Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։
Գրքի մյուս հատվածները կարելի է տեսնել՝
Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը։
Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին
Գորիս[1] քաղաքը գտնվում է Գանձակի նահանգի Զանգեզո[2] գավառի կենտրոնում, Շուշվա հարավ-արևմտյան կողմը` 88 վերստ հեռավորության վրա: Գորիսը շրջապատված է հարավից՝ Քարահունջ, արևելքից՝ Ըրղունիշեն[3], Խնձորեսկ, Քարաշեն և հյուսիսից՝ Վերին Գորիս հայկական գյուղերով, որոնցից ամենահեռուն 10-ը, իսկ ամենամոտը՝ 2,5 վերստ հեռավորություն ունի Գորիսից:
Ավելի նեղ, բնական սահմաններն են Թամքի-խու[4], Լաստի-խութ[5] սարերը և Շաքաբլու-քոլ[6] ու Կապի-քոլ[7] անտառները:
Գորիսը տարածվում, մեծանում է հարավից հյուսից, մի կաթսայաձև հովտում, որի հյուսիսային կողմից Վերին Գորիսի սարից, Ակն կոչված ակունքից դեպի հարավ է հոսում Գորիս գետակը և Գորիս գյուղը բաժանում է քաղաքից: Քաղաքը բռնում է աջ, իսկ գյուղը՝ ձախ ափը:
Բացի անտառները, բաղերը և խոտառատ չիմանները, Գորիսն իր շրջակայքով հարուստ է վճիտ և սառնորակ աղբյուրներով: Քաղաքի հյուսիսային կողմում՝ մեկ ու կես վերստ հեռավորության վրա, Շորին-ձոր կոչված տեղում առատությամբ հանքային Թթու-ջուր է հոսում, որի մասին բժշկական վերլուծումը շատ նպաստավոր կարծիք է հայտնել, որպես օգտակար խմելիք՝ ստամոքսային հիվանդությունների ժամանակ: Բաղադրությամբ մոտ է Նարզանին և Բորժոմին և չափից դուրս ախորժակահամ է[8]:
Գորիսը ներկայումս բռնում է 67-70 դեսյատին տարածություն: Քաղաքը, մանավանդ հեռվից շատ գեղեցիկ տեսք ունի, փողոցները լայն և կանոնավոր, տները փողոցների վրա շինված, երկհարկանի, պինդ քարաշեն պատերով: Փողոցների լայնությունը 8-10 սաժեն է:
Գորիս քաղաքի տեղը սկզբում եղել է վարելահող, ջրովի չիմաններ (մարգագետիններ) և ճահճային խոտատեղեր: 1860-ական թվականներին Գորիս գյուղից մի քանի հարուստ տներ, տեսնելով այդ հարթ և գեղեցիկ տարածությունը, ուր իրենց արտերն ու չիմաններն են գրավում, այդ տեղերում հատուկտոր շինություններ են սկսում շինել, որոնք հետզհետե օրինակ դառնալով և ուրիշներին: Նոր Գորիսը ընդարձակվում է գավառիս և ուրիշ գյուղացի վերաբնակիչներով: Սկզբնական տեղափոխված ընտանիքներից են՝ Մելիք-Հուսեյինյանները, Միրումյանները, Տեր-Մինասյանները, Բաղիրյանները և Խնձորեսկ գյուղից Լալազարյանները, որոնք մինչև օրս էլ ունեն մի շարք մեծ-մեծ տներ և խանութներ:
Դեռևս 1868 թ., Ջավադ-բեկ Հարությունյանի օրով է բացված գավառական վարչությունը (Уездное управление), որին կից է և զինվորական ատյանը: Նույն թվից գոյություն ունի և Զանգեզուրի հաշտարար դատարանը, որի ծառայողներից մի քանիսը հայեր են: Սկսած 1875 թվից, Մեղրու շրջանի հաշտարար դատավորը ևս Գորիսում է նստում (առաջ՝ Արծվանիկն էր) և 3-4 օրվա հեռավորություն ունեցող գյուղերի դատն է վարում: Այդ վարչությունը շատ անհարմար կերպով է Գորիսում տեղավորված և ինչպես ասում են, առաջին դատավորի քմահաճույքի պատճառով է բերված այստեղ, որպես ավելի լավ շրջան: Գորիսում են նստում գավառամասերի քննիչները և հաշտարար միջնորդները:
Գորիսը պատկանում է Զանգեզուր գավառի 2-րդ գավառամասին (ամբողջ գավառը բաժանված է 4 մասերի):
