Ահա թե որտեղից է ծագում հայկական ԹԱՐԹԱՌ գետի անունը

Արցախի Հանրապետության ամենամեծ գետն է Թարթառը (Տրտու)։ Այն սկիզբ է առնում Սևանա լճի արևելյան ափերի լեռներից ու Արցախի հյուսիսի լեռնային ջրերից և, անցնելով Մարտակերտի, Թարթառի և Պարտավի (Բարդա) շրջաններով, թափվում է Կուր գետը։ Գետի երկարությունը 200կմ է։ Այս գետի վրա են կառուցված Սարսանգի և Մադաղիսի հիդրոէլեկտրակայանները։ Թարթառի խոշոր վտակը Թրղին է:
Թա̈թա̈ռ «պտտահողմ» բառի ծագումը անհայտ է նշվում: Հ. Աճառյանը այս բառին վերաբերող քննությունը եզրափակում է կարծիքով. հնարովի է և թյուրիմացաբար ընդգրկվել է գրականության մեջ[1]: Նախ նշենք, որ բառը գործածական է բարբառախմբում. Շին. թա̈թա̈ռ/ր «պտտահողմի մի տեսակ, որ շերտ-շերտ ձյուն կամ հող է բերում, 2. հողը, ձյունը գետնին ալիք-ալիք սարքող պտտահողմ»[2]: ՂԲԲ-ն նույնիսկ բանահյուսական տվյալներ է բերում. «Մին թա̈թա̈ռ ա ըսքըսըմ քյա̈րվանը մընամ ա ղումէն տակէն (Ձ)»[3]: Մենք խորամուխ չենք լինի լավագույնս ուշադրության արժանացած բառի քննության հարցում: Պարզապես բերենք որոշ վկայություններ բարբառային կազմությունների զուգադրությամբ, որ կարող են օգտակար լինել բառի առկայությունը, այլև հնարավոր ծագումը ճշգրտելու համար: Հին հայերենի դադար (*dher-)[4] բառի դ-ն բարբառախմբում տվել է թ, որի ազդեցությամբ ա-ն քմայնացել է, արդյունքում ձևավորվել է թա̈թա̈ր «դադար», դա̈դա̈րել > թա̈թա̈րէլ || թիթա̈րել || թիթրէլ: Սրա հնչյունական և բառակազմական համաբանությամբ հ.-ե. *dhor-[5] արմատի չորրորդական ձևը՝ «ցատկել, ցատկել ավելի քան, ցատկել այն կողմ, ճայթել, պայթել, տրաքվել, ցայտել, ոստնել» իմաստներով, բարբառախմբում կտա թա̈թա̈ր: Առկախ է մնում ր-ռ հարցը, որ թերևս կարող է բացատրվել որպես կրկնության հետևանքով փախազդեցությամբ ձևավորված հնչյունափոխություն: Բարբառախմբում վկայվող թա̈թա̈ռ «փոթորիկ» բառիմաստին զուգահեռում ենք Պոկոռնու բառարանի նույն բառահոդվածի ներքո դրված հուն. ձեռագրերում վկայվող θου̃ρος «փոթորկալից, փոթորկահուզ», այլև կենտ. իռլ. dar- «ջրել, ջրցանել» բառերը: Թերևս այստեղից կարող է բխել Թարթառ[6] գետանունը՝ որպես բարբառային տարբերակ, որ միջնադարյան աղբյուրներում հայտնի է Տրտու[7]. «…անտի չուեալ բանակեցան առ հեղեղատովն Տրտուայ մօտ ի գիւղն Դիւտական»[8], իսկ Տրտու գետի[9] վտակներից մեկը նշվում է Թութխու[10]: Նշված գետանունների արտաքին հնչյունական կազմից ենթադրելի է, որ գործ ունենք ձևով մոտ կամ նույն արմատից բխած հատկանվանական տարբերակների հետ՝ Տրտու, Թութխու, Թարթառ, հմմտ. տր-տ-ունջ < *der- կիմր. dordd «աղմուկ»[11]: Եվ այս բոլորի դիմաց հայերենի բառարաններում հանդիպում է տրտու (հզվդ.) թույ, մեղմ քամի[12]:

[1] ՀԱԲ II, էջ 138-139:
[2] Ռ. Մկրտչյան, Գորիս-Շինուհայր, 83 տ.:
[3] ՂԲԲ, էջ 183:
[4] ՀՍԲ, էջ 179, ՀԱԲ I, էջ 610-311:
[5] Pokorny, p. 256.
[6] ՀՀՇՏԲ II, էջ 420:
[7] ՀՀՇՏԲ V, էջ 132:
[8] Կաղանկատուացի Մ., Պատմութիւն Աղուանից Աշխարհի, հատ. II, (1912 (տպագիր ՝ Մոսկվայի 1860թ. հրատարակության հիման վրա), Թիֆլիս, 1912, Էջ 150: Նշվում է նաև Տարտուական (Կաղանկատուացի Մ., Պատմութիւն Աղուանից Աշխարհի (բնագրային համաբարբառ: Կազմող` Լ. Ա. Գուլգազարյան), Երևան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 2019, էջ 1996):
[9] Ստրաբոնի երկի քննությունից պարզվում է, որ Տրտու գետը եղել է Սակասենեի (Շակաշեն՝ Գարդմանք) սահմանը (Հարությունյան Բ., Հայոց արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր, ԵՊՀ հրատ., Երևան, 2016, էջ 156):
[10] Յակոբեան Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում եւ Հայոց Արեւելից կողմանքում անտիկից մինչեւ ԺԳ դար (Պատմա-աղբիւրագիտական քննութիւն), ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., Երևան, 2020, Էջ 182, 195:
[11] ՀՍԲ, էջ 738:
[12] Աղայան Է. Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, հատ. II, «Հայաստան» հրատ. Երևան, 1976, էջ 1462:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Productive Word-Formation Patterns in Modern Armenian: A Lexicographical Data Analysis

Ինգա Մարգարյան See author's posts Մհեր Քումունց See author's posts Լուսինե Ներսիսյան See author's posts…

Read More

Փոխառությունների ոճական առանձնահատկությունները Խ․ Աբովյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Քումունց Մ․Տարեթիվ՝ 2005Աղբյուր՝ Նորք, 3Էջեր՝ 46–52📄 Ներբեռնել PDF Մհեր Քումունց See author's posts Ընթերցված…

Read More