Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”

[6.] Գրատպությունը Գորիսում.  «Սասուն» տպարանի հիմնադրումը[1]

1903-1905թթ. ես՝ Մեսրոպ Փարսյանս[2] եղել եմ Բաքու քաղաքում և աշխատել եմ նավթահանքում՝ հորատող վարպետի օգնական: Լինելով Բաքվում, ակտիվորեն մասնակցել եմ դաշնակների ժողովներին, համակրելով դաշկուսին, բայց ես Բաքվում չեմ եղել դաշնակցական կուսակցության անդամ: Ես Դաշկուսի մեջ եմ մտել 1905թ. վերջին, երբ արդեն վերադարձել էի Գորիս: Երբ 1905թ. վերջին վերադարձա Գորիս, այդ ժամանակ որպես դաշնակցական կուսակցության ներկայացուցիչ աշխատում էր ոմն Ստեփանյանը[3], սակայն ես չգիտեմ, թե որոշակի ինչ պաշտոն նա ուներ: Այդ Ստեփանյանը, ինչպես ուրիշների, այնպես էլ ինձ ներքաշեց իր կողմը, այսինքն ընդունեց դաշկուս: Ես 1905թ. լինելով դաշկուսի անդամ, ակտիվորեն զինված մասնակցել եմ խաղաղ ադրբեջանական բնակչության ջարդերին և թալաններին: Ես անձամբ մասնակցել եմ Բայանդուր և այլ գյուղերի կռիվներին, նաև մասնակցել եմ Գորիսում կազմակերպված  բոլոր ժողովներին:

Հարց -Պատմեցեք, թե երբվանի՞ց և մինչև ե՞րբ եք դուք ունեցել սեփական տպագրություն Գորիսում, և ինչի՞ համար էր այն պետք Ձեզ:

Պատ — 1908թ. Գորիսի դաշնակցական կազմակերպության կողմից ինձ և Ասատուր Գևորգյանին, որպես դաշկուսի անդամներ, հանձնարարվեց մեկնել Թիֆլիս քաղաքը և մեր փողերով գնել տպարան, մեր անձնական կարիքների համար վաստակելու և նաև տպագրելու դաշկուսի թերթեր, գրականություն:

Ես և Ասատուր Գևորգյանը[4] մեկնեցինք Թիֆլիս քաղաքը, որտեղ մենք կապվեցինք արտասահմանյան մեքենաների ձեռքբերման ներկայացուցչության հետ և նրանց միջոցով պատվիրեցինք տպարան: Իսկ նրանք էլ իրենց հերթին այն դուրս գրեցին Գերմանիայից: Այս կերպ 1908թ. աշնանը արդեն մենք ստացանք տպարան Գերմանիայից և այն փոխադրեցինք Գորիս քաղաք: Եվ սկսեցինք աշխատեցնել այդ տպարանը և համարվեցինք սեփականատերեր, քանի որ այդ տպարանի համար վճարված փողերը ինձ և Ասատուր Գևորգյանին էին պատկանում: Տպարանի համար մենք վճարեցինք 2000 (երկու հազար) և ավելի ռուբլի: Մեր տպարանում գլխավորապես տպում էինք «Գավառ» թերթը, որը ամբողջովին տանում էր  դաշկուսի գիծը:

Նշված տպարանը իմ ձեռքում էր մինչև Հայաստանի սովետականացումը՝ այսինքն՝ 1920թ., երբ արդեն դաշնակները վերջնականապես ճնշվեցին և երկիրը անցավ սովետական իշխանությունների ձեռքը:

Հարց — Ի՞նչ դեր խաղաց ձեր տպարանը դաշկուսի համար 1918-1919-1920 թվերին[5]:

Պատ-Մեր տպարանը դաշնակների իշխանության տարիներին նույնպես տպում էր դաշնակցության լոզունգներ, և նաև դաշնակ սպարապետ Նժդեհի գիրքը[6]: Դա 1918-1920 թվերին էր: Այսպիսով իմ տպարանում ես տպեցի դաշնակցական գրականություն, լոզունգներ, ուղղված բոլշևիկների և սովետական իշխանության դեմ:

Երբ մեր դաշնակցական ուժերը ջաղջախվեցին կարմիր զորամասերի կողմից և մենք