Սկզբնական շինություններից է 1876թ. կառուցված պետական տարրական դպրոցը, որն այժմ գտնվում է խարխուլ և փլված դրության մեջ, իսկ դպրոցը տեղավորված է վարձովի շինության մեջ: Նույն 1876 թվին է շինված գավառիս բանտը, որն ունի մոտ 60 նկուղներ և միջանցքներ: Բանտը շինված է աղյուսից, երկհարկանի ամուր շինություն է, քարե բարձր պարիսպով: Բանտը գտնվում է քաղաքի հարավային ծայրում, որտեղ սկսվում են այգիներն ու թթենու բաղերը: Բանտարկյալների միջին թիվը 80-100-ի է հասնում:
Նույն թվականից Գորիսում նստում է նաև հետևակ զորքի տեղական վաշտը՝ 60-70 զինվորներով ու սպայով:
Փոստային բաժանմունքը գոյություն ունի 1870 թվից, որը 1910թ. վերածվեց գրասենյակի (կոնտորա): Անցյալ տարիներում փոստը Շուշուց ստացվում էր շաբաթը երկու անգամ միայն, իսկ անցյալ աշնանից սկսած, շնորհիվ ներկա փոստապետ պ. Տ.Ս.Մուսեաչենկոյի, շաբաթական երեք անգամ է ստացվում: 1892 թվից Գորիսը հեռագրական հաղորդակցություն ունի Շուշու հետ, իսկ 1910թ. աշնանից՝ Ղափանի պղնձահանքերի հետ:
Գորիսից Հանքեր[9] փոստը գնում է շաբաթը երկու անգամ, այն էլ ձիով բեռնավորված:
Զանգեզուրի գյուղական հիվանդանոցը նույնպես Գորիսում է գտնվում 1888 թվից սկսած: Հիվանդանոցը ունի մի բժիշկ (հայ), երկու ֆելդշեր և մի մանկաբարձուհի:
Արքունի գանձարանը 1881 թվից Գորիսում է, ծառայողներից 5 հոգին հայեր են:
***
Գորիսը 1902 թվից ունի կլուբ (ակըմբանոց), որը բացված է շնորհիվ ժամանակի գավառապետ Պֆելլերի: Ամենալավ և կենտրոն տեղում ռուսներն ունեն մի քարաշեն փոքր եկեղեցի` Սբ.Նիկողայոս անունով: Եկեղեցին և քահանայի բնակարանը բանտի շինության մոտ են շինված, այն էլ քաղաքի միջոցներով` դարձյալ պ.Պֆելլերի շնորհիվ: Եկեղեցու և քահանայի բնակարանի համար քաղաքը ծախսել է մոտ 25 հազար ռուբլի: Ռուսները ունեն մի քահանա:
Հայերը ևս ունեն եկեղեցի, որի հիմքը դրված է 1887 թվին և շինությունը իբր թե ավարտվել է 1903թ.: Եկեղեցին կոչվում է Սբ.Լուսավորիչ, ունի գեղեցիկ տեսք և սրբատաշ քարերից շինվածք:
Մի քանի հարուստ ընտանիքներ, իրենց տների մոտ են քաշել եկեղեցին և շատ անհարմար տեղ կառուցել: Եկեղեցին հարուստ է միմիայն քահանաներով, որոնց թիվը 5-ի է հասնում և ոչ մեկն էլ միջնակարգ կրթություն չունի: Քահանաները հովվում են նաև գյուղամասը և հերթով հաճախում այնտեղի եկեղեցին: Հայոց եկեղեցին չունի պարսպապատ բակ և դարպաս. մուտքը ազատ է ամեն տեսակ մարդկանց ու ընտանի կենդանինների համար: Գմբեթ նույնպես չունի եկեղեցին, գմբեթի տեղը ժամանակավորապես (երևի մշտապես) ծածկված է թիթեղով:
1907 թվից Տաթևի Վիճակի հոգևոր կառավարչությունը Գորիս է տեղափոխված, երեք հաջորդական տարի է աթոռը թափուր է, կառավարչությունը տեղավորված է վարձովի շինության մեջ:
Հայոց եկեղեցական ծխական դպրոցը, որը գոյություն ունի 1890 թվից, սկզբում շատ լավ վիճակ և ապահով դրություն ուներ, իսկ այժմ շատ անապահով դրության մեջ է: Դպրոցում սովորում են երկսեռ մանուկներ: Սեփական շինություն չունի դպրոցը, այլ տեղավորված է շուկայում՝ Պասաժի մի քանի խանութներում:
Հայտնի բարեգործ Առաքել ապեր Ծատուրյանի եղբոր՝ (այժմ հանգուցյալ) Միրզա Ծատուրյանի ցանկությամբ՝ 1910թ. հիմք է դրված կենտրոնական դպրոցի շինությունը՝ իր և կնոջ հիշատակին, որի հիմքերը սակայն հողից դեռ չեն բարձրացել: Լսում ենք, որ հագուցյալի որդիքը մտադիր են իրենց հոր միակ հիշատակը ի կատար ածել:
Գորիսը զուրկ է գրադարան-ընթերցարանից: Դեռևս 2 տարի առաջ գոյություն ուներ 1906 թվից բացված գրադարան-ընթերցարանը, որը փակվեց միջոցների խիստ սղության պատճառով, և որ ամենագլխավորն է, շնորհիվ հասարակության քար անտարբերության: Ներկայումս նման գրադարան-ընթերցարան ունենալ է ցանկանում Կ.Հ.Բ. ընկերության տեղիս ճյուղը, որը թևակոխում է իր գոյության 3-րդ տարին: Գրադարան-ընթերցարանի նախկին վարիչները իրանց գրադարան-ընթերցարանի բոլոր գրքերը և այլ իրերը սիրահոժար կերպով տալիս են ապագա բացվելիք այդ գրադարանին:
Գորիս ավանը քաղաքի է վերածված 1904թ., գավառապետ Պֆելլերի շնորհիվ: Եվ իսկապես Գորիսն իր ներկա դիրքով, գեղեցկությամբ պարտական է միմիայն շինարար, մաքրասեր Պֆելլերին:
Գորիսը հիշյալ թվից ունի քաղաքային ինքնավարություն. առաջին քառամյակի քաղաքագլխի ծուլության և անպետքության պատճառով Գորիսը շատ քիչ փոփոխություն և շենություն տեսավ: Եթե ներկա՝ երկրորդ քաղաքագլխի օրով էլ նույն անտարբերությունը և թմրությունը տիրե, Գորիսը շատ մեծ կորուստներ կունենա: Երկրորդ քաղաքագլուխը ճանաչված է որպես անկաշառ, լուրջ գործող և որ գլխավորն է՝ շինարար անձնավորություն:
Քաղաքի վերահսկիչը, փողոցապահները բոլորն էլ հայեր են:
Տների թիվը մոտ 250 է: Բնակիչների թիվը հասնում է 4500-ի, մեծամասնությունը հայեր են:
Ռուսները վարում են պետական պաշտոններ, եղած մի քանի վրացիք՝ նույնպես:
1908 թվից քաղաքումս գոյություն ունի պ.պ. Ասատուր Գևորգյանի և Մեսրոպ Փարսյանի «Սասուն» տպարանը, ուր տպագրվում են պետական հաստատությունների, դպրոցների և այլ պատվերները: Տպագրվում են հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով:
Գորիսը առևտրական քաղաք է շնորհիվ շրջապատի հարյուրավոր հայ և թուրք գյուղերի, որոնք իրենց մանր առևտուրը անում են Գորիսից: Շուկան ունի մոտ 200 խանութ: Առևտուրը գլխավորապես հայերի ձեռքին է: Կան առևտրականներ, որոնք մոտ 100 հազար ռուբլու շրջանառություն ունեն տարեկան:
Քաղաքումս 1893 թվից գոյություն ունի մի դեղատուն (ապտեկա), որը պատկանում է պ.Ա.Միրումյանին: Նույն պարոնին է պատկանում 1909 թվին հիմնված լիմոնադի գործարանը:
Երեք տարի է, որ Գորիս քաղաքը, շնորհիվ համանուն գետի, ունի էլեկտրական լուսավորություն՝ «Լույս» ընկերություն անունով: Փողոցները լուսավորված են առատորեն և խիստ մոտ-մոտ ճրագներով:
Գորիսի կյանքը ձմեռ ժամանակ շատ անտանելի և թմրած է լինում, սակայն գարնանն ու ամռանը կյանքը կենդանանում է շնորհիվ ամառանոցավորների, որոնց մեծամասնությունը տեղացի դրսի ուսանողներն են կազմում: Որքան հրաշալի է ամառ ժամանակ մեր քաղաքին կպած այգիներում, բաղերում և սառն աղբյուրների կողքին ժամանակ անցկացնելն ու զբոսնելը: Իսկ երեկոներն ամեն տուն իր դիմացի մրգատու ծառերի ստվերում նստում է թեյ խմելու:
Գորիսը կարիք ունի միջնակարգ դպրոցի. գիմնազիան և կամ պրոգիմնազիան անհրաժեշտ են, սակայն ասում են, որ եկող աշնանից քաղաքային դպրոց է բացվելու:
Չունենք կրթված երիտասարդություն. վաճառականների տիպը հին է, կան դեմքեր, որոնք Քավոր Պետրոսին մոռացնել կտան:
Մոտիկ անցյալում՝ 1909թ. դեկտեմբերի 5-ից մի խումբ երիտասարդների աջակցությամբ և խմբագրությամբ պ. Սիմոն Տեր-Մինասյանի[10] Գորիսում հրատարակվեց «Գավառ» շաբաթաթերթը, որը շատ մեծ ընդունելություն գտավ, մանավանդ պանդուխտ զանգեզուրցիների կողմից: Բաժանորդների թիվը հասնում էր 600-ի Սակայն «Գավառի» վերջին համարը 1910թ. դեկտեմբերի 5-ին լույս տեսնելուց ուղիղ մի տարի հետո խմբագրի քաղաքիցս հեռանալու պատճառով «թաղվեցավ, թաղելով իր հետ և մի խումբ երիտասարդների սիրտն ու հոգին, նոցա բուռն եռանդն ու ջանքը»: «Գավառը» լավ տեղ ուներ մեր պարբերական մամուլի շրջանում, իբր գավառական թերթ: Թերթի անսպասելի դադարումը շատ ցավ պատճառեց ինչպես խմբագրին, նույնպես և ընթերցող հասարակությանը:
Գորիսը ունի ստվար խումբ ուսանողներ, որոնք ցրված են Ռուսաստանի զանազան քաղաքներում և արտասահմանում:
Գորիսն իր ապրանքները ստանում է գլխավորապես Մոսկվայից, Թիֆլիսից և Շուշուց՝ Գորիս-Շուշի խճուղու վրայով, ֆուրգունների ու սայլերի միջոցով: Եկող գարնանից խճուղի է դարձվում և դեպի Ղափանի հանքերը տանող ճանապարհը: Եվ, ինչպես լսեցինք, Ղափանի պղնձի հանքատեր ֆրանսիական ընկերությունը, իրավունք է խնդրել պետությունից, Շուշուց Գորիս և Ղափան ավտոմոբիլային հաղորդակցություն մտցնելու:
Եթե բախտ ունեցանք մինչև Շուշի երկաթուղի ունենալու, այդ դեպքում Գորիսը օրօրի վրա կծաղկի ու կառաջադիմի և նրա բնության գեղեցիկ տեսարանները, հնությունները, Տաթևը, Սատանի կամուրջը և այլն դեպի իրենց կգրավեն ամառանոցավորների մեծ բազմություն:
[1] Տիգրան Սազանդարյան, «Համառոտակի ուսումնասիրություն» «Ղարաբաղ», Շուշի, հ-7, 22. 01.26.1912թ., և հ-8, 29. 01.1912թ.:
[2] Հին Ձագեձորը, ըստ ոմանց Ձագ նահապետի կամ Ձագերու-ձորի անվան հետ է կապված: Մենք ավելի հավանական ենք համարում Գորիսից հյուսիս գտնվող Ծակերի-Ձոր անունից ստացած լինի Ձագեձոր կոչումը: Տ.Ս.
[3] Ավելի գործածական է եղել Ալիղուլիշեն, ներկայիս Ազատաշեն:
[4] Թամք, բարձրությունը՝ 1700մ:
[5] Նաև Լաստի կալ, բարձությունը՝ ծովի մակարդակից՝ 1854մ:
[6] Շքեռաջուրի քոլ, թուփ: Ծագումը՝ շեք բառից:
[7] Կապի թուփ:
[8]Մեկ լինտրի քիմիական բաղադրությունը հետևյալն է. Окиси натра – 0.272, ..- .. калия – 0.0110, —.—калция – 0.150, — -магния – 0.006, Закис железа – следы, Сирной кислоты – 0.065, Хлора-0.040, Брома-следы, Иода- следы, Кремнозема- 0.030, Глинозема- следы:
Թթու ջրի վերլուծումը կատարվել է Թիֆլիսում 1910թ. սեպտեմբերի 9-ին, Գորիսեցի պ.Ալեքսան Միրումյանի ցանկությամբ, որի մոտ է գտնվում և բժշկական անալիզի թերթը: Ս.
[9] Կապանը:
[10] «Ղարաբաղ», 24. 06.1912թ., հ-45: «Ներսես քահանա Տեր-Մինասյանը խորին վշտով հայտնում է իր ազգականներին և ծանոթներին, որ ամսի 22-ին առավոտյան ժամը 1-ին Շուշիում հանկարծամահ եղավ սրտի պայթյունից իր թանկագին եղբայր ՍԻՄԷՕՆ ՏԷՐ-ՄԻՆԱՍԵԱՆԸ. Հանգուցյալի թաղումը կկատարվի կիրակի ամսոյս 24-ին Գորիս քաղաքում»:
Discover more from ՍՀՀԿ
Subscribe to get the latest posts sent to your email.

