Գորիսի և Ղարաբաղի բարբառների հոլովական համակարգը

Մարթա Զաքարյան

ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության 3 -րդ կուրս

 

Գորիսի բարբառը պատկանում է –ում ճյուղին և հայերենի` ներկայումս կենդանի և մեծ հանրություն ընդգրկող բարբառներից է, խոսվում է Գորիսի շրջանի բոլոր գյուղերում և Գորիս քաղաքում, ինչպես նաև Սիսիանի և Կապանի որոշ գյուղերում: Այն խիստ տեղայնացված բարբառ է և ընդգրկում է որոշակի աշխարհագրական միջավայր: Համընկնում է պատմական Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառին` ներառելով նաև մերձակա Ծղուկ(ք)   կամ Բաղք գավառներին պատկանող բնակավայրեր: Ստ. Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» աշխատության մեջ նշում է, որ նախամոնղոլյան ժամանակաշրջանում Սյունիքի գավառներից Բուն Զանգեզուրը համընկնում էր Հաբանդ գավառին, որին արևմուտքից սահմանակից էր Ծղուկը` այժմյան Սիսիանը, իսկ հարավից Բաղքը` այժմյան Կապանը: Թ՛ե աշխարհագրորեն, թ՛ե տնտեսական կյանքի տեսակետից նա առավել սերտ կապեր ու շփումներ է ունեցել Արարատի և հատկապես Ղարաբաղի հետ:

Սյունիքը ողջ Հայաստանի հետ միասին բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակություններին, բայց տեղի հայությունը հերոսաբար մաքառել է` պահպանելով իր գոյությունն ու լեզվի անաղարտությունը, որ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Դա ամենից առաջ վկայում է Կորյունը, որը, նկարագրելով Սյունիքում մեծն Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը, նշում է. «Եւ ժողովեալ զմանուկս առ ի նիւթ վարդապետութեանն, առաւել զգազանամիտ զվայրենագոյն զճիվաղաբարոյ կողմանցն»: Այս որակումը հուշում է այն մասին, որ Սյունիքը ունեցել է իր «սեփական» ու ինքնուրույն լեզուն կամ բարբառը:

Ինչպես ամեն մի տեղական բարբառ, այնպես էլ Գորիսի բարբառը ունի իր հնչյունական, քերականական ու բառապաշարային կուռ և հաստատուն համակարգը:

Ինչպես արևելահայ աշխարհաբարում և « ում » ճյուղին պատկանող բարբառներում, այնպես էլ Գորիսի և Ղարաբաղի բարբառներում հոլովները յոթն են` ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական և ներգոյական:

Ուղղականը համընկնումէ բառի ուղիղ ձևին: Գործ է ածվում և՛ առանց հոդի, և՛ հոդով: Նախադասության մեջ գլխավորապես լինում է ենթակա: Քէրծէրը փօլ էն յէկալ, տա̈ռա̈լ ծօ̈րէրը: Ախպո̈ւրը ցըմաքալ ա:

Ղարաբաղի բարբառում ևս ուղղական հոլովում բառը վեջավորություն չի ստանում` պըտըրհան, չա̈մինչ: Աղվեսը գյուդո̈ւմ ա թա մարդը վըեր ո̈ւրա̈ն  մըեխկը չի եկալ, ծըքյերին մըեխկը կըկյա: Մին ծերքը ծափ չի տալ: Փիս օրը կըլըվանա, ամա փիս մարթը լըվանալ չի: Թամքած էշը ծի չի տըեռնալ: Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:

 Հոգնակի ուղղականը կազմվում է –ըէր կամ –նըէր, ինչպես նաև էրք, անք, էրանք, նէ մասնիկներով: Վերջինը գործածական է հատկապես Շուշի քաղաքում`տղէրք, հօրանք, ըխճկէրք, սխալնէ:

Սեռական հոլովը Գորիսի բարբառում ևս պատկանելություն է ցույց տալիս և հիմնականում ձևավորում հատկացուցչի պաշտոնը: Ի տարբերություն գրական արևելահայերւենի`մեծ մասամբ գործ է ածվում որոշիչ հոդով: Արտաքին ձևով նման է տրականին և անձ նշանակող հայցականին`ծառին տիրիվնէն չուրացալ էն: Ախպօրը խօխօրցը լա̈վ  ա̈  յէշո̈ւմ:

Ղարաբաղի բարբառում եզակի սեռականը և տրականը նույն ձևն ունեն, կազմվում են ըէ վերջավորությամբ`պըտըրհանըէ, ըխկատըէ (պատուհանի, աղքատի): Արագ արտասանության դեպքում այն պարզապես Է է հնչում` ըխկատէ, պըտըրհանէ: Աստված բառի սեռականը կազմվում է ու մասնիկով` ըստուձու:  Այսպես նաև ի-ով վերջացող բառերը`կյա̈րո̈ւ, ճօ̈րու: Ուղղականում ու-ով վերջացող բառերը սեռական հոլովում դարձյալ ու են ստանում, բայց վերջինիս ազդեցությամբ նախորդ ուվ-ի է վերածվում`լիզվու, ըռվու: Մի խումբ բառերի սեռական հոլովը կազմվում է ա մասնիկով`կընկա, ըխչըկա: Այս բառերի մի մասը կարող է ստանալ նաև ան մասնիկը`կընկան, ըխչըկան: Գրաբարյան –ն վերջնահնչյուն ունեցող բառերի սեռական-տրականը կազմվում է երկու ձևով`գրաբարյան`թօռան,  յէզան, մատան, ինչպես նաև՝ տօ՛ռնըէ, յէ՛զնըէ, մա՛ննըէ: Ժամանակ ցույց տվող բառերի սեռական-տրականը կազմվում է վա մասնիկով`օրվա, ամըսվա: Կարող է ստանալ նաև ն մասնիկը՝ օրվան, ամըսվան: -Ություն ածանցով վերջացող բառերի սեռ.-տր. հոլովը կազմվում է ու մասնիկով` մծըթունու: Հայր, մայր, քույր, եղբայր և մի շարք բառերի սեռ.-տր. հոլովը հետևյալ ձևն ունի`հօր, մօր, քվօր, ախպօր և այլն: Ըտրան էլ ըն նըստըցնում ստոլեն, վեր հաց օտի:

Հոգնակի սեռ.-տր. հոլովաձևը կազմվում է –էրի, -նէրի նաև անց, էրանց, էրքանց մասնիկներով` հօրանց, մօրանց, քվօրանց:

Ուջախեն մոխերը քամուն չըն տալ: Սևեն սապունը հինչ անե, պելեն խրատը՝ հի՞նչ: Պըելեն կըլոխ տընողն ա պել:

Գորիսի բարբառում տրականը արտաքին ձևով նման է սեռականին և անձ նշանակող հայցականին, բայց դրանցից արմատապես տարբերվում է իր արտահայտած հոլովական նշանակությամբ կամ հարաբերությամբ, ինչպես` Ծէրքը տիրա̈լ ա կըլխէն: Ճո̈ւրը կուճօրին, խօսկը մէծին: Նոբաթը հասավ խուխին:

Հայցականը ինչպես արևելահայ աշխարհաբարում, այնպես էլ Գորիսի բարբառում անձի առման դեպքում նման է տրականին, իսկ իրի առման դեպքում`ուղղականին: Քա̈ցա̈լ ա̈վօրսի, մըն կաքէվ, մըն ղուշ, մըն աղվես ըսպանալ: Պաղարճը թխում են, տա̈ռնոո̈ւմ ա տըսներկու հատ, ճըղացին պատին տակին շարում են: Պառավը տո̈ւռնը պա̈նում ա, մընում արմանք-զարմանք կտրած:

Հայցական հոլովը նույն կերպ է կազմվում Ղարաբաղի բարբառում. հարիւր մանէթ յա մին զատ պակաս տամ ըմ: Սապօժնիկը համ ասըմ ա, համ էլ ա̈րա̈ղը ո̈ւրու̈ր հըետա ածըմ: Արկաթը տաք-տաք կըթակին: Վարդը սիրողը փոշն էլ կսիրի: Ճոտերը աշունքն ըն հըմբարում:

Գորիսի բարբառում բացառականը կազմվում է երկու ձևով` համադրական և վերլուծական: Բացառականի համադրական ձևը կազմվում է ան//ա̈ն հոլովական մասնիկով, որն այլ բան չէ, քան գրաբարի եզակի բացառականի –է վերջավորությունը` ն հոդով: Խելքան թիթէվ մարդ ա:Մեզ մըտկատ քիցէս վէչ:Շընէրան հէռու կաց:

Բացառականի վերլուծական ձևը կազմվում է գոյականի սեռականի ձևից և -անա անջատ մասնիկով, որն էլ, անշուշտ, սերում է գրաբարյան որոշ դերանունների բացառականի անէ վերջնամասից (սա-ի սմանէ, նա-ի նմանէ,այս-յայսմանէ,այն-յայնմանէ):

Բացառականի հիշյալ վերլուծական ձևը հատուկ է հիմնականում անձ և կենդանի նշանակող գոյականներին, ինչպես` մարթիանախօսա: Էտ ծիինանա հի՞նչ էս օզում:

Վերլուծական ձևը ընդգծում է անջատականության գաղափարը` Շանան վախումա և Շանը անա վախում ա :

Անձնանիշ որոշ գոյականների բացառականը կազմվում է միայն վերլուծական ձևով, ինչպես`ախպօրը անա (բայց ոչ` ըխպէրան), ապուն անա, այուն անա:

Բացառականի վերլուծական ձևը ոչ լայն ծավալով արտահայտվում է նաև իր և անձ նշանակող գոյականների սեռականով և նէստա (ն) բառ-մասնիկով, որ նէստ բառի բացառականն է. Պատին նէստան ա կցալ: Խօխօրցը նէստան հի՞նչ էս օզում: Այլև`Հացը նէստա տօ:

Ղարաբաղի բարբառում բացառականի մասնիկն է ա-ն, որ ծագում է գրաբարյան է-ից` մծօթունա, ծէռքա, թօրքա: Ավելի սովորական է –ան մասնիկի գործածությունը`ցօրնան, հացան, ծէռքան: Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե: Ու-ով վերջացող բառերի բացառական հոլովում այդ ու-ն վերածվում է վ-ի`  լիզվան, առվան: Հայր, մայր, քույր, տուն, շուն բառերի բացառականը կազմվում է սեռ.-տր. հոլովաձևից` հօրա, մօրա, քվօրա, շանա: Էս մարթը ետնան եկալ ա տռնիցը եշալ: Յըես ու տո̈ւ տո̈ւս կյանք էս աշխարհքաս քյինինք: Ճո̈ւրը ընգողը փըրփորան էլ կփռնե: Դե եկ էշը ցեխան հանե: Արջը ծըմական խռավալա, ծմակը՝ խաբար չի: Խոխան կործի տիր, հետան քյինա:

Հռնե ապան մինակ ա իլալ,

Դարդը սրտեն տենակ ա իլալ:

Էտ հիբ բուրդան բոյ քշեցեր,

Դարդը սրտան տեն քշեցեր:                                                            

Բացառականի նման գործիականը ևս ունի կազմության երկու ձև:   

Համադրական ձևը կազմվում է ուղղականից կամ տրականից ավ//ա̈վ հոլովական մասնիկով, որ գործիականի –ով վերջավորության ձևափոխությունն է: Որոշյալ առման դեպքում համադրական այդ ձևը անպայման որոշիչ հոդ է ստանում. Աշկավ աշկ չօնի: Կըլխավը շօռ ա կա̈մ:

Վերլուծական ձևը կազմվում է -անավ անջատ մասնիկով, որ, ծագումնաբանորեն կապվելով բացառականի համապատասխան ձևի հետ, առաջ է եկել գործիականի ավ (ով) վերջավորության համաբանությամբ: Գործիականում վերլուծական ձևեր են ունենում դարձյալ գլխավորապես շնչավոր առարկա (կենդանի) և անձ նշանակող գոյականները, ինչպես` Խօխան կատվին անավ ուրխանում ա: Մարթին անավ ա ըտըհէնց մէծ-մէծ խօսում:

Մասնավոր դեպքերում գործիականի վերլուծական ձևը կազմվում է սեռականից և նէստավ (ը) բառ-մասնիկից, ինչպես`Կէտին նէստավը անց ա կացալ:

Ղարաբաղի բարբառում եզակի գործիականը կազմվում է ավ մասնիկով, որը, ըստ Հրաչյա Աճառյանի, այժմյան ով մասնիկն է, որի ով-ի պատճառով դարձել է ա :Այս մասնիկը կարող է կցվել տարբեր հոլովումների պատկանող բառերին`հացավ, օրավ, մծութունավ: Անկանոն հոլովման դեպքում բացառականի պես դրվում է սեռ.-տր. հոլովաձևի վրա: Ա-ով վերջացող բառերում գործիականի ավ վերջավորության ա ձայնավորը ջնջվում է`փէսավ, տըղավ (փեսայով, տղայով) նույն կերպ և ի-ով վերջացող բառերի դեպքում`կինավ, կ(յ)արավ (գինիով, գարիով): Ն վեջնահնչյուն ունեցող բառերը կորցնում են ը ձայնավոը` թօռնավ, յէզնավ, ծիւկնավ:

Գորիսի բարբառում ներգոյական հոլովը նույնպես ունի  համադրական և վերլուծական ձևեր:

Ներգոյականի համադրական ձևը կազմվում է ում//ու’’մ  վերջավորությամբ և մեծ մասամբ գործ է ածվում որոշյալ առմամբ`կըլխումը խելք չկա:

Ներգոյականի վերլուծական ձևը, որ սակավ գործածություն ունի, կազմվում է գոյականի սեռականից և անում//անըմ կամ նէստում բառ-մասնիկից`Կընանօցը անա հու՞վ ա ըսէնց պա¨ն տէսալ:Քու խօխօրցըտ անում էտ մինը ինէր վէչ:

Ղարաբաղի բարբառում եզակի նեգոյականի մասնիկը ումն է`հացում, ցորնում: Ա և Ի ձայնավորներով վերջացող բառերի ներգոյականում բերջիններս ընկնում են ում մասնիկի առաջ` վըէսկում, ճօրում: Էշը ըխպըհարումը թավալ ա տուվալ, թօզը մըզանավ ածալ: Օխտը հինջի տղան վեր ծնվեց, տարան ժամումը կնքեցին: Արջը անտառումը՝ կաշին մի ծղատի: Խոսկը պիրանումըտ իփի,  ետնան ասե: Հոգնակի բացառական,գործիական,ներգոյական հոլովները կազմվում են ան,ավ և ում մասնիկներով` տղերքան, շներքավ:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…

Գորիսի տարածաշրջանի տոհմանունների ձևավորման շերտերը

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները,…