Կուրաթ թագավորի ձորակում

Մեր երկիրը շատ հարուստ է պատմահնագիտական հուշարձաններով․ ցանկացած վայրում հնարավոր է գտնել, տեսնել խաչքար, տապանաքար ու հնադարյան պատաշար ու դամբարան, ամրոց ու նման այլ կառույցներ։ Եվ ինչ-որ տեղ նաև այս է պատճառը, որ հաճախ անտարբեր ենք մեր պատմության վկաների հանդեպ. ժողովրդական խոսքով ասած՝ աչքը սովոր է։ Իսկ խորհրդային տարիներին, դարանից առաջ, նաև այսօր կատարված քանդիչ վերաբերմունքը մեծ վնասներ է հասցրել Հայոց պատմությանը։

Վերջերս աշխատանքային խմբով Հին Խնձորեսկում էինք՝ ճարտարապետության դոկտոր, նկարիչ, քարանձավագետ, խաչքարագետ, ժայռապատկերներ ուսումնասիրող Սամվել Շահինյանի և ճարտարապետ դստերս՝ Գայանե Ըռքոյանի հետ՝ չափագրումներ ու լուսանկարահանումներ կատարելու նպատակով։  Հանդիպեցինք գործարար Ժորա Ալեքսանյանին, ով շարունակում է այժմ ՌԴ Սուրգութ քաղաքում բնակվող խնձորեսկցի Ռազմիկ Ղալդունցի՝ Հին Խնձորեսկը բարեկարգելու գործը։ Ժ․ Ալեքսանյանը ծնվել է Հին Խնձորեսկում, այժմ բնակվում է Գորիս քաղաքում։ Հին Խնձորեսկում՝ ճոճվող կամրջի սկզբնամասում է գործում թանգարանը, որտեղ ցուցադրված են միջնադարում և մինչ վերջերս այս պատմական բնակավայրին վերաբերող ազգագրական ու հնագիտական իրեր։ Ճոճվող կամուրջն ունի 160 մ երկարություն, 63 մ բարձրություն, 14 տ․ քաշ։ Կառուցվել է 2012 թ․ Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ՝ նվիրված իր ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։ Ժ․ Ալեքսանյանի և տեղի զբոսավար Սևադա Շահնազարյանի ուղեկցությամբ ծանոթացանք թանգարանային նմուշներին։ Քարանձավ-թանգարանը, որ ժամանակին եղել է 4 սենյականոց բնակարան, պատկանել է մեծ ընտանիքի։ Տարբեր ցուցանմուշների շարքում է Հրաչյա Դայու թախտը նաև։ Այստեղ Ժ․ Ալեքսանյանը տրամադրեց կարևոր տեղեկություններ պատմական Խնձորեսկի մասին, որը կազմել է Ռուբեն Բեգլարյանը։ Աշխատանքից հետո Ժ․ Ալեքսանյանն իր մեքենայով մեզ տարավ Խնձորեսկ-Տեղ դաշտամիջյան ճանապարհով, որտեղ N 38 31 655 և E 046 26 692 կոորդինատներում՝ ծովի մակերևույթից մոտ 1340 մ բարձրության վրա, թեք լանջի ստորին մասում կա հնավայր։ Այս հատվածում են գտնվում Խնձորեսկի և Տեղի վարելահողերը, խոտհարքերը, արոտավայրերը։ Խորհրդային տարիներին, ինչպես ընդունված էր, շատ տարածքներ էին ազատում քարակույտերից, ավերակներից, բլրակները հարթեցնում՝ տարբեր մշակաբույսեր ցանելու նպատակով։ Ցավոք, այդ առաջին հայացքից կարևոր միջոցառումը նաև մեծ վնաս է հասցրել մեր պատմությանը՝ քանդվել, հողին են հավասարվել պատմական հուշարձաններ՝ եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանատներ, այդ թվում դամբարանադաշտեր, ամրոցներ և այլն։ Նույն ճակատագրին է արժանացել նաև այս հնավայրը, որը, ըստ տեղացիների, եղել է այսպես կոչված Կուրաթ թագավորի նստավայրը, որտեղից ժամանակին գյուղաշխատանքների ժամանակ կենցաղային իրեր են հայտնաբերվել։ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքում հիշատակում է Սյունիք աշխարհի Հաբանդ գավառի Վերին և Ներքին Կարբինք բնակավայրերի մասին, որոնք 8 միավոր հարկ են վճարել Տաթևի վանքին։ Այսինքն՝ եղել են ոչ մեծ բնակավայրեր։ Կա կարծիք, որ այս մասում է եղել նշված բնակավայրերից մեկը, որ սկսում է Կարփուն (< Կարբինք) լատօկից (մինչ Գորիսի Խնձորեսկ հասնելը)։ Նույն կարծիքին է նաև Գորիսի պետական համալսարանի դասախոս, բ․ գ․ թ․ Մհեր Քումունցը, ով զբաղվում է նաև հայրենի երկրամասի բանահյուսությամբ, կատարում է տեղանունների ստուգաբանություն, զբաղվել է նաև այս հատվածի ուսումնասիրմամբ։ Ասաց՝ այստեղ նաև կուրգանային թաղումներ են եղել, և գտնվել է հսկա մարդու գերեզման։ Նա և Մ․ Հախվերդյանը համահեղինակել են «Ստ․ Օրբելյանի հիշատակած մի քանի տեղանունների ստուգաբանության և տեղադրման հարցեր» հոդված, որի «Վերին և Ներքին