Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։
Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը։

- ՔԱՇԱԹԱՂԻ ՎՏԱՆԳՎԱԾ ՀԱՅ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ԲԱՅԱՆԴՈՒՐՈՒՄ[1]
Մինչև 1918թ. Բայանդուրը մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի Տեղի տեղամասի մեջ: 1918 թվից (չհաշված 1920թ. հուլիսից մինչև նոյեմբերը, երբ Զանգեզուրը սովետական էր) մինչև 1921թ. հուլիսը Դաշնակցական Հայաստանի Զանգեզուրի գավառի կազմում էր, որից հետո՝ ՀՍՍՀ Զանգեզուրի գավառի Գորիսի շրջանի մեջ: 1930թ. երբ գավառները վերացան, Գորիսի շրջանն իր գյուղերով՝ որպես ինքնուրույն վարչական միավոր, մնաց ՀՍՍՀ կազմում: Չնայած Բայանդուրը հին հայկական գյուղ էր[2], որի ապացույցն են երկու եկեղեցիները, մինչև 1918թ. գյուղում ապրում էին թուրքեր, որոնք 1918թ. գարնանը տեղափոխվեցին մուսաֆաթական Ադրբեջան: 1917թ. Քաշաթաղի Մինքենդ, Զեյվա և Ալիղուլի գյուղերից գաղթած հայերը, որոնք ցրված էին Գորիսի տարբեր գյուղերում, 1918թ. մայիսին հավաքվեցին և մշտական բնակություն հաստատեցին այստեղ: Ճիշտ է, նոր գյուղը չուներ Մինքենդի նման պայմաններ՝ հողեր, ջրեր, բայց ի՞նչ արած, հայերն էլ չէին կարող ապրել այնտեղ: Դաշնակներն ու մուսաֆաթականները հայ ու թուրք աշխատավորների միջև թշնամություն էին ստեղծել: Գյուղը զուրկ էր ժամանակակից ճանապարհներից, գյուղում անգամ սայլ չկար: Տրանսպորտը միայն ձին, ջորին ու ավանակն էին. գյուղում չկար դպրոց: Բայանդուրում կար մի սենյակ, որը պատկանել էր մոլլա Մահմեդին, իսկ Հալաքում[3]՝ մի կիսասենյակ, որը պատկանել էր մոլլա Հազուն: Մնացած բոլոր բնակարանները քարատակեր էին, որտեղ մարդիկ ապրում էին և պահում իրենց անասունները: Այդ քարատակերը զուրկ էին պատուհաններից, հերթիկից, որ բնական լույս ընկներ, սակայն գաղթական նորաբնակները մտածում էին միայն մի սեփական ծածկ ունենային, որ բնակվեին: Բարեբախտաբար, 1918 թվականը շատ նպաստավոր էր, լավ հացահատիկ էր աճել՝ տարեկան և լավ անասնակեր խոտ կար: Գյուղի հասարակությունը ընտրեց մի հանձնաժողով, որոնք մինչև բերքահավաքի սկսելը, ըստ շնչերի՝ հացահատիկի ցանքսերը և խոտատեղիները բախշեցին գաղթական բնակիչներին:
Գյուղացիները հաճախ 5-6 ընտանիքներ միանում էին, անհրաժեշտ գործիքներ ձեռք բերում՝ որպեսզի կարողանան վարուցանք անեն, աշնանացանի ցել կատարեն: Դրա շնորհիվ նրանք հասցրին ժամանակին հավաքել խոտը, հնձել արտերը, կատարել աշնանացանը և պատրաստվեցին ձմռանը, իսկ հաջորդ գարնանը՝ գարնանացանը: Այսպես 1918 թվականը գյուղացիները անցկացրին համեմատաբար խաղաղ: Գյուղացիները միայն մտածում էին խաղաղության և իրենց ընտանիքները պահելու մասին:
2. ՎԱՂԱՏՈՒՐԻ ՎԱՇՏԱՊԵՏ-ԿՈՄԻՍԱՐ ԱՂԱՋԱՆԸ
Դաշնակցական կառավարությունը Զանգեզուրի գավառի գյուղերում ստեղծել էր իր իշխանության օրգանները: Բայանդուրում նշանակել էին իրենց վաշտապետ-կոմիսարը, որի միջոցով իրականացնում էին իրենց քաղաքականությունը: Այստեղ դաշնակները կազմակերպել էին մի հեծելազորային խումբ՝ Ղարաբաղցի Աղաջանի հրամանատարությամբ, որը պետք է պաշտպաներ սահմանային Խանածախ, Խոզնավար և Բայանդուր գյուղերը: Շրջակա թուրք և հայ գյուղերի միջև ստեղծվել էր շատ լարված ու վտանգավոր դրություն, ամեն օր իրար վրա հարձակումներ, ընդհարումներ, թալան և սպանություններ:
Խմբապետ Աղաջանը[4] Հալաքի արևմտյան մասում հողատարածք էր վերցրել, ուր պահում էր իր հեծելազորը: Նա մի քանի անգամ հարձակվեց հարևան թուրք գյուղերի վրա՝ նրանց անասունները թալանելու նպատակով: Վերջապես մի անգամ նրան հաջողվեց մի քանի հարյուր ոչխարից բաղկացած հոտ թալանել, բերել: Այսպես, Խմբապետ Աղաջանը թուրքերին կողոպտում էր, իսկ հայերից ահ ու սարսափի տակ վերցնում էր հաց, անասնակեր, վառելիք և դրանով պահում իր զորքը:
3. ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՌԻՎՆԵՐԸ ՎԱՂԱՏՈՒՐՈՒՄ
1919թ., նոյեմբերի 4-ի լուսաբացին Խոզնավար գյուղի սահմաններում սկսեցին գործել թնդանոթներն ու գնդացիրները: Մուսաֆաթական մեծաքանակ բանակն, առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց՝ Զանգեզուրը նվաճելու համար: Ծանր դրություն էր ստեղծվել Զանգեզուրի, մասնավորապես սահմանային հայ գյուղերի համար: Զենքի ընդունակ բոլոր զանգեզուրցիները ոտքի կանգնեցին՝ իրենց երկիրը պաշտպանելու համար: Բոլոր տղամարդկանց հանեցին դիրքերը: Ռազմաճակատի գիծը ձգվում էր Կոռնիձոր-Տեղ-Արավուս-Խանածախ-Բայանդուր-Խոզնավար-Վերիշեն-Քաչալդաղ: Խոզնավար և Բայանդուր գյուղերը պետք է պաշտպաներ խմբապետ Աղաջանի զորամասը: Սահմանային Խոզնավարի դիրքերը պահում էին հենց իրենք՝ խոզնավարցիները, իսկ Բայանդուրցիները պաշտպանում էին իրենց համար նշանակված դիրքերը:
Դաշնակցական կառավարությունը Գորիսում ուներ լեռնային 4 թնդանոթ, գնդացրային մի գումարտակ և 100 հոգանոց մի հեծյալ խումբ:
Թշնամին հանել էր իր կանոնավոր զորամասերը, որոնք թե՛ թվաքանակով և թե՛ զինվածությամբ գերազանցում էին հայ պաշտպաններին: Չկարողանալով դիմանալ հակառակորդի ճնշմանը, օրվա վերջում խմբապետ Աղաջանը նահանջեց Հալաքի ճանապարհով: Մուսաֆաթական բանակը այդ օրը գրավեց Խոզնավարը. մի քանի մարդ սպանեցին և ամբողջ գյուղը թալանեցին: Փախստական խոզնավարցիները լցվեցին Բայանդուր գյուղը: Սակայն թշնամին կանգ չառավ, կոտրելով հայերի դիմադրությունը, թնդանոթների գնդացիրների չընդհատվող տարափի տակ շարունակեց իր հարձակումը՝ ձգտելով գրավել նաև Բայանդուրը: Բայանդուրում գտնվող ժողովրդի համար ստեղծվեց մի ահավոր դրություն և հենց նույն օրը կին-տղամարդ, երեխա, խառնված թողնեցին իրենց տներում գրեթե ամեն ինչ և փախան: Ովքեր կարողացան փախցրին նաև իրենց անասուններին: Մուսաֆաթական բանակի զորամասերը գրավելով Բայանդուրը, թալանեցին, ավերեցին և ոչինչ չթողնելով ամենը տարան: Նրանք գիշերը հրդեհեցին նաև խմբապետ Աղաջանի հեծելազորի խոտի հսկայական դեզերը, որոնց կրակները լուսավորում էին Հալաքի ձորը՝ սարսափ տարածելով փախչողների մոտ:
Գիշերը հասնելով հարևան Խանածախ գյուղը, փախչողները վախից էլ չմնացին այստեղ, այլ հենց նույն գիշերը ավելի առաջացան՝ դեպի Քարաշեն: Խոզնավարի ու Բայանդուրի թալանն ու ավերումը էժան չնստեց մուսաֆաթիստներին: Ողջ Զանգեզուրը զենքի դիմեց: Սիսիանի հետևակ ու հեծալազոր զորքն էլ շարժվեց դեպի Քաչալ դաղ: Այստեղ էր նաև Թոփչի Սիմոնը, իր լեռնային թնդանոթներով, իսկ շրջանի մյուս գյուղերը գնացին Տեղ-Կոռնիձորին օգնության: Եվ սկսվեց մի իսկական ճակատամարտ և մուսաֆաթական բանակը գլխովին ջարդվելով հետ շպրտվեց: Պետք է ասել, որ դաշնակները չէ, որ փրկեցին գավառի ժողովրդին, այլ աշխատավոր զանգվածները պաշտպանեցին երկիրը թշնամի մուսաֆաթիստներից:
Մուսաֆաթիստները փախան և հայերի վրա էլ կրակող չկար: Անձրևոտ ու ցուրտ աշուն էր: Խոզնավարցիներն ու բայանդուրցիները չէին կարող երկար մնալ Քարաշենի ու Խանածախի դաշտերում և վերադարձան իրենց գյուղերը: Սակայն նրանք իրենց տները ամբողջովին դատարկ ու ավերակ տեսան, այդ մի քանի օրում թշնամին թալանել, սրբել տարել էր ամեն ինչ և միայն դատարկ քարատակերն էին մնացել: Վախից, մյուս կողմից էլ ապրուստի միջոցներ չունենալով, գյուղացիների մի մասը չվերադարձավ այդ ավերված գյուղերը, այլ որպես գաղթական ձմեռը մնացին Գորիսում և շրջանի այլ գյուղերում:
1919-20թթ. ձմռանը Հալաքում մնացել էին Օհանյան Իսան և Թորոսյան Բոզին իրենց ընտանիքներով: Իսկ Մոլլա Հաջու գոմ-քարատակում իրենց անասուններն էին պահում Վաղարշակ և Արշավիր Սարգսյանները, Միքայել Բադամյանը, Գրիգոր Արզումանյանը, Ռուբեն (Գոնի) Սարգսյանը: Նրանք ևս ապրում էին գոմում և քնում էին անասունների մսուրում[5]:
4. ՎԱՂԱՏՈՒՐՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Անցավ 1919-20թթ. ծանր ձմեռը, եկավ գարունը: Չնայած դրությունը դեռ հանգիստ չէր, բայց գաղթական բայանդուրցիները վերադարձան գյուղ: Բոլորը աշնանացան ունեին, պետք էր նաև գարնանացան կատարել: Եվ հարևան գյուղերից պարտքով և այլ կերպ ցորենի, գարու և հաճարի սերմացու ճարեցին ու կատարեցին նաև գարնանացանը:
1920թ. մայիս-հունիս ամիսներին իմացանք, որ Ադրբեջանում սովետական կարգեր են հաստատվել և կարմիր բանակի զորամասերը հասել են Ղարաբաղ: 1920թ. հուլիսին Զանգեզուրում ևս հաստատվեց սովետական կարգեր: Գյուղացու համար նոր և երջանիկ օրեր սկսվեցին: Բայանդուրում Պետրոս Արզումանյանի ղեկավարությամբ ստեղծվեց գյուղհեղկոմ, որը սկսեց իր աշխատանքը: Բայանդուրցիք Կարմիր բանակին օգնում էին հացով, մսով, կարմիր հեծելազորի ձիանների համար խոտ և գարի էին մատակարարում:
Բայց դժբախտաբար դա երկար չտևեց: 1920թ. նոյեմբերին, Գորիսի դաշնակցական կազմակերպությունները խռովություն բարձրացրին և իշխանությունը նորից վերցրին իրենց ձեռքը: Կարմիր բանակի զորամասերը նահանջեցին դեպի Սովետական Ադրբեջան: Գյուղի Հեղկոմը այդ ժամանակ տեղյակ չէր դաշնակների խռովության մասին և չկարողացավ անցնել Ադրբեջան: Բայանդուրում նորից սկսեց իշխել դաշնակների վաշտապետ-կոմիսարը: Դաշնակները հետապնդում էին գյուղհեղկոմի անդամներին, որոնք օգնել էին սովետներին ու կարմիր բանակին, սակայն նրանց չհաջողվեց ոչնչացնել գյուղի ակտիվին: Այդ ժամանակ ավելի վատացավ գյուղացիների դրությունը. Զանգեզուրը կտրվել էր դրսի աշխարհից և գյուղում չկար նավթ, կտորեղեն, շաքար, լուցկի և այլն: Քանի որ օճառ չկար, տարածվեց քոս հիվանդությունը և ոչ մի բուժում չկար:
Դաշնակ խմբապետ Նժդեհը որոշել էր ստեղծել Սյունյաց Լեռնային Հայաստան և պատերազմ էր հայտարարել Կարմիր բանակին ու Սովետական Ադրբեջանին:
5. ՎԱՂԱՏՈՒՐԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Վերջապես 1921թ. ապրիլին Հայաստանում հաջողվեց ջաղջախել դաշնակցական կառավարությանը և նրա մնացորդներն ու զորամասերը փախան Զանգեզուր, Իրան: Կարմիր բանակը երկիրը մաքրեց բոլոր թշնամիներից: Հերթը հասավ Զանգեզուրի դաշնակներին ու Նժդեհին: 1921թ. հունիս-հուլիսին Կարմիր բանակի զորամասերը Սովետական Հայաստանից և Սովետական Ադրբեջանից հարձակվեցին Զանգեզուրի դաշնակների վրա: Դաշնակները չկարողացան դիմանալ հերոսական Կարմիր բանակի հարվածներին և ոչնչացվեցին: «Սպարապետ» Նժդեհը փախավ Իրան: Զանգեզուրի վրա վերջնականապես և հավիտյան ծածանվեց սոցիալիստական հեղափոխության կարմիր ու հաղթական դրոշը: Սովետական Ռուսաստանը, Կոմկուսը, Վ.Ի.Լենինը Զանգեզուրի աշխատավորության փրկեցին կործանումից: Վերացվեց դաշնակների տիրապետությունը, Զանգեզուրում հաղթանակեց սովետական կարգերը:
Հուլիսի սկզբներն էր, Բայանդուրի գյուղացիները, լավ իմանալով, որ ազատարար կարմիր բանակը գալու է, պատրաստվում էին աղուհացով դիմավորելու նրանց: Սակայն Խոզնավարցիք եկան Հալաք և հայտնեցին, որ Կարմիր բանակ չկա և նրանց վրա հարձակվել են ինչ որ թուրքական խմբեր և սկսել կոտորել ու թալանել: Բայանդուրում նորից ստեղծվեց տագնապալի դրություն, ահ ու սարսափ տարածվեց և նրանք միացած Խոզնավարցիներին ու նորից դիմեցին փախուստի, թողնելով ամեն ինչ՝ տուն ու տեղ, անասուն և միայն մտածեցին փրկել իրենց կյանքը: Եվ միացած խոզնավարցիների հետ նրանք խուճապահար փախան դեպի Քարաշեն: Նրանք ապրում էին բաց դաշտում՝ սոված-ծարավ: Տանջալից օրեր էին, մարդիկ սովից ուտում էին ամեն տեսակ կանաչ խոտ: Իսկ այդ ժամանակ Խոզնավար ու Բայանդուր ներս խուժած զինված խմբերը թալանում