Categories: Հիմնական

Նախօրեին. բանվորական ակումբի պատանդները. Գ․ Սմբատյան

Հու­նի­սի 14-ի աք­սո­րին առնչ­վող նյու­թե­րը՝ զրույց­ներ, լու­սան­կար­ներ (լու­սան­կար­նե­րում կա­յա­րա­նը չկա. ով՞ սիրտ կա­ներ կա­յա­րանն այդ պա­հին լու­սան­կա­րել, թեև լու­սան­կար­չա­կան սար­քե­րի պա­կաս չկար, քա­նի որ դրանք ի­րենց հետ բե­րել էին հաղ­թա­նա­կից հե­տո զո­րացր­ված­նե­րը), օ­րագ­րեր, բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, բա­նա­վոր ու գրա­վոր հու­շեր, գրա­ռում­ներ, ձայ­նագ­րութ­յուն­ներ, հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս քիչ թե շատ վե­րա­կանգ­նել աք­սո­րի նա­խօ­րեն՝ բազ­մա­թիվ ու բազ­մա­պի­սի փոր­ձութ­յուն­նե­րի մի­ջով ան­ցած Ղա­փա­նում: Շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Ա­շոտ Սարգս­յա­նը հու­նի­սի 13-ի աշ­խա­տան­քա­յին օ­րը սկսեց շտապ իր մոտ հրա­վի­րե­լով կուս­կազմ բաժ­նի վա­րիչ Ա­շոտ Հով­հան­նիս­յա­նին և կար­գադ­րեց. «Ա­շո՛տ Ար­շա­կիչ (նրան այդ­պես էին դի­մում) շտապ գնե՛ք 107 թա­նա­քա­ման, մի էդ­քան էլ գրիչ, գրե­լու թուղթ ու թա­նաք: Չխ­նա­յե՛ս: Իսկ մինչ այդ, ծա­նո­թա­ցիր այս թղթե­րի հետ»:­Քար­տու­ղա­րը Հով­հան­նիս­յա­նին հանձ­նեց Ղա­փա­նի շրջա­նի կու­սակ­ցա­կան, պե­տա­կան աշ­խա­տող­նե­րի և հիմ­նարկ ձեռ­նար­կութ­յուն­նե­րի տնօ­րեն­նե­րի 124 հո­գուց բաղ­կա­ցած ցու­ցա­կը և պա­հան­ջեց, որ­պես­զի կազմ­բա­ժինն ա­պա­հո­վի նրանց ներ­կա­յութ­յու­նը բան­վո­րա­կան ա­կում­բում կե­սօ­րից ան­մի­ջա­պես հե­տո անց­կաց­վե­լիք խորհր­դակ­ցութ­յա­նը: Ոչ ոք շրջկո­մում, ա­ռա­ջին քար­տու­ղա­րից բա­ցի, չգի­տեր, թե ին­չի հա­մար է գնվում այդ­քան գրե­նա­կան պի­տույք: Ի­մա­ցան հե­տո, երբ խորհր­դակ­ցութ­յու­նից հե­տո «կցված­նե­րի» ձեռքն էին խո­թում թղթեր, գրիչ, թա­նա­քա­ման՝ աք­սո­րա­կան­նե­րի տնե­րում անհ­րա­ժեշտ ար­ձա­նագ­րութ­յուն­ներ կազ­մե­լու հա­մար:

Ղա­փան, 1949 թվա­կան, հու­նի­սի 13, սո­վո­րա­կան ա­մա­ռա­յին օր, սո­վո­րա­կան ա­ռօր­յա­յով ապ­րող բնա­կա­վայր՝ ոչ այն է փոքր քա­ղաք, ոչ այն է՝ մեծ գյուղ:

Հան­քե­րում, ձեռ­նար­կութ­յուն­նե­րում և գ­յու­ղե­րում աշ­խա­տան­քա­յին ե­ռու­զեռ էր: Կե­սօ­րից հե­տո բան­վո­րա­կան ա­կում­բը[1] լցվեց մարդ­կան­ցով: Ս­պա­սում էին խորհր­դակ­ցութ­յու­նը սկսե­լուն, բայց որ­ևէ ղե­կա­վար չէր եր­ևում: Ս­պա­սում էին, ան­համ­բեր ե­լու­մուտ ա­նում: Եվ օ­րը ձգվեց մինչև ե­րե­կո: «Անտ­րա­մա­դիր էր հատ­կա­պես Սու­րեն Մի­քա­յել­յա­նը»,- ա­սում են խորհր­դակ­ցութ­յան մաս­նա­կից­նե­րը: Ժա­մը 18-ն­ անց 30-ին հայ­տա­րա­րե­ցին, որ տե­ղի ու­նե­նա­լիք հույժ կար­ևոր խորհր­դակ­ցութ­յան պատ­ճա­ռով ոչ ոք ի­րա­վունք չու­նի դուրս գալ դահ­լի­ճից, և փա­կե­ցին դռնե­րը: Քա­ղա­քում ան­մի­ջա­պես լուր տա­րած­վեց, որ շրջկոմ կանչ­ված կու­սակ­ցա­կան, պե­տա­կան աշ­խա­տող­ներն ու հիմ­նարկ- ձեռ­նար­կութ­յուն­նե­րի տնօ­րեն­նե­րը ար­գե­լա­փակ­վել են թատ­րո­նի (բան­վո­րա­կան ա­կումբ) շեն­քում[2]: Ներս ու դուրս ա­նե­լու ի­րա­վուն­քից զրկված­նե­րը դահ­լի­ճում ան­համ­բեր սպա­սում էին ի­րենց կու­սակ­ցա­կան ըն­կեր­նե­րից մե­կու­սա­ցած ու համ­րա­ցած Եր­ևա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Սու­րեն Մի­քա­յել­յա­նի[3] և Ղա­փա­նի շրջկո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Ա­շոտ Սարգս­յա­նի[4] ե­լույթ­նե­րին: Ժա­մա­նա­կը գլոր­վում էր, իսկ դահ­լի­ճում գտնվող այս եր­կու­սը չէին խո­սում: Ն­րանք համ­րա­ցել էին:

«Անտ­րա­մա­դիր էր հատ­կա­պես Սու­րեն Մի­քա­յել­յա­նը»,- ա­սում են խորհըր­դակ­ցութ­յան մաս­նա­կից­նե­րը: Մար­դիկ դես ու դեն էին ընկ­նում, նստում, վեր կե­նում, հեն­վում, փռվում ա­թոռ­նե­րին, խո­սում էին զգույշ, շշու­կով: Դահ­լի­ճը կո­րել էր ծխի մեջ, ծխում էին բո­լո­րը, նույ­նիսկ նրանք, ով­քեր մինչ այդ մի հա­տիկ ծխա­խոտ ան­գամ բե­րան­նե­րը չէին տա­րել: Ներ­կա­ներն ա­մեն տե­սա­կի են­թադ­րութ­յուն էին ա­նում՝ բա­ցի մե­կից. այն, որ ժա­մեր անց մաս­նա­կի­ցը կլի­նեն հայ­րե­նա­կից­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի դեմ Կ­րեմ­լում նյութ­ված ստոր դա­վադ­րութ­յան ի­րա­կա­նաց­մա­նը: Մար­դիկ հար­ցեր էին ուղ­ղում միմ­յանց ու կաս­կած­ներ հայտ­նում: Հիմ­նա­կան կաս­կած­նե­րը ծա­վալ­վում էին Թուր­քիա­յի դեմ պա­տե­րազ­մի շուր­ջը: Ի­րեն ան­հանգս­տաց­նող­նե­րին, թե ինչ հար­ցեր են քննարկ­վե­լու այս­քան ձգձգվող խորհր­դակ­ցութ­յու­նում, Ա­շոտ Հով­հան­նիս­յա­նը ար­ձա­գան­քում էր. «­Հե­տո ի՞նչ, որ շրջկո­մի կուս­կազմ­բաժ­նի վա­րիչն եմ, միև­նույն է, ես օ­րա­կար­գին ան­տեղ­յակ եմ»:- Ա­շո՛տ Ար­շա­կիչ, բա էդ­քան թա­նաքն ու գրի­չը ին­չի՞ հա­մար է,- չէին դի­մա­նում, հարց­նում էին: Իսկ կազմ­բաժ­նի վա­րի­չը, զսպե­լով ներ­քին ան­հանգս­տութ­յու­նը, պա­տաս­խա­նում էր. «Որ­քան դու՛ք գի­տեք, այն­քան էլ՝ ես»:

Ան­հանգս­տութ­յու­նը վե­րած­վեց տագ­նա­պի, տա­րած­վեց պա­տե­րից դուրս՝ վա­րա­կե­լով թատ­րո­նի պա­տե­րից այն կողմ ար­թուն մնա­ցած­նե­րին, հե­տաքրք­րա­սեր­նե­րին, «կա­լան­ված­նե­րի» հա­րա­զատ­նե­րին: Կես­գի­շե­րին մա­րե­ցին քա­ղա­քի լույ­սե­րը՝ ընդ­հա­նուր խա­վա­րի մեջ կաս­կածն ա­վե­լի խո­րաց­նե­լով. ին­չո՞ւ են հանգց­նում լույ­սե­րը, ի՞նչ է կա­տար­վում, լու­սա­քո­ղար­կո՞ւմ է (շրջա­նում չէին մո­ռա­ցել պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րի լու­սա­քո­ղար­կում­նե­րը): Ու­րեմն պա­տե­րա՞զմ է սկսվում: Չա­րա­գու­շակ մտքեր էին թևա­ծում: Ղա­փա­նում բնակ­չութ­յան մեծ մա­սը չքնեց այդ գի­շեր: Գի­շեր­վա ժա­մը 2-ն­ անց 20: Շ­չակ­նե­րի ոռ­նո­ցով քա­ղաք մուտք գոր­ծեց զին­վո­րա­կան ավ­տո­շա­րաս­յու­նը, շարժ­վեց ստա­դիո­նի ուղ­ղութ­յամբ, շար­վեց ստա­դիո­նում: Ա­հա և վառ­վե­ցին լույ­սե­րը: Քիչ անց զին­վո­րա­կան­նե­րի մի խումբ հայտն­վեց բան­վո­րա­կան ա­կում­բի շեն­քում: Բեմ բարձ­րա­ցավ և «­Կու­սակ­ցութ­յան և կա­ռա­վա­րութ­յան հանձ­նա­րա­րութ­յու­նը կա­տա­րե­լու պատ­րաստ լի­նե­լու մա­սին» Մի­քա­յել­յա­նին զե­կու­ցեց շա­րաս­յան պետ, ղա­փան­ցի Կոլ­յա Մու­սա­յել­յա­նը[5]: Ճն­շող ու խորհր­դա­վոր լռութ­յան մեջ Եր­ևա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը, ո­րին ղա­փան­ցի­նե­րը հի­շում են որ­պես Կենտ­կո­մի երկ­րորդ քար­տու­ղար, հայ­տա­րա­րեց հան­րա­պե­տութ­յու­նից ան­բա­րե­հույս տար­րե­րին աք­սո­րե­լու «վերև­նե­րի»[6] ո­րոշ­ման մա­սին, ա­սաց, որ դրանք կան նաև Ղա­փա­նի շրջա­նում, կոչ ա­րեց կազ­մա­կերպ­ված կեր­պով ի­րա­կա­նաց­նել «կու­սակ­ցութ­յան հանձ­նա­րա­րութ­յու­նը» և… ներ­կա­նե­րի սար­սա­փա­հար հա­յացք­նե­րին ու հար­ցա­կան­նե­րին ի պա­տաս­խան ար­դա­րաց­րեց «ընկ. Ս­տա­լի­նի ո­րո­շու­մը»: Կա­րո՞ղ էր այդ պա­հին որ­ևէ մե­կը լե­զուն շրթունք­նե­րով տալ, թե այս ի՞նչ ան­մարդ­կա­յին, հան­ցա­վոր ո­րո­շում է կա­յաց­րել «Ա­ռաջ­նոր­դը», ե­կե՛ք չի­րա­գոր­ծենք պա­հանջ­նե­րը: Չէր կա­րող: Բայց գոր­ծար­քին մաս­նակ­ցե­լուց հրա­ժար­վող ան­հատ­ներ ե­ղան, որ նշա­նա­կում է ինչ-որ տեղ դեմ գնալ ո­րոշ­մա­նը: Շտա­պել, ա­րա­գաց­նել էր պետք. ա­ռանց այն էլ Թա­սի ո­լո­րան­նե­րում պա­տա­հած վթա­րի պատ­ճա­ռով շա­րաս­յունն ու­շա­ցել էր[7]: Հապշ­տապ ճշտվե­ցին ու հաս­տատ­վե­ցին շրջա­նի Պե­տա­կան անվ­տան­գութ­յան մարմ­նի կող­մից ար­ված կցում­նե­րը[8]: Ըն­թեր­ցում էին աք­սո­րի են­թա­կա ըն­տա­նի­քի ա­վա­գի ա­նու­նը, հե­տո ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի­նը, ա­պա հնչում էր կցվա­ծի ա­նուն ազ­գա­նու­նը[9]: Հայ­տա­րար­վեց, որ թույ­լատր­վում է յու­րա­քանչ­յուր ըն­տա­նի­քի իր հետ վերց­նել մեկ տոն­նա­յից ոչ ա­վե­լի մթերք և­ ի­րեր: Մար­դիկ ա­հա­բեկ­ված էին:

Որ­քան էլ բիրտ ու դա­ժան էին ժա­մա­նակ­նե­րը, ան­կան­խա­տե­սե­լի էին հետ­ևանք­նե­րը, միև­նույն է՝ հու­նի­սի 14-ին մենք ու­նե­ցանք ժա­մա­նա­կից ու ժա­մա­նա­կա­կից­նե­րից վեր կանգ­նած հայ­րե­նա­կից­ներ: Ն­րան­ցից էր Ա­շոտ Հով­հան­նիս­յա­նը: Արդ­յո՞ք զու­գա­դի­պութ­յուն էր այն, ինչ կա­տար­վեց Հով­հան­նիս­յա­նի հետ (Եր­ևա­նում ե­ղել են դեպ­քեր, երբ կցված­նե­րը տհաճ զու­գա­դի­պութ­յամբ ըն­կել են ի­րենց ըն­կե­րոջ կամ բա­րե­կա­մի տու­նը): Ժո­ղո­վա­կան­նե­րը քար կտրե­ցին, երբ աք­սո­րա­կան­նե­րի ցու­ցակ­ներն ու կցված­նե­րի ա­նուն­նե­րը հրա­պա­րա­կե­լիս հնչե­ցին աք­սոր­վո­ղի՝ Արծ­վա­նիկ գյու­ղի «տեր­տե­րի որ­դի» Հայկ Տեր-­Հա­րութ­յուն­յա­նի և կց­վա­ծի՝ Ա­շոտ Հով­հան­նիս­յա­նի ա­նուն­նե­րը:

«Ես սարս­ռա­ցի, աչ­քերս մթնե­ցին… Հայ­կը քե­ռուս տղան էր, քե­ռիս՝ Տեր Մես­րոպ քա­հա­նան էր: Ես որ­բա­ցել էի, քե­ռուս տանն էի մե­ծա­ցել, և ս­տաց­վում է, որ պի­տի աք­սո­րեի այն մարդ­կանց, ով­քեր պա­հել-խնա­մել են որ­բիս… Ի՞նչ ա­նեի… Ես պի­տի աք­սո­րեի իմ ծնող­նե­րին, նրանք ինձ հա­մար հայր ու մայր էին: Այդ ի՜նչ ժա­մա­նակ­ներ էին… Այն էլ պա­տե­րազ­մից հե­տո, հաղ­թա­նա­կից հե­տո, մեր ժո­ղովր­դի ան­սահ­ման զրկանք­նե­րից հե­տո,- ա­սում է Հով­հան­նիս­յա­նը (այս մա­սին խո­սե­լուց 99-ամ­յա մար­դը ար­ցունք­ներ էր թա­փում):

Պա­տե­րազմն ան­ցած Ա­շոտ Ար­շա­կի­չը կտրա­կա­նա­պես հրա­ժար­վեց կա­տա­րել կու­սակ­ցա­կան հանձ­նա­րա­րութ­յու­նը: Խորհր­դակ­ցութ­յան մաս­նա­կից­նե­րի քար լռութ­յան մեջ Ա­վե­տի­քո­վի սկզբնա­կան հոր­դոր­նե­րին, ա­պա սպառ­նա­լիք­նե­րին պա­տաս­խա­նեց. «­Միև­նույն է, չե՛մ կա­րող: Հաս­կա­ցե՛ք, ո՛րբ եմ մե­ծա­ցել, քե­ռիս ու քե­ռա­կինս են ինձ պա­հել: Նույնն է, թե կա­լա­նա­վո­րեմ հա­րա­զատ ծնող­նե­րիս»:

Բայց ո՞վ կհաս­կա­նար՝ կա­գե­բեիշ­նիկ­նե՞­րը, մի­լի­ցիո­ներ­նե՞­րը, թե՞ քար­տու­ղա­րը: Հաս­կա­նան-չհաս­կա­նան՝ հրա­ժար­վեց: Ա­վե­տի­քո­վը կու­սակ­ցա­կան նոր հանձ­նա­րա­րութ­յուն տվեց: Ա­ռա­վոտ­յան նա, իր հետ վերց­նե­լով Հով­հան­նիս­յա­նին, շարժ­վեց եր­կաթգ­ծից վեր գտնվող տնե­րի կող­մը, որ­տեղ բնակ­վում էր ռազ­մա­գե­րի Գ­րի­գոր Ս­տե­փան­յա­նը:

Գ­րի­գոր Ս­տե­փան­յա­նի (ծնվ. 1916թ.) ըն­տա­նիքն աք­սոր­վեց, երբ եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նից վեր թե­քութ­յան վրա տուն էր կա­ռու­ցում: Կի­նը՝ Սոն­յան, ա­ռա­վոտ կա­նուխ ջրի էր գնա­ցել, Գ­րի­գո­րը տա­նիքն էր ամ­րաց­նում, երբ զին­վոր­նե­րը «доброе утро», իսկ կցված­նե­րը` բա­րի լույս մաղ­թե­ցին: Կց­ված Ա­շոտ Հով­հան­նիս­յանն ա­սում է, որ Գ­րի­գո­րը հան­կար­ծա­կիի չե­կավ, կար­ծես ինչ-որ բա­նի սպա­սում էր, իսկ կինն ա­հա զար­մա­ցած էր ու սկսեց վի­ճել, երբ ա­սա­ցին, որ ի­րենց պի­տի տե­ղա­փո­խեն Ղա­փա­նից: Գ­րի­գո­րը հասց­րել էր ար­դեն մեկ ան­գամ պա­տիժ կրել Պեր­մում: Հե­տո ա­զատ­վել, վե­րա­դար­ձել էր Ղա­փան, աշ­խա­տում էր որ­պես ա­նաս­նա­բույժ: Նա ա­վե­լորդ հա­մա­րեց շատ ի­րեր վերց­նել և­ ըն­տա­նիքն ա­ռած՝ մե­քե­նա­յով ի­ջավ կա­յա­րան: Տ­խուր էին, բայց կա­յա­րա­նում տես­նե­լով ի­րենց նման­նե­րին՝ սրտապնդ­վե­ցին:

Օ­րեր անց Ղա­փա­նում լուր տա­րած­վեց, որ բյու­րոն անն­պա­տա­կա­հար­մար է հա­մա­րել Ա­շոտ Հով­հան­նիս­յա­նի ներ­կա­յութ­յու­նը շրջկո­մում և­ աշ­խա­տան­քի է ու­ղար­կել ՖԶՈՒ (­Ֆաբ­րի­կա­գոր­ծա­րա­նա­յին ու­սում­նա­րան):

Թ­վում էր`­Հայկ Հա­րութ­յուն­յա­նին աք­սո­րե­լու նա­խադր­յալ­ներ պի­տի չլի­նեին, թեև «տեր­տե­րի տղա էր» (Արծ­վա­նի­կի հոգ­ևոր հո­վիվ, հան­րա­հայտ ու­սու­ցիչ Մես­րոպ Տեր-­Հա­րութ­յուն­յա­նի որ­դին էր): Եղ­բայ­րը` Գ­րի­գոր Տեր-­Հա­րութ­յուն­յա­նը, դաշ­նակ­ցա­կան հայտ­նի գոր­ծիչ էր, բա­վա­կան ե­րի­տա­սարդ տա­րի­քում հայ-թա­թա­րա­կան կռիվ­նե­րի ժա­մա­նակ Արծ­վա­նի­կի հե­րոս խմբա­պետ, 1919թ. Ա­գա­րակ-Եղ­վար­դի ճա­կա­տա­մար­տում արծ­վա­նիկ­ցի­նե­րի քա­ջա­րի ա­ռաջ­նոր­դը, նույն կռվում ցա­վա­լիո­րեն զոհ­ված: Մ­յուս եղ­բայ­րը՝ Ա­րա­րա­տը, ե­րի­տա­սարդ կո­մու­նիստ էր, ո­րին գնդա­կա­հա­րել էր Ղա­փա­նի ազ­գա­յին ու­ժե­րի հրա­մա­նա­տար Գե­րա­սիմ Ա­թա­ջան­յա­նը[10]: Պի­տի որ Ա­րա­րա­տի գոր­ծո­նը խան­գա­րեր Հայ­կի՝ ցու­ցա­կում հայտն­վե­լուն: Սա­կայն 1948-ի մի դիպ­ված խո­սում է այն մա­սին, որ «ում ու­զեին, կաք­սո­րեին», ում դեմ ա­սես կա­րող էին գործ սար­քել: Ին­քը՝ Հայկն էլ զար­մա­ցած էր, բայց միայն հե­տո ի­մա­ցավ, որ աք­սոր­վել է որ­պես դաշ­նակ­ցա­կան ըն­տա­նի­քի ան­դամ: Չգ­նա­հատ­վեց կո­մու­նիստ Ա­րա­րա­տի եղ­բայ­րը լի­նե­լը, մո­ռաց­վե­ցին հո­րեղ­բոր՝ Խա­չա­տուր Տեր-­Հա­րութ­յուն­յա­նի՝ խորհր­դա­յին հաս­տա­տութ­յուն­նե­րին նվի­րա­բե­րած բա­րե­գոր­ծութ­յուն­նե­րը, «գնա­հատ­վե­ցին» «տեր­տե­րի տղան» ու «խմբա­պե­տի» եղ­բայ­րը:

Դիպ­վա­ծը բնա­կա­րա­նի պատ­մութ­յունն էր: 1948թ. Արծ­վա­նի­կի տնտե­սութ­յան գոր­ծե­րը կար­գի բե­րե­լու նպա­տա­կով նրան կան­չե­ցին շրջկո­մից և պար­տադ­րե­ցին գնալ հայ­րե­նի գյուղ և­ աշ­խա­տել այն­տեղ: Հայ­կի՝ գյուղ գնալն ու քա­ղա­քի բնա­կա­րա­նի հա­մար պայ­քա­րը մե­կեն սկսվե­ցին: Պա­հան­ջե­ցին ա­զա­տել բնա­կա­րա­նը և գ­յուղ տե­ղա­փո­խել նաև ըն­տա­նի­քը: Մեր­ժեց: Կան­չեց շրջկո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Ա­շոտ Սարգս­յա­նը և մեր­ժում ստա­նա­լուց հե­տո սպառ­նաց. «Գ­նա՛, բայց չփոշ­մա­նես»:

Հա­րութ­յուն Ման­գա­սար­յա­նը[11] գրում է. «1949թ. Ղա­փա­նի շրջկո­մի քար­տու­ղարն էր Ա­շոտ Մար­տի­նիչ Սար­գիս­յա­նը, ան­տակտ էր, աշ­խա­տեց մոտ եր­կու տա­րի, հե­ռաց­ված էր աշ­խա­տան­քից խիստ բա­ցա­սա­կան ի­մաս­տով, նրան փո­խա­րի­նեց իմ սի­րե­լի ըն­կեր, հաս­տա­տա­կամ, մար­դա­մոտ Եր­վանդ Մել­քոն­յա­նը[12]: Վեր­ջի­նիս շնոր­հիվ տասն­յակ մար­դիկ փրկվե­ցին ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րից ու բան­տե­րից: 1949 թվա­կա­նին մարդ­կանց ըն­տա­նի­քով աք­սո­րե­լու հե­րոս­ներ էին ՀԽՍՀ ՆԳՄ գնդա­պետ, ո­րի ազ­գա­նու­նը չեմ հի­շում (դա պե­տա­կան անվ­տան­գութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ մա­յոր Վ. Ս. Բու­դա­ղովն էր՝ Գ. Ս.), պե­տանվ­տան­գութ­յան Ղա­փա­նի բաժ­նի պետ, գնդա­պետ Հայկ Նախ­շի­քար­յա­նը, Ա. Մ. Սար­գիս­յա­նը՝ շրջկո­մի քար­տու­ղա­րը, խիստ գաղտ­նի խորհր­դակ­ցութ­յուն­նե­րից հե­տո օր­գա­նի աշ­խա­տա­կից­նե­րը և Ղա­փան քա­ղա­քի վստա­հե­լի ան­ձինք բեռ­նա­տար մե­քե­նա­նե­րով գի­շե­րը գնա­ցել, ըն­տա­նիք­նե­րը փո­խադ­րում էին Ղա­փան, լու­սա­բա­ցին բաց վա­գոն­նե­րում նստեց­նում: Ղա­փան քա­ղա­քում, գյու­ղե­րում լաց ու կոծ էր ու զայ­րույթ: Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կից հե­տո ո՞ւր են տա­նում այդ ան­մեղ մարդ­կանց․․․ Թեև շրջա­նա­յին սո­վե­տի նա­խա­գա­հը ես էի, բայց այդ գաղտ­նի ժո­ղով­նե­րի և­ այդ օ­պե­րա­ցիա­յի մա­սին ինձ ո­չինչ չա­սա­ցին և մաս­նա­կից չեն դարձ­րել: Օր­վա հե­րո­սը՝ վստահ­ված ան­ձը, Ա. Մ. Սար­գիս­յանն էր, ո­րը և խրա­խուս­վեց: Բար­բա­րոս գա­զա­նութ­յուն. ես հե­տո ի­մա­ցա․ ան­վա­նի որմ­նադ­րին՝ շուրջ 90 տա­րե­կան (ա­նուն-ազ­գա­նու­նը մո­ռա­ցել եմ), հի­վանդ վի­ճա­կում բարձ­րաց­րել են վա­գո­նի մեջ, հա­ջորդ օ­րը մա­հա­ցել է: Կար­ծեմ՝ Ա­ռա­ջա­ձոր գյու­ղից էր, Տաթ­ևի վան­քի վե­րա­նո­րո­գող վար­պե­տը: Այն ժա­մա­նակ չգի­տենք, որ տա­նում են Ալ­թա­յի երկ­րա­մաս»[13]:

Ղա­փա­նի շրջկո­մի քար­տու­ղար Մի­լի­տոս Դավթ­յա­նը երկ­րորդն էր: Ար­հա­մար­հե­լով զգու­շա­ցում­նե­րը՝ իր հետ վերց­րեց սննդամ­թեր­քի պա­շար և շ­տա­պեց կա­յա­րան, հանձ­նեց ար­տաքս­վող քրո­ջը… և­ ա­զատ­վեց աշ­խա­տան­քից: Սու­րեն Մի­քա­յել­յանն ու Ա­շոտ Սարգս­յա­նը ՀԿ(բ)Կ կենտ­կո­մին ուղղ­ված զե­կու­ցագ­րում[14] չմո­ռա­ցան ցու­ցադ­րել ի­րենց «սկզբուն­քա­յին, բոլշ­ևիկ­յան ան­հան­դուր­ժո­ղա­կան» գոր­ծե­լա­կեր­պը և­ որ­պես օ­րի­նակ՝ ներ­կա­յաց­րին քար­տու­ղար Դավթ­յա­նին. «Աք­սո­րա­կան­նե­րի շար­քում էր ՀԿ(բ)Կ Ղա­փա­նի շրջկո­մի քար­տու­ղար ընկ. Մ. Դավթ­յա­նի քույ­րը, ո­րի ա­մու­սի­նը (­Վե­րին Հանդ գյու­ղի կոլտն­տե­սա­կան) ե­ղել է լե­գեո­նա­կան»[15]:

Մեկ ու­րիշն էլ կար՝ Ա­գա­րակ գյու­ղից Գաբ­րիել Ա­ղա­խան­յա­նը[16], ում ըն­տա­նի­քի հետ կա­յա­րան էին բե­րել՝ աք­սո­րե­լու: Կա­պա­նի թիվ 3 դպրո­ցի ու­սուց­չու­հի Լաու­րա Ա­ղա­խան­յա­նը պատ­մում է. «­Հի­շում եմ՝ հու­նի­սի 14-ին մայ­րի­կիս փե­շը բռնած՝ հա­սա Ղա­փա­նի կա­յա­րան: Այս­տեղ լաց ու կոծ էր: Գաբ­րիե­լը բարձ­րա­ձայն վի­րա­վո­րեց Ս­տա­լի­նին, ա­սաց. «Էդ ա­նա­սուն Ս­տա­լի­նը ի՞նչ է ու­զում մեր ժո­ղովր­դից»: Մայրս վա­խե­ցավ ու խնդրեց ձայ­նը գլու­խը չգցել. «Ու­զում ես մե՞զ էլ Սի­բիր քշեն»: Լ­սող­ներ ե­ղել էին, բայց այդ պա­հին նույն հար­ցը բո­լորն էին տա­լիս:

Հա­վեր­ժա­կան, տեղ ու դա­դար չտվող հարց՝ իս­կա­պես, ի՞նչ էր ու­զում «­Ցա­րե­րի գա­հին բազ­մած» ստա­հա­կը: Ի՞նչ են ու­զում մեզ­նից ընդ­հան­րա­պես:


[1] 30-ական թվականներին կառուցված այս շինության մասին երկու կարծիք կար՝ պահ-պանել կամ քանդել ու տեղում նորը կառուցել: Քանդեցին.­.. Մեր օրերում շենքի տեղում­ թառել է սև ապակուց ու բետոնից թխված այլանդակ ու անճաշակ, ոչ այն է սև,­ ոչ այն է սպիտակ մի կ­իս­ակառույց, որ ավելի շուտ ագռավ է հիշեցնում և մեր բզկտված երկրի ընդերքը հոշոտող-ների ու նրանց երկրպագողների պաշտամունքի խորհրդանիշն է այս կողմերում: Այն Արտավազդ Փարսյան-Մելիք-Ստեփանյանի կերտած հրապարակը և մեր պատմությունը թաղել է «սազանդար» շատրվանների խողովակ-կմախքների ու բազալտի ծածկի տակ: Սյու-նիքի մարզային կենտրոնում գռեհկացվել ու աղավաղվել է մեր անցյալը, այստեղ հառնել է հարստության ու ագահության դև Մամոնան:

[2] Դատելով 124 թվից և իմանալով, որ յուրաքանչյուր ընտանիքի կցվում է 2 քաղա-քացիական անձ, կարող է նշանակել, որ շրջանից աքսորվող ընտանիքների քանակը պիտի լիներ 62: Համաձայն չճշտված ցուցակների, հաշվարկների՝ աքսորական ընտանիքների թիվը 67 է:

[3] Սուրեն Միքայելյան. կուսակցական, պետական աշխատող Արթիկից: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1933-1937թթ. եղել է Արթիկի և Իջևանի շրջկոմների քարտուղար, 1937-ից՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի առա-ջին քարտուղար, այնուհետև աշխատել է ՀԿ(բ)Կ Կենտկոմում, 1940-1948թթ.՝ Կենտկոմի քար-տուղար, 1948-1955թթ.՝ լուսավորության նախարար, այնուհետև՝ Պրոֆտեխկրթության պե-տական կոմիտեի նախագահ:

[4] Ա­շոտ Մար­տի­րո­սի Սարգս­յա­նը 2-րդ­ աշ­խար­հա­մար­տի մաս­նա­կից է, զրա­հա­տան­կա­յին զոր­քե­րի փոխգն­դա­պետ: Ծն­վել է 1915թ. Ադր­բե­ջա­նի Իս­մա­յի­լի շրջա­նի Կա­լա­գա գյու­ղում: Թուր­քա­կան ար­շա­վանք­նե­րից փրկվե­լու հա­մար մայ­րը ե­րե­խա­յին հասց­րել է Աշ­խա­բադ: Այս­տեղ էլ մոր մա­հից հե­տո ե­րե­խա­ներն ընկ­նում են որ­բա­նոց, ա­պա վե­րա­դառ­նում հայ­րե­նի գյուղ: Յոթ­նամ­յա դպրոցն ա­վար­տե­լուց հե­տո քրոջ հետ տե­ղա­փոխ­վում է Եր­ևան: 1936-ին ա­վար­տում է Եր­ևա­նի լեռ­նա­յին տեխ­նի­կու­մը, աշ­խա­տան­քի անց­նում Ա­լա­վեր­դու հան­քե­րում: 1936-1938-ին ծա­ռա­յել է խորհր­դա­յին բա­նա­կում: Ծա­ռա­յութ­յու­նից հե­տո սո­վո­րում է: Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին հե­ռագ­րում է Վո­րո­շի­լո­վին՝ խնդրե­լով ի­րեն ռազ­մա­ճա­կատ ու­ղար­կել: 1941-ի նո­յեմ­բե­րին եր­դում է տա­լիս Լե­նի­նի հրա­պա­րա­կում: Ն­շա­նակ­վում է 89-րդ դի­վի­զիա­յի 526-րդ գն­դի կո­մի­սար, ա­պա դի­վի­զիա­յի քաղ­բաժ­նի պե­տի տե­ղա­կալ: Մոսկ­վա­յում դա­սըն­թաց­ներ անց­կաց­նե­լուց հե­տո հայտն­վում է ուկ­րաի­նա­կան ճա­կա­տում: 1981-ին (մա­հից մեկ տա­րի հե­տո) Կի­ևում լույս տե­սավ բրի­գա­դի հրա­մա­նա­տա­րի՝ գե­նե­րալ մա­յոր, Խորհր­դա­յին Միութ­յան հե­րոս Նի­կո­լայ Ի­վա­նիչ Զավ­յա­լո­վի «Ա­րիութ­յան վերս­տեր» գիր­քը 5-րդ­ ա­ռանձ­նաց­ված, մե­խա­նի­զաց­ված բրի­գա­դի մա­սին, որն ա­ռա­ջինն էր ան­ցել ԽՍՀՄ սահ­մա­նը, ա­զա­տագ­րել Իզ­մա­յի­լը: Այս­տեղ խոս­վում էր նաև Սարգս­յա­նի մա­սին: Երկ­րորդ գրքում ևս հի­շա­տակ­վում է Ա­շոտ Սարգս­յա­նը: Պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­դառ­նում է Եր­ևան: Այ­նու­հետև անց­նում է կու­սակ­ցա­կան աշ­խա­տան­քի: 1948թ. նո­յեմ­բե­րից մինչև 1950թ. նո­յեմ­բե­րը Ղա­փա­նի կուսշրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղարն էր: 1950-1956թթ. աշ­խա­տում է Հա­յաս­տա­նի երկ­րա­բա­նա­կան վար­չութ­յան պե­տի տե­ղա­կալ: 1960-ից ղե­կա­վա­րի աշ­խա­տանք էր կա­տա­րում գյու­ղատն­տե­սութ­յու­նը սպա­սար­կող հաս­տա­տութ­յուն­նե­րում: Քար­տու­ղար Ա­շոտ Սարգս­յանն ի­րա­կա­նում ան­զոր էր ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի դեմ: Ի՞նչ էր մնա­ցել նրա­նից աք­սո­րից հե­տո, ի՞նչ կերպ էր ու­զում «քա­վել» մեղ­քե­րը իր ղե­կա­վա­րած շրջա­նի բնակ­չութ­յան հան­դեպ: Ն­րա կեր­պա­րը կա­րող է լրաց­նել Շի­կա­հող գյու­ղի այն տա­րի­նե­րի կոլտն­տե­սութ­յան նա­խա­գահ Գե­դեոն Խա­չատր­յա­նի մի զրույ­ցը. «­Ռայ­կո­մի քար­տու­ղա­րին Ղա­փա­նում աք­սո­րից հե­տո տա­նել չէին կա­րող: Ն­րան «­Ցի­լինդր» էին ան­վա­նում ցի­լինդր կրե­լու հա­մար: Որ ճիշտն ա­սենք, ին­քը վա­խե­նում էր կա­գե­բեից ու դա­տա­խա­զից: Բայց ո՞վ չէր վա­խե­նում դրան­ցից: Ին­քը լավ ֆուտ­բո­լիստ էր, սի­րում էր սպոր­տը: Մի լավ բան ա­րեց՝ Ղա­փա­նի ադր­բե­ջան­ցի­նե­րը, պա­տե­ֆոն­նե­րը զլած, մու­ղամ էին լսում, էն չա­փի, որ թվում էր, թե Ղա­փա­նը հայ­կա­կան քա­ղաք չէ: Նա կտրել տվեց կլկլո­ցը, իսկ բո­ղո­քա­վոր­նե­րին ա­սել էր՝ լսե՛ք ձեր տնե­րում, չե՞ք ու­զում, գնա­ցե՛ք Զան­գե­լա­նում բարձր լսեք: Ա­սում էին՝ Ա­վե­տի­քո­վը, որ­քան էլ մոտ էր քար­տու­ղա­րին, դրա հա­մար (թուր­քերն էին բո­ղո­քել) ու­զում էր գործ սար­քել գլխին՝ մե­ղադ­րե­լով նա­ցիո­նա­լիզ­մի մեջ: Աք­սո­րից հե­տո՝ մի օր, երբ Սարգս­յա­նը, կար­ծեմ գեո­լոգ ռազ­վեդ­կա­յում [երկ­րա­բա­նա­կան հե­տա­խու­զա­րան] էր թե ինչ էր, Ս­տա­լի­նի մեռ­նե­լուց հե­տո էր, մի օր գյու­ղից ներքև՝ Գե­տի ար­տում, հան­դի­պե­ցի: Հա­լից ըն­կած մի «­Վի­լիս»-ով էր․ նախ­կին քար­տու­ղա­րից բան չէր մնա­ցել: Մո­տե­ցա, բար­ևե­ցի, գի­տեի, որ սո­ված կլի­նեն, տուն բե­րե­ցի: Անց­յա­լից չխո­սե­ցինք, ին­քը խիստ մտա­հոգ էր, ճնշված էր զգում ի­րեն: Չա­սա­ցի էլ, որ քույրս էլ է աք­սոր­ված: Ի՞նչ խո­սեինք, ի՞նչ ա­սեի: Գու­ցե աք­սորն էր հի­շում: Աստ­ղի­կին ա­սա­ցի՝ հաց կա­պեց, դրե­ցի ի­րենց հետ, տա­րան, պի­տի ռազ­վեդ­կա ա­նեին: 60-ա­կան­նե­րին Եր­ևա­նում բարձր պաշ­տոն ու­ներ, ինքն էր ո­րո­շում կոլ­խոզ­նե­րին տեխ­նի­կա տա­լու հար­ցը: Գի­տեմ, որ Սարգս­յա­նը ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շա­դիր էր Ղա­փա­նի հան­դեպ: Ինչ հար­ցով դի­մում էին, նա ըն­դա­ռա­ջում էր»: Սա ան­հա­տի ող­բեր­գութ­յունն էր:

[5] Փոխգնդապետ Նիկոլայ (Կոլյա) Շամիրի Մուսայելյան (1914-­1959). Կապա­նի Ուժանիս գյուղից է, միջնակարգ ու բարձրագույն կրթություն է ստացել Երևանում, մասնակցել Մեծ հայրենականին, կատարել քաղաքական աշխատանք: Պարգևատրվել է «Կարմիր ա­ստ­ղի­» շքա­նշանով: Կյանքի վերջին տարիներին Երևանի կայազորային հոսպիտալի պետի քաղաքական գծով տեղակալն էր:

[6] «Բնութագրական է «վերև», «վերևներ» հասկացությունների օգտագործումը։ Դա ընդհանրապես, ես կա­ս­ե­ի, շատ «խորհրդային» բառ է։ Շատ բան կարելի էր վերագրել կամ բարդել անդեմ «վերևներին»։ Եթե ինչ-որ կարգադրության հեղինակ նշվում էր «վերևները», ապա դա, որպես կանոն, արդեն քննարկման ենթակա չէր, ենթա­կա­ է­ր միայն իրակա-նացման» (Խառատյան Հ., Շագոյա­ն Գ.­, Մարության Հ., Աբրահամյա­ն Լ.,­ Ստալինյան բռնա-ճնշումները Հայաստանում, Պատմություն, հիշողություն, առօրյա, «Գիտություն» հրատ․, Երևան, 2015, էջ 210 (Հարու­թյուն Մարության, Ո՞վ է մեղավոր) (այսուհետև՝ Խառատյա­ն և այլք, 2015)): Բոլորն այդ պահին քաջ գիտակցում էին, որ «վերևները» Մոսկվան, Կրեմլը, կոմ-կուսն են, վերջապես ամենավերևը՝ «ընկեր Ստալինը»:

[7] Գոր­իս-Կապան ճանապարհի Որոտանից վեր բարձրացող ոլորապտույտները, որոնք դժվարանցանելի են հատկապես ձմռանը: Թասը բնության անկրկնելի հրաշալիք է:

[8] Մո­ռացության են մատն­վել կ­ցվ­ած­ները, և անհա­յտ են­ զ­ինվորականները, բայց մի փոքր օգնության են հասնում վավերագրերը: Այսպես՝ խուզարկությունների վերաբերյալ ար-ձանագրություններից հնարավոր է լինում ճանաչել առաջիններին և իմանալ վերջինների՝ «կարմիր պագոնավորների» անունները: Ստորև նրանցից մի քանիսը՝ ըստ արձանագրու-թյունների՝

  1. Սո­նա Մել­քում­յա­նի ըն­տա­նի­քը Շի­կա­հող գյու­ղից, հաս­ցեն՝ Լեն­հան­քեր, հի­վան­դա­նոց: Գոր­ծո­ղութ­յան ղե­կա­վա­րը՝ ՆԳՄ ա­վագ լեյ­տե­նանտ Ս­նին­կո: Կց­ված­ներ՝ Ա. Փար­սա­դան­յան (­Զան­գե­զու­րի հանք­վար­չութ­յան բնակ­վար­չութ­յան պետ), Խա­րազ­յան Մ. Ա. (հանք­վար­չութ­յան էլ­ցան­ցի պետ):
  2.  Շահ­նա­զար­յան Նու­բա­րի ըն­տա­նի­քը Ա­ռա­ջա­ձո­րից: Գոր­ծո­ղութ­յան ղե­կա­վա­րը՝ ՆԳՄ ա­վագ օ­պեր լիա­զոր Կ­լի­մով, հաս­ցեն՝ Չերն­յա­խովսկ: Կց­ված­ներ՝ Գ­րի­գոր­յան Վա­հան Սի­մո­նի (ու­սու­ցիչ, ժողկրթ­բաժ­նի ղե­կա­վար­նե­րից՝ Գ. Ս.), Կա­րա­պետ­յան Ա­րամ Կոլ­յա­յի (­Ղա­փա­նի բնա­կիչ, Բե­խի կոլտն­տե­սութ­յան նա­խա­գահ՝ Գ. Ս.):
  3. Խա­չատր­յան Ա­նա­հիտ Բաղ­դա­սա­րի, գյուղ Ս­յու­նիք: Գոր­ծո­ղութ­յան ղե­կա­վա­րը՝ ՆԳՄ լեյ­տե­նանտ Սի­մոչ­կին (Գ­րոզ­նու մարզ): Կց­ված­ներ՝ Ա­ղա­միր­յան Ա­ղա­միր Ռուս­տա­մի (ու­սու­ցիչ՝ Գ. Ս.), Ղա­զար­յան Լ­ևոն Հա­րութ­յու­նի:
  4. Ավ­թան­դիլ­յան Ար­շա­լույս Նի­կո­լա­յի, գյուղ Շի­կա­հող: Գոր­ծո­ղութ­յան ղե­կա­վար՝ ՆԳՄ լեյ­տե­նանտ Մ­նա­ցա­կան­յան: Կց­ված­ներ՝ Ար­տեմ Քա­րա­մի Խա­չատր­յան (­Ղա­փա­նի տա­բակ­սի­րո­յի՝ ծխա­խո­տի մթեր­ման կա­յա­նի պետ), Ար­տեմ Գաբ­րիե­լի Մար­տի­րոս­յան (գյու­ղի կուս­կո­մի­տեի քար­տու­ղար): Խու­զար­կութ­յա­նը մաս­նակ­ցել է զին­վոր Դ­միտ­րի Նի­կո­լա­ևիչ Ստրու­կո­վը:
  5. Ս­տե­փան­յան Գ­րի­գոր Պատ­վա­կա­նի, բնակ­վում է եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի դի­մաց: Գոր­ծո­ղութ­յու­նը ղե­կա­վա­րում է ՆԳՄ մա­յոր Ա­վե­տի­քո­վը (­Ղա­փա­նի բաժ­նի պե­տի տե­ղա­կալ՝ Գ. Ս.): Կց­ված­ներ՝ Հով­հան­նիս­յան (Ա­շոտ՝ Գ. Ս. ) (շրջկո­մի բաժ­նի վա­րիչ), Քա­րամ­յան (ОРС-ի՝ բան­վո­րա­կան մա­տա­կա­րար­ման բաժ­նի պե­տի տե­ղա­կալ):
  6. Համ­բար­ձում­յան Մայ­թաղ, Շի­կա­հող: Գոր­ծո­ղութ­յու­նը ղե­կա­վա­րում է ՆԳՄ ա­վագ լեյ­տե­նանտ Կիս­լեն­կոն: Կց­ված­ներ՝ Աբ­րա­համ­յան Ա. Վ. (­Շի­կա­հո­ղի նա­խա­գահ), Ար­զու­ման­յան Ա. Խ. (Գ­յուղ­բան­կի լիա­զոր, Շի­կա­հո­ղից, 89-րդ Թա­ման­յան դի­վի­զիա­յի մար­տիկ՝ Գ. Ս.): Մաս­նակ­ցում է զին­վոր Կո­նե­պել­կի­նը:
  7. Հով­հան­նիս­յան (Ար­շակ՝ Գ. Ս.), Շիշ­կերտ: Գոր­ծո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­նում է ՆԳՄ օ­պեր լիա­զոր կա­պի­տան Դոլ­գո­վը Գ­րոզ­նու մար­զից: Կց­ված­ներ՝ Ա­վե­տիս­յան Գ. Պ. (գյուղ­բաժ­նի վա­րիչ), Գալստ­յան Հ. Մ. (գյուղ­բաժ­նի գյու­ղատն­տես):
  8. Բա­բա­յան Վար­սե­նիկ Համ­բար­ձու­մի, Շի­կա­հող: Գոր­ծո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­նում է Գ­րոզ­նու մար­զի ՆԳ «А» բաժ­նի աշ­խա­տա­կից, ա­վագ լեյ­տե­նանտ Կիս­լեն­կոն: Կց­ված­ներ՝ Գևորգ­յան Շ. Ի. (շրջկո­մի հաշ­վառ­ման բաժ­նի վա­րիչ), Ա­վագ­յան Բ. Ա. (Ս­րա­շե­նի կոլ­խո­զի նա­խա­գահ): Մաս­նակ­ցում է սեր­ժանտ Սուս­ցո­վը:
  9. Պետ­րոս­յան Ար­տուշ Վար­դա­զա­րի, Շր­վե­նանց: Գոր­ծո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­նում է ՆԳՄ կա­պի­տան Նի­կո­լա­ևը: Կց­ված­ներ՝ Բախ­շի Թու­ման­յան («­Նոր ե­ռանդ» ար­տե­լի նա­խա­գահ), Բաղ­դա­սար­յան Ա­լեք­սանդր (ֆելդ­շեր:): Վեր­ջինս տի­պիկ ստա­լին­յան ո­գով դաս­տիա­րակ­ված մարդ էր, նրա հա­մար Ս­տա­լի­նը բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հզո­րա­գույն գոր­ծիչն էր, հա­մոզ­ված էր, որ մարդ­կանց աք­սոր քշե­լը ար­դա­րա­ցի է: Ծանր է տա­րել 20-րդ հա­մա­գու­մա­րի ո­րո­շում­նե­րը: Տա­նը պա­հում և փայ­փա­յում էր ա­ռաջ­նոր­դի բրոն­զե կի­սանդ­րին, չէր հան­դուր­ժում որ­ևէ ակ­նարկ նրա հաս­ցեին:
  10. Հա­րութ­յուն­յան Բախ­շի Ա­վա­գի, Ղա­փան, 2-րդ փո­ղոց, տուն 28 (­Փիր­մազ­րա գյու­ղից): Գոր­ծո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­նում է ՆԳՄ մա­յոր Ա­վե­տի­քո­վը (­Ղա­փա­նի բաժ­նի պե­տի տե­ղա­կալ): Կց­ված­ներ՝ Մար­տի­րոս­յան Ի­վան (շրջժողկրթ­բաժ­վար), Ղոն­յան Անդ­րա­նիկ, («­Սո­վե­տա­կան Հա­յաս­տան» թեր­թի թղթա­կից):
  11. ՏերՀա­րութ­յուն­յան Հայկ Մես­րո­պի, գյուղ Արծ­վա­նիկ, Գոր­ծո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­նում է ՊԱՄ աշ­խա­տա­կից, Գ­րոզ­նու մար­զից, լեյ­տե­նանտ Աշ­խամ­լո­վիչ: Կց­ված­ներ՝ գյուղ­խորհր­դի նա­խա­գահ Սար­կի­սով, Զա­քար­յան Բեկ­լար (շրջա­նա­յին ձեռ­նար­կութ­յան ղե­կա­վար):

[9] Ղափանի այն ժամանակվա անձնագրային բաժնի պետ Մողե­ս գյուղից Գուրգեն Ասատրյանի վկայությամբ՝ որոշ կցվածների բաժանվեցին ծրարներ, որոնք պիտի բացվեին սա­հմ­ան­վա­ծ վայրում և կ­արդային աքսորի ենթակա ընտանիքի անունը: Ասում էին նաև, որ մի երկուսը (անուններ չէին հնչեցնում) անթաք­ու­յց­ հ­րճվանքով ընդունեցին կառավարության որոշումը, և ինչ-որ մեկն էլ խնդր­եց իրեն ուղարկել «դաշնակցականների գյուղ Շիշկերտ»: Ուղարկեցին թե ոչ՝ չգիտենք:

[10] Այս մասին տե՛ս՝ Սմբատյան Գ., Սյունիք. Պատմություն և հիշողություն, «Անտարես» հրատ., Երևան, 2019 «Ուրգութի հավերժական ննջեցյալը» գլխում (այսուհետև՝ Սմբատյան 2019):

[11] Հարություն Խաչատուրի Մանգասարյանը ծնվել է 1903թ. Քաջարան գյուղում, մա-հացել 1992թ. Երևանում: Ընտա­նիքը Քաջարանից վերաբնակվել է Ծավում, մանկութ­յ­ունն ու պատանեկությունն անցել է Ծավում, ահա թե ինչու իրեն համարում էր ծավցի: Ստացել է տարրական կրթություն, 20-ականներին տեղափոխվել Երևան, գործուղվել Մոսկվա ու սովորել է Քիմիական պաշտպանության ռ­ազ­մա­կան ակադեմիայում: Երևանում կատարել է կու­սակց­ական աշխատանք: Կազմակերպել է հեղափոխությ­ան­ թա­նգ­արանը: Մասնակցել է պատերազմին, վիրավորվել: 1946-1950թթ. Ղափա­նի­ շրջա­նա­յին գործկոմի նախագահն էր (նրան ձերբակալելու մտադրություն է ունեցել դատախազ Հարությունյանը): Այնուհետև աշ-խատել է Գ­երագույն­ խորհրդու­մ և Ազգային արխիվում: Գերազնիվ, սկզբունքային ու հայրե-նասեր մարդ էր, մեծ հարգանք ուներ հայրենի շրջանում: Ունի ար­ժե­քա­վո­ր հ­ո­ւշ­եր­: Նա հա­յ-թաթարական բախումների ժա­մանակների Վե­րի­ն Ձորի պաշ­տպ­ան­ու­թյա­ն հերոս­ ղեկավ­ար Թևատրոս Մա­նգասարյ­անի եղբոր ո­րդին է (այս մ­ասին տե՛ս՝ Սմբատյան­ Գ.,­ Սյունիքը փոր-ձության­ մ­եջ, «Անտ­արես» հրատ., Երևան, 2017, Վերին Ձոր, պատերազմն ամպերից վեր գլխում (այսուհետև՝ Սմբատյան 2017):

[12] 1950-1953թթ. ՀԿ(բ)Կ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար, Շիկահող գյուղից, Մես-րոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանի քրոջ որդին:

[13] Հարություն Մանգասարյան, Նամակ այն օրերի մասին, ձեռագիր, պահպանվում է հե-ղինակի անձնական արխիվում:

[14] Ա. Վիրաբյան, 1990, էջ 74:

[15] Միլիտոս (Մ­իքայել) Դավթյան (1920-1993թթ.). Փիրմազր­այից է, ավ­ար­տե­լ է Ղափանի մանկավարժ­ական տեխնիկումը, աշխատել որպես ուսուցիչ թիվ 1, ապա տնօրեն Տաշտունի դպրոցում: Բրեստի քաջա­րի պաշտպաններից է: Թեև շրջկոմի քարտուղարն էր, սակայն կնոջ՝ Քնարիկի «կ­ուլակային» ծագման պատճառով շարունակ հետապնդվում էր: Այս դեպ-քերից հետո, փաստորեն, Պետական անվտանգությունը չվստահեց նրան և ազատել տ­վե­ց կո­ւսա­կցական աշխատան­քից: 1957-1961թթ. Ղափանի շրջժողկրթբաժնի վարիչն էր: Դավթ-յանը տեղափոխվել է Երևան, որպես ուսուցիչ աշխատել Սա­րի թաղի դպրոցում, այնուհետև մաթեմատիկական թեքումով թիվ 3 դպրոցում: Երկար տարիներ ղեկավարել է մայրա-քաղաքի Ս. Շահումյանի անվ. թիվ 1 դպրոցը: Մահացել է 1993թ. նոյեմբերին, թաղված է Շա-հումյանի գերեզմանատանը: Քույրը Արուսյակ Աբրահամյանն է, «լեգեոնական» ամուսինը՝ Անուշավան Առաքելյանը: 1956թ. նրանք վերադարձան հայրենիք և մինչև իրենց կյանքի վեր-ջը ապրեցին Վերին Հանդ­ գ­յուղում:

[16] Աղախանյան Գաբրիել Սիմոնի. ծնված 1911թ. Ագարակ գյուղում, այսպես կոչված լե-գեոներ: Կինը՝ Քնարիկը (ծնված 1922թ.), որդին՝ Սիմոնյան Կամոն (ծնված 1930թ.), աղջիկը՝ Սիմոնյան Մարիետան (ծնված 1949թ.):


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

ՀՀ ­Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­գիծ

Մալիկ Թելունց See author's posts Ընթերցված է՝ 3 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get…

Read More

Գորիս քաղաքի հիմնումը և զարգացումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածները կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոխառությունների ոճական առանձնահատկությունները Խ․ Աբովյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Քումունց Մ․Տարեթիվ՝ 2005Աղբյուր՝ Նորք, 3Էջեր՝ 46–52📄 Ներբեռնել PDF Մհեր Քումունց See author's posts Ընթերցված…

Read More

Դարձվածքները Հ. Մաթևոսյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Մհեր Քումունց Տարեթիվ՝ 2005թ. Հրատարակություն՝ «Մաթևոսյանական արձագանքներ» գիտական նյութերի ժողովածու Էջեր՝ 143–152 Ամփոփում Հոդվածում…

Read More