Կարբինք» հատվածում նշում են․ «Ստ․ Օրբելյանի հիշատակած Հաբանդ գավառի գյուղացուցակից հայտնի են դառնում նաև Վերին և Ներքին Կարբինք  գյուղատեղիները՝ ներկայիս Խնձորեսկ գյուղի հողատարածքում․․․»։  Հնագիտական տարածքը բավականին մեծ է և հասնում է մինչև Զրնգանա ձորը։ Մելորացիայի ենթարկված տարածքում այժմ պահպանվել է մի սյան մաս՝ մոտ 4 մ երկարությամբ, 1 մ տրամամագծով 6 անկյուն ունեցոց բազալտե քար։ Պարզ է՝ շինության սյան հատված է, այսինքն՝ տարածքում հավանաբար նաև եկեղեցի է եղել։ Քարը հիմքերին ունի մոտ 10 սմ տրամագծով փոսորակներ։ Մոտ 1 մ լայնությամբ ու կեսից ավելին հողի տակ գտնվող խաչքարը գրեթե կպել է սյան քարին։ Իսկ մոտակայքում 10-ից ավելի խաչքարեր, դրանց բեկորներ ու տապանաքարեր կան։ Մոտ 170 սմ երկարությամբ մի խաչքար պահպանվել է ամբողջությամբ, սակայն ընկած է կողքի վրա՝ հենված երեսին պառկած մեկ այլ ավելի երկար խաչքարի։ Երեսին 3 խաչ են քանդակված՝ շրջափակված «ասեղնագործ» գեղեցիկ քանդակով։ Ներքին մասում անցք կա (հավանաբար պարանի համար)։ Մի խաչքարի կեսն է մնացել` երկարությունը մոտ 150 սմ, լայնությունը՝ 73 սմ։ Մի քանի խաչեր կան երեսին քանդակված։ Հարևանությամբ գտնվող խաչքարի չափերն են՝ երկարությունը՝ 123 սմ, լայնությունը՝ 80 սմ։ Պահպանվել է ամբողջությամբ, ընկած է հողի վրա․ անմշակ քարի երեսին մեծ խաչ է քանդակված։ Մեկ այլ խաչքարի փոքր մասն է երևում, կեսից ավելին հողի տակն է, ունի 1 մ լայնություն։ Նույն վիճակում է նաև հարևանությամբ գտնվող գեղաքանդակ խաչքարը, որի լայնությունը 110 սմ է, վերին հատվածը աղեղնաձև է։ Զգացվում է՝ երեսին մեծ խաչ է քանդակված՝ ներփակված դարձյալ «ասեղնագործ» քանդակով։ Վերին 2 անկյունում հավերժության խորհրդանիշն է քանդակված։ Մոտ 120 սմ լայնություն ունի երեսին 2 խաչով խաչքարը, որի մեծ մասը դարձյալ հողի տակ է։ Խաչերի ներքին հատվածը չի երևում, իսկ վերին և կողային թևերը եզրափակված են 2 կլորավուն քանդակով։ Իրար նման 2 խաչքար էլ ընկած են կողք կողքի՝ մեծ մասը՝ դարձյալ հողի մեջ։ Էլի կան խաչքարեր՝ հողի տակից հազիվ նշմարվող։ Ցավոք որևէ մեկի վրա արձանագրություն չկա, սակայն քանդակների ոճից պարզվում է՝ 12-13-րդ դարերի շիրմաքարեր են։ Մոտակայքով է անցնում դաշտամիջյան ճանապարհը, որի հարևանությամբ կան կառույցների հիմքեր, պատաշարեր։ Ժ․ Ալեքսանյանն ասաց՝ երբ տարածքն հարթեցրել են, նաև կարասներ են հայտնաբերվել։ Ունեցել են մեծ չափեր։ Աշխատողներից մեկը, որ ունեցել է մոտ 190 սմ հասակ, մտել է ջարդված կարասի մեջ ու չի երևացել։ Այսինքն՝ կարասները մոտ 3 մ խորություն են ունեցել։ Ինչպես ասում են, եղածը եղել է, մնում է տեր կանգնենք մնացած հուշարձաններին։ Կարևորը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կառույցները պարապ չնստեն, գոնե տեղում ցուցանակ տեղադրեն՝ գիտական ճանաչելի հոդվածով։ Ինչ խոսք, կարևոր է նաև՝ կատարվեն հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ։


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Բացօթյա թանգարաններում՝ հազարամյակների պատմական հնավայրերում

«Մեր եկեղեցիները, մեր ավերակները մեզ համար նվիրական են և մեր ամբողջ անցյալի գեղեցիկ կոթողը, որու…

Read More

Аксель БАКУНЦ молодой современный беллетрист Армении

Гаспарян Мартик Юрикович, член Научного совета РАН, Президиума и академик-секретарь Отделения Эконометрики, квалиметрии и проблем…

Read More

Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի և 25RG-6B137 «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները»…

Read More

Ուշացած ահազանգ. Եղեգիսի կորսվող հնությունները

ԵՂԵԳԻՍԻ 5-ՐԴ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ Եղեգիսի հնությունների նախասովետական շրջանի հետազոտողները բուն Եղեգիսում հիշատակում են 4 եկեղեցիների…

Read More