«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

 

Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող

 Հանդէս ամսօրեայ, 1-12, 2021, Վիեննա

Հայկական տեղանունների թուրքականացման ամենատարածուած ձեւերից մէկը, թերեւս, տեղանունների այնպիսի միտումնաւոր խեղաթիւրումն է, որը, անկախ նրա արտայայտած իմաստից, ինչ-որ նշանակութիւն է ունենում թուրքերէնում կամ ադրբէջաներէնում, ուստի, խեղաթիւրողների կարծիքով, «ապահովում է» տուեալ տեղանուան «թիւրքական ծագում» ունենալու տպաւորութիւնը:

Մեր պատմական տեղանունները օտարելու եւ իւրացնելու շատ ակնյայտ ձգտում եւ փորձ ունեն թէ՛ թուրքերը, թէ՛ մանաւանդ ադրբէջանցիները: Որ աղաւաղուած տեղանուան որեւէ տրամաբանական բովանդակութիւն ունենալը բոլորովին պարտադիր չէ աղաւաղիչների համար, կարող ենք համոզուել` ծանօթանալով ընդամէնը հետեւեալ մի քանի օրինակներին:

Նախիջեւանի Շահապոնք կամ Շահապոնս բերդաւանը, որը հազարամեակներ շարունակ Շահապունի տոհմի ամրոցն է եղել[1], դարձրել են Շահբուզ (Şahbuz) (պարսկերէն` շահ («թագաւոր») եւ թուրքերէն բուզ («սառոյց») բառերից. բառացիօրէն ստացւում է իմաստազուրկ եւ անհեթեթ մի բան` «թագաւորի սառոյց»), Խաղխաղ գաւառանունը[2] դարձրել են Ղազախ (Qazax) («բխեցնելով» ղազախ թիւրքական ցեղանունից), Տաւուշը[3] դարձրել են Թովուզ (Tovuz) («կապելով» քրդերէն թաւուս («սիրամարգ» բառի հետ): Այս նոյն եղանակով, ի դէպ, Արցախի պարսկերէն պատմական անուանումներից մէկը` Առան-ի պաղը[4] կամ Առան-է բաղը («այգի Առան», «անտառային Առան») դարձրել են Ղարաբաղ (Qarabağ) («սեւ այգի»)[5]:

Բնիկ հայկական տեղանուան խեղաթիւրման ամենաաղաղակող օրինակներից է նաեւ Նախիջեւանի տարածքի վերջին հայաբնակ մեծ բնակավայրի` Ազնաբերդի (ստուգաբանւում է հին հայերէնի ազն («տոհմ, սերունդ, զարմ, ազգ») եւ բերդ արմատներով) անունը խորհրդային շրջանում պաշտօնապէս Ազնաբիւրդ (Əznəbyurd) դարձնելը եւ որպէս Əziz Nəbinın yurdu` «ազիզ Նաբիի ամառանոց» «ստուգաբանելը»[6]: Սակայն, թէ ով էր եղել այդ «արժանաւոր» Ազիզ Նաբին, այդպէս էլ չիմացան ո՛չ տեղաբնիկ հայերը, ո՛չ էլ եկուոր ադրբէջանցիները: Իսկ հետագայում` անկախութիւնից յետոյ, ադրբէջանցի կեղծարարները, իրենք էլ չհաւատալով սեփական յօրինուածքին, կրկին վերափոխեցին գիւղանունը` այս անգամ արդէն Չալխանղալայ (Calxanqala): Զաւեշտալին, սակայն, այն է, որ սա էլ իրականում ոչ այլ ինչ է, քան գիւղից ոչ հեռու գտնուող նշանաւոր Ճահուկ բերդի (Ճահկաբերդի) պարսկերէն Čalxānqale (Չալխանղալէ) անուանումը[7]:

Ահա նման ճակատագրի արժանացած հայկական բազմաթիւ այլ աշխարհագրական անունների շարքում է նաեւ Շուշի տեղանունը:

Մեր պատմութեան ու մշակոյթի նշանաւոր կենտրոն Շուշի բերդաքաղաքի անուան ստուգաբանութեան թերեւս ամենաարժանահաւատ տարբերակը տեղանունը Արցախի բարբառի շոշ («ծառի ընձիւղ», «բարձր տեղ», «բարձունք») բառից բխեցնելն է: Այս բառը հայերէնի բարբառներում դրսեւորւում է նաեւ շուշ («ուղիղ բարձրացած, ուղղաբերձ»)[8] եւ շիշ («ծառի կատար») ձեւերով: Քանի որ Արցախի բարբառում միավանկ բառերի ու ձայնաւորը հնչիւնափոխւում եւ դառնում է օ (կուժ-կօժ, սուտ-սօտ, տուն-տօն, փուշ-փօշ եւ այլն), հաւանաբար բառի նախնական շուշ տարբերակից է բարբառում առաջացել շոշ ձեւը: Վերջինից է ակնյայտօրէն բխում նաեւ Շուշիից ոչ հեռու գտնուող Շոշ գիւղի անունը:

Հազարամեակներ շարունակ որպէս անառիկ ամրոց ծառայած, ապա աւելի ուշ շրջաններում բերդաքաղաք դարձած Շուշիի աշխարհագրական դիրքն էլ է յուշում, որ այդ անունը քաղաքը ստացել է հէնց շրջակայքի վրայ իշխող դիրքի պատճառով:

Շոշ (շուշ, շիշ) բառը թէեւ գրաբարում աւանդուած չէ, սակայն, ըստ երեւոյթին, պատկանում է հին հայերէնում իւ երկբարբառ ունեցող այն բառերի թուին, որոնք բարբառներին են անցել ի կամ ու պարզ ձայնաւորներով. ինչպէս հինհայերէնեան ալիւր բառի դիմաց բարբառներում առկայ են ալուր եւ ալիր բարբառային ձեւերը, սիւն բառի դիմաց` սուն եւ սին, հարիւր բառի դիմաց` հարուր եւ հարիր ձեւերը, այնպէս էլ շիւշ բառի դիմաց առկայ են շուշ եւ շիշ ձեւերը: Ի դէպ, շոշ, շուշ տարբերակները «ծառի ընձիւղ», «բարձր տեղ» նշանակութիւններով առաւելապէս տարածուած են հէնց  Արցախ-Սիւնիքի բարբառի խօսուածքներում, իսկ շիշ տարբերակը` Հիւսիսային Նախիջեւանի եւ Վայոց ձորի տեղաբնիկ բարբառի (Ճահուկ-Վայքի միջբարբառ) խօսուածքներում` «ծառի կատար» նշանակութեամբ[9]:

Փաստօրէն, անցեալում ամրոցի կրած Շուշի բերդ կամ Շոշի բերդ, Շոշի ղալայ, Շոշի սղնախ, ինչպէս նաեւ Քարագլխի բերդ անունները[10] հաւասարազօր են, քանզի բոլորն էլ ունեն «բարձունքի ամրոց» իմաստը, եւ դրանցում ակնյայտօրէն նկատի է առնուած հէնց Շուշիի աշխարհագրական դիրքը:

Վերջին մի քանի դարերում բերդաքաղաք դարձած Շուշին շարունակել է կրել բերդի անունը, սակայն, սեռական հոլովի ձեւն ընդունելով որպէս ուղղական: Միջնադարեան ձեռագրերում, սակայն, աւանդուած են քաղաքանուան ոչ միայն ի հոլովիչով Շուշի, այլեւ ու հոլովիչով Շուշու եւ ո հոլովիչով Շուշոյ ձեւերը: Օրինակ, 1428 թուականին տէր Մանուէլի գրչագրած Ամարասի Աւետարանում (ՄՄ 8211) վկայուած է Շուշու ձեւով. «Գրեցաւ աստուածագիծ սուրբ Աւետարանս… յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ…»[11], իսկ 1575 թուականին Յովհաննէս քահանայի ընդօրինակած Վարանդայի Աւետարանում (ՄՄ 4375)` Շուշոյ ձեւով. «…ի Փոստանհանկ գաւառս Վարընթոյ, ի գեւղս, որ կոչի Շուշոյ»[12]:

Սակայն, տեղանունների սեռական հոլովը ե՛ւ գրաբարում, ե՛ւ միջին հայերէնում, ե՛ւ հայերէնի բարբառների մեծ մասում կազմւում է առաւելապէս ա հոլովիչով (Երեւան-Երեւանայ, Վան-Վանայ, Ճահուկ-Ճահկայ, Գարդման-Գարդմանայ եւ այլն), ուստի, անկասկած, Շուշին ունեցած պէտք է լինի նաեւ Շուշայ սեռականաձեւ տարբերակը, որի վկայութիւնն է այսօր էլ Արցախի բարբառում կիրառական Շուշուայ ձեւը:

Ըստ հոլովիչների տարբերուող` սեռականաձեւ այս մի քանի ձեւերից ադրբէջանցիներին, փաստօրէն, «դուր է եկել» Շուշա (Şuşa) տարբերակը, ինչ է թէ այդ ձեւը շատ նման է ադրբէջաներէն şüşə («ապակի») բառին, թէեւ վերջինս էլ փոխառութիւն է պարսկերէնից:

Սակայն, հիասթափեցնենք ամէն հայկականը կլանել ցանկացող ադրբէջանական ելուզակներին (մանաւանդ` դաւադիր յանձնումից յետոյ առաջին անգամ քաղաքում յայտնուած եւ հայերէն Շուշի ձեւը սնապարծ կեցուածքով անբարտաւանօրէն ծաղրող` իրենց առաջնորդին), որ Şuşa տարբերակը ամենեւին էլ կապ չունի ադրբէջաներէն շուշա («ապակի») բառի հետ, ինչպէս իրենք են կարծում (ըստ ադրբէջանական «ստուգաբանութեան»` քաղաքն իր անունը ստացել է իբր «ապակու նման» մաքուր օդ ունենալու պատճառով. ենթադրենք, որ կարելի է կարծել, թէ աշխարհի բոլոր ապակիները մաքուր են, բայց մաքուր բառը որեւէ տրամաբանութեամբ կարելի՞ է համեմատել… ապակու հետ):

Ինչպէս ասում են, ստի ոտքերը այս անգամ էլ են ակնյայտօրէն կարճ, քանզի վերոյիշեալ «վարկածի» հեղինակները «մոռանում են», որ պարսկերէն šiše բառից փոխառեալ ադրբէջաներէն şüşə բառի երկու ձայնաւորներն էլ քմային են, իսկ քաղաքի` իրենց նախընտրած Şuşa անուանման ձայնաւորներից… ոչ մէկը քմային չէ:

Այլապէս ստացւում է, որ, օրինակ, թուրքերն էլ նոյն անտրամաբանական տրամաբանութեամբ կարող են Վանայ բերդ ձեւը թուրքերէն համարել, իսկ Վանի բերդ տարբերակը` հայերէն:

Շուշին ոչ միայն մեր նորօրեայ ազատամարտի խորհրդանիշն է, այլեւ մեր հնամեայ պատմութեան ու մշակոյթի յաւէրժող առասպելը, իսկ նրա բոլոր անուանումները` հայերէն թէ օտարալեզու, հայկական են:

[1] Ս. Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, հ. Ա, Փարիզ, 1859, էջ 52: Ա. Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հ. Զ, ՃահուկՇահապոնք գավառ, Ե., 2010, էջ 18:

[2] Թ. Հակոբյան, Ս. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղա­նունների բառարան, Հ. 2, Ե., 1986, էջ 631:

[3] Թ. Հակոբյան, Ս. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղա­նունների բառարան, Հ. 5, Ե., 1986, էջ 48:

[4] Ա. Մաթևոսյան, Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, Ե., 1984, էջ 77:

[5] Ա. Սարգսյան, «Ղարաբաղ» տեղանվան առաջացման և ստուգաբանման նոր վարկած, Պատմաբա­նասիրական հանդես, 2018, թիվ 3, էջ 254-257:

[6] Ա. Վարդանյան, Նախիջևանի որոշ տեղանունների ստուգաբանության շուրջ, «Ջահուկյանական ընթեր­ցումներ» մի­ջազգային գիտա­ժողովի նյութեր, Ե., 2018, էջ 260-261:

[7] Նոյն տեղում:

[8] Ս. Մալխասեանց,Հայերէն բացատրական բառարան, հ. 3, Ե., 1944, էջ 535:

[9] Ա. Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Ե., 2004, էջ 143:

[10] Թ. Հակոբյան, Ս. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղա­նունների բառարան, Հ. 4, Ե., 1986, էջ 161:

[11] ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 1 (1401-1450 թթ.), կազմեց՝ Լ. Խաչիկյան, Ե., 1955, էջ 384:

[12] Թ. Մինասյան, Արցախի գրչության կենտրոնները, Ե., 2015, էջ 47:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…

Գորիսի տարածաշրջանի տոհմանունների ձևավորման շերտերը

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները,…

Examination of Several Dialectal Units Related to the Field Of Agriculture Assumed to be of Indo-European Origin

Հոդվածի ամբողջական հղումը՝ https://journals.bilpubgroup.com/index.php/fls/article/view/9112 (According to Syunik and Artsakh Dialects) Abstract   The Syunik-Artsakh (Nagorno…