Գրախոսություն․ Մ․ Քումունց
Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատմական անցյալ ունեցող տարածքը տարբեր ժամանակաշրջաններում վերածվել է հակամարտության գոտու։ Եվ չնայած այնտեղ կուտակված մշակութային հսկայածավալ ժառանգությանը, որ ուղղակիորեն պատկանում է հայ էթնոսին և կազմում է հայ ժողովրդի բազմադարյան պատմության մի մասը, այդուհանդերձ, նույնիսկ միջազգային գիտական մամուլում շարունակվում են հրապարակվել կեղծ թեզեր-հոդվածներ, որոնք փորձում են կասկածի տակ առնել հայկական բնիկ միջավայրի մշակութային արժեհամակարգի պատկանելությունը։
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայկականության հետքերը թերևս կարողանում են վերացնել նյութական մշակութային արժեքների վերացմամբ, կեղծումներով և այլն, սակայն հոգևոր մշակույթի ասպարեզում դա գրեթե անհնար է։ Արցախի հայկականության ազգային պատկերը նախևառաջ ընդգրկված է բարբառային համակարգում, որ գիտական գրականության մեջ ընդունված է Սյունիք—Արցախի կամ Ղարաբաղ—Շամախիի բարբառախումբ եզրույթով։ Այս աշխատանքը նվիրված է Արցախի բարբառային համակարգի հնաբանական շերտին, որը քննվում է ըստ Լ. Հովհաննիսյանի «Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները» գրքի։ Պատմական բարբառագիտության համատեքստում քննվում են ոչ միայն արժեքավոր աշխատությունը, այլև վերաարժևորվում է Արցախի բարբառներում տեղ գտած հնչյունական, բառային, քերականական իրողությունների դերը հայերենագիտության և հնդեվրոպաբանության համար։
Ուսումնասիրության նյութն ընդգրկում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հետ ունեցած լեզվական զուգահեռները, ինչպես նաև բարբառային տարրերի պահպանման եղանակները։ Աշխատության մեջ վերլուծվում են Ղարաբաղի բարբառի զարգացման փուլերը, ներկայացվում տեղանվան ստուգաբանությանը։ Հատուկ ուշադրության են արժանանում հատկապես բառային հնագույն օրինակները, որոնք չեն հանդիպում ոչ միայն հայերենի գրավոր շրջաններում, այլև հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող շատ լեզուներում՝ հակառակ պատմական, սոցիալական ու աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Այս առումով՝ Լ․ Հովհաննիսյանի հետազոտությունը և սույն աշխատանքը կարևոր են ոչ միայն բարբառագիտության, այլև հայերենի պատմության, հնդեվրոպական լեզվաբանության և ընդհանրապես հայագիտության տեսանկյունից։ Հայագիտության շատ բնագավառներ՝ պատմություն, հնագիտություն, ազգագրություն և այլն, ցավոք քիչ նյութ են վերցնում պատմական բարբառագիտության ասպարեզում կատարված հետազոտությունների արդյունքներից։ Նաև հակառակը, բարբառագիտական հետազոտություննրում քիչ են օգտագործվում մյուս բնագավառներում ունեցած արդյունքները, մինչդեռ միջգիտակարգային տվյալները կարող են օգտակար լինել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ազգային գիտություններին։
