Կառնակաշ-Զինգանակապ ամրոցը Հակարի գյուղի մոտ

Կառնակաշ-Ղալալու-Զինգանակապ. գիտնակաները այժմ այս անուններով են կոչում ծովի մակերեւույթից 875մ բարձրությամբ քարաժայռին ժամանակին գոյություն ունեցած ամրոցը։ Գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում՝ Հակարի գետի ավազանի միջին հատվածում՝ ներկայիս Հակարի գյուղից մոտ 4կմ արևելք: Մակար Բարխուդարյանը, «Զինգյանակապ», իսկ Ղ. Ալիշանը «Զանքանակեան» անուններով են հիշատակում Դիզափայտի արևմտյան կողմից սկիզբ առնող գետակը՝ Հակարիի ձախակողմյան վտակը, որի ձախ կողմում է ամրոցը պահող ժայռը: Շրջկենտրոն Բերձորից մոտ 35կմ հարավ է ընկած Հակարին, որի տարածքում պահպանվել են պատմական բազում հուշարձաններ՝ նախաքրիստոնեական ժամանակի դամբարաններ, բնակատեղիներ, կիկլոպյան 2 ամրոցատեղիներ, ավերակ կամուրջ՝ Հակարի գետի վրա, Քրոնքի «Քրօնից» վանքը՝ ժայռափոր եկեղեցի և այլն: Արցախի Գտչավանքի հյուսիսային պատի 1246թ. Վրթանես եպիսկոպոսի կողմից թողած վիմափոր 14 տողանոց արձանագրության 8-րդ տողում  գրված է. «ՀԱԿԱՐԻ ԻՒՐ ԿԵՐՈՎՆ»: Սակայն Հակարի բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվում է

Մովսես Դասխուրանցու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում՝ կապված 829-30թթ. տեղի ունեցած ապստամբության, ավելի ճիշտ՝ դավաճանության հետ, երբ տվյալ տարածքը դեռևս գտնվում էր արաբական տիրապետության տակ: Գետակը 3 կողմից պտտվում է ամրոցը պահող ժայռի մոտով: Մոտ 200մ երկարությամբ ժայռաբլրի արևմտյան կողմում է ամրոցի հիմնական պարսպապատը։ Պարսպի մի հատվածը ժամանակի ընթացքում քանդվել է, հնարավոր է՝ երկրաշարժից: Քարերը թափված են բլրի ստորոտում՝ գետակի ափին: Ամրոցն ունեցել է հիմնական մուտք, որն անցել է գետակի ափով, բարձրացել պարսպից ներս, շարունակվել հյուսիս: Այս մասում ժայռը ճեղք ունի, որտեղով և բարձրացել է ճանապարհը: Բավականին նեղ, սակայն հարմար ճանապարհ է եղել, որի վրա 2 ջրամբար են կառուցել: Այպիսով լուծել են 2 հարց՝ զինվորները հսկել են և՛ ջրամբարները, և՛ ճանապարհը 50-52մ բարձրությամբ ճեղքում: Կլոր հատակագծով կիսաժայռափոր ջրամբարներից ներքևինի չափերն են՝ 5 x 4,8մ, իսկ նրանից 8-9մ բարձրում տեղակայվածինը՝ 3,8 x 3,5մ: Վերևինն ունեցել է ծածկ, որը նաև աշտարակ-դիտակետի դեր է ունեցել: Երկարավուն ժայռը 2 կողմից հիմքից սկսում է նեղանալ և վերևում շատ նեղ է. որոշ մասերում 1-2մ տարածք է ընդամենը: Հարավարևելյան կողմում են տեղակայված հիմնական շինությունները: Հնարավոր է՝  միջնաբերդն է, որի արևմտյան կողմում մի շինության պատ է պահպանվել: Նշված շինությունից մոտ 35-40մ հյուսիս-արևելք՝ ժայռի պռնկին՝ համեմատաբար հարթ մի փոքր տափարակի վրա, հիմնական աշտարակ-դիտակետն է եղել, որից այժմ կլորավում մակերեսով հիմքն է պաշտպանվել: Ըստ ամրոցագետ Սլավա Սարգսյանի՝ տեղում իրականացված նախնական ուսումնասիրությունների (դատելով պատահականորեն ի հայտ բերված խեցեղենի եւ այլ նյութերի մնացորդներից)՝ ներկայիս համակառույցը վերաբերում է XI-XIV դարերին: Ամրոցի արևմտյան ստորոտում՝ գետի ափին, բնակավայր է եղել, որի տների հետքերը պահպանվել են: Ամրոցն ունեցել է նաև գաղտնուղի, որն իջել է գետի վրա: Ժայռի հյուսիսային կողմում մի մեծ քարանձավ կա, որի մուտքն սկսվում է գետափից: Այս մասում ամրոցը պահող և նրա հյուսիսում գտնվող բլուրների արանքում ընդամենը 6-7մ լայնութուն է, որտեղով գետն է անցնում: Ժամանակին երևի այս հատվածում դարպասներ են եղել, որոնք փակել են նաև քարանձավի մուտքը, որի դիմացի պատի տակ ցածր տարածք կա: Այն երկրորդ ու վեր բարձրացող երկրորդ քարանձավի մուտքն է: Մեզ ուղեկցող երիտասրդները և մի պատանի, ով այս կողմում անասուններ էր պահում, ասացին՝ քարանձավը շարունակվում է դեպի վեր: Սակայն շատ չեն կարող բարձրանալ. շնչահեղձ են լինում: Այս անգամ էլ սողալով մտան ներս, քիչ անց հետ եկան:  Միգուցե ժամանակին այն եղել է գաղտնուղի կամ թաքստարան: Նույն քարանձավի ձախ կողմից նեղ արահետ է բարձրանում վեր՝ բավականին թեք լանջով և մոտենում հիմնական ճանապարհին, որտեղ կան ջրամբարներ:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Դրվագներ ուշ միջնադարյան Մեղրու հոգևոր կյանքից

Հոգևոր կյանքի հաջորդ բուռն վերելքի ժամանակաշրջանը Մեղրիում կարելի է համարել XVII-XVIII դդ.՝ Մովսես Խոտանանցի (կամ՝…

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Բացօթյա թանգարաններում՝ հազարամյակների պատմական հնավայրերում

«Մեր եկեղեցիները, մեր ավերակները մեզ համար նվիրական են և մեր ամբողջ անցյալի գեղեցիկ կոթողը, որու…