Խծաբերդի խոսվածքը (հնչյունաբանություն)

Հնչյունաբանություն

Այս խոսվածքը Հադրութի բարբառի բաղադրիչ է, իսկ վերջինս Ս ճյուղի բարբառ է, որ նշանակում է, թե բայի սահմանական եղանակի ներկա և անցյալ անկատար ժամանակաձևերում ս բաղաձայնը դերբայական կազմություններում էական դեր ունի, օրինակ՝ խոսում եմխուսիս ըմ (ներկա). խոսում էիխուսիս ըմ լա̈լ (անցյալ անկատար): Երևում է, որ անկատար դերբայի -ում մասնիկի փոխարեն -իս է գործածվել, իհարկե, կան նաև հնչյունական այլ փոփոխություններ, բայց գլխավորը ս-ի կիրառությունն է:

Խծաբերդի խոսվածքում, բացի ճյուղային այս պատկանելությունից, կան հնչյունական բազմաթիվ գործածություններ, որոնց գրությունը և արտասանությունը կարևոր են բառերի իմաստները ճիշտ հասկանալու և պատկերացնելու համար:

Դրանցից ներկայացնենք մի քանիսը:

  1. Գրական լեզվի ա, ու, օ ձայնավորները քմայնանում են՝ տարբերվելով արտասանությամբ և գրությամբ, պայմանական նշաններ են գործածվում՝ ա̈, ո̈ւ, օ̈, որոնց արտասանությունը կարելի է ցույց տալ ադրբեջաներեն տառերով ու բառերով:

ժ/ա̈ — ժлժ/ա̈լա̈ «գերազանց», լա̈վ, Քյա̈րա̈մ, ա̈զի «տատ», տա̈ս «դաս».

ո̈ւ –թո̈ւլքյո̈ւ «աղվես», ո̈ւզո̈ւմ «խաղող» / հո̈ւն «հոն», պո̈ւն «բույն», ա̈խպո̈ւր «աղբյուր».

օ̈ — օ̈լո̈ւմ «մահ», օ̈քյո̈ւզ «եզ» / ծօ̈ր «ձոր», օ̈զա̈լ ա̈ «ուզել է» (Տումա խոսվածք):

  1. Գրական լեզվի գ, կ, ք, հետնալեզվային բաղաձայնները քմայնանում են և գրությամբ տրվում են պայմանական նշանով՝ յ բաղաձայնով՝ գյ, կյ, քյ.

գյուղ «գյուղ», գյիդա̈ց «իմացավ», գյուրգյ «գիրկ», գյիլըհան անիլ, բա̈գյ «բեկ», կյանք «կյանք», կյա̈րմո̈ւր «կարմիր», կյին չօնի «գին չունի», քյինիս ա̈ «գնում է», քյի՛րի «քերի՛ր», պէքյի «բոխի», հա̈քյի «պոչ».

  1. Բարբառներում օ հնչյունը գրվում է օ տառով, իսկ ո տառը հնչում է ուօ, օրինակ՝ խոտ-ը հնչում է խուօտ, իսկ եթե օ է հնչում, գրվում է խօտ:

Քանի որ Խծաբերդի խոսվածքում ոուօ չի հնչում, ուստի գործածում ենք գրական լեզվի ո-ն: Սակայն ճիշտն այն է, որ բարբառային տեքստերում պարզ օ հնչյունը պետք է գրել օ գրով՝ տառով. օր.՝ խօտ, մօտ, կարօտ և այլն:

  1. Բարբառներում տարբերակվում են բաց (է) և փակ (ե) ձայնավորները, օր.՝ պէն, կետ:

Խծաբերդի խոսվածքում հանդիպում է ըէ (ը և է խառն արտասանություն) երկբարբառային ձայնավորը, օրինակ՝ մըէր (գրակ. մեր), բայց ծէր «ձեր», քյըէցեալ ա «գնացել է» (Ունենք քմայնացած բաղաձայն՝ քյ, և երկբարբառային ձայնավոր՝ ըէ), կյըէցալ ա «հագել է», խըէղճ ա «խեղճ է», վէր «որ» / վըէր «հոր» (գրությունները իմաստային տարբերություններ են դրսևորում):