էին այդ գյուղերի ողջ ունեցվածքը և ավերում գյուղերը: Խոզնավարի ու Բայանդուրի ողբերգության լուրը հասնում է Զանգեզուրի գավառային Հեղկոմին, որն անմիջապես միջոցներ ձեռք առավ: Եվ ժողովուրդը վերադառնալով գյուղ՝ տեսավ միայն ավերված ու դատարկ քարատակերը: Հետո պարզվեց, որ Կարմիր բանակի անվան տակ հարևան թուրք գյուղերից զինված խմբեր էին հարձակվել և թալանել, ավերել Խոզնավարն ու Բայանդուրը: Այդպես եղավ խոզնավարցիների ու բայանդուրցիների կյանքը:
[1] ՀԱԱ Ֆ.848, ց.1, գ.78: Շ.Առուշանյան, «Հուշեր»: Շմավոն Մինասի Առուշանյան (2.01.1903-25.01.1982) ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ 1954-1963թթ.: Շ.Առուշանյանը նաև վկայություն է թողել 1905թ. Մինքենդ (հնում՝ Հակ) գյուղի հայերի կոտորածների մասին: Շմավոնի պապը՝ Խնձորեսկցի աշուղ Առուշանը (ծ.1810թ.) 1850-ական թթ. Քաշաթաղի Մինքենդ (հնում՝ Հակ) գյուղը մի քանի տասնյակ Խնձորեսկցի ընտանիքների կողմից վերաբնակեցման կազմակերպիչներից էր: 1905թ. օգոստոսի 19-22-ի Մինքենդի (հնում՝ Հակ) հայերի կոտորածի մասին ևս նա թողել է իր վկայությունը: «Ես ծնվել եմ Մինքենդում, 1903թ.: 1905թ. Մինքենդի կոտորածի ժամանակ՝ զոհվել են երկու եղբայրներս՝ Նիկոլայն ու Պողոսը և քույրս՝ Շահխանումը, հորեղբորս որդի՝ Հովհաննեսը, նրա կինը, որդին, աղջիկը և ուրիշներ: Չեմ տեսել կոտորածը, բայց հետո, լինելով փախստական, լսել եմ դրա սարսափների մասին: Մորս՝ Շահնիսի խոսքերով, հայրս՝ Մինասը (ծ.1861թ.), և ավագ եղբայրս՝ Սիմոնը լինելով հովիվ արոտատեղում, երբ իմացել են գյուղի կոտորածի մասին, թողել են մեզ բոլորիս և իրենք սարերով գնացել են Գորիս: Կրծքի երեխա էի, մայրս ինձ վերցրել և դժվարությամբ թաքնվել էր թփերի մեջ, մինչև որ նրան գտել էր Գալաչա գյուղից ծանոթ թուրք Հասանը: Նա մորս ու ինձ վերցրել էր իր մոտ Գալաչա, թաքցրել է իր տանը այնքան ժամանակ, մինչև վերջացել էին կոտորածները և զորքերը հայտնվել էին: Իսկ ավագ քույրս՝ Հայկանուշը ողջ էր մնացել՝ սպանվածների տակ մնալով»: Մեր գյուղացքի վերջին անգամ 1918թ. գաղթեցին Զանգեզուրի հայաշատ շրջանը և վերաբնակվեցին թուրքերից ազատված Բայանդուրում»:
[2] Հնում և ներկայիս վերականգնյալ անունը՝ Վաղատուր:
[3] Ներկայումս միացած է Վաղատուր գյուղի հետ, հնում Սյունիքի Աղահեջք գավառի Հայելյակ գյուղը:
[4] Վազգեն Միրզաբեկյանը (Վանբեկ) իր կազմած Զանգեզուրի գոյամարտի մասնակիցների ցուցակում (Աւօ, «Նժդեհ», Բեյրութ 1968թ.), գրառել է. «Աղաջան Օհանյան, խմբապետ, Արցախցի, սպանվեց Հադրութի շրջանում (հավանաբար 1921թ. Թևանի գլխավորած ապստամբության ժամանակ)»:
[5] Մի այլ տեղ Շ.Առուշանյանը գրում է, որ ինքը ևս գյուղում է մնացել և պահել իրենց փրկված անասունները:
Discover more from ՍՀՀԿ
Subscribe to get the latest posts sent to your email.
