Ծառատունկ Աղավնո գյուղի Արիավան թաղամասում

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

 

Յուրաքանչյուր տարի գարնանը և աշնանը Քաշաթաղի շրջանում իրականացվում են սանմաքրման, կանաչապատման աշխատանքներ, ծառատունկի միջոցառումներ: Վերջերս Բերձոր քաղաքի մոտակայքում ստեղծվեց մի նոր պուրակ, որը նվիրվեց Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին: ԵՊՀ ուսանողների կողմից տնկվեց 100 ընկուզենի և 10 թթենի: Անցած տարի՝ այս օրերին, շրջանի հարավային թևի Իշխանաձոր գյուղի՝ Ազատամարտիկների նորակառույց թաղամասի բնակելի տների և դպրոցի բակերում տնկվեցին մոտ 1000 մրգատու ծառեր: Այս տարի՝ նոյեմբերի 4-ին, Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից իրականացվեց ծառատունկ արդեն Աղավնո գյուղի նորաշեն Արիավան թաղամասում, որի շինարարությունը մեկնարկել էր 2014-ին մի քանի տասնյակ սփյուռքահայերի «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՌԻ-ARI) ընկերության ներդրումների ու Արցախի Հանրապետության կառավարության համագործակցության շնորհիվ: Մոտ 50 բնակելի նոր կառուցված տների բակերում տնկվեց 15-ական մրգատու ծառ՝ տանձենի, խնձորենի, կեռասենի, ծիրանենի, պնդուկենի և այլն: Ծառատունկին ներկա էր շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը՝ կնոջ՝ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և դստեր՝ Շուշիի հետ: Աստծոհաճո այս աշխատանքին մասնակից եղան Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիները՝ տնօրեն Անահիտ Քոսակյանի գլխավորությամբ, շրջվարչակազմի աշխատակազմի տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Սարգսյանը, Աղավնոյի բնակիչները: Ծառատունկն անցավ բարձր ու տոնական տրամադրությամբ: Աղավնոյի բնակիչները գոհունակություն էին հայտնում այս գեղեցիկ միջոցառումն իրականացնելու համար: Առավել ոգևորված էին աշխատում դպրոցականները, փոքրիկ երեխաները: Փոքրիկ Շուշին մոտ 15 ծառ տնկելուն մասնակցեց, գյուղի երեխաներն իրենց բակերում տնկիների համար փոսեր էին պատրաստում, ավագների, ծնողների հետ տնկում ծառերը, ջրում՝ հավատով, որ կվայելեն դրանց բերքն ու բարիքը: Լիբանանից Մայր հայրենիք է տեղափոխվել Վարուժան Դումբալյանը՝ կնոջ և դստեր՝ Բալիկի հետ: Արիավան թաղամասում նրանց նորակառույց տուն է հատկացվել, որի բակը, շրջվարչակազմի աշխատակիցների օժանդակությամբ, մաքրվեց արդեն չորացած խոտածածկույթից, և տնկվեցին մրգատու ծառերը: Երրորդ դասարանի աշակերտուհի Բալիկը երազանքն է դառնալ մանկաբույժ, ոգևորությամբ էր օգնում իրենց բակում աշխատող տարեցներին, հյուրասիրում կոնֆետներով: Խոստացավ խնամել և մշակել ծառերը: Ծառատունկն առիթ դարձավ նաև, որ բնակիչները բարեկարգեն իրենց բակերը, մաքրել էին թփերից, խոտից, որ դարձնեն այգի ու բանջարանոց: Ծառատունկն անցավ ուրախ երաժշտության հնչյունների ներքո, որն ապահովվեց Բերձորի «Բերձոր» ժողգործիքների երաժիշտների կողմից: Մշակութային մասին մասնակից եղան նաև բերձորցի դպրոցականները, գյուղի երեխաները: Բերձորի դպրոցից իններորդցի Արկադի Հակոբյանը մի քանի տների բակում մասնակցեց ծառատունկին: Ասաց՝ մարդկանց օգնելը լավ երևույթ է, և հավատացած է՝ իր տնկած բոլոր ծառերը երկու-երեք տարի անց կտան առաջին բերքը: Ոգևորված աշխատեց նաև 11-րդ դասարանցի Հմայակ Տոնոյանը, ում օգնությամբ մի քանի տասնյակ ծառ տնկվեց: Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանը հայտնեց գոհունակություն կատարված ծառատունկի համար, շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանին, բոլոր մասնակիցներին: Հույս հայտնեց, որ բնակիչները կխնամեն տնկիները և կունենան մրգատու այգի: Նորակառույց թաղամասն առայժմ չունի ոռոգման ջրացանց, ուստի այգիներն ու բանջարանոցները պետք է ոռոգվեն խմելու ջրով, որը բերվել է Աղավնո գետի մոտակա՝ գյուղից մոտ 5կմ հյուսիս ընկած ջրակունքից:

 


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Բացօթյա թանգարաններում՝ հազարամյակների պատմական հնավայրերում

«Մեր եկեղեցիները, մեր ավերակները մեզ համար նվիրական են և մեր ամբողջ անցյալի գեղեցիկ կոթողը, որու…

Read More

Կուրաթ թագավորի ձորակում

Մեր երկիրը շատ հարուստ է պատմահնագիտական հուշարձաններով․ ցանկացած վայրում հնարավոր է գտնել, տեսնել խաչքար, տապանաքար…

Read More

Аксель БАКУНЦ молодой современный беллетрист Армении

Гаспарян Мартик Юрикович, член Научного совета РАН, Президиума и академик-секретарь Отделения Эконометрики, квалиметрии и проблем…

Read More

Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…

Read More