Նինա Հովսեփյան

Նինա Հովսեփյան

Գորիս քաղաքում ապրող Նինա Հովսեփյանի հետ երկու ժամանոց զրույցը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 11-ին, իր բնակարանում: Պատմությունը գրանցել է Հրանուշ Խառատյանը:

Նինա Հովսեփյանին (Նկ․ 1) հաճախ նաև Օսիպովա ազգանունով են կոչում, այն ազգանունով, որով նրա հայր Նիկոլայ Օսիպովը քսաներորդ դարի սկզբին հայտնի էր Զանգեզուրում: Նինա Հովսեփյան-Օսիպովան իր հորը չի հիշում: Նա ծնվել է 1929թ., և ընդամենը մեկուկես տարեկան է եղել, երբ հորը ձերբակալել և շատ արագ գնդակահարել են դատարանի որոշմամբ: Նինան երկար սպասված զավակ էր: Նրա ծնողները շուրջ 25 տարի երեխա չեն ունեցել, և արդեն որևէ հույս չունեին, թե կունենան: Երջանիկ հորը, սակայն, չի հաջողվել դաստիարակել երկար սպասված իր միակ զավակին: Նիկոլայ Օսիպովի քսաներորդ դարի երկրորդ տասնամյակի գործունեությունը, ինչպես այդ տարածաշրջանի բոլոր գործող անձանց գործունեությունն առհասարակ, հաճախ է խաչվել Նժդեհի, Անդրանիկի հետ: Ըստ Նինա Հովսեփյանի ընտանեկան պատմության, Նիկոլայ Օսիպովն ամբողջովին կիսել է թուրքերից Զանգեզուրը պաշտպանելու Նժդեհի ծրագիրը, սակայն, ի տարբերություն Նժդեհի, նա հակաբոլշևիկյան տրամադրություններ չի ունեցել կամ, առնվազն, դրանք չի արտահայտել: Նինա Հովսեփյանը ենթադրում է, որ հորը ձերբակալելու և գնդակահարելու պատճառը պետք է Նժդեհի և Անդրանիկի հետ ունեցած անձնական շփումներն ու նրանց հանդեպ բարեկամական վերաբերմունքը լիներ: Նինա Հովսեփյանի ողջ իմացությունն իր հոր ճակատագրի մասին ավելի ուշ շրջանի սեփական ենթադրություններ են, քան ուղղակի աղբյուրից տեղեկություններ: Հոր գնդակահարությունից հետո մայրը զգուշացել է դստերը որևէ բան պատմել հոր մասին, մի կողմից սարսափելով, որ անմեղ երեխան կարող է որևէ միջավայրում անզգույշ խոսել, մյուս կողմից` խնայել է երեխային: Նինան երկար ժամանակ պարզապես իմացել է, որ հայրը մահացել է: «Էդ փոքր ժամանակ մամաս շատ էր վախենում հորս անունը տալուց: Որ ուզում էի մի բան հարցնեմ, ինքը լռում էր, վախենում էր»: Այն ամենը, ինչ մայրը պատմել է դստերը, անմեղ պատմություններ էին դստեր հանդեպ հոր տածած անսահման սիրո մասին. «Մամաս ինձ պատմում էր, ասում էր ամեն օր դնում էր գետնին և պատը խազում, խազ-խազ ամեն օր պատը նշում էր, -իմ մեծանալն էր ստուգում: Կամ` ամեն երեկո ինձ բարձրացնում էր մինչև առաստաղ, այն ժամանակ տոներին առաստաղից խնձորի կախաններ` փնջեր էին կախում, որ ես խնձորների հետ խաղամ, խնձոր պոկեմ: Այսպիսի բաներ էր միայն պատմում մայրս»:

Այն ամենը, ինչ Նինա Հովսեփյանը պատմեց հոր մասին, հասուն տարիքում տարբեր մարդկանցից պատառիկներով քաղված տեղեկություններ են, քան թե ամբողջական պատմություն: «Հայրս եղել է շատ նվիրյալ ազգային գործիչ: Էնքան գրքեր են գրել հորս մասին, էնքան հոդվածներ, արտասահմանում, նրան նույնիսկ անվանել են Զանգեզուրի Բիսմարկ: Իմ հորս տարել են կրակելու Գորիսի մոտ մի ձորում, Շորին ձոր է կոչվում: Որ տարել են գնդակահարելու, ասել է խնդրում եմ մեքենան իմ տան մոտով քշեք, ձեր ուղեկցությամբ մտնեմ երեխայիս տեսնեմ: Դե 25 տարի երեխա չի ունեցել, գնդակահարությունից առաջ ասել է թողեք երեխային ես տեսնեմ: Թույլ չեն տվել: Երբ տարել են Շորինձորում (Նկ․ 2) կրակելու, էնտեղ ոչ մեկը չի ուզել, որ կրակի: Ասում էին բոլոր կրակողների արցունքները թափում էին աչքերից: Ինքը տեսել է, որ ոչ մեկը չի ուզում գնդակահարի, բոլորն արցունքը աչքերին շրջում են երեսը: Էդտեղ կրակողների հետ մի թուրք է եղել` Ջիվանշիր անունով: Ջիվանշիրը երկար ապրեց, էս ղարաբաղյան պատերազմի օրերին է այստեղից փախել: Իրենք բոլորը որ չեն ուզել կրակել, զենքը տվել են էդ Ջիվանշիրին, որ Ջիվանշիրը կրակի: Հերս ասել է «Ես չեմ ուզում թուրքի գնդակով հեռանամ էս աշխարհից, իրա ձեռքից վերցրեք, ձեզնից որևէ մեկը թող կրակի: Մի վախեցեք»: Միայն իրեն չեն գնդակահարել, խմբով են եղել: Հետո ինչ որ անձրևներ են եկել, դագաղները բացվել են, դիակները դուրս են եկել ջրի երես: Մորական պապս գիշերը թաքուն գնացել է, հենց նույն ձորում հող է փորել, թաղել: Ինքը գերեզման չունի փաստորեն… (Նկ․ 3)

…Ես չգիտեի, որ հորս էդպես անարդար գնդակահարել են: Մի դեպք մեզ ցնցել էր: 4-րդ դասարանում էի, դասին նստած էինք, դասարանի դուռը ծեծում են, ուսուցչուհին գնում է դուռը բացում դուրս է գալիս, հետո գալիս է ինձ մոտ, ասում է չվախենաս, չվախենաս, արի դուրս գնանք, բայց դու չվախենաս: Դուռը բացեցինք, տեսնենք մի հատ միլիցիոներ դռանը կանգնած: Մեկ էլ էդ միլիցիոներն է սկսել,- բալիկ ջան, չվախենաս, ես քեզ տեղ եմ տանում, հետո ես քեզ բերելու եմ թողնեմ դասարանում: Ես լաց եղա: Ինձ տարավ ուղիղ միլպետի մոտ: Միլպետը շատ լավ ընդունից ինձ, ոչ մի կոպիտ բան, հարց է տալիս ինձ, ասում է` պապայիցդ նամակ ե±ք ստանում: Ասում եմ իմ պապաս մահացած է: Ասում է բա դուք ումի՞ց եք նամակ ստանում: Ասում եմ ես չգիտեմ: Ասում է մամադ չի± ասել, որ քո պապան կենդանի է, որ քո պապան գալու է: Ասում եմ չէ, իմ պապաս մահացել է: Էդ էր, որ ցնցող տպավորություն էր թողել ինձ վրա: Հետո մորս պատմեցի, սարսափել էր խեղջ կինը, դողում էր վախից, ոտքերը դողում էին: Առանց այդ էլ անընդհատ դողում էր, որ ես դպրոց էի գնում:

Մայրս եղել է Բաքվի խոշոր նավթարդյունաբերող Ծատուրովի երկրորդ թոռը: Ծատուրովը Քարահունջից էր, բարի մարդ է եղել, շատերին է օգնել, կրթություն է տվել (տես նաև Ժենյա Մովսիսյանի պատմությունը Քարահունջից): Մորիցս մեծը տղա էր, իմ քեռին, բժիշկ Մինասյանը` Մինաս Ավետիսովիչը, բոլորը նրան գիտեն, նշանավոր բժիշկ է եղել, եղել է Անդրանիկ զորավարի խմբի բժիշկը ըստ տպագիր աղբյուրների: Նրան պապը` Ծատուրովն ուղարկել էր նախ Գերմանիայում, ապա` Ժնևում կրթություն ստանալու, ետ է վերադարձել Գորիս: Նրան հետո աքսորել են, բայց թիվը լավ չգիտեմ երբ: Քեռիս 10 տարի աքսորված է եղել, որից հետո ապրել է Մախաչկալայում: Մայրս որ մահացել է, ես եղել եմ դպրոցական: Արդեն 8-9-րդ դասարան եմ եղել, մեծ եմ եղել: Քեռիս մամայիս մահից հետո եկել է Գորիս, որ ինձ պահի [դա պետք է լիներ 1943-44թթ.]: Այստեղ նրան նշանակել են հիվանդանոցի գլխավոր բժիշկ, և մենք միասին մի սենյակում ապրել ենք, քանի որ իմ հոր մահից հետո մեր տունը տորգի են տվել: Տունը չէ, տան ապրուստը` կահկարասին, աճուրդի են հանել, վաճառել են, իսկ տունն էլ մի մարդ, որ ջանջյալ Մանգի էին ասում Գորիսում, մորս վախեցնելով ձեռքից վերցրել է: Ինքը մտնում է էդ տունը, մենք մնում ենք դրսումը մամայիս հետ: Մամաս 4 եղբայր է ունեցել, տունը ձեռքից առնելուց հետո գնացել է էդ եղբայրներից մեկի տանը նստել: Հետո մորս մահից հետո իմ դաստիրակությամբ ու խնամքով զբաղվել է մյուս քեռիս` Մինաս Ավետիսովիչը…

Դպրոցում ինձ չընդունեցին կոմերիտմիության շարքերը: Ասացին անհարազատի երեխա ես: Հետո ես որ գրադարանում աշխատեցի, մեր աշխատողները` ընկերներս, ստիպեցին, որ ես մտնեմ կուսակցության մեջ, իսկ ես չմտա: Չէի ուզում մտնել ոչ թե նրա համար, որ մտածել եմ հայրս դավաճան է: Այդքան գաղափար դեռ չեմ ունեցել: Ես չէի ուզում վիրավորանքից, որ ինձ դեռ կոմերիտմիության մեջ չեն ընդունել: Ներքին զգացողություն ունեի, որ ընդեղ էլ ինձ չեն ընդունի: 27 տարեկանում եմ կոմերիտական դարձել: Այդպիսի բան չկար, բոլորն էլ դպրոցում էին դառնում կոմերիտական: Մինչև հիմա էլ կոմերիտական տոմսս պահել եմ: (Նկ․ 4)

Հորս գնդակահարությունից հետո հայրական կողմի ազգականներիս մի մասը փաստորեն փախան Մոսկվա, այնտեղ ազգանունը փոխեցին: Մենք Բյագուն Օսեփ ենք կոչվել, մեր ցեղը, էդ Բակունցների հետ էլ ենք էլի մենք ընդհանուր: Որ հորս գնդակահարել են, սրանք փախել են Մոսկվա և ազգանունը Բյագունց դարձրել, Օսեփը ջնջել են, որպեսզի բարեկամությունը նույնը չլինի:

Հիմա այդ բոլորն անցյալ է: Կրկին վերադարձել ենք հին հերոսներին, այն մարդկանց, ում հետ ծանոթ լինելու համար մարդկանց գնդակահարում էին, աքսորում էին: Բայց հիմա էլ մի այլ տարօրինակ բան է կատարվում` Նժդեհին բարձրացնելու համար Անդրանիկին են գցում, կամ Անդրանիկին բարձրացնելու համար Նժդեհին են գցում: Էդ բաները կա»: (Նկ․ 5)

 

Աղբյուրը՝ http://armeniatotalitaris.am

 


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ֆրանսերենի դասընթացներ․ սովորի’ր լեզուն արդյունավետ և գիտական մոտեցմամբ

Ֆրանսերենը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և մշակութային հարուստ լեզուներից մեկը։ Այն ոչ միայն հաղորդակցման միջոց…

Read More

Ջրահեղձը

Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից Մոլորակի միակ գյուղը, որի միջով երկու գետ…

Read More

Հատված «Լեռներից այն կողմ» գրքից (Ա․ Ղազարյան)

«­Բարև, սի­րե­լի՛ս, ինչ­պե՞ս ես։ Ու­զում եմ, որ լավ լի­նես՝ այ­սօր ու միշտ։ Ե­թե հի­մա կար­դում…

Read More

Նվիրում եմ դաշնամուր (գրական ակնարկ)

Հեղինակ՝ Գ․ ԴարբնենցՈրքան էլ աշխարհը խելակորույս զարգանում, երկու բան մնում է անփոփոխ․ պատերազմները չեն դադարում,…

Read More