  1. Երկբարբառային է ի՛-ն (ը+ի), օր.՝ պի՛րինձ «բրինձ», քյի՛նի «գնա», ճի՛լըպէց. ըօ-ն ստորին բարձրացման ձայնավոր է, օր.՝ ծըօտաճօտ, թըօթվավըէտ «թթվի հոտ»:
  2. Անսահման շատ են շեշտից կախված, դիրքային, փոխազդեցական, անկման, հավելման և այլ հնչյունափոխությունները: Դրանք բազմազան են. և՛ հետաքրքրական են, և՛ զարմանալի, և՛ կանոնավոր են, և՛ արտառոց, բայց պիտի հասկանալ, որ դրանք պատահականություններ չեն, այլ մարդու բերանի խոռոչի արտասանական նրբագույն հնարավորությունների արդյունք՝ արգասիք են: Դրանք առանձին ուսումնասիրության նյութ են:

Այստեղ դրանցից ներկայացնենք մի քանիսը:

Ձայնավորներ

Ա > է. բան > պէն, բաց > պէց, բարձ > պէրց, գազար > կյէզա̈ր, դանակ > տէնակ, դատարկ > տէրտակ, ձախ > ծէխ, շալակ > շէլակ, ջրաղաց > ճէղաց:

Ա > ա̈. լավ > լա̈վ, կալ > կա̈լ, ժանգ > ժա̈նգյ, կարմիր > կյա̈րմո̈ւր,  գարի > կյա̈րի:

Ա > ի. ավել > իվիլ, ալևոր > հիլիվէր:

Ա > ըէ. գափ > կյըէփ:

Ա > ը. ասելով > ըսիլա̈վ, ամաչել > հըմանչիլ, պատահել > պըտահիլ / պըտահալ:

Ե > ը. ասեղ > ասըղ, տաշեղ > տաշըղ, երես > իրըս ա̈  քցալ, մեռնելիս > մըռնիլիս:

Ե > ըէ. մեր > մըէր, մեծ > մըէծ, խելք > խըէլք, թեփ > թըէփ, ճեղ > ճըէղ:

Ե > ի. ցել > ցիլ, թել > թիլ, տերև > տիրև, հեշտ > հիշտ, ցերեկ > ցիրեկ, երբ > հիբ:

Ի > է. ածիկ > ածէգյ, ամիս > ամէս, վիզ > վէզ, թի > թէ, ցից > ցէց, հինգ > հէնգյ, կացին

> կացէն, ծիրան > ծէրա̈ ն,  կնիկ > կնէգյ, ծաղիկ > ծաղէգյ, ջորի > ճօ̈րէ, տարի > տարէ,

քամի > քամէ, կռզնենի > կռզնենէ, քիթ > քէթ, պեխի > պեխէ:

Ի > ըէ. ծիտ > ծըէտ, ծիծ > ծըէծ, միս > մըէս, սիրտ > սըէրտ, կռիվ > կռըէվ, միտք > մըէտք,

պինդ > պըէնդ, ծիր > ծըէր:

Ի > ու/ո̈ւ. թոնիր > թուրուն, ոջիլ > վո̈ւչո̈ւլ:

Ի > օ̈. սիրուն > սօ̈րո̈ւն:

Ո > ու. քո > քու,  խոսելով > խուսիլա̈վ, ախոռ > ախուռ, քոսոտ > քուսուտ, խոփ > խուփ,

մոմ > մում,  ծոմ > ծում, կեղտոտ > յըէխտուտ, կոտրել > կուտորիլ:

Ո > օ̈. ձոր > ծօ̈ր,  չոր > չօ̈ր, շոր > շօ̈ր, շլոր > շի՛լօ̈ր, խնձոր > խնձօ̈ր:

Ո > ըէ. ոտն > վըէննը,  որս > վըէրս, հող > վըէղ:

Ո > ո̈ւ. ոլորել > հո̈ւլօ̈րիլ,  ոջիլ > վո̈ւչո̈ւլ:

Ո > ա. կով > կավ:

Օ > ու. Օհան > Ուհան, Օհաննես > Ուհաննէս:

Ու > օ/օ̈. ութ > օթ,  ուղտ > օղտ, ուրախ > օրախ, ուրիշ > օրիշ/օրէշ, ունի > օնի, թուշ >

թօշ, թութ > թօթ, թուղթ > թօխտ, թուրք > թօրք, թուր > թօր, թուխպ > թօխպ, թուխ > թօխ,

թուխս > թօխս, գլուխ > կլօխ,  կուտ > կօտ, կուշտ > կօշտ, ծուռ > ծօռ, ծունկ > ծօ̈յնը

