Լույս է տեսել Ս․ Վարդանյանի “Պատառիկներ անցյալից” գիրքը

ՍՈՒՐԵՆ ԲԱԽՇԻԻ ՎԱՐ­ԴԱՆՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ԲԱԽՇԻԻ ՎԱՐ­ԴԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 


Հատված գրքից՝

Չ­նա­յած այն օ­րե­րից ան­ցել է շուրջ 40 տա­րի, սա­կայն հի­շո­ղութ­յանս մեջ անջն­ջե­լի է մնա­ցել մի դեպք, ո­րը տե­ղի է ու­նե­ցել գյու­ղում` մեր տա­նը:

1961թ. գար­նա­նա­մու­տին հար­կա­դիր մոր­թի են­թարկ­վեց մեր միակ կո­վը, քա­նի որ հի­վանդ էր և­ օր օ­րի նի­հա­րում էր, ու մեր ըն­տա­նի­քի ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը մնաց ե­րեք այծ և նույն­քան էլ ուլ: Ա­ռանց կո­վի այդ տա­րի­նե­րին գյու­ղում ապ­րելն անհ­նար էր. դա նշա­նա­կում էր, որ ըն­տա­նի­քը պետք է ա­ռանց յուղ ու պան­րի, ա­ռանց կաթ ու մա­ծու­նի մնա: Իսկ նոր կով գնե­լու հա­մար մենք չու­նեինք ո՛չ գու­մար և­ ո՛չ էլ նյու­թա­կան այլ հնա­րա­վո­րութ­յուն:

Տա­նը հորս ու մորս հետ ապ­րում էինք ես և փոքր եղ­բայրս` Պարգ­ևը, իսկ մյուս­նե­րը գնա­ցել էին աշ­խա­տե­լու Քա­ջա­րա­նում: Ե­րե­կո­նե­րը ծնող­ներս նստում, խելք-խել­քի էին տա­լիս, բայց այդ­պես էլ չէին կա­րո­ղա­նում վճռել, թե ինչ կեր­պով պետք է, ի­րենց ա­սած, «մի ե­րին­ջից, բա­նից, թե­կուզ սա­վա ծնի» առ­նեն` գյու­ղի ու­սու­ցիչ­նե­րից ո­րոշ գու­մար պարտք վերց­նե­լով: Այդ տա­րի­նե­րին գյու­ղում փող կար միայն ու­սու­ցիչ­նե­րի մոտ:

Գ­յու­ղի նա­խա­գա­հը ձեռ­քե­րը պար­զել էր, թե կով, ե­րինջ չու­նի, հար­ևան Մալ­դա­շի նա­խա­գահն էլ նույնն էր ա­սել: Հայրս էլ թե՝ «Ե­թե մե­րոնք չեն տա­լիս, Տաթևն ին­չի՞ պետք է տա», ու չդի­մեց էլ նրանց: Այդ­պես մտա­մո­լոր՝ չէր ի­մա­նում ինչ ա­նել: Ու մի օր, երբ հեր­թա­կան քննար­կումն էր ըն­թա­նում, մայրս դի­մեց հորս, թե՝ «Ա՛յ մարդ, վե՛ր կաց գնա՛ Աղ­վա­նի` մեր Սամ­սո­նի մոտ, է­լի նա մի բան կա­նի, կօգ­նի: Հո ու­րի՞շ չի, քո ար­յունն է, կհաս­կա­նա, կըն­դա­ռա­ջի քեզ»: Սամ­սոն Բար­սեղ­յա­նը մեր տոհ­մից էր սեր­վում և Աղ­վա­նի գյու­ղի նա­խա­գահն էր: Հայրս չե­մու­չում ա­րեց, թե ա­մա­չում է, գնա ո՞նց ա­սի, նա էլ գու­ցե պա­տաս­խա­նի, թե ին­չի՞ ձեր կոլ­խո­զից չես առ­նում, 30 տա­րի աշ­խա­տել ես նրա հա­մար… Մի խոս­քով՝ խիստ տա­րա­կու­սան­քի մեջ էր: Վեր­ջա­պես ուշ ե­րե­կո­յան ո­րոշ­վեց, որ հայրս ա­ռա­վոտ­յան շուտ պետք է գնա Աղ­վա­նի` մեր Սամ­սո­նի մոտ:

Բո­լորս սրտատ­րոփ սպա­սում էինք, թե վե­րա­դար­ձին հայ­րիկս ինչ լուր է բե­րե­լու: Վեր­ջա­պես ե­րե­կո­յան կողմ նա ե­կավ՝ ու­րախ ժպի­տը դեմ­քին: Մայրս, տես­նե­լով նրան, ա­սաց. «­Չէի՞ ա­սում, որ է­լի քո­նը կօգ­նի քեզ, Սամ­սո­նը քեզ չի մեր­ժի: Տե­սա՞ր, որ ճիշտ էի ա­սում»:

Հայրս էլ թե՝ «Ա՛յ մարդ, ա­մա­չում եմ, է­լի՛: Հեշտ չէր ա­սե­լը, բայց Սամ­սո­նը շատ լավ ըն­դու­նեց, ցույց տվեց ու­նե­ցած հղի ե­րինջ­նե­րը և­ ա­սաց. «Ո­րը ցան­կա­նում ես, ջո­կի՛ր»: Դե՛, եր­կու-ե­րեք լավ ե­րինջ կար, վա­ղը կգնամ, դրան­ցից մե­կը կբե­րեմ»:

Հա­ջորդ օ­րը հայրս վերց­րեց գյու­ղի բեռ­նա­տար­նե­րից մե­կը, գնաց Աղ­վա­նի և հ­ղի ե­րինջ­նե­րից մե­կը բե­րեց: Ավ­տո­մե­քե­նա­յից ի­ջեց­նե­լիս մայրս ու հա­վաք­ված հար­ևան­նե­րը օրհ­նե­ցին, որ բա­րով-խե­րով լի­նի, մե­կը հա­զար ա­նի, օ­ջա­խին բա­րիք տա, և­ այլն՝ չմո­ռա­նա­լով նաև նշել, որ լավ ա­նա­սուն է, ե­թե ա­մեն ինչ հա­ջող գնա, մինչև մեկ ա­մի­սը ծնե­լու է: Մեր ու­րա­խութ­յա­նը չափ չկար: Ես և փոքր եղ­բայրս ե­րին­ջին ա­ռա­վոտ­նե­րը գո­մից հա­նում էինք գյու­ղին շատ մո­տիկ թավ կա­նա­չի մեջ ա­րո­տի, նախ­րին չէինք խառ­նում. ծնե­լու օ­րե­րը մոտ էին: Մեզ թվում էր, թե ե­րին­ջը գյու­ղի ա­մե­նա­լավ կովն է դառ­նա­լու, և նույ­նիսկ ու­րախ էինք, որ մեր ծե­րա­ցած կո­վը մորթ­վեց, գնաց: Մեղք ա­րած չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ գյու­ղի մարդ­կան­ցից էլ նա­խան­ձող­ներ կա­յին, թե լավ ե­րինջ է, և­ ե­թե Սամ­սո­նը չլի­ներ, այդ գնով Բախ­շուն չէին տա:

Մի խոս­քով, խնդի­րը լուծ­ված էինք հա­մա­րում և չար աչ­քե­րից ե­րին­ջին պա­հե­լու հա­մար փուշ էինք դրել գո­մի դռան գլխին, կա­նաչ էինք հնձում, բե­րում, կե­րակ­րում, մաք­րում ու շո­յում մեջ­քը, գլու­խը, աչ­քե­րը:

Ե­կավ մի պահ, որ ե­րին­ջը էլ ա­րո­տի չէինք հա­նում, ու­ռել, լցվել էր կուրծ­քը, ուր որ է՝ պետք է ծներ: Եվ մա­յիս­յան մի պայ­ծառ ա­ռա­վոտ ե­րին­ջը ծնեց ազն­վա­ցեղ կեն­դա­նուն հա­տուկ տվյալ­նե­րով մոխ­րա­գույն մի ա­ռողջ ա­րու հորթ: Ե­րին­ջը լի­զեց հոր­թին, չո­րաց­րեց և ցամ­քա­րի փա­փուկ հա­տա­կին հոր­թը ա­րեց ա­ռա­ջին ան­վարժ քայ­լե­րը, գլու­խը մտցրեց մոր կրծքի մեջ ու գտնե­լով պտուկ­նե­րից մե­կը՝ սկսեց ծծել` ու­րախ շար­ժե­լով պո­չը: Մ­նա­ցա­ծը կար­գա­վո­րեց մայրս:

Ան­ցավ շուրջ մեկ շա­բաթ: Ե­րին­ջը պա­հում էինք գո­մում և կե­րակ­րում կա­նաչ խո­տով: Մայրս ա­սում էր, որ կա­մաց-կա­մաց ղա­րար կընկ­նի, ա­ռաջ կգնա, ե­րինջ է, այդ­պես կլի­նի, սա­կայն օ­րե­րը գնում էին, բայց ե­րին­ջը հա­զիվ կա­րո­ղա­նում էր կե­րակ­րել իր «ոս­կե հոր­թին», ու օր օ­րի նկա­տե­լի նի­հա­րում էր:

Ծ­նող­ներս ան­հանգս­տա­ցան, ա­նաս­նա­բույժ կան­չե­ցին, սրսկում­ներ ա­րե­ցին, սա­կայն գնա­լով կեն­դա­նու վի­ճա­կը ա­վե­լի էր ծան­րա­նում: Մայրս, եր­բեմն դժգո­հե­լով, ա­սում էր. «Չար աչք է դի­պել, էն­քան էս ու էն կռկռա­ցին, թե լավն է, լավն է, էս­պես դա­ռավ»: Եր­բեմն էլ էլ քթի տակ մե­նա­խո­սում էր, թե՝ «­Մեզ բախտ որ­տե­ղից, որ լավ կով ու­նե­նանք»:

Է­լի օ­րեր ան­ցան, ե­րին­ջը դժվա­րութ­յամբ էր տե­ղից բարձ­րա­նում, ամ­բողջ օ­րը նստած էր մնում, բե­րած թարմ կա­նա­չին չէր էլ նա­յում: Ա­ռա­վոտ­յան ու ե­րե­կո­յան էր միայն տե­ղից վեր կե­նում, այն էլ օգ­նե­լով, որ, թե­կուզ այդ վի­ճա­կում, հոր­թին կե­րակ­րի: Երբ մայրս հոր­թին բաց էր թող­նում մոր տակ, ե­րին­ջի խամ­րած աչ­քե­րը նկա­տե­լի պայ­ծա­ռա­նում էին, նա այն­պի­սի դիր­քով էր կանգ­նում, որ հար­մար լի­ներ հոր­թին, ու մի կերպ շրջե­լով գլու­խը՝ լի­զում էր նրա հե­տույ­քը, պո­չը, իսկ հոր­թը, հետ­ևի ոտ­քե­րը լայն դրած, ծա­ղիկ պո­չը խա­ղաց­նե­լով, գլու­խը մտցրած մոր կրծքի մեջ՝ ծծում էր ա­նուշ կա­թը՝ չի­մա­նա­լով, որ մայ­րը վեր­ջին ճի­գե­րը գոր­ծադ­րե­լով է կյանք տա­լիս ի­րեն:

Ես դեռ չէի արթ­նա­ցել, ա­ռա­վոտ­յան տխուր լու­րը գու­ժեց տուն: Մայրս էր, լա­ցա­կու­մած ձայն տվեց ինձ. «­Վե՛ր կաց, էն ան­տե­րը սատ­կել է, տես­նենք ինչ ենք ա­նե­լու»:

Հայրս մի քա­նի հո­գու հետ կանգ­նած էր անշն­չա­ցած կեն­դա­նու մոտ, ո­րը նստած դիր­քում էլ սատ­կել էր: Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում էր՝ հենց այն­պես նստած է՝ գլու­խը թե­քած մի կող­մի վրա: Հե­ռու բո­լո­րիցս, շատ տխուր վի­ճակ էր: Հար­ևան­նե­րը, գյու­ղի մար­դիկ, ով­քեր գա­լիս և տես­նում էին կա­տար­վա­ծը, ի­րենց մե­ղա­վոր էին զգում: Իսկ իմ մտքում հորթն էր, մայ­րա­կո­րույս հոր­թը:

Որ մեր ըն­տա­նի­քը պարտ­քով գնած, դեռևս չու­նե­ցած կովն էր կորց­րել, աչ­քիս չէր եր­ևում. հոր­թը, այդ ան­մեղ, սի­րա­սուն հոր­թը, որ որ­բա­ցել էր, ի՞նչ պետք է ա­ներ ա­ռանց մոր, ին­չո՞վ պետք է կե­րակ­րեինք և­ ինչ­պե՞ս: Դա ինձ հան­գիստ չէր տա­լիս:

Ե­րին­ջը գո­մից դուրս էր՝ գո­մին հա­րող ծած­կի տակ, իսկ հոր­թը գո­մի հոր­թա­նո­ցում ան­հոգ սպա­սում էր, որ պետք է բաց թող­նենք մոր տակ: Բայց ա­մեն ինչ վեր­ջա­ցած էր, այլևս հոր­թը չպի­տի վա­յե­լեր ա­նուշ կա­թը, այլևս դնչի­կը չպետք է մխրճեր մոր տաք կրծքի մեջ, այլևս մայ­րը նրան չպետք է փա­ղաք­շեր, չպետք է սի­րեր: Նա հա­վերժ զրկվել էր մայ­րա­կան գուր­գու­րան­քից: Հան­դարտ քայ­լե­լով մտա գոմ, հոր­թը ան­հան­գիստ շարժ­վում էր հոր­թա­նո­ցում՝ հա­յաց­քը դե­պի գո­մի ել­քը: Տես­նե­լով ինձ՝ նա բա­ռա­չե­լու նման ա­ղեր­սա­գին ձայն հա­նեց, և­ ինձ թվաց, թե նրան հայտ­նի է ա­մեն ինչ: Մո­տե­ցա, գրկե­ցի հոր­թի վի­զը, փա­ղաք­շե­ցի, և­ ինձ­նից ան­կախ ար­ցունք­ներս սկսե­ցին հո­սել: Իմ ա­ռաջ որ­բա­ցած հորթն էր, և թվում էր, որ ա­մե­նա­շատն աշ­խար­հում այս հորթն ու­նի կա­րեկ­ցան­քի կա­րիք:

Երբ դուրս ե­կա գո­մից, չնա­յած սրբել էի ար­ցունք­ներս, աչ­քերս կարմ­րել էին, և դժ­վար չէր տես­նող­նե­րին նկա­տել, որ ար­տաս­վել եմ: Հայրս ձեռ­քը փա­ղաք­շա­գին դրեց գլխիս, քա­շեց ինձ թևի տակ՝ ա­սե­լով. «­Բա՛ն չկա, Աստ­ված մեծ է, մի բան կա­նենք»:

Այդ օր­վա վեր­ջին մեզ հայտ­նի դար­ձավ, որ Աղ­վա­նուց «մեր Սամ­սո­նը», լսե­լով կա­տար­վա­ծը, ա­սել է, թե ո­չինչ, ի­րենք տեր են և՛ սատ­կած ե­րին­ջին, և՛ հոր­թին. փո­խա­րե­նը կա­րող ենք մեկ ու­րիշ ե­րինջ տա­նել:

Հա­ջորդ ա­ռա­վոտ­յան շուտ ե­րին­ջը բար­ձե­ցին մի բեռ­նա­տար, հոր­թը նույն­պես բարձ­րաց­րին թափ­քը, կա­պե­ցին մի անկ­յու­նում, և­ որ­պես­զի մինչև Աղ­վա­նի հոր­թին բան չպա­տա­հի, ես նույն­պես բարձ­րա­ցա թափք: Մեկ անշն­չա­ցած, ար­դեն ու­ռած մորն էի նա­յում, մեկ որ­բա­ցած հոր­թին, և սիրտս ճմլվում էր: Ճա­նա­պար­հը խճա­պատ ու ան­հարթ էր, ցնցում­նե­րից ե­րին­ջի դիա­կը մեկ մո­տե­նում էր մեզ, մեկ էլ հե­ռա­նում: Ո­րոշ տա­րա­ծութ­յուն անց­նե­լուց հե­տո տե­սա, որ հոր­թը բռնել է մոր պտու­կը և չփչ­փա­լի ծծում է: Միան­գա­մից այն­պի­սի մի լաց սկսվեց ինձ մոտ, որ պատ­մե­լի չէ: Հոր­թին հետ քա­շե­ցի, մեծ դժվա­րութ­յամբ մո­րը հրե­ցի մի կող­մի վրա, և­ իմ բախ­տից ավ­տո­մե­քե­նա­յի ցնցում­նե­րից ե­րին­ջը մղվեց թափ­քի հա­կա­ռակ անկ­յու­նը: Ար­դեն ա­վե­լի զգու­շա­վոր էի, բայց այլևս աչքս չէի կա­րո­ղա­նում կտրել ո՛չ հոր­թից և­ ո՛չ էլ մո­րից: Ամ­բողջ ճա­նա­պար­հին չէի կա­րո­ղա­նում զսպել ինձ: Իսկ երբ հա­սանք Աղ­վա­նի և ֆեր­մա­յում պետք է ի­ջեց­նեինք ե­րինջն ու հոր­թը, տես­նե­լով հա­վաք­ված­նե­րին՝ լացս սաստ­կա­ցավ, չնա­յած ո­րո­շել էի զուսպ ու հան­գիստ եր­ևալ նրանց մոտ: Մեր գյու­ղից հարս գնա­ցած կթվո­րու­հին մո­տե­ցավ ինձ, շո­յեց գլուխս, և հոր­թին տա­րան:

Այլևս չտե­սա «ոս­կե հոր­թին»: Ն­րա­նից մի նա­խի՞ր սեր­վեց, թե՞ հա­րա­զատ իր բախ­տին՝ մորթ­վեց սպան­դա­նո­ցում, ի՞նչ ի­մա­նաս:

Ան­ցել են տաս­նամ­յակ­ներ, սա­կայն այդ հի­շո­ղութ­յու­նը մո­ռա­նալ չեմ կա­րող. այն մասն է իմ ապ­րած օ­րե­րի, իմ հայ­րե­նի տան պարզ ու ա­նա­ղարտ վի­ճա­կի:

13.06.2001թ., ք. Գո­րիս

 


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ջրահեղձը

Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից Մոլորակի միակ գյուղը, որի միջով երկու գետ…

Read More

Հատված «Լեռներից այն կողմ» գրքից (Ա․ Ղազարյան)

«­Բարև, սի­րե­լի՛ս, ինչ­պե՞ս ես։ Ու­զում եմ, որ լավ լի­նես՝ այ­սօր ու միշտ։ Ե­թե հի­մա կար­դում…

Read More

Նվիրում եմ դաշնամուր (գրական ակնարկ)

Հեղինակ՝ Գ․ ԴարբնենցՈրքան էլ աշխարհը խելակորույս զարգանում, երկու բան մնում է անփոփոխ․ պատերազմները չեն դադարում,…

Read More

Կ․ Ղազարյան․ Անվերնագիր

Ես շատ խղճացի Մեռնող պատրանքի հազիվ առկայծող շողանքը վերջին, Կրկին ատեցի Ախորժանքները կյանքի ժեխ ու…

Read More