Լավրենտի Հովհաննիսյանի «Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները» (այսուհետև՝ ՂԲՀ) աշխատությունը[1] ընդգրկվում է պատմական բարբառագիտության բնագավառի մեջ։ Ուսումնասիրության նյութը լեզվական տվյալներն են հայերենի ամենամեծ միջբարբառախմբի (ըստ Գ․ Ջահուկյանի), որը Հ․ Աճառյանը կոչել է Ղարաբաղի բարբառ[2], և որի հիմնական մասը (գրեթե 80%-ը) (բնիկ (պատմական) արցախյան (ԼՂՀ) բարբառ-խոսվածքները (Ղարաբաղի բարբառի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի բարբառների մեծ մասը բնիկ տարածքից զրկվել է ավելի վաղ՝ անցած դարի սկզբից մինչև 90-ական թվականները (Հավարիկ, Գանձակ, Կռզեն, Շամախի և այլն)) իր հինգհազարամյա պատմությունն ավարտեց 2023թ․՝ բռնի արտագաղթով։ Իր բովանդակությամբ և առհասարակ տեսակով (ուսումնասիրության համար ընտրված նյութ, մեթոդաբանություն, լեզվի հարցերի քննության պատմական մոտեցում և այլն) այն հայ լեզվաբանության մեջ յուրահատուկ է, կարևոր, արդիական։ Թեև օտար բազմաթիվ հեղինակների, միջազգային ինստիտուտների (Օրինակ՝ Օսլոյի համալսարանի Պատմական բարբառագիտության ինստիտուտը շարունակում է խոսակցական տարբերակների լայնածավալ հետազոտական ծրագիրը՝ առցանց գիտական շտեմարանների ստեղծումը (https://www.amc.lel.ed.ac.uk/about-2/institute-for-historical-dialectology/ (վերջին այցը՝ 11․12․2024)) համար արդիական են, ուսումնասիրությունների նոր փուլ են թևակոխում պատմական բարբառագիտության հարցերը, և այս բնագավառում այլ լեզուների համար (oրինակ վերջին շրջանի կարևոր ուսումնասիրություններից՝ Dossena M․, Lass R․, Methods and Data in English Historical Dialectology, vol. 16, Bern — Berlin — Bruxelles — Frankfurt am Main — New York — Oxford — Wien, Peter Lang, 2004, 403 p., Magidow A․, The Old and the New: Considerations in Arabic Historical Dialectology, Languages 6: 163, 2021, pp. 1-27) բազմաթիվ ձեռքբերումներ կան, այդուհանդերձ, ցավոք, հայ լեզվաբանության արդի փուլում հայերենի բարբառների պատմական հիմքերին քիչ ուշադրություն է դարձվում անգամ աշխարհաքաղաքական ամենօրյա փոփոխությունների առկայությամբ, երբ տեղայնացված և հնավանդ բարբառները ուղղակի կուլ են գնում պատերազմներին, գաղթերին։ Հայերենի բարբառների պատմական հարցերին Հ․ Աճառյանից (Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, Յերևան, Պետական համալսարանի. հրատ., I մաս,1940, 356 էջ, II մաս, «Հայպետհրատ», Երևան, 1951, 610 էջ, Աճառեան Հ., Թուրքերենի ազդեցութիւնը հայերէնի վրայ և թուրքերենէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ (համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն), Մոսկուա-Վաղարշապատ, «Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Գ, Թիֆլիս, 1902, 394 էջ, Աճառյան Հ., Քննութիւն Ղարաբաղի բարբառին (Ուսումնասիրութիւններ հայկական բարբառախօսութեան, Գ) Վաղարշապատ, Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1898, 198 էջ, Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն), Երևան, Երևանի համալսարանի հրատ. (առաջին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով), 1971-1979, հատ. I, 1971, 699 էջ, II, 1973, 688 էջ, III, 1977, 637 էջ, IV, 1979, 676 էջ, Աճառեան Հ., Հայերէն գաւառական բառարան («Էմինեան ազգագրական ժողովածու», հատ. Թ), Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, Թիֆլիս, 1913, 1441 էջ, Աճառեան Հ․, Հայ Բարբառագիտութիւն, Լազարեան ճեմարան արեւելեան լեզուաց, հատ․ Ը, Մոսկուա-Նոր-Նախիջեւան, 1911, 308 էջ) հետո առավելապես անդրադարձել են Գ․ Ջահուկյանը (Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1972, 346 էջ), Մ․ Աղաբեկյանը (Աղաբեկյան Մ., Հայերեն բարբառային համապատասխանություններ ուրարտերենում, Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ: Միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 2014, էջ 16-23, Աղաբեկյան Մ., Սյունիք-Արցախ տարածքի բարբառների պատմական հնչյունաբանություն, Հայերենի բարբառագիտական ատլաս (ուսումնասիրություններ և նյութեր), պրակ 3, Երևան, «Նաիրի» հրատ․, 2010, էջ 54-165, Աղաբեկյան Մ., Հայերենի համեմատական ուսումնասիրության հարցեր, Երևան, «Ասողիկ» հրատ, 2017, 200 էջ), Ն․ Սիմոնյանը (Սիմոնյան Ն․, Հայ բարբառների հնդեվրոպական հնաբանությունները (թեկնածուական ատենախոսություն), ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գրադարան, երևան, 1989, Սիմոնյան Ն․, Հայ բարբառների հնդեվրոպական հնաբանությունները, «Հայոց լեզվի համեմատական քերականության հարցեր», Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, 1979, էջ 188-248 և այլն (ցանկը կարելի է տեսնել՝ https://language.sci.am/hy/comparative-linguistics/nektar-simonyan.html)), համեստ ներդրմամբ նաև՝ տողերիս հեղինակը (Քումունց Մ․, Տարածական հարաբերություններ արտահայտող բարբառային մի քանի հնաբանությունների շուրջ, (Վիճահարույց ստուգաբանություններ, բնիկ և օտար բառային ընդհանրություններ կամ հանդիպադրումներ), «Գիտական տեղեկագիր» (Արցախի պետական համալսարան) թիվ 1, 2021, էջ 14-21, Քումունց Մ․, Հնդեվրոպական շերտի բառերը Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում, «Դպրատուն», 2021, թիվ 1 (11), էջ 56-61, Քումունց Մ., Հնդեվրոպական «ուռչել» հասկացությունը Սյունիք-Արցախի բարբառային բառապաշարում, «Լեզու և լեզվաբանություն», թիվ 1 (24), 2021, էջ 15-22, Քումունց Մ., Հնդեվրոպական *gųhisla- /ջիլ/ արմատի ընդհանրացումները հայերենում և թյուրքական լեզուներում, Հայ լեզվաբանության 11-րդ գիտաժողով՝ նվիրված Ջոն Գրեպինի հիշատակին (1937-2016): Հիմնադրույթների ժողովածու, 2017, էջ 87-88, Քումունց Մ., Անգ>(Ա)անգեղ (Nergal -’Εργε՛λ) «անգղ», բծիծ, պիծակ բառերի ստուգաբանություն, «Գիտական տեղեկագիր» (Արցախի պետական համալսարան), էջ 138-146, Քումունց Մ., Հին հայերենյան շերտի բուսանունները Սյունիք — Արցախ բարբառային բառապաշարում, «Դպրատուն» հասարակական գիտությունների հանդես, թիվ 2 (8), 2019, էջ 76-82, Քումունց Մ., Ձավար/հաճար բառերի հնդեվրոպական աղերսները՝ ըստ բարբառային տվյալների, Գիտական տեղեկագիր (Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան), թիվ 2, 2019, էջ 114-123, Քումունց Մ., Գրաբարի անցյալ դերբայը բարբառային մի քանի բառերում․ (ստուգաբանություններ), «Դպրատուն», Հասարակական գիտությունների հանդես, թիվ 1 (7), 2019, էջ 81-89, Քումունց Մ. Ս., Բառաքննական-ստուգաբանական մի դիտարկում, գերմաստ֊գիլիմաստրի֊գետնախնձոր, «Լեզու և լեզվաբանություն», թիվ 1, 2019, էջ 65-71, Քումունց Մ., Հնդեվրոպական *k<*g՛ (կ>ծ) անցման իրողությունները հայերենում, Գորիսի պետական համալսարանի միջազգային II գիտաժողովի աշխատանքների ժողովածու, Գորիս, 2011, էջ 468-471, Քումունց Մ., Հնդեվրոպական շերտի բառերը Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում («Ուտելիք, ըմպելիք, կերակրի