ԳԱՂՏԻԿՈՒՐ(Ռ)||ՏԸԽՏԸԿՕՌՆԸ (եզան լեզու). բառի ծագումը, բուժական նշանակությունը

Գրաբարից Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարին անցել են բուսանուններ, որոնք քանակական և որակական առումով բավականին ընդգրկուն են: Գրաբարից բարբառախմբին անցած որոշ բուսանուններ իմաստափոխություն չեն կրել, բայց արտաքին հնչյունական կազմով մասամբ հեռացել են գրաբարյան համապատասխան ձևերից, ինչպես՝ գաղտիկուր-տըխտըկօռնը, երնջակ-իռէշնո̈ւկ||կօռինգյա̈ և այլն: Ստորև ներկայացնում ենք միայն գրբ. գաղտիկուռ և բրբ. կըխտըկօռնը||տըխտըկօռնը բառերի ծագումն ու առնչությունները:
Այսպիսով՝ գաղտիկուրը և տըխտըկօռնը չնայած արտաքնապես նույնական չեն, բայց ծագումնաբանական աղերսներ ունեն: Գրաբարի գաղտիկուր(ռ) (գաղտիկազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս՝ գաղտիկ, գաղտրիկ, գաղտկուր, տխրիկոտ, գառնալեզու, ջղախոտ, թարթիկ, կուրա, եզան լեզու, գառնալեզու, օտար անուններն են՝ լատ. borage, անգլ. bubula, lingua bubula, հուն. βούγλωσσον , ἁρνόγλωσσον, ռուս. oгуречная трава, бурачник) բառը կազմված է գաղ-տ(նի) և կուր(ռ) արմատներից (Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան, h. 1, 1926, Էջ 506, այսուհետև՝ ՀԱԲ), որոնք անցել են նաև Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարին: Բարբառախումբն ունի կյա̈ղ||կյըղ — էլ «թաքցնել» բայը, որ բացակայում է գրաբարում և բարբառների մեծ մասում: Այս արմատի նախաձևը համարվում է հ.-ե. *u̯el- (Pokorny J., Indogermanisches etymologisches wörterbuch, I, 1959, 302), որը, ըստ Հ. Աճառյանի, կապված է գաղել «ծածկել, թաքցնել, պահել» (ՀԱԲ, հ. 1, Էջ 505) և գեղել «ծածկել, թաքցնել» բառերի հետ, որ հայերենում ձայնադարձով առաջ են բերել գող, գեղ, գաղ արմատները (ՀԱԲ, հ. 1, Էջ 573): Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարում բնիկ բայանուն *u̯el-/կյա̈ղ-ը (այն հայերենի գրական-խոսակցական տարբերակներում հիմնականում գործառվել է տ աճականով (Երվանդյան Զ., Հնագույն բառարմատները Ղարաբաղի բարբառում, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 1, 2004, 112)) պահպանվել է ոչ միայն բարբառային կյա̈ղէլ, կյըկյըղօրէլ, կյաղլու||կյöղլո̈ւ, կյա̈ղվասկ բառերում, այլև գրաբարից անցած գաղտակուռ բառում, որից առաջացել են այս բույսի բարբառային տարբերակները՝ կըխտըկօռնը, տըխտըկօռնը, կըռթնըկյöռնը: Մեր կարծիքով՝ գաղտակուռ բառը կազմված է գաղ «ծածուկ, ծածկված» արմատից և կուռն արմատի «պինդ» իմաստից, որ դարձյալ պահպանվել է Սյունիք-Արցախում՝ կըռօ||կուռօ «1. պինդ, 2. ասվում է կեղևը պինդ ընկույզին, 3. փոխ.՝ համառ, անկոտրում»: Նկատվում է, որ բույսերի բազմաթիվ անուններ առաջացել են նաև կենդանիների և նրանց հետ կապված երևույթների նմանությամբ, ինչպես՝ գառան դմակ, եզան լեզու, առյուծագի, բարբառախմբում՝ իծի կօթ, կատվի մօրի, էշի տէռտէռ, կո̈ւլի թէս, ծըտի պա̈րց և այլն: Հենց այդ հիմունքով՝ գրաբարում առկա գաղտակուր (-կրի, -րաց) «խեցեմորթ ծովային» բառից առաջ է եկել գաղտիկուռ (-կռի) «ջղախոտ» (Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 1, 1836, Էջ 525) բուսանունը, որի տերևները նման են ծովախեցիու:
Փաստորեն՝ գրաբարի համանուններից միայն մեկն է պահպանվել բարբառախմբում: Բարբառային երեք տարբերակների (կըխտըկօռնը, տըխտըկօռնը, կըռթնըկյöռնը) արտաքին կազմից պարզ է դառնում նաև, որ նախապես գործածվել է կըխտըկօռնը, որից էլ առաջացել և տարածվել են մյուս տարբերակները: Տըխտըկօռնը ձևավորվել է կըխտըկօռնը բառի տ աճականի ետընթաց ազդեցությամբ՝ կ>տ, իսկ կըռթնըկյöռնը, որ ավելի քիչ է տարածված, ժողովրդական ստուգաբանությամբ է ձևավորվել՝ կըխտ արմատի անհասկանալի լինելու հիմունքով:

Մ. Քումունց

Բուժական նշանակությունը

Բուժման նպատակով հիմանականում օգտագործում են բույսի տերևներն ու սերմերը, որոշ դեպքում նաև` արմատը:

Տերևները հավաքում են կոթուններով, ծաղկման սկզբից մինչև բույսի թառամելը և չորացնում բարակ շերտով` միջանցուկ քամու տակ կամ բացօթյա: Ստացված չոր հումքը սովորաբար կազմում է նախնականի 22-23%-ը: Բուժման համար պիտանի են նաև միջին և նշտարատերև տեսակները: Տերևները կարելի է հավաքել տարեկան 2 անգամ, իսկ օգտագործման համար պիտանի են մինչև 2 տարի: Սերմերը հավաքում են լիովին հասունանալուց հետո: Եզան լեզուն ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման շատ հին պատմություն: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ: Դեռևս հին հույներն ու հռոմեացիները բույսի սերմերն օգտագործել են դիզենտերիայի ժամանակ: Ավիցեննան նշում է եզան լեզվի բոլոր տեսակների օգտակարությունը վերքերի, ուռուցքների, քրոնիկական չարորոկ խոցերի, աչքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ: Նա բույսի տերևահյութը և սերմերը հաջողությամբ օգտագործել է ականջաբորբի, լնդերի ախտահարման, արյունախխումների և արյունային փսխումների ժամանակ` այս դեղամիջոցները խառնելով վարդաջրի և նույնատիպ ներգործող այլ դեղաբույսերի հետ:

Մխիթար Հերացին որպես փափկացնող միջոց բույսի սերմերը օգտագործել է սերմերի լավ ներգործության մասին: Տերևահյութի և սերմերի ազդեցությունն ավելի կատարյալ դարձնելու նպատակով Հերացին դրանք խառնել է գազի խեժի և օձագալարի հետ: Քսուքի ձևով բույսի հյութն օգտագործել է արտաքին ձևով` կարմիր քամու և ֆլեգմոնայի ժամանակ: Տարբեր բնույթի ջերմերի և աղիքային հիվանդությունների ժամանակ նա դեղաբույսն օգտագործել է թե՜ ներքին ընդունման, և թե՜ հոգնայի ձևով:

Դեղաբույսի ազդեցության վերաբերյալ հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: Նա նշում է, որ եզան լեզվի տերևահյութը և սերմերը օգնում են երիկամների և միզապարկի հիվանդություններին, հատկապես արյունամիզության դեպքում, այրվածքներին, մոլոքորին, ջերմից առաջացած գլխացավերին, միջին ականջի թարախաբորբին, բացում են լյարդի և փայծաղի ”կալուածը”, նպաստում արգանդի մի շարք հիվանդությունների բուժմանը, լավ արդյունք տալիս զանազան դեղորայքային թունավորումների և սիբիրախոցի դեպքերում: Ըստ Ամիրդովլաթի, Գալենը եզան լեզուն օգտագործել է թոքաբորբերի, գաստրիտների և ոսկրահոդացավային մի շարք հիվանդությունների ժամանակ, Էհանան` չոր հազի, տղամարդկանց սեռական թուլության և աղիքային նքոցների, Մասրճուեն` ստամոքսասրտային կապակցված ցավերի և մատնաշնչի (հյութը քացախով խառնած, թրջոցի ձևով դնում է մատին), Սապիթ Կուռանը` դիսուրիայի, Ըռուֆոսը` իշիասի (հյութը քացախով խառնած ծեփում է բորբոքված նյարդի շրջանում) և չոր էկզեմայի, Սահակը` մկնատամի բուժման և դաշտանի բացման (հոգնայի ձևով) համար:

Չինական ժողովրդական բժշկության մեջ եզան լեզվի տերևները կիրառվում են քրոնիկական բրոնխիտների, պլևրիտների, վերքերի բուժման համար, միաժամանակ որպես միզամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց, իսկ սերմերը` շաքարախտի, դիսպեպսիաների, տղամարդկանց և կանանց անարգասավորության դեպքում և այլն: Ֆրանսիայում տերևները օգտագործում են էնտերոկոլիտների, պալարախտային բնույթի լուծերի, քրոնիկական նեֆրիտի դեպքում: Գերմանիայում տերևներից պատրաստված թեյը օգտագործում են վերին շնչուղիների բորբերի ժամանակ, իսկ տերևահյութի կոմպրեսը` միջատների կծելու, ֆուրունկուլյոզի և ետպատվաստումային ռեակցիաների դեպքում: Հնդկական բժշկության մեջ սերմերը լայն ճանաչում են գտել ամեոբային դիզենտերիայի, երեխաների ամառային լուծի և ստամոքսաաղիքային այլ հիվանդությունների բուժման մեջ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը հանրահայտ է արյունախխումների, դիզենտերիայի, բղկոցների, ստամոքսային այրոցների, լյարդի, լեղապարկի, տարբեր ծագման դեղնուկների, լնդերի և ատամների հիվանդությունների, ակնաբորբի, թաց էկզեմայի, օձի և միջատների կծածների ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ ընդունված է բույսի թարմ տերևը խորասուզել եռացող ջրի մեջ և դնել բորբոքված հոդի, նյարդի, մատնաշնչով ախտահարված մատի, ֆուրունկուլի վրա և այլն: Սերմերը թրջում են 3-4 անգամ ավելի քանակով տաք ջրի մեջ, տրորում և կոմպրեսի ձևով դնում բորբոքված աչքերին: Ստամոքսի քաղցկեղի դեպքում տերևներից պատրաստում են բանջարապուր, տերևակոթերից` թեյ:

Տրորված տերևներն ունեն ցավ հանգստացնող և հյուսվածքների այտուցումը կանխելու հատկություն: Տերևահյութը, խառնված մանրացրած կավճի հետ, դրականապես է ազդում կարմիր քամու ժամանակ, երբ այս խառնուրդը քսում են մաշկի ախտահարված մասին:

Ֆարմակոլոգիական և կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ տերևների պատրաստուկներն արագացնում են վերքերի ամոքումը (Միրզոյան Ա. Հ. և ուրշներ, Ալիև Ռ.Կ.): Հեղինակները ուշագրավ տվյալներ են ներկայացնում ստուգիչ և փորձնական խմբի ճագարների վերքերի բուժման առումով: Այսպես, կիրառելով բույսի տերևների 20%-անոց մզվածքը, նկատել են, որ կարճ ժամանակում վերացել է վերքի իխորոզ (շարավոտ) հոտը, թարախարտադրությունը, արագացել են նրա հատիկավորումը և փոխարինող մաշկի գոյացումը: Մինչդեռ ստուգիչ խմբի կենդանիների վերքից շարունակվել է նեյտրոֆիլային բջիջներով, թարախածին կոկերով, մեռուկացված հյուսվածքների կտորներով հարուստ թարախային արտադրությունը: Ըստ Ս. Հ. Միրզոյանի և նրա աշխատակիցների, ջղախոտազգի տեսակների մեջ ամենամեծ ֆարմակոլոգիական ակտիվությամբ օժտված են մեծ եզան լեզուն (տերևները և արմատը), որն ըստ հեղինակների, պայմանավորված է ալկալոիդներով: Հեղինակների տվյալներով, նույն մզվածքը կատվի և ճագարի աղիների կենդանի գալարների վրա առաջ է բերում աղիքի տոնուսի բարձրացում, ռիթմիկ կծկման ամպլիտուդների մեծացում: Հեղինակները ռենտգենով նկատել են շների ստամոքսի տոնուսի բարձրացում, գալարակծկման խորացում: Մզվածքը կենդանիների վրա թողել է հանգստացնող և արյան ճնշումը կարգավորող ազդեցություն: Կլինիկական պայմաններում տերևների 20%-անոց մզվածքը խոցային հիվանդների վրա կիրառելիս նկատել են ցավերի մեղմացում, փսխման և փորկապության վերացում, հիվանդների ընդհանուր վիճակի կանոնավորում, քաշի ավելացում: Կուրսային բուժման հետևանքով այս բնույթի 45 հիվանդներից դրական արդյունք է նկատվել 32-ի մոտ, իսկ 17-ի մոտ վերացել է նիշան: Հեղինակների տվյալներով արդյունքը բավարար է եղել նույնիսկ բարձր թթվայնության պայմաններում:

Ըստ Բ. Ս. Նիկոլսկայայի տվյալների, բույսի թարմ հյութը արդյունավետ է աչքի երջրաթաղանթի վերքի բուժման դեպքում: Գիտականորեն հիմնավորված է տերևների (հյութի, թուրմի և մզվածքի ձևով) ֆարմակոդինամիկական ակտիվությունը` որպես արյունահոսությունը դադարեցնող, մանրէասպան, վերքամոքիչ, խուխամուղ և հիպոտենզիվ միջոց: Ֆիտոքիմիական հետազոտությունները ցույց են տվել տերևների հակախոցային և խոլեսթերինային փոխանակությունը կարգավորող բնույթը: Դեղաբույսի պատրաստուկներն ակնհայտորեն ներգործում են վերքերի միկրոբների, հեմոլիտիկ ստրեպտակոկերի, ստաֆիլակոկերի, կապտաթարախային բացիլի, աղիքային ցուպիկի և նախակենդանիների վրա: Տերևները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, ցավազրկող, շնչուղիներում կուտակված թանձր խուխը ջրիկացնելու, միզարձակումը և աղիների գործունեությունը կարգավորող հատկություններով: Տերևներից պատրաստված ոգեթուրմը մեղմացնում է ատամնացավը: Սերմերը` հարուստ լինելով լորձով, թաղանթապատում են աղիների բորբոքված մակերեսը և մի կողմից ներգործում են որպես հակաբորբոքիչ, իսկ մյուս կողմից` պահպանում աղիքի ախտահարված մակերեսը աղիքի պարունակության ներգործությունից: Սերմերը թունավոր չեն, սակայն մեծ դոզայով ընդունելիս կարող են լուծ առաջացնել: Սերմերի մեջ պարունակվող լորձն ունի նաև մանրէները և դրանց թույները աբսորբցող հատկություն: Կլինիկորեն հիմնավորված է եզան լեզվի դրական ազդեցությունը նևրասթենիայի, աթերոսկլերոզի, քրոնիկական խոլեցիստիտների, շնչուղիների և միզուղիների մի շարք սուր և քրոնիկական հիվանդությունների ժամանակ:

Մեզ մոտ ֆարմոկոլոգիական կոմիտեի կողմից եզան լեզվի հյութը և ջրային մզվածքից ստացված պլանտագլյուցիդ պատրաստուկը առաջարկվել են մարսողական տրակտի մի շարք հիվանդությունների բուժման համար: Փորձնական եղանակով պարզվել է, որ վերջինս ունի ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանող հատկություն` կանխելով բուտադիոնային խոցի առաջացումը: Այսպես, ըստ Յա. Ի. Խաջայի (ցիտ. ըստ Ա. Դ. Տուրովայի), բուտադիոնի կիրառման պայմաններում 46 ծովախոզուկներից 14-ի մոտ առաջ է եկել ստամոքսի խոց, մինչդեռ փորձնական 17 կենդանիներից, որոնք ստացել են և՜ բուտադիոն, և՜ պլանտագլյուցիդ, խոց առաջ է եկել միայն 5-ի մոտ: Բասովյան ֆիստուլայով շների մոտ պլանտագլյուցիդը 2,5 անգամ ավելացրել է ստամոքսահյութի քանակը, բարձրացրել ազատ և ընդհանուր աղաթթուների խտությունը 20-30%-ով, 3-4 անգամ դադարացրել բարիումի շիլայի բացահանումը (էվակուացիա) ստամոքսից, իսկ կենդանու մեկուսացված աղու գալարի վրա պատրաստուկը ցուցաբերել է սպազմալիտիկ ազդեցություն: Պատրաստուկի կլինիկական փորձարկումները խոցային հիվանդության բուժման ընթացքում տվել են միանգամայն հուսալի արդյունքներ: Այսպես, դեղորայքի կիրառման 3-4-րդ օրից մեղմացել են հիվանդների ստամոքսի ցավը, 5-7-րդ օրից` լրիվ դադարել են դիսպեպտիկ երևույթները, փորկապությունը, բքնածությունը, իսկ բուժման կուրսն (3-4 շաբաթ) ավարտելուց հետո վերացել է փորի մկանների լարվածությունը, հաստ աղու սեղմված վիճակը, նորմալացել են ստամոքսի թթվարտադրող և այլ կարևոր ֆունկցիաները: Ըստ որում` անհետացել է շատ հիվանդների նիշան: Նշենք, որ այս պատրաստուկից առավել դրական արդյունք նկատվում է նորմալ կամ ցածր թթվությամբ ընթացող խոցերի բուժման դեպքում, մինչդեռ բարձր թթվության դեպքում արդյունքը եղել է նվազ շոշափելի: Պլանտագլյուցիդը լավ արդյունք է տալիս նաև քրոնիկական նորմալ և ցածր թթվությամբ ուղեկցվող գաստրիտների բուժման ժամանակ: ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ դեղամիջոցը բարձր ակտիվությամբ է օժտված նաև խոցային հիվանդության կանխարգելման գործում, երբ այն ընդունում են աշնան և գարնան ամիսներին: Մեր կլինիկական փորձը ցույց է տվել, որ պլանտագլյուցիդը դրականորեն է ներգործում նաև քրոնիկական ախիլիկ գաստրիտների բուժման ընթացքի վրա: Դեղատներում պատրաստի վիճակում բաց է թողնվում նաև եզան լեզվի հյութը, որը նշանկվում է գլխավորապես անացիդ գաստրիտների և քրոնիկական կոլիտների ժամանակ: Եզան լեզվի ջրաթուրմը, ինչպես և դեղատան բաց թողած հյութը, մենք օգտագործել ենք ինհալացիայի ձևով` շնչական օրգանների բազմաթիվ սուր և քրոնիկական հիվանդությունների ընթացքում: Յուրաքանչյուր ինհալացիա տևել է 10 րոպե, այն կրկնվել է օրվա մեջ 3-4 անգամ: Գրեթե բոլոր դեպքերում հազը փափկել է բուժման 2-3-րդ օրից, հեշտացել է խուխարտադրությունը, նվազել բարձր ջերմությունը, լավացել հիվանդի ինքնազգացումը: Եզան լեզուն լայնորեն համակցվում է իշառվույտի, անանուխի, տուղտի, տատրակի, ձիաձետի, գնարբուկի, սագաթաթի, երիցուկի և շատ այլ դեղաբույսերի հետ:

Կիրառման եղանակները

Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 10 գ չոր հումք, 1 ժամ թրմում 200 մլ եռման ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Կարելի է մեկ թեյի գդալ չոր տերևը և կտրատված ծաղկակիր ցողունը խառնել 1 բաժակ եռման ջրին, թրմել 15 րոպե, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ 30 գ չոր տերևը 1 բաժակ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո ըմպել 1-ական ճաշի գդալ` ամեն 2 ժամը մեկ անգամ: Տաք ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ չոր, մանրացրած տերևը 10 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում և ըմպել կումերով` 1 ժամվա ընթացքում: Ջրաթուրմ պատրաստում են նաև եզան լեզվի և եղինջի տերևների հավասարաչափ խառնուրդից: 2 ճաշի գդալ հումքը 20 րոպե 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո այն ըմպում են օրվա մեջ 3 անգամ` քթային, արգանդային և թութքային արյունահոսությունների ժամանակ:

Դեղաբույսը 3:4:3 հարաբերությամբ` խառնված տատրակի և մատուտակի հետ, մտնում է № 2 կրծքային թեյի մեջ, որից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում և ըմպում կեսական բաժակ, 3 ժամը մեկ անգամ` շնչուղիների բորբոքումների ժամանակ: Տերևներից եփուկ պատրաստելու ժամանակ 10-15 գ չոր հումքը 15 րոպե եռացնում են 200 մլ ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Սերմերից եփուկ պատրաստելու համար 10 գ տրորված սերմը 100 մլ ջրում եռացնում են 10 րոպե և ընդունում օրվա ընթացքում 3 անգամ: Թարմ տերևահյութ ստանալու համար հումքը անց են կացնում մսաղացով և քամում մառլյայով, 1:10 հարաբերությամբ խառնում են գոլ ջիր հետ, ըստ համի` ավելացնում մեղր և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ տերևների հյութը խառնում են նույն քանակի մեղրի հետ, եփում 20 րոպե և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Տերևների մանրացրած փոշին կարելի է ընդունել 1-ական գրամ, օրական 4 անգամ` գոլ ջրով: Տնային պայմաններում սերմերից սպեղանի պատրաստելու համար տրորված սերմերը` 1:2 հարաբերությամբ, խառնում են աղի, խոզի ճարպի և հացի միջուկի հետ ու դնում թարախապալարների վրա:

Տերևներից 10%-անոց քսուք պատրաստելու համար լավ մանրացրած չոր հումքը խառնում են դեղձի յուղի և վազելինի հետ: Պլանտագլյուցիդը բաց է թողնվում 50 գ-անոց սրվակներով: Այն, 0,5-1 թեյի գդալ լուծում են 1/4 բաժակ գոլ ջրի մեջ, ըմպում 20-30 րոպե ուտելուց առաջ` օրական 2-3 անգամ: Մեր անձնական փորձը ցույց է տվել, որ այս դեղանյութի արդյունավետությունն ավելի է բարձրանում, երբ այն ընդունում են գոլ վիճակում, հիդրոկարբոնատային հանքային ջրերով, ինչպիսիք են «Դիլիջանը», «Բջնին», «Արզնին», «Բորջոմին» և այլն:

Եզան լեզվի հյութը դեղատներում բաց է թողնվում 250 մլ-անոց շշերով: Այն ընդունում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ, լուծված 1/4 բաժակ գոլ ջրի մեջ:

Այլ օգտակար հատկանիշները

Բույսի մատղաշ տերևները երբեմն օգտագործում են սալաթի ձևով կամ սուպի մեջ: Կանաչ վիճակում բույսը ուտում են միայն ոչխարներն ու ուղտերը, իսկ խոտի հետ` գյուղատնտնեսական բոլոր կենդանիները: Դաբաղանյութերի շնորհիվ հումքը կաշվին տալիս է ճկունություն և ամրություն: Եղած պաշարներն ավելի ռացիոնալ օգտագործելու նպատակով վերջին տարիները եզան լեզուն մշակվում է առանձին տարածքներում:

Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

Աղբյուրը՝ med-practic.com

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…

Գորիսի տարածաշրջանի տոհմանունների ձևավորման շերտերը

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները,…