Հ.Գ.Վայոց Ձոր այցելող հյուրերին մեր հնավայրերը ուղեկցելիս բազմիցս եմ նկատել, որ այցելուների շրջանում հիացմունքի հետ միասին տարակուսանք է առաջանում, և ոմանք հարց են տալիս, թե պետությունը կամ ՀԱԵ-ն արդյոք զբաղվո՞ւմ են այդ մշակութային կոթողների պահպանությամբ: Եվ որովհետև քանիցս փոփոխված իշխանությունների դեպքում էլ նույն անխնամ վիճակը շարունակում է, ակնառու է դառնում, որ դրանցով զբաղվելու նպատակով ստեղծված պետական գերատեսչությունների, թանգարանների և այլնի առկայությամբ հանդերձ մեր մշակույթը իրականում տեր չունի: Հակառակը պնդողներին հարցրեք՝ կարո՞ղ են ասել՝ ո՞ւր է անհայտացել Տարսայիճի և Մինա խաթունի վերոհիշյալ պատկերաքանդակը, որտե՞ղ են գտնվում Եղեգիսի առյուծի պատկերաքանդակի վերի կեսը և բազմաթիվ խաչքարեր, ինչո՞ւ են անպատիժ մնում Չեսար Օրբելյանի քարավանատան արաբատառ արձանագրությունը քերած «հայրենասերները», խաչքարերի, խոյակերպ ու ձիակերպ տապանաքարերի ջարդարարները:Ինչո՞ւ ժամանակին դրանք չեն տեղափոխվել դեռևս 1960-ական թթ. վերջերին ստեղծված Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը, որի կարևորության մասին մեզ հիշեցնում էր իր ժամանակ Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան ). «Դարապասի արձանաքարը, իբրև հին պատմական հետաքրքիր հիշատակ, արժանի էր, որ զարդարեր հնագիտական-պատմական թանգարանի դահլիճը: Սակայն թանգարան չկա և այդ արձանը ամբողջովին պահպանված էր հողի տակ, ուստի նորից, այն հողին պահ տալով, ես ամենայն ջանասիրությամբ ծածկեցի նրան հողի տակ, որպեսզի գոնե դրանով ազատենք Եղեգիսի թուրք գյուղացիների ավերիչ ձեռքերից…: Եթե ինձանից հետո մի ոք կամենա տեսնել այդ արձանը, պետք է որոնի այն իմ ցույց տված տեղը հողի տակ»:Նման բազմաթիվ դեպքերը և վերջնական փլուզման եզրին կանգնած Արատեսի, Ցաղաց Քարի արևմտյան համալիրի, Շատիվանքի և մեր ուրիշ տաճարների հոգևարքը գուժում է իշխանությունների մշակութային քաղաքականության պարտության մասին, որը հետևանք է Հայաստան պետության փոխարեն ստեղծված մաֆիոզ համակարգի մաս կազմած մշակութային չինովնիկների ապիկարության ու անտարբերության, որը գրեթե անփոփոխ շարունակվում է առ այսօր:
Discover more from ՍՀՀԿ
Subscribe to get the latest posts sent to your email.