պատրաստում և ամանեղեն» բառիմաստային խումբ), Ջահուկյանական ընթերցումներ: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հայերենագիտական միջազգային գիտաժողովի նյութեր, 2020, էջ 138-146, Քումունց Մ., Հնագույն շերտի բառերը Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում («Հագուստ, անձնական զարդարանք և խնամք» բառիմաստային խմբի համեմատական քննություն), «Լեզու և խոսք» (վերջին այցը՝ 11․12․2024), 2, առցանց գիտաժողովի նյութեր (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անցան լեզվի ինստիտուտ), Երևան, 2020, 9 էջ, Kumunts M., Nersisyan L., Margaryan I., Semantic and Formal Image of Concepts Related to “Sensory Perceptions” Preserved from the Indo-European Language in the Dialect Area, “Wisdom”, Vol. 25 No. 1, 2023, 189-20 և այլն, Kumunts M․, Margaryan, I., Khachatryan H., Mkhitaryan G., Gevorgyan G., Nersisyan, L., Katvalyan V., The Historical Development of the Place Name in Armenian (Etymology of ‘Harzhis’ Sacred Area). Forum for Linguistic Studies, 6(6), 2024, pp. 43–53 և այլն)։ Պատմական բարբառագիտությունը լեզվաբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է լեզուների և նրանց բարբառների ձևավորման, զարգացման և փոխակերպման պատմական գործընթացները:
Ոմանք պատմական բարբառագիտությունը ընդգրկում են համեմատական լեզվաբանության մեջ՝ որպես պատմահամեմատական բարբառագիտություն (մասնավորապես նախահնդեվրոպական տարածքային բարբառների հիմնախնդիրներով զբաղվող հեղինակները), քանի որ ուսումնասիրության հիմքերը պատմական և համեմատական մեթոդներով են ձևավորվում։ Առավել ընդգրկուն եզրույթներով հանդերձ՝ պատմական բարբառագիտությունը կարող է սահմանվել որպես լեզուների և նրանց տարբերակների պատմական վկայությունների տարաժամանակյա (դիախրոնիկ), դիատոպիկ (տարածական և սոցիալական հարթություններում լեզվական տատանումների ուսումնասիրություն, այսինքն՝ լեզվի տարբերակ և տարբերակի տատանումների ուսումնասիրություն)[3] և սոցիալական տարբերակների ուսումնասիրություն[4]: Պատմական բարբառագիտությունը ներառում է լեզվի տարբերակների այն տարատեսակները, որոնք գործածվել են պատմական որոշակի շրջանում, կրել փոփոխություններ պատմական մի շրջանից մյուսին անցման փուլերում։ Լայն առումով՝ պատմական բարբառագիտությունը ուղղակի բարբառների մասին ուսումնասիրություն է, որ վերաբերում է լեզվի և նրա կրող համայնքի աշխարհագրական և սոցիալական տարածության տարբերությանը (խոսակցական տարբերակին)։ Այս գիտաճյուղը զարգացման նոր ընթացք է ստանում ընդհանուր լեզվաբանության համակարգում, և եթե նախկինում ուսումնասիրության նյութերը սահմանափակվում էին հնչյունական, բառային զուգաբանությունների համեմատական քննությամբ, ապա մեր օրերում գիտաճյուղը ուսումնասիրության նյութ է վերցնում նաև ձևաբանության (Լ․ Հովհաննիսյանի սույն աշխատանքն ընդգրկում է լեզվի երեք բաժին՝ հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն), շարահյուսության և նույնիսկ ոճաբանության մակարդակներից[5]։ Այս ամենով հանդերձ եթե փորձենք տալ սահմանում «Պատմական բարբառագիտության» վերաբերյալ՝ ըստ քննվող աշխատանքի բովանդակության, ապա այն կընդգրկի հասկացություն-եզրույթի