13-ի մութին

Դատարկ է փողոցը․․․ խաղաղություն է,
Օդում մահաբեր, հրավառ լույսեր չկան երկու օր,
Դատարկ փողոցի այս խաղաղությունը մի քանի անգամ դաժան է մահից․ անհնազանդ է, անտեսանելի վայրագ թյուրքի պես․․․
Ծույլ քամու դողից ստվերներ են գոյանում դիմացի պատին, փողոցալույսի շրջանագծում․․․
Սև են ստվերները խաղաղության, ծույլ են, անկարող, դողդոջուն, անհեն․․․
Ի՞նչ ստվերներ են դատարկ փողոցի խաղաղության մեջ,
Երբ շունչ են պահել կատուներն անգամ աղբի կույտին կիպ,
․․․Շուն-շանգյալ չկա․․․
Քաղաքի մարդիկ կա՛մ հեռացել են․․․
Կամ մոլորվել են խուլ նկուղներում խաղաղաբեր ստվերակերպի անցուդարձերից․․․
Խլացել են խաղաղության լռությունից,
Կուրացել են խաղաղաբեր լույսից,
Նվաղել խաղաղ փողոցում վխտող աննյութ ստվերից․․․
Խաղաղությունը մարդակերպերի ներսն է սողոսկել,
Ընծա է բերվում մեծ մահի պատվին՝
Խաղաղ քաղաքի, խաղաղ փողոցի պատին թույլ կռթնած ծաղկեպսակին,
Որ մնացել է աշունքի ժամին չորացող խոտից․․․
Եվ ինչ է պարզվում՝
Անլուր խաղաղությունից մահերն են դառնում ստվեր փողոցում։
Պատերազմաբոթ խաղաղություն է,
Վախի հոգնություն,
Անորոշության նինջ է փողոցում․․․
Ստվերախաղի բորբոքումն է աշխարհին օտար, գահերին նեցուկ, ոգին շղթայող, սրտերը կրծող, փողոցը զավթած խաղաղությունը,
Որ կհայրմերի մահերից առաջ ու կնամազի մահերից հետո։
Խաղաղություն է՝
Անտեր ու անծին,
Լքումից առաջ անորոշության խաղաղություն է․․․ հենց իմ տան տեղում, դարեր աղոթած ու խաղաղ լքված տաճարի տեղում, մարտիրոսների շիրիմի վրա, ապուպապական ստեպներին փխուր, ժայռատամներին…
Կործանող խաղաղությունը թող պատերազմվի,
Մահկանացուին ի՞նչ խաղաղություն։


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Productive Word-Formation Patterns in Modern Armenian: A Lexicographical Data Analysis

Ինգա Մարգարյան See author's posts Մհեր Քումունց See author's posts Լուսինե Ներսիսյան See author's posts…

Read More

Փոխառությունների ոճական առանձնահատկությունները Խ․ Աբովյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Քումունց Մ․Տարեթիվ՝ 2005Աղբյուր՝ Նորք, 3Էջեր՝ 46–52📄 Ներբեռնել PDF Մհեր Քումունց See author's posts Ընթերցված…

Read More