Սննդանուն պարունակող դարձվածքները Գորիսի /Սյունիք-Արցախ/ բարբառում

Մարթա Մարտունի Զաքարյան

Գորիսի պետական համալսարան, Հումանիտար և հասարակագիտականմասնագիտությունների ֆակուլտետ,  հայոց լեզվի և գրականության բաժին, մագիստրատուրա, առաջին կուրս /գիտ.ղեկ.՝ Մ. Քումունց/

Դարձվածքները ժողովրդի հոգևոր մշակույթի շտեմարանն են, որոնք արտահայտում են լեզվի ազգային ինքնատիպությունն ու յուրահատկությունը: «Դարձվածային միավորներում պատկերավոր մտածողության շնորհիվ իրենց արտահայտությունն են գտել ժողովրդի պատմական հարուստ կենսափորձը, նրա պատկերացումները օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների մասին, վերաբերմունքը՝ մարդկային հարաբերությունների նկատմամբ»[1]:

Թե՛ գրական հայերենում, թե՛ բարբառային տարբերակներում դարձվածքը խոսքին կենդանություն, դիպուկություն ու արտահայտչականություն հաղորդող կարևորագույն միջոց է:

Դարձվածքների և հատկապես սննդանուն պարունակող դարձվածաբանական միավորների հարուստ գանձարան ունի Գորիսի բարբառը, որոնց միջոցով կարելի է համապարփակ ու ամբողջական պատկերացում կազմել բարբառակիր հանրույթի արժեհամակարգի, աշխարհայացքի, հոգեբանության, կենցաղի պայմանների, պատմական կենսափորձի, սովորույթների ու ավանդույթների մասին:

Սույն ուսումնասիրության նպատակն է քննության առնել Գորիսի բարբառի սննդանուն պարունակող դարձվածքները (առավելապես հաց, ջուր, խնձոր բաղադրիչ ունեցող դարձվածքները), առնչությունը ավանդույթների հետ, առաջացման աղբյուրները, ժամանակի ընթացքում կրած իմաստային ու կառուցվածքային փոփոխումները: 

Սննդանուն պարունակող դարձվածքների բուն էությունը լիարժեք բացահայտելու համար անհրաժեշտ է դրանք քննել իրենց պատմական զարգացման մեջ, այլ կերպ ասած՝ պարզել, թե ինչ ձևով են առաջացել, պատմական զարգացման ճանապարհին իմաստային ու կառուցվածքային ինչ փոփոխությունների են ենթարկվել:

Դարձվածքի ծագման աղբյուրը նկատի ունենալով՝ լեհ լեզվաբան Ս. Սկոռուպկան դարձվածքները բաժանում է երկու խմբի՝ «բնական և պայմանական»[2]: Տեղին է նկատել, որ բնական են դարձվածային այն միավորները, որոնք զանազան լեզուներում ինքնուրույնաբար են առաջանում, և որոնց պատկերները արտացոլում են բնության երևույթները, կենդանական և բուսական աշխարհը, մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակները, իսկ պայմանական դարձվածքները պայմանավորված են տվյալ ժողովրդի զարգացման առանձնահատկություններով և արտացոլում են ազգային մշակույթի փաստերը:

Պայմանական դարձվածքների մի ենթախումբ են կազմում բարքերին, սովորույթներին, ծեսերին ու ավանդույթներին առնչվող դարձվածաբանական միավորները: Սննդանուն պարունակող դարձվածքների զգալի մասը (առավելապես հաց, ջուր, խնձոր բաղադրիչ ունեցող դարձվածքները) տեղ է գտնում հենց այս ենթախմբում:

  Հացը սրբություն է գորիսեցու համար: Պատահական չէ, որ խոսքի իրավացիությունը հասատատելու նպատակով վկա է բերվում հացը՝«էս հացը վըկա»:      Դա երդման ամենազորեղ ձևն է, երբ խոստում տվողը երբեք չի դրժում իր խոսքը: Հականիշ իմաստն արտահայտվում է մի||մին կըտօր հացի հա̈սրա̈թ մընալ(ապրուստի չնչին միջոցներից զրկվել)[3]դարձվածքով:

Գորիսեցու սեղանին պետք է առատ լինի ոչ թե մսեղենը, այլ հացը: Հացին տրվող մեծ նշանակությամբ են հավանաբար պայամանավորված Գորիսի բարբառում հաց բաղադրիչով կազմված դարձվածային արտահայտությունների առատությունն ու հաճախադեպ գործածումը: Իսկ դարձույթների առատությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղացին ճաշն անգամ հաց է անվանում: Այստեղից էլ՝ հաց շինէլ(իլ), հացի նըստէլ(իլ), հաց օտէլ(իլ)դարձույթների առաջացումը՝ «ճաշ պատրաստել, կերակուր եփել»[4], «ճաշել, սեղան նստել»[5], «ճաշել, նախաճաշել, ընթրել»[6] իմաստներով:

«Նոր բառագիրք հայերէն լեզուի» բառարանում հացը բացատրվում է նախ որպես «շաղուած, փռան մէջ եփուած ալիւրէ ուտելիք»[7], ապա «կերակուր, սեղան, ճաշ, կոչունք, ընթրիք»[8]: Բառարանում բերված դարձվածային օրինակից պարզ է դառնում, որ այն գործածվում է նաև ապրուստ իմաստով. հաց ի բերան վարձու գործել (ապրուստը վարձքի տեղ առնելով ծառայել)[9]:

Այս իմաստով հաց բաղադրիչը հանդես է գալիս նաև Գորիսի բարբառում, ինչպես՝  հացի տէր ինէլ(իլ)/տա̈ռնա̈լ (ապրուստի միջոցներ ունենալ, իր ապրուստը կարողանալ հոգալ)[10], հացի տէր շինէլ(իլ) (մեկին օգնել, օժանդակել, որ կարողանա իր ապրուստը հոգալ)[11], հացը (ծէրքան) խըլէլ(իլ) (ապրուստի՝ եկամուտի միջոցներից զրկել, պաշտոնից զրկել)[12], մի||մին կըտօր հաց (ապրուստի չնչին միջոց)[13], չօր հացի նըստէլ(իլ)-չօր տափին մընալ (ապրուստի միջոցներից զրկվել, աղքատության դուռը հասնել, անօթևան մնալ)[14]:

Գորիսեցու  կենցաղի անբաժան մաս կազմող արարողակարգ է հաց թըխէլը, որին ծառայել է թօրէնըև ոչ փուռը, ինչպես մյուս գավառներում էր ընդունված:

         Մինչ հաց թխելը նախ խմորը հասունանալուց հետո պո̈ւլո̈ւմ են(գնդում), ապա պո̈ւլերըշարում մէզարի վրա:

Պո̈ւլ գորիսեցին ասում է փոքրիկ խմորագնդին, այստեղից էլ՝ փոքրամարմին մարդուն պատկերավոր ձևով բնութագրում՝ պո̈ւլը կուճի (փոքրամարմին)[15], իսկ չափն անցնողին սաստում՝ պո̈ւլէրըտ կօխ մի՛  տու (չափդ մի՛  անցիր)[16]:

Գորիսում ընդունված սովորույթի համաձայն՝ ննջեցյալին հողին հանձնելուց հետո հուղարկավորներն ուղևորվում էին վերջինիս տուն՝ ժըմահացի: «Ժըմահացը տրվում էր տարենը մեկ անգամ, ամեն ընտանիքում նոր և հին ննջեցյալների հոգու փրկության համար՝ մեռելոցի օրը՝ նաև օրհնել տալով նրանց գերեզմանները: Թե՛  ժըմըհացին և թե՛ մէռէլօցներին չէր կարելի խմիչքի բաժակներն իրար զարկել, անհրաժեշտ էր դրա փոխարեն բաժակը ձեռքին՝ ձեռքը ձեռքին կպցնել՝ առանց ձայնի:  Ժըմահացը նախնական հասարակությունից որպես վերապրուկ մնացած համայնքային ճաշկերույթի հետքերն են, որոնք կազմակերվում էին թե՛ թաղման ծեսից հետո և թե՛ որևէ ուրախ ծեսերի առիթով»[17]:

Հուղարկավորներին հյուրասիրելու՝ հաց տալու այս ավանդույթից է առաջացել հաց տալ դարձույթը՝ «1)հյուրասիրել, կերակրել, 2)հանգուցյալի պատվին ճաշկերույթ կազմակերպել» իմաստներով:

Ինչպես վերը նշվեց, գորիսեցու խոսքում հաճախադեպ է հաց բաղադրիչով կազմված դարձվածքների գործածությունը: Հաց բառով է գորիսեցին բնութագրում արված լավությունը և ուրացողին դիպուկ բնորոշում՝ հացը վըննատակ տըվօղ (երախտամոռ, հյուրասիրությունը՝ լավությունը մոռացող՝ արհամարհող)[18]: Նույն իմաստն արտահայտվում է նաև ճո̈ւր բաղադրիչով կազմված դարձվածքով՝ ըխպիրա̈ն ճո̈ւր խըմէլ(իլ), ակնումը թըքէլ(իլ) (երախտամոռ լինել, լավությունը վատությամբ փոխհատուցել)[19]:

Այն ժամանակ, երբ գորիսեցին փորձանքից մի կերպ ազատվում է, հաջողությունը կապում է այն բանի հետ, որ աղքատին, կարիքավորին, հյուրին երբևէ կերակրել է, և ինքն իրեն հարցնում է. հում է՞մ մի||մին թիքյա̈  հաց տըվալ[20]: Դարձվածքի զարգացման ճանապարհին թիքյա̈ն փոխարինվել էկըտօրբառով՝ հո̈ւմ է՞մ մի||մին կըտօր հաց տըվալ:

Տեղացին նույնիսկ սոցիալական երևույթներն է բնորոշում հաց բաղադրիչով կազմված դարձույթներով: Արտագաղթի հետևանքով հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ընտանիքներում տղաները կնության են առնում ազգությամբ ռուս հարսների, և այդ ընտանիքի մասին (հաճախ հեգնորեն) ասում են. տըրանց «հացը խըլէբ ա տա̈ռա̈լ», այստեղից էլ՝ հացը խըլէբ ա տա̈ռա̈լդարձվածքի առաջացումը:

Ղարաբաղի բարբառում գործածվող «հացէն մաչին աղ չինիլ»դարձվածքի իմաստը Գորիսի բարբառում հաղորդվում է «հափռումը աղ չինիլ»դարձվածքով, որ գործածվում է «երախտիքը չգնահատվել»[21] նշանակությամբ:   

Ծայրահեղ աղքատ իմաստով գործածվող ցամաք հացի կարօտ/հա̈սրա̈թդարձվածքիկարօտ/հա̈սրա̈թ բաղադրիչներին զուգահեռ Ղարաբաղի բարբառում գործածական է նաևմօ̈ քյտա̈ջբառով կազմված տարբերակը. ցամաք հացու կարօտ/ հա̈ սրա̈ թ /մօ̈քյտա̈ ջ: Հարկ է նշել, որ մօ̈ քյտա̈ջ բառը նույն իմաստովգործածական է նաև Գորիսի շրջանի Խոտ գյուղի խոսվածքում:

         Քաղցրահամ աղբյուրներով հարուստ Գորիսում ջուրը տեղաբնիկների շրջանում ընկալվում է որպես մատչելի, հասանելի՝ այլ կերպ ասած էժան, այստեղից էլ՝ ճիրի գին (չափազանց էժան)[22] դարձույթը:

Երկար ճանապարհ գնացողի ետևից ջուր են լցնում՝ այդպիսով բարի ճանապարհ բարեմաղթելով. այստեղից էլ՝ դիբէտան ճո̈ւր ածէլ(իլ)դարձվածքը՝ «բարի ճանապարհ մաղթել» նշանակությամբ[23]:

Գորիսի բարբառում հաճախադեպ է ըշխադանքը ճո̈ւրը ածէլ(իլ)/քիցիլ, ըշխադանքը ճո̈ւրը ինգյէլ(իլ)/տա̈ռնա̈լդարձվածքների գործածությունը` «աշխատանքի արդյունքը ոչնչացնել, վաստակածը վատնել», «աշխատանքն իզուր՝ ապարդյուն անցնել, վաստակածը վատնվել»[24] իմաստներով: Զուգահեռաբար գործածվում է նաև գյօրծը ճո̈ւրը ինգյէլ(իլ)դարձվածային տարբերակը՝ նույն իմաստով[25]:

Ղարաբաղի բարբառում գործածվող կյըէտէն  պէրածը կյըէտը կըտանէ դարձվածքի իմաստը  Գորիսի բարբառում հաղորդվում է ճիրին պէրածը ճո̈ւրը կըտանի[26] դարձույթով:

Գորիսի բարբառում գործածվում են նաև դարձվածքներ, որորնցում հաց և ջուր բաղադրիչները հանդես են գալիս միասնաբար. հացաճիրա կըտըր(վ)էլդարձվածքը՝ «ախորժակը փակվել, ոչինչ չուտել և չխմել (հիվանդության ևն պատճառով)»[27]և հացճո̈ւր շինէլ(իլ) դարձվածքը՝ «հաց շինիլ» նշանակությամբ[28]:

Իսկ խըէլքը հացին նըհէտ օտիլ  (հիմարանալ, կշռադատելու ունակությունը կորցնել) դարձվածքի նշանակությունը հաղորդվում է նաև խէլքը ճո̈ւր կըտրէլ(իլ) դարձույթով:

Հնուց ի վեր կարմիր խնձորը սիրո և պտղաբերության խորհրդանիշ է եղել: Երիտասարդն իր հավանած աղջկան կարմիր խնձոր է ուղարկել: Վերջինիս կողմից խնձորն ընդունելը համարվել է համաձայնության նշան: Այս ավանդույթն իր արտացոլումն է գտել նաև ժողովրդական հեքիաթներում: «Թագավորի տղան» հեքիաթում կյանքի մայրամուտին մոտեցող թագավորն իր մոտ է կանչում երեք որդիներին, մեկական խնձոր տալիս նրանց և ասում. «Ամման մընըտո̈ւրա̈ ն խընձօ̈ րը ծէրքին քյ ինա̈ ցէք քըղաքին միչին մըն պո̈ւլօ̈ր կա, էն պո̈ւլօ̈րին կըլխան խընձօ̈ րնին թօլ ըրեք, խընձօ̈ րը հո̈ւր մըղակ ինգի, ընդըրա ախճիկը ուզէցէք»[29]:

Եվ  որդիները, անսալով իրենց հոր խոսքին, կնության են առնում հենց այն աղջիկներին, «հում տո̈ւռն ա ինգո̈ւմ խընձօ̈րը»[30]:

Այս ավանդույթից էլ առաջացել է դիբէտան կարմիր խընձօ̈ր ղարկիլդարձվածքը, որ առաջին իմաստով նշանակում է՝ «որպես  հավանելու երաշխիք ՝ աղջկան կարմիր խնձոր ուղարկել, եթե ընդունում է, ուրեմն համաձայն է», իսկ երկրորդ իմաստով՝  «հանդիսավոր հրավիրել»[31]: Այն հաճախ գործածվում է հարցական կամ ժխտական ձևերով՝ դիբէտատ կյարմիր խընձօ̈ ՞ր էք ղարկալ:

Գրական տարբերակում նույն իմաստը հաղորդվում է «Խոնչա՞ ենք ուղարկել ետևիցդ» դարձվածային արտահայտությամբ՝ «ինչո՞ւ ես  եկել, ո՞վ է քեզ հրավիրել»[32]:      Դարձույթային այս արտահայտությունը, սակայն, գորիսեցիների խոսքում չի հանդիպում: 

Երկու մարդու նմանությունը պատկերավոր արտահայտելու համար դիմում են մի||մինխընձօ̈ր՝մէչան կէս ըրած դարձվածքին, որն արտահայտում է «իրար շատ նման» իմաստը[33]:

Այսպիսով, վերը քննված օրինակները փաստում են, որ Գորիսի բարբառը, իսկապես, հարուստ է սննդանուն բաղադրիչով կազմված դարձույթներով, որոնք, տասնամյակներ շարունակ գործածվելով սերունդների կողմից, մոռացության չեն մատնվել: Իհարկե, կան դարձվածքներ, որոնք զարգացման ճանապարհին իմաստային ու կառուցվածքային ինչ-ինչ փոփոխությունների են ենթարկվել, սակայն զգալի մասը պահպանվել է և այսօր էլ շարունակում է գործածվել՝ փաստելով, որ Գորիսի բարբառը անչափ հարուստ բառագանձ և իմաստային հետաքրքրական իրողություններ ունի, որոնք կենդանի սնուցման աղբյուր են գրական հայերենի համար:

 

[1]Ա. Սուքիասյան, Ս.Գալստյան, Հայոցլեզվիդարձվածաբանականբառարան, Երևան, 1975, էջ 5:

[2]С. Скорупка, Фразеологические идиоматизмы в польском языке и их происхождение («Славянская филология», 1958, № 3, с. 125—147).

[3]Ար. Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան, Երեւան, 2013, էջ 521:

[4]Նույն տեղումէջ 418:

[5]Նույն տեղում:

[6]Նույնտեղում:

[7]Ս. Գաբամաճեան, Նորբառագիրքհայերէնլեզուի (այսուհետ՝ՆՀԲ), Կ. Պօլիս, 1910, էջ 798:

[8]Նույն տեղում:

[9]Նույն տեղում:

[10]Ա. Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան, Երևան, 2013, էջ 418:

[11]Նույն տեղում:

[12]Նույն տեղում:

[13]Նույնտեղում, էջ 521:

[14]Նույն տեղում, էջ 600:

[15]ույն տեղում,  էջ 637:

[16]Նույն տեղում:

[17]Ս. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, էջ 213:

[18]Ա.Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան,  էջ 418:

[19]Նույն տեղում, էջ 34:

[20]Նույն տեղում, էջ 444:

[21]Ա.Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, էջ 419:

[22]Նույն տեղում, էջ 479:

[23]Նույն տեղում, Էջ 423:

[24]Նույն տեղում, էջ 54:

[25]Նույն տեղում, Էջ 401:

[26]Նույն տեղում, էջ 479:

[27]Ա.Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Էջ 418:

[28]Նույն տեղում:

[29]Ա. Նազինյան, Մ. Առաքելյան, Հայժողովրդականհեքիաթներ, հ. 7,   Երևան, 1979, էջ 417:

[30]Նույն տեղում:

[31]Ա. Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան,  էջ 423:

[32]Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, ՀրաչյաԱճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, 1972, հ. 2, էջ 549:

[33]Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, էջ 521:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…