հետևյալ սահմանները․ «Պատմական բարբառագիտությունը ուսումնասիրում է բարբառների զարգացումը՝ տեղայնացված պատմաաշխարհագրական որոշակի սահմանում, և նրանց լեզվական երևույթները՝ հաշվի առնելով պատմական, մշակութային, սոցիալական և աշխարհագրական ազդեցությունները: Այն նպատակ ունի բացահայտել լեզվական տարբերակների ծագման, զարգացման և միմյանց հետ ունեցած փոխազդեցության կանոնները, նրանց դերը ժողովրդի պատմության համատեքստում»: Պատմական բարբառագիտությունը խիստ փոխկապակցված է լեզվաբանության տարբեր գիտաճյուղերի և հարակից գիտությունների հետ, քանի որ բարբառների ուսումնասիրությունը ներառում է լեզվի (այլև՝ օտար լեզուների), մշակույթի, պատմության և հասարակության միջև առկա կապերը: Ըստ այդմ՝ պատմական բարբառագիտությամբ զբաղվելը կամ բարբառային որևէ միավոր համաժամանակյա և տարաժամանակյա լեզվավիճակով ուսումնասիրելը պահանջում է համակողմանի գիտելիք մի քանի գիտակարգերի բնագավառում։
Այս առումով Լ․ Հովհաննիսյանի ԼՂՀ աշխատանքը ներառում է Արցախի բարբառային միավորներին բնորոշ (ընդհանրական, ոչ մասնավոր) հնչյունական, բառային և քերականական համաժամանակյա տարրերը՝ նախահայերենի կամ հին հայերենի գրավոր վկայությունների՝ տարաժամանակյա տվյալների համեմատությամբ։ Ուսումնասիրության սկզբունքից ենթադրելի է, որ հեղինակը հաստատում և ընդգծում է բարբառային տարածքի խոսակցական միավորների պատմական-հասարակական դերը ոչ միայն հայերենի, այլև հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվի մշակույթի առանցքում՝ բարբառը համարելով ոչ թե գրական լեզվից կամ այլ լեզվից ածանցված, այլ հնդեվրոպական հիմք լեզվից բնականորեն առաջացած, ընդհանուր հայերենի (գրական, խոսակցական տարբերակներն ամբողջությամբ) առանցքում, նրա համակցությամբ և տարածքային յուրահատկություններով զարգացում ապրած և հիմք լեզվի տարրերը պահպանած տարածքային լեզու։ Այն ավելի հին է և հարուստ լեզվական ավանդույթներով, քան պետական կարգավիճակ ունեցող ժամանակակից շատ լեզուներ։ Աշխարհագրորեն որոշակիորեն մեկուսացված և հիմնականում միատարր ազգաբնակչություն ունեցող, սոցիալապես բնատնտեսական վարքագծով բարբառային տարածքը ոչ մեծ տատանումներով շփումներ է ունեցել գրավոր վկայություններով և հարուստ ժառանգությամբ (ներքին գերակա) գրաբարի (անմիջական) և իրանական (արտաքին գերակա) լեզուների (մասնակի) հետ։ Այս պայմանները հիմք են հանդիսացել ոչ միայն հնաբանական շերտի պահպանման, այլև տարածքային բառապաշարի հարստացման համար։
ՂԲՀ-ն ունի հետևյալ կառուցվածքը՝ «Նախաբան», Մաս I («Արցախ, Ղարաբաղ տեղանունների շուրջ»), Մաս II («Հնչյունական-հնչյունափոխական հնաբանություններ»), Մաս III («Բառային (բառապաշարային) հնաբանություններ»), Մաս IV («Բառակազմական հնաբանություններ»), Մաս V (Ձևաբանություն), «Ստուգաբանություն, բառաքննություն», «Գրականություն», «Համառոտություններ», «Բովանդակություն»։ Մասնավորելով ՂԲՀ-ում ընդգրկված ուսումնասիրության բնագավառները և նրանցից ածանցվող գիտաճյուղերը՝ փորձենք ներկայացնել բուն աշխատանքը՝ ըստ լեզվամշակութային բնագավառների։
1․ Լեզվաբանության բնագավառում գրեթե չկա մի ենթաբնագավառ, որ չվերաբերի բարբառագիտությանը, առավել ևս՝ չկա գրական լեզու, որ առաջացած չլինի բարբառից։ Սակայն դրանցից մի քանիսը ուղղակի հիմնարար դեր ունեն բարբառների պատմական զարգացումը ուսումնասիրելու համար։ Աշխատանքի բոլոր մասերում նախ և առաջ գործադրված են համեմատական լեզվաբանության հարցերը։ Համեմատական լեզվաբանության առաջադրած մեթոդները բարբառագիտության համար օգտագործվում են գրական լեզվի և բարբառների (բարբառային միավորների) միջև եղած նմանությունները և տարբերությունները բացահայտելու համար․ համեմատական վերլուծություններն օգնում են վերականգնելու հին բարբառների և լեզվական ձևերի նախնական վիճակը: Այս պարագայում համեմատությունը ամբողջությամբ եռեզր է՝ բարբառ-գրաբար (գրավոր վկայություն)-հնդեվրոպական հիմք լեզու, մասնակիորեն՝ քառեզր (հնդեվրոպական հիմք լեզվից առաջացած լեզուներ)։
Բարբառները ներառում են լեզվի ուսումնասիրության բոլոր մակարդակները, այսպես՝ հնչյունաբանության մակարդակում ուսումնասիրվում են բարբառների հնչյունական տարբերությունները, փոփոխությունների օրինաչափությունները և դրանց դերը լեզվական զարգացման մեջ: Պատմաաշխարհագրական կարևոր դիրքում գտնվող մի շարք բարբառներ կարող են նաև նյութ տալ այլ լեզուների հնչյունական զարգացման հարցերը քննելիս։ ՂԲՀ-ում բարբառի հնչյունական իրողություններից ընդգծվում է հնդեվրոպերենի *օ (*ō)-ի առկայությունը մի շարք բառերում՝ շօն, տօն, թօր և այլն, որոնք, ըստ հեղինակի, գրաբարի ու > օ հնչյունափոխությամբ չեն ձևավորված։ Եվ թեև այս հարցում հեղինակը խորամուխ չի լինում՝ բացառելու գրաբարյան ազդեցությունը կամ հինհայերենյան հնչյունափոխական երևույթի մնացուկը բարբառային տարածքում, այդուհանդերձ, կարծում ենք, բավարար չեն նաև հիմքերը՝ ժխտելու նախահայերենից հնչյունական հնաբանությունների գոյությունը ուսումնասիրվող տարածքում։ Բառագիտության բոլոր բաժինները ներդնելի են բարբառագիտության պատմության ուսումնասիրության մեջ։ Բարբառային բառապաշարի ձևավորուման ու զարգացման ճանապարհները որոշելը ուսումնասիրության կարևորագույն առարկա է ոչ միայն տվյալ բարբառի, այլ նաև մայր լեզվի և փոխշփման մեջ գտնվող այլ լեզուների համար։ Հատկապես ուշադրության են արժանի տեղական առանձնահատկություններով բառերը (այսպես ասած՝ բարբառայնությունները կամ գավառաբանությունները) և փոխառությունները: ՂԲՀ-ում առավել ուշադրության են արժանացել բառարմատական, բառակազմական հնաբանությունները (էջ 14-25, 44-45), որոնց հիմնական մասը հեղինակը քննել է առանձին բառահոդվածներով, հոդվածներով (Հովհաննիսյան Լ., Բառային հնաբանությունները Ղարաբաղի բարբառում, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 9 (52), 1979, էջ 52-60, Հովհաննիսյան Լ., Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջ, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, 1977, էջ 144-153, Հովհաննիսյան Լ., Ղարաբաղի բարբառի բառապաշարի հնագույն շերտերը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1 (117), 2000, էջ 117-122, Հովհաննիսյան Լ., Ղարաբաղի բարբառում իրանական մի քանի փոխառությունների մասին, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 11, 1990, էջ 65-70, Հովհաննիսյան Լ., Ղարաբաղի (Արցախի) բարբառի մի քանի բառերի ստուգաբանություն, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, 2019, էջ 177-183), այդ պատճառով աշխատանքը չի ծանրաբեռնել ավելորդ նյութով։ Մենք ևս այս մասին ունենք բավարար տվյալներ, որոնք հիմնավորում են բարբառային բառապաշարում ընդգրկված մի շարք բառերի՝ նախահայերենյան ծագմամբ լինելը։ Քերականության մակարդակում ուսումնասիրվում են բարբառների քերականական կառուցվածքները՝ թե՛ ձևաբանական, թե՛ շարահյուսական (սինտաքսիսային): Բարբառային տարածքում առկա ոճաարտահայտչական միջոցներին անդրադարձը պատմական տեսանկյունից բացակայում է։ Կարծում ենք, սակայն, որ բարբառային ոճերը՝ դարձվածքներ, փոխաբերություններ, ասույթներ և այլն, կարևոր են լեզվի ուսումնասիրության համար, քանի որ դրանց լուսաբանումը կարող է օգտակար լինել գեղարվեստական խոսքի կառուցման համար։
Լ․ Հովհաննիսյանի այս աշխատանքը արժևորելի է նաև հանրալեզվաբանության տեսանկյունից։ Այստեղ էական հարցեր են առաջադրված ոչ միայն լեզվաբանության, այլև պատմաքաղաքական, ազգաբանական և մշակութային գիտահամակարգերի համար։ Ղարաբաղի բարբառի ձևավորման ժամանակաշրջանը, տարածվածությունը (էջ 54), տեղանվան նշանակությունը («Արցախ, Ղարաբաղ տեղանունների շուրջ», էջ 4-9), բարբառային տարածքում առկա հին և հնագույն լեզուներից անցած փոխառությունների գոյությունը («փոխառություններ» 18-20) կարող են օգտական լինել ազգային դիվանագիտության հռետորաբանությունը կառուցելիս։ Այս առումով թերևս հատկանշական է -անք և -ունք ածանցների սոցիալական գործառույթը տարածքում․ ուսումնասիրվող տարածքում դրանք հիմնականում մատնանշել են գերդաստան, ազգակցական կապ․ մի երևույթ, որ ծագում է նախահայերենի շրջանից, և որը մթագնել է այլ տարածքներում, իսկ Սյունիք-Արցախում ավանդույթի ուժով պահպանվում է մինչև մեր օրերը։
Այս աշխատանքը ներառում է նաև «լեզուն քաղաքականության մեջ» ընդգրկուն հարցը, որ ամփոփված է բառային ստուգաբանություններում։ Եվ չնայած հեղինակը համեստորեն դուրս չի գալիս գիտական-ակադեմիական շրջանակներից և չի ընդգծում, որ տարածաշրջանի ազգային պատկանելությունը, ըստ բարբառային հնաբանական շերտի, երկմտելի չէ, այդուհանդերձ, ԼՂՀ-ի հրապարակման նպատակը ազգային, պետական շահերին ծառայելն է։ Միայն Սյունիք-Արցախ բարբառային տարածքում հանդիպող հնդեվրոպական ծագմամբ մի շարք բառերի գոյությունը (նախ «Բառային (բառապաշարին) հնաբանություններ» (14-18), ապա «Ստուգաբանություն, բառաքննություն» (էջ 44-54) բաժիններում), անշուշտ, թարմացնում է Հայկական լեռնաշխարհի՝ հնդեվրոպական բնաշխարհ կամ հնդեվրոպական առաջին գաղթօջախներից մեկը համարվելու թեզը։ Այո՛, մեր պարտության՝ տարածաշրջանում դիրքերի թուլությունը պայմանավորված է նաև գիտական նման հարցերում ունեցած կարողությունների, հայագիտական աշխատությունների միջազգայնացման սակավությամբ։ Հաճախ գիտությունը սոցիալականացնում ենք՝ մոռանալով նրա իրական առաքելությունը ազգային-պետական դերակատարության համար։ Սյունիք-Արցախի բարբառների տարածվածությունը պատմական շրջանում, դրանց ազդեցությունը սոցիալական և ազգային տարբեր խմբերի վրա ձևավորել են բնական միջավայր, որտեղ կարելի է գտնել հայկականության ամենահին հետքերը։ ՂԲՀ-ում բարբառային տարբերակների սոցիալական գործառույթները (ասենք՝ քաղաքաբնակ (կամ մեծ բնակավայրի) և գյուղաբնակ (փոքր բնակավայրի) խոսույթի տարբերակումը որակական առումով, բարբառակիր սոցիալական խմբերին վերաբերող հարցեր և այլն), միավորների միջև լեզվական իրողությունների զուգաբանությունները և նման հարցեր քննված չեն, որովհետև աշխատանքի նպատակը ոչ թե պատմական տարածքի բարբառների հատկանիշների բացահայտումն է կամ փաստի վերահաստատումը, այլ մարդկության պատմության համար կարևոր, հնդեվրոպական մշակույթի հիմքերը բովանդակող ոչ նյութական մշակութային արեալի բացահայտումը։ Այս տարածքը, կորցնելով իր բնիկ արարողին և նրա հնավանդ խոսույթը, պիտի դառնա մշակութային եղեռնադաշտ։
2․ Պատմական և մշակութային տեսանկյունից այս աշխատանքը կարևոր է երկու առումով․ ա․ Ղարաբաղի բարբառի ձևավորումը և տարածումը պատմական միջավայրում հաճախ պայմանավորված են պատմական գործընթացներով (վերաբնակեցում, քաղաքական, ազգային միավորումներ, պատերազմներ): Թեև աշխատանքում առանձնացված չեն, ասենք, «եկվոր» բարբառային միավորների (Նախիջևան, Սևասար (Ղարադաղ) և այլն) կամ բարբառիս զարգացման ընթացքում ենթաշերտային ազդեցությունները, այլ ընդհանրական հիմքով են քննվում լեզվական տարրերը, այդուհանդերձ, աշխատության որոշ մասերում կան անդրադարձներ (օրինակ՝ բառային որոշ միավորների անհայտ լինելը, ինչպես՝ փալօր, ծիրան և այլ)։ Բ․ Ղարաբաղի բարբառները, անշուշտ, պահպանել են հին պատմական շերտերի լեզվական և լեզվամտածողության տարրերը։ Ուշագրավ է շաբաթվա օրերի մասին ենթաբաժինը, որտեղ շաբաթվա 6 օրերի անվանումները առնչակցվում են Աստվածաշնչյան իրողության հետ (էջ 42-43)։
Ժամանակակից բարբառագիտությունը և նրա զարգացումը արդի շրջանում մեծապես կախված է տեխնոլոգիաներից: Թվային գործիքները, արհեստական բանականության վրա հիմնված վերլուծությունները և բարբառային կորպուսները կշարունակեն զարգացնել այս ոլորտը: Հայաստանում արդեն կարևոր են բարբառների թվայնացումը և նոր սերնդին փոխանցման ծրագրված քայլերը: Եվ թեև ՂԲՀ-ը չի ներառում ժամանակակից մոտեցումները, համացանցում ներառված պաշարները, բարբառագիտության պատմությանը նվիրված նորագույն հրապարակումները, այդուհանդերձ, այն մի կողմից եզրագծում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լ․ Հովհաննիսյանի 50-ամյա գիտական գործունեության արցախյան բաժինը՝ որպես ամփոփում, մյուս կողմից ԼՂՀ-ն կարող է լինել Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները բովանդակող նոր աշխատանքի ուղենիշ, բնասեռ, Ղարաբաղի բարբառային կորպուսի աշխատանքային պլան, Ղարաբաղի բարբառով՝ սըռնէ։
Օգտագործված գրականություն
Հովհաննիսյան Լ. 2024, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երևան, «Արմավ», 72 էջ։
Աճառեան Հ. 1911, Հայ Բարբառագիտութիւն, Մոսկուա-Նոր-Նախիջեւան, Լազարեան ճեմարան արեւելեան լեզուաց, հ. Ը (Հայոց խօսած լեզուներու և բարբառներու քարտէս), 327 էջ:
Alcorn R., Kopaczyk J., Los B., Molineaux B. 2020, Historical Dialectology in the Digital Age, Edinburgh, Edinburgh University Press, 292 p.
Moser A.-M., Schäfer L., Ellsäßer S. 2024, Introduction: Towards a comparative historical dialectology, Journal of Historical Syntax, Vol. 8, no. 7, p. 1-12:
[1] Հովհաննիսյան 2024։
[2] Աճառեան 1911, 307։
[3] Matthews 2014, 105.
[4] Alcorn and ot. 2020, 1.
[5] Moser and ot. 2024, 2.
