մարդը մեր գյուղում։ Հիմա Անուշկան էր մահացել։ Կինը դժվար էր քայլում, սիրում էր Թաթու և Նոյեմի թոնիրներում հաց թխելու օրերին տաքանալ, մի երկու բառ փոխանակել ու լավաշ վաստակած տուն դառնալ։ Հիմա պիտի լուրը հայտնեին քաղաքի իր բարեկամներին։ Քաղաքի հետ կապող միակ հեռախոսը փոստում էր, փոստն էլ՝ գետից այն կողմ, փոստի վարիչն էլ հայրս, փոստատարը՝ մայրս, մենք ընտանիքով նամակ ու լուր տանող-բերող, թերթ բաժանող, բողոքի գիրք, զգուշացնող, զանգերին պատասխանող, ուղեկցող, շրջակա գյուղերի փոստատարներին կերակրող, մութն ընկնելուց հետո տանը սրանց հետ եկածին էլ օթևան տվող, պառավների ու հաշմանդամների ծանրոցները շալակող, կարդալ չիմացողի համար նամակները վերծանող․․․ ինչ ասես․ կարծես հորս դուր էր գալիս, որ մեր տունը լարված էր ապրում։ Եվ շա՜տ էր դուր գալիս: Հիմա, երբ դադարել էր երթևեկը գետի մի ափից մյուսը, պիտի բանտի բանալիներից չտարբերվող փոստի բանալիների խուրձն առած՝ անցնեի գետի մյուս ափը, բացեի դռները և լուրը կապանցիներին հայտնեի։ Անձրևը դադարել էր, գետը մի փոքր իջել, բայց դեռ շոյում էր կամուրջը։ Ցուցում կար՝ կամուրջը չանցնել։ Բայց հորս հրամանն էր, ես էլ՝ առանձնապես համարձակությամբ աչքի չընկնող, դպրոցը նոր ավարտած․․․ Մայրս պիտի չիմանար․․․ Գետը դեռ ոռնում էր։ Երեք մետր լայնությամբ կամրջի վայով անցա վազքով, բանտապետի աչալրջությամբ բացեցի դռանն ամրացված փականներն ու երկու կողպեքները, ինչ-որ համար հավաքեցի, լուրը հայտնեցի ու վազքով հետ դարձա։ Առավոտյան մայրս իմացել ու հորս կարգին խրատել էր․
-Դու գնայիր, ա՛յ․․․
Հայրս խոստացել էր դուրս գալ փոստից ու կրկին գնալ անտառապահի իր գործին։ Հետո իմացա, որ երկու հոգի էլ քարե կամուրջն անցել են, գնացել կորած հորթերի հետևից։ Անզորության զգացում, ցավ, մարած էլեկտական լույսեր և նավթի լամպի աղոտ լույսի տակ մի քանի խոնարհված գլուխներ։ Հրաչիկ Մարգարյանին բանակ էինք ճանապարհում։ Առավոտյան ամպերի միջից ցոլաց արեգակը: Ավելորդ էին արեգակի շողերն ու ջերմությունը։ Գյուղում չէին քնել, ծեգին գետափից վեր նստած դիտում էին գետի ավերիչ ընթացքը։ Ամեն անգամ համաշխարհային ջրհեղեղներից հետո, երբ ջրերը հանդարտվում էին, բացվում էր գետերի հունը, և աչքի առաջ բացվում էր բնության ավերիչ ուժից քանդված հունը, հսկայական քարեր, ծառեր, քոթուկներ, ու կարծես ոչ թե ջուր է հոսել այստեղ, այլ ինչ-որ հսկայական ռումբ է պայթել ու ցրիվ տվել գետի հունը: Ի՞նչ անուն տալ այս տեսարանին՝ սարսա՞փ:
Իսկական սարսափը երկու գետերի խառնարանն էր, երբ վարարումներին մարդիկ սառսռում էին՝ տեսնելով, թե ինչպես երկու գույնի ջրեր` կարմիրն ու գորշը, քարե կամարակապ կամրջից քիչ ներքև միանում էին միմյանց, որ ավելի շատ բախում էր հիշեցնում․ ջուրն աչքի առաջ փրփրում, եռ էր գալիս և ուզում էր դուրս պրծնել ափերից: Այդ պահին կարծում էիր, թե վարար այս ջրերը գիտեն ինչ անել, մտածում են, հասկանում են քեզ, որ Բնության ավերիչ ուժի դեմ մարդը չնչին է, նրա գոյությունը՝ ունայնություն, և որ եթե շարունակես երկար-երկար նայել, կարող ես գետը նետվել մթագնած գիտակցության բերումով։
Մարդիկ ապշած էին աչքի առաջ բացված տեսարանով՝ հսկայական մի քարաբեկոր գետը բերել, բարձրացրել, դրել էր հունի մեջ ցցված ժայռաբեկորի գլխին։ Ոչ մի վերամբարձ կռունկ այդ ուժը չի ունենա։ Հիմա էլ այդ քարը ժայռաբեկորի վրա է ու դժվար թե, երբևէ, մինչև աշխարհի վերջը, նրանց միմյանցից բաժանող լինի։
Ավելի հզոր հեղեղներ են եղել հեռու, շատ հեռու անցյալում, և դրա ապացույցը երկու գետերի միացման վայրից ներքև ու վերև ավերածությունների հետքեր են։ Դրանցից մեկը՝ Շիբլեգի Ծակ քարի գոյությունն է։ Որքա՜ն է վարարել գետը, որ հսկայական քարաբեկորը բերել մի ծայրը հարմարեցրել էր գետնից ցցված քարի վրա, կախել է Շիբլեկի գլխին, ու թվում է, ուր որ է քարը պիտի սահի ու ընկնի գետը։ Զարմանում ես՝ այդ ինչու դարերի ընթացքում երկրաշարժը ցած չի նետել քարաբեկորը։ Քարի տակ անցք կա, որի միջով անցյալում տանում բերում էին կապույտ հազով վարակված երեխաներին․․․ Եվ նրանք իրոք բուժվում էին։ Դա կատարվում էր ծեգին՝ մինչև արևածագ։ Հսկայական քարեր կան նաև ստորին հոսանքում՝ հունից հեռու, ուր գետը հոսում է դաշտի միջով։
Մոլորված, գլուխներս կախ, սպասում էինք՝ խմբով գետն ի վար իջնելու, Մելիային փնտրելու համար։ Ու մեկ էլ հանկարծ երևաց ծխախոտը բերանին, հոգնած, խռոված ու այլայլված դեմքով Արտեմ Արզումանյանը: Դաշտավարության բրիգադիրն էր, գյուղի խաղաղ մարդկանցից մեկը։ Մոտեցավ խմբվածներին ու կարճ կապեց.
-Շորեր վերցրե՛ք, երեխային պիտի հագցնել: Արագացրե՛ք։ Հեռու ենք գնալու, ես ձեզ հետ կլինեմ:
Անհանգիստ այս մարդը գիշերը խարխափելով իջել էր գետի ափերով: Իջել էր շուրջ հինգ կիլոմետր, Պռշնոտից ներքև, ուր գետի հունը լայնանում էր, ջուրը հոսում էր հանդարտ, և ջրերի վրա խոնարհված ծառերի տակ հայտնաբերել էր ջրահեղձ աղջկան: Մելիայի ծամերը փաթաթվել էին ճյուղերին, ու մարմինը լողում էր ալիքների վրա:
Ջուրը տարել էր հանդերձները…
Արտեմը ջուրն էր մտել, արձակել ծամերը, գրկել մարմինն ու թաքցրել մոտակա թփուտներում:
Մելիային թաղեցին պապերի գերեզմանում: Աղջիկը լուսանկար չուներ, չգիտես ինչու դպրոցում հրաժարվում էր լուսանկարվել։
Լուսանկար չուներ․․․
Սիրուն, չքնաղ աղջկա պատկերը լուսանկարից էլ առավել մնաց բոլորի հոգու խորքերում…
Discover more from ՍՀՀԿ
Subscribe to get the latest posts sent to your email.