/ծօնգնը, մուխ > մօխ,  շուն > շօն, սուր > սօր, սուտ > սօտ, տուն > տօն, նուռն > նօռնը,

քուռակ > քօռակ, թթու > թթօ, կծու > կծօ, ուռի > հօռէ,  ուլ > հօ̈լ,  դուռն > տօ̈ռնը,

ուրբաթ > օ̈րփաթ, ուրիշ > օ̈րիշ:

Ու > ո̈ւ. բուրդ > պո̈ւրթ,  լուծ > լո̈ւծ, ուշ(ք) > հո̈ւշ,  բրդուճ > փրթո̈ւշ:

Երկբարբառներ

Այ > է. այս > էս,  այդ > էդ, այն > էն, լայն > լէն, կայծակ > կէծծակ, ձայն > ծէն,  հայր > հէր,

այգ՝ այգուց > էքյո̈ւց, եղբայր > ախպէր:

Այ > ա/ա̈. մայր > մար,  այսօր > ասօր, Պայծառ > Պածի, փայտ > փադ, այլօր > ա̈լօ̈ր:

Իւ > ո̈ւ. ձիւն > ծո̈ւն,  սիւն > սո̈ւն, արիւն > ա̈րո̈ւն,  աղբիւր > ա̈խպո̈ւր, ընկերութիւն >

հընգրեթո̈ւն,  վատութիւն > փիսեթո̈ւն, ալիւր > ա̈լո̈ւր/ա̈լէր:

Ոյ > ո̈ւ, ու. լոյս > լո̈ւս,  բոյն > պո̈ւն, քոյր > քուր,  կապոյտ > կյա̈պո̈ւտ (գոյն > ռանգյ),

Ոյ > օ. ոյժ > օժ, օժավ/օժժավ, կոյր > քօռ:

Բաղաձայններ

Բաղաձայնները ևս հնչյունափոխական բազմազանություն են դրսևորում:

Գ, կ, ք հետնալեզվային բաղաձայնները բառի բոլոր դիրքերում կարող են քմայնանալ, որը գրավոր խոսքում պայմանականորեն նշվում է յ բաղաձայնով՝ գյ, կյ, քյ, որոնք հանդիպում են թե՛ հայերեն և թե՛ փոխառյալ օտար բառերում: Օրինակ՝

Գյգյառ «գեղեցիկ», գյո̈ւրդօ̈ն «գերան, կոճ, կոճղ», գյա̈դա̈ «տղա, փխբ. անզուսպ»,  գյիդա̈սըս «իմանում ես, գիտես», գյա̈լմա̈ «դրսից եկած», գյիրդա̈բիլ «սղոց», գյիրթ «կտրուկ, հանկարծ», կնէգյ «կին», ա̈ նգյա̈լ «ծույլ, պատուհաս», կծեգյ «կծիկ»:

Կյկյօղ «գող», կյօռնուկ «գորտ», կյո̈ւզ «մեզ», կյա̈րի «գարի», կյա̈ս ա̈ «գալիս է», կյըէփ «գափ, փխբ. ատամ, ոտք», կյո̈ւլ «գայլ», Ակյա̈լ (մականուն է), կյի՛րմի՛րա̈վո̈ւն «կարմրավուն», պատկյէր «պատկեր», կյինի «գինի»:

Քյքյօ̈հլա̈ ն «արագընթաց», քյա̈լա̈մ «կաղամբ», քյա̈լա̈ «ցուլ», քյա̈լլա̈ «գլուխ», քյա̈ նդիր «պարան», քյօ̈թիգյ «կոճղ՝ վառելիք», մարաքյ «մարագ», էքյ «էք», Սա̈քյա̈ ն ա̈մի, սա̈ք-սա̈ք «դասավորված», ցա̈քյ «փուշ՝ փշոտ թուփ», կարաքյ «կարագ», քյա̈թա̈ «գաթա», քյո̈ւթ «թոնրի ընկած հաց, փխբ. թույլ, անկարող», ցա̈քյա̈ ն «ցաքան»:

Ձայնեղ բաղաձայնները՝ բ, գ, դ, ձ, ջ, բառասկզբում խլանում են՝ փոխվելով պ, կ, տ, ծ, ճ խուլերի, սակայն լինում են բացառություններ ու շեղումներ. օտար բառերում կայուն են, տարբեր դիրքերում կայուն են մնում կամ փոխվում այլ հնչյունների:

Օրինակ՝

Բ – բան > պէն, բամբակ > պէմբակ, բողկ > պէխկ, բիզ > պիզ, բայց՝ բեղ, բօզ, բօլ,

բուխարի, բալա (մ), բո̈ւրդա̈ն, բօղազ, բաթմիշ, բեդասլ, բեմարիփաթ, բեշնօրք,

բադյա, բախտ, բա̈զի «ինչ-որ (մարթ)», բա̈լի, բա̈լքյի «գուցե», Բա̈դա̈լ, սակայն՝

արբենալ — հա̈րփիլ (բ>փ)

Դ – դարման > տէրման, դատարկ > տերտակ, դուրս > տո̈ւս, դու > տու, դուք > տո̈ւքյ,

դանակ > տէնակ, դես ու դեն > տէս ու տէն, տեստեն, դոխ > տօ̈ խ:

Բայց շատ գրական, օտար և բարբառային բառերում դ-ն անփոփոխ է մնում:

Օրինակ՝ դէղ, դերասան, դրախտ, դժօխք, դա̈րդ, դանա «մոզի», դա̈զգյա̈հ, դո̈ւքյա̈ն,

դրբըզա, դավա «կռիվ, բողոք», դա̈ստա̈ «խումբ, բաժին», դա̈լա̈, դա̈լի «սուտասան»,

դունի «հիմար», դմբօ, դէբիլ, դօնգլի, դէր (նաև տէրտէր), դա̈րզի:

Ձ – ձու > ծու, ձոր > ծօ̈ր, ձէթ > ծէթ, ձեռք > ծերք, ձի > ծի, ձախ > ծէխ, ձիգ > ծիքյ,

բայց՝ բարձ > պէրց, բարձր > պէցո̈ւր, խուրձ > խօռհնը/խօրհթնը, որձ > վըէրց, որձակ

> վըէրցակ, հունձ > հօնձ, կուձկունձալ, կլօնձ, արձան, վարձ > հախ:

Ջ – ջուր > ճո̈ւր, ջուխտ > ճօխտ/ճօխտակ «զույգ», ջրաղաց > ճէղաց, ջիլ > ճիլ, ջորի >

ճօ̈րէ, բայց՝ ջան, ջիգյա̈ր, ջիլա̈վ, ջի՛հա̈ նդա̈մ, ա̈ նջո̈ւկ, պէնջակ, պէնջա̈ր:

Գ – Պարզ խուլի՝ կ-ի չի փոխվում. քմայնանում է կամ մնում անփոփոխ:

Օրինակ՝ գարուն > կյարունք, գետ > կյըէտ, գենաց > կյըէնաց, գիժ > կյիժ, գեջ > կյըէճ,

գին > կյին և այլն:

Պարզվում է, որ գ ձայնեղ հնչյունն ունենում է գյ և կյ քմայնացումներ, այսինքն՝ դրսևորվում է և՛ ձայնեղ քմայնացում, և՛ խուլ քմայնացում (դա̈զգյա̈հ/կյիժ):

Խծաբերդի խոսվածքում գրաբարյան հնչյունաբանական և ձևաբանական իրողություններ են արձանագրվում: Վկայենք մի քանի օրինակ:

Տո̈ւզնը, հո̈ւր, հօր(ա՞), հո՞ւ, լա̈լ, ուրկօքան, չո̈ւրեքան, հինգյեքան, ըսիլա̈վ, խուսիլա̈վ բառերն ու բառաձևերը գրաբարյան կազմություններ են.

տո̈ւզնը. դոյզն «քիչ, փոքր ինչ, չնչին, աննշան» մակբայ է, որի դ>տ, ոյ>ու>ո̈ւ հնչյունափոխումներով և ը հոդով դարձել է տուզնը «սոված»:

հո̈ւր «ո՞ւմ». գրաբ. ո՞վ դերանվան եզակի սեռականն է՝ ո՞յր «ո՞ւմ». ոյ>ու>ո̈ւ հնչյունափոխումով և հ-ի ավելացումով ստացվում է հո̈ւր «ո՞ւմ»:

հօր(ա՞) «ո՞ւր է». ո՞ւր դերանվան ու>ո>օ փոփոխմամբ, հ-ի հավելումով և ա հանգույցով ունենք  հօր(ա՞) «ո՞ւր է», կնշանակի նաև «ինչո՞ւ»:

հո՞ւ «ո՞վ». ո՞ «ո՞վ» դերանունն է՝հ-ի հավելումով, օր.՝ Հո՞ւ եկավ «Ո՞վ եկավ»:

ուրկօքան «երկուսն էլ». գրաբարում երկու թվականի անձներական տեսակն է՝ -եքին,     -եքեան ածանցներով՝ երկոքին, երկոքեան «երկուսը միասին». ե>ու, ու>ո>օ և եա>ա հնչյունափոխություններով դարձել է ուրկօքան (լա̈վ են): Ուրեմն՝ չորեքեան > չո̈ւրեքան «չորսը/չօ̈րքը միասին», հնգեքեան՝ հինգյեքան (միասին):

լա̈լ «եղել». գրաբարի լինել բայի անցյալ դերբայն է՝ լեալ «եղած, եղել»:

ըսիլա̈վ, խուսիլա̈վ. Գրաբարում եզակի գործիական հոլովն ունի աւ վերջավորություն՝ ավ, որը -ով (գրելով, խոսելով) վերջավորության համարժեք է: Եվ ահա Խծաբերդը այդ աւ (ավ)-ը գործածում է -ով-ի փոխարեն՝ նրա իմաստով: Գոյականներն էլ են ստանում -ավ՝ ծիավ, էշա̈վ, ճօ̈րավ, սուղանավ, հընգէրա̈վ:

Այս խոսվածքին բնորոշ են բառերի հնչյունների հավելումներ և անկումներ.

Հ բաղաձայնի հավելում. ոնց «ինչպես» > հունց, ինչ > հինչ, ուշ (ք) > հո̈ւշ, այդ > այտ >

ատ > հատ է, այս > աս > հաս է, այն > ան > հան է «այդ է, այս է, այն է», ալևոր >

հո̈ւլո̈ւվէր, ոլորել > հո̈ւլերիլ, էլի/էլլա̈ > հա̈լա̈, երբ > հիբ, է՜յ > հէ՜յ, ամօթ > համօթ,

ամաչել > հըմանչիլ, ընկեր > հընգէր, ագի > հա̈քյի:

Հ-ի կրճատում՝ անկում՝ Հակոբ > Ակուփ.

Անձնանունների մեջ կրճատումներ են արվում հեշտ հնչեցնելու համար.

Հարություն — Արթո̈ւն — Աթո̈ւն — Թո̈ւնի.

Աստվածատուր – Ասծատուր – Ասատուր – Ծատուր – Ծատի – Ծիտ (ա̈մի).

Սամսոն – Սամի (Ըվաքյաց Սամի, Հուրունաց՝ քյառա Սամի).

Գրիգոր – Կրիքօր – Կուքան ա̈մի (Շեղաց), Կուք ա̈մի (Ղըվալաց) – Կուքի.

Մելիքսեթ — Մա̈լ ա̈մի. Լևոն – Լիվ ա̈մի. Մակառ – Մակ ա̈մի (Ղըվալանք են).

Էդիկ – Էդօ  (Մկրտեչաց Էդօ, Ըլի՛վերդո̈ւց Էդօ, Ղարասա̈քյաց Էդօ).

Ներսես – Նէս (Նէս ա̈մի՝ Զըէռը), Մովսես – Մօսէս – Մօսի (Գյի՛լմա̈ց Մօսի).

Միքայել – Մըքյըէլ, Մաքի. Միշա̈ — Միշօ. Մեխակ – Մեխի.

Ալեքսանդր – Ալիքյսա̈ ն – Սաշա – Շաշա. Կարապետ — Կա̈բի — Կա̈բ ա̈մի.

Օվսաննա – Օսաննա – Օսի (Շէղաց Օսի). Պողոս – Պուղուս – Պուղի.

Գրիշա – Գիրիշ – Գիրօ/ի. Արշավիր – Արշօ. Արկադյա – Արգօ/ Ագօ.

Պատվական – Պատի. Պայծառ – Պածի. Շուշաննիկ — Շո̈ւշա̈ն — Շո̈ւշի.

Բաղդասար – Բաղդան – Բաղդի – Բադի. Բադուց (Բադուց Տիկրան, Բղդըսար).

Սմբատ > Սումբի/Սումբաթ, Սարգիս – Սաքի/Սա̈քյի — Սա̈ք ա̈մի — Սա̈քյո̈ւց:

Շարունակելի

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…

Գորիսի տարածաշրջանի տոհմանունների ձևավորման շերտերը

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները,…