Հոգևոր կյանքի հաջորդ բուռն վերելքի ժամանակաշրջանը Մեղրիում կարելի է համարել XVII-XVIII դդ.՝ Մովսես Խոտանանցի (կամ՝ Տաթևացի) կաթողիկոսի աթոռակալման տարիներից (1629-1632թթ.) սկսած և հետագա տասնամյակները: Հիմնականում հենց այդ ժամանակաշրջանում է իրականացվել Մեղրու շրջանի հոգևոր կառույցների մի զգալի մասի շինարարությունը կամ վերաշինությունը, հոգևոր կյանքի զարթոնքը, ձեռագիր արվեստի վերելքը, ինչպես նաև մետաքսի առևտրի զարգացումը և հարուստ առևտրական-խոջայական խավի ձևավորումը: Նշված ժամանակաշրջանին (XVII դ. վերջ) են վերաբերում Իսրայել Օրու զեկուցագրերը, որոնցից մեկում նա պնդում էր, որ Մեղրին ի վիճակի է զենքի տակ դնել մինչև 3000 տղամարդ[1]: Մովսես Խոտանանցու աշակերտների մեջ քիչ չէին ծագումով մեղրեցիները: Հատկապես հիշատակության են արժանի Իսրայել վարդապետ Մեղրեցին, Եսայի վարդապետ Կարճևանցին: Վերջինս Երնջակի կամ՝ Ապրակունիսի նշանավոր Սբ. Կարապետ վանքի առաջնորդն էր: Եսայի Կարճևանցու անմիջական ջանքերով XVII դարի կեսերին այդ համալիրը ամբողջությամբ հիմնանորոգվեց․[2] «ի գեղջէն Կարճաւան կոչեցեալ, առաջնորդ Երնջակայ Սուրբ Կարապետին, որ և սա բազում աշխատութեամբ և անհանգիստ տքնութեամբ ի հիմանց ի վեր նոր իմն սքանչելատեսութեամբ շինեաց զեկեղեցի Սրբոյ Կարապետին պարսպաւն ամենայնիւ, կոփածոյ վիմօք և ձուլածոյ կրով՝ ի փառս փրկչին մերոյ և Աստուծոյ»[3]:
Այս Եսայիի (հետագայում եպիսկոպոս) եղբայրը՝ Օհան (Յօհան) Կարճևանցին, ակտիվորեն զբաղվում էր գրչության հովհանավորությամբ և մի շարք ձեռագրերում թողել է հիշատակարաններ կամ՝ հիշատակվել է որպես հովանավոր-պատվիրատու՝ «Արդ՝ ես Յոհան զառածեալ մեղօք, անպիտան ի գործ պաշտաման բանին քարոզութեան, եղբայր ըստ մարմնոյ տեառն Եսայեայ շինողի Սրբոյ Կարապետին Ապրակունեաց[4], բայց քեցեալ և տարակացեալ ի գործոց արիութեանց և քաջաորդութեանց, սորին գաւառաւ Մեղրոյ և գեղջաւ Կառճաւանցի, լսէի միշտ ի գիրս ամենայն պատմագրութեանց Հայոց յաղագս Յովսէփոսի. և տեսանէի զվկայութիւնսն առ ի նմանէ. և ցանկայի բազում տարփանօք և ոչ երբէք տեսանէի ի մէջ ազգիս մերոյ: … Եւ զսա որ իւրով ձեռամբ է գրեալ, առեալ վասն իմ՝ պահեցի. զի եղիցի սա յիշատակ յաւիտենական նորին և ծնողացն բարեպաշտից և ինձ եղկելի բանասիրիս Կարճաւանցւոյ …»[5]: Նույն Օհան վարդապետը 1675 թվին Մատենադարանի թիվ 199 (1271 թ.), թիվ 282 (1311 թ.) ձեռագրերի վերանորոգության պատվիրատուն է, թիվ 1714 ժողովածուի ստացողը՝ «…Յոհանս բանի սպասաւոր, տեղեաւ Կարճաւանցի, որ ի յԱրեւիք գաւառի, որ այժմս Մեղրի ասի…», Հովհաննավանքում 1631 թվին գրված ժողովածուի (թիվ 2381) ստացողը[6]: Նշված ժամանակաշրջանում հոգևոր դասի մի ամբողջ սերունդ է սերվել Կարճևանի սուրբ ուխտից: Երևանի Սբ. Անանիա վանքում XVII դարի 20-ականներին գործել ու վարդապետի մեծ հռչակ է վայելել Կարճևանցի ռաբուն Մովսեսը[7]:
Արևիքի կամ Մացրու գավառի հոգևոր կյանքի կենտրոններից էր նաև Մանլևի (կամ՝ Մալևի) Ամենափրկիչ կուսանաց անապատը, որը կրթության և գրչության կենտրոնի համբավ էր վայելում: Այստեղ է իր նախնական կրթությունը ստացել 1763 թվին Սիմեոն Ջուղայեցու «Մեկնութիւն Պրոկղի» (թիվ 1833) ձեռագրի գրիչ Մինաս աբեղա Մալևեցին: Նույն այս կրթարանից է իր աստվածաբանական աշխատանքը սկսել Գևորգ վարդապետը կամ՝ Գևորգ աբեղա Մանլևեցին, ում ծագման մասին հիշատակվում է «Ղափանցի՝ ի գեղջէն Մալեւեցոյ»[8] և ով իր հետագա գործունեությունը ծավալել է Լոռվա նշանավոր Պղնձահանքում այնուհետև՝ Ղրիմի Սալա հունական գյուղում, որտեղ նա գրել է «Գովեստ ինչ տաղաչափական ի Գրիգոր Տաթեւացի» աշխատությունը[9]:
Վերջապես՝ Մեղրին նաև պատրիարք է տվել. խոսքը Կոստանդնապոլսի 1670-1674 թթ. հայոց պատրիարք Ստեփանոս Մեղրեցու մասին է, ով Հակոբ Ջուղայեցու հետ համարվում էր իր ժամանակների Հայ առաքելական եկեղեցու ամենաազդեցիկ ու նշանավոր ներկայացուցիչներից մեկը: Այդուհանդերձ Մեղրուց ծագած հոգևոր մշակույթային գործիչներից ամենանշանավոր անունը կարելի է համարել Երեմիա Մեղրեցի վարդապետին՝ հայ միջնադարյան բառարանագիտության ամենանշանավոր գործչին:
Երեմիա Մեղրեցին XVII դարի հայ մատենագրության մեջ հայտնի է որպես բառարանագիր և հրատարակիչ: Նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները սուղ են, հայտնի չեն ծննդյան ու մահվան տարեթվերը: Երեմիա Մեղրեցին հավանաբար ծնվել է XVII դարի առաջին քառորդում: Նա ծնվել, մանկությունը անց է կացրել և նախնական կրթությունը ստացել է Մեղրիում, որտեղից էլ նրա Մեղրեցի անունը: Թե որքան ժամանակ է ապրել ծննդավայրում և հետագայում ինչպես է կապվել Էջմիածնի հետ ու վարդապետ դարձել, դեռևս պարզված չէ: Բանասիրական ճանապարհով պարզվել է, որ Աստվածաշնչի բառարանը կամ որ ինքն է կոչէլ՝ «Համառօտ գումարումն և լուծումն բառից», որը Երեմիա Մեղրեցու գրչին պատկանող հիմնական երկն է, գրվել է XVII դարի 60-ական թվականներին[10]: Այդ ժամանակներից էլ Երեմիան եղել է Էջմիածնում, որտեղ ծավալել է իր գիտական-հրատարակչական աշխատանքը մոտակա առնվազն չորս տասնամյակներում: Նա կենդանի է եղել մինչև XVII դարի վերջը: 1698 թվին որպես հրատարակիչ լույս է ընծայել «Աղուէսագիրք»-ը և «Բառգիրք Հայոց» բառարանը[11]: Երեմիա Մեղրեցու «Համառօտ գումարումն և լուծումն բառից» կամ՝ Աստվածաշնչի բառարանը XVII դարի հայ բառարանագրության նվաճումն է՝ թե՛ բովանդակության ու բառարանագրական տեխնիկայի տեսակետից, թե՛ հայ մտավորականության առօրյա գործունեության բնագավառում ունեցած իր նշանակությամբ: Այդ երկը մոտ մեկ դար՝ մինչև Մխիթար Աբբայի բառարանը, եղել է սուրբ գրքեր նաև այլ գրքեր ընթերցողների համար միակ բառարանը՝ լայնորեն տարածված լինելով Հայաստանում և արտասահմանի հայաբնակ վայրերում: Վերջապես Երեմիա Մեղրեցու բառարանը կարևոր աղբյուր դարձավ հայերեն մյուս ընդարձակ «Բառգիրք Հայոց» կոչվող բառարանի համար[12]: Մատենադարանում պահպանվում են Երեմիա Մեղրեցու հրատարակած և հեղինակած բառգրքերի բազմաթիվ արտագրություններ:
Եվ անկասկած Մեղրիից սերված միջնադարյան հոգևոր-մշակույթային գործիչների թվարկը թերի կլիներ առանց XVII դարի անվանի տաղասացներից մեկի՝ Մխիթար Մեղրեցու անվան: Ցավոք Մխիթարի կյանքից տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է, որ նա Էջմիածնում ձեռնադրվել է ավագ սարկավագ[13]: Նրա տաղերը ներառվել են 1647 թվին Նոր Ջուղայում խոջա Գասպարի կողմից պատվիրված և գրիչ Մարգար դպիրի կողմից կերտված տաղարանում (թիվ 1989) այնպիսի նշանավոր հեղինակների հետ, ինչպիսիք են՝ Առաքել Բաղիշեցին, Առաքել Սյունեցին, Առաքել Դավրիժեցին, Մկրտիչ Նաղարշը, Հավհանես Պլուզը, Հովհաննես Թլկուրանցին, Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Ախթամարցին, Գրիգոր Պահլավունին, Ներսես Շնորհալին: Մխիթարի տաղերը մենք հանդիպում ենք նաև ԺԷ, ԺԸ դարերին թվագրվող Ստեփանոս Համադանցի գրչի կողմից կազմված մեկ այլ տաղարանում (թիվ 4285)[14]:
[1] Հովհաննիսյան Աշոտ, «Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը», ԵՊՀ հրատ., Երևան, 2017, էջ 37:
[2] Առաքել Դավրիժեցի, «Պատմություն», «Սովետական գրող» հրատ., Երևան, 1988, էջ 273, 274:
[3] Մատենադարան, 201 (1660թ., Ասպահան, Աստուածաշունչ):
[4] Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում) Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա։ Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը 1381 թվականին։ Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը, որի առաջին րաբունապետն է դարձել Հովհան Որոտնեցին։ Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ 1386 թվականին փոխարինել է նրան որպես րաբունապետ: 1655 թվականին Եսայի Մեղրեցի ու Ղազար Ճահկեցի վարդապետները նոր եկեղեցի են կառուցել՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, բազմանիստ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով (Այվազյան Ա., Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, «Հայաստան» հրատ., Երևան, 1987, էջ 68-71)։ Նշանավոր այս վանքը XVIII դարի երկրորդ կեսին կրկին մեղրեցի առաջնորդ է ունեցել՝ Սահակ վրդ. Մեղրեցի (Մատենադարան 507, 324բ):
[5] «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Գ (1641-1660), ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 1984, էջ 933:
[6] Մեր ուսումնասիրության ընթացքում Մատենադարանում պահպանվող ձեռագրերի հիշատակարաններում մեզ հանդիպել են նաև այլ մեղրեցի գրիչներ, պատվիրատու-ստացողներ, մասնավորապես՝ Պետրոս Մեղրեցի գրիչը, որը գործել է Արցախի Շոշ գյուղում (1784 թ., ձեռագիր՝ 8712), Հովհաննես Մեղրեցի պատվիրատուն՝ Հռոմելի Փրավատի վանքում (1685 թ., ձեռագիր՝ 323), Մարտիրոս վարդապետը «որ եմ տեղեաւ Մեղրցի» պատվիրատուն (1701թ. ձեռագիր 2351, Եվդոկիա):
[7] «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Բ (1621-1640 թթ.), ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 1978, էջ 179:
[8] Մատենադարան 3136:
[9] Ղևոնդ Ալիշան, Սիսական, «Հայագիտակ» հրատ., Երևան, 2011, էջ 306:
[10] Ամալյան Հ. Մ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI-XVII դդ), ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 82:
[11] Ամալյան Հ. Մ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI-XVII դդ), ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 83:
[12] Ամալյան Հ. Մ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI-XVII դդ), ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 96:
[13] Մատենադարան, 2882:
[14] Մխիթար Մեղրեցու տաղերը (Տաղերգու մառախլապատ շուրջանակի, Աստուած յերկնից, Երանունի Մարիամ, Մաքուր տաճար …) պահպանվել են Մատենադարանում պահվող հետևյալ տաղարաններում՝ 6958, 7717, 9600, 10167, 7097, 7708, 9597, 9600, 9686:
