Սունդու դիցուհու պաշտամունքի մնացուկները Սյունիք-Արցախ բարբառային տարածքում

Սընդու||սունդու||սինդի||սինդու||սո̈ւնդո̈ւ||սընդո̈ւ: Սյունիք-Արցախ բարբառային տարածքում հանդիպող, տարբեր հնչողությամբ այս բառը Գ. Ջահուկյանը նշում է բարբառային հնաբանությունների մեջ՝ հ.-ե. *sent «ուղղվել, գնալ, ընթացք, ուղի, ճանապարհ»[1] իմաստներով[2]: Սընդո̈ւ||սո̈ւնդո̈ւ հիմնական ձևերով գործածական է Սյունիք-Արցախ տարածքային բարբառախմբում և նշանակում է խողովակաձև անցք թոնրի և ջրավազանի՝ օդի և ջրի մղման համար: Բառը տարածված է նաև սնտու, սնդուն, սունդուն և´ Կարճևանում, և´ Կաքավաբերդում՝ սունդուկ ձևերով[3]: ՀԳԲ նշում է սնդուկալ, սնդուկալիչք, սնդուեկալիչ բարդությունները[4]: Արցախում, Սյունիքում գործածական են նաև սընդո̈ւկուկու||սինդիկուկու ||սո̈ւնդո̈ւկուկու «ոտանաւոր աղօթ մ՛է՝ որ գիշերը տեղը միզող երեխայոց վրայ կը կարդան»,[5] «ոգի, երեխային սաստելու համար» իմաստներով: Տեղ գյուղում նույնիսկ պահպանվել է դրա հետ կապված արարողությունն ու աղոթքի մի հատվածը՝ «Սինդիրկուկու, սինդիրկուկու, քիշերվա չիշիկը քյիցի ցիրեկը»[6], իսկ Կոռնիձոր գյուղում՝ «Սինդիրկուկու, սինդիրկուկու, քիշերվա չիշիկը ցիրեկը տու»: Այս ասելով՝  գիշերը երեխայի մեջքը երեք անգամ մի պատով են խփում, երեք անգամ մի ուրիշ պատով: Հավանաբար պատերից մեկը գիշերն է, մյուսը ցերեկը, խփելը ուղղության և ժամանակի փոփոխությունն է՝ մեզի ուղղությունը գիշերից փոխելով ցերեկը: Հետաքրքրականն այն է, որ այս ոտանավորին տեղացիներն ասում են «խուխի կըլխին կըրթացվօղ աղօթք»: Հավանաբար այն ավելի երկար է եղել, և նրանից միայն պահպանվել է վերոնշյալ հատվածը, որին ժողովուրդը անվանել է աղոթք: Կարող է կարծիք ձևավորվել, որ երևույթը նախաքրիստոնեական ծագում ունի, մի ժամանակվա, երբ ծիսակարգերում ընթերցվող չափածո մասերին ասել են աղոթք: Աղոթքը ուղղված է եղել ճանապարհի, ուղղության, ընթացքի /գուցե նաև ժամանակի/ դիցուհուն՝ որպես ուղեկցող ոգու-էակի, որի օգնությամբ գտել են ծխի, ջրի, օդի ելման և մղման դիրքերը, տեղորոշել ուղղությունը, գտել հետքը:

Սինդիրկուկու գործածվում է նաև, ինչպես ասվեց, երեխաներին սաստելու համար: Այսինքն՝ խոսքը ոչ միայն աղոթքի մասին է, այլև ոգու, որի միջոցով սաստում են երեխաներին: Կուկու՝ երկրորդ բաղադրիչը, անշուշտ, անձնանիշ գոյական է: Հին հավատալիքներում այն կնոջ կերպարանքով է, և նրա հետ է կապվում կուկու խաղալիքի անվանումը, որը եղել է հուռութք՝ ծիսական նշանակությամբ: Կնոջ կերպարանքով ոգիների գոյության մասին է վկայում նաև Վանա բանահյուսության  մեջ մի երգ՝ նվիրված անձրև իգական հոգուն. «Բուկլե բարան՝ անձրևի հարս», որ չնայած քրդական անվանում է ստացել, բայց երգը ամբողջությամբ Վանա բարբառով է. «Բուկլե բարան անձրև պիտ…» և այլն[7]: Բանավոր պատումներից բացի տարածաշրջանում առկա են նաև հուշարձան-փորվածքներ, որոնք վերաբերում են կնոջ և բնության այլ երևույթների[8] պաշտամունքին:

Առաջին հայացքից թվում է, թե առնչություններ չկան  հ.-ե. *sent «ուղղվել, գնալ, ընթացք, ուղի, ճանապարհ» և Սյունիք-Արցախ տարածքային բարբառախմբում տարածված սունդու և սունդուկուկու[9] բառերի միջև: Բայց ակնհայտ է դառնում, որ սունդ-ու հիմնաբառի  իմաստ/ներ/ից են առաջացել ծխի և ջրի ճանապարհը, ուղղությունը բացող սունդու-ն՝ «ճանապարհ» իմաստով, և մեզի ժամանակային ուղղությունը փոխող ճանապարհի ոգին՝ սունդուկուկուն: Այս վերջինի ձևիմաստային հատկանիշները առավելապես հաստատվում են նույն բարբառախմբում առկա ենդակուկու բառով, որ ասվում է այն մարդուն, ով հետևում է ինչ-որ մեկին, այդպես նաև՝ «Մարթը հա̈կլա̈կուկուշ կըտըրած կյամ ա տօն, կընգանը թա…»[10], «Կուկուն անէ, ճիճին տանէ»[11] ասույթներ են պահպանվել, որոնցում առկա են ոգի, թռչուն-ոգի բառային իմաստները:

Շատ վայրերում այս բառերը արդեն չեն գործածվում կամ երևույթի սակավության հետևանքով, հավատալիքի մթագնության և կամ գրական՝ խողովակ, անցք, ճանապարհ և այլ բառերով փոխարինվելու պատճառով:

Սունդու բառը, սակայն, պահպանված է Գորիսից մոտ երկու կիլոմետր հյուսիս-արևմուտք  գտնվող մի ձորի անվանմամբ, որը հին գյուղատեղի է եղել՝ Սինդարա կամ Սունդարա՝ երկու ձևով էլ ասվում է: Տեղացիները նաև այն կոչում են Սո̈ւնդո̈ւրուծőր: Անշուշտ, Սունդարա-ն կազմված է Սունդու և դարա բառերից, որոնց միակցմամբ և փոխազդեցական հնչյունափոխության ամփոփման օրենքով վանկերից մեկը՝ դու/դի/-ն, կրճատվել է՝ Սունդու||Սինդի-դարա, հմմտ.՝ աշխարհահայացք>աշխարհայացք, ճարտարասան>ճարտասան և այլն: Ս. Օրբելյանը այս անվամբ տեղանուն կամ բնակավայր չի նշում, և ցայսօր պարզ չէ, թե որ բնակավայրն է այստեղ եղել: Միայն հստակորեն կարող ենք նշել, որ այս և նրան հարակից ձորերից են սկիզբ առել Գորիսի շոր ջրերը: Սինդարայի ձորի սելավները աննկատ չեն եղել: Այս հատկանիշները, կարծում ենք, վերագրվել են ձորին, որից էլ պահպանվել են ձորանունն ու բնիկ հայերեն *sent «ուղղվելը, գնալը, ընթացք, ուղի, ճանապարհ» բառը և նրա հետ կապված Սունդու դիցուհու պաշտամունքը հիշեցնող արարողակարգն ու աղոթքի հատվածը:

Սինդարա ձոր /հին բնակատեղի/
Սինդարա ձոր /հին բնակատեղի/

 

 

[1] *Sentos «ընթացք, ուղղություն, անցք» նշանակությամբ արմատ նշվում է կելտական, գերմանական, բալթյան և սլավոնական ճյուղերում /այս մասին տե՛ս C. Quiles, F. López-Menchero, A grammar of modern Indo-European,  2009, p. 705./:

[2] Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972, էջ 327:

[3] Տե՛ս Հայոց լեզվի բարբառային բառարան, հատ. 5, 2008, Էջ 370:

[4] Հ. Աճառեան, Հայերէն գաւառական բառարան, Թիֆլիս, 1913, էջ 976։

[5] Նույն տեղում:

[6] Մեզ այս հարցում օգնեց ԳՊՀ-ի ուսանողուհի Անուշ Հովհաննիսյանը, ով հատվածը և արարողակարգը լսել է Տեղ գյուղացի Սմբատից:

[7] Բանահյուսական նման մի գեղեցիկ պատառ՝ նվիրված Այգ դիցուհուն, գտնում ենք Հ. Մարտիրոսյանի «Սիրո, պտղաբերության, ջրերի ու արշալույսի դիցուհին հայոց մեջ» աշխատանքում /տե՛ս http://armscoop.com/:

[8] Այս մասին կարելի է տեսնել Հ. Ավետիսյան, Ա. Գնունի, Ա. Բոբոխյան, Գ. Սարգսյան,  Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, Ե., 2015:

[9] Կուկու բառը այս տարածաշրջանում գործածվում է նաև թռչուն իմաստով: Շփոթություն կա. այդպես անվանում են թե՛ հոպոպին, թե՛ սովորական կկու թռչնին: Հայ բանահյուսության մեջ շատ զրույցներ կան կուկու (հոպո՞պ) թռչնի մասին /այս թռչունի մասին ավանդապատումներ տե՛ս նաև Ա. Սարգսյան, Արցախի բանահյուսություն, էջ 235/:

[10] Ա. Սարգսյան, Արցախի բանահյուսություն, Ե., 2015, էջ 329:

[11] Նույն տեղում, էջ 484:

Հին բնակատեղին քարտեզում:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Productive Word-Formation Patterns in Modern Armenian: A Lexicographical Data Analysis

Ինգա Մարգարյան See author's posts Մհեր Քումունց See author's posts Լուսինե Ներսիսյան See author's posts…

Read More

Փոխառությունների ոճական առանձնահատկությունները Խ․ Աբովյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Քումունց Մ․Տարեթիվ՝ 2005Աղբյուր՝ Նորք, 3Էջեր՝ 46–52📄 Ներբեռնել PDF Մհեր Քումունց See author's posts Ընթերցված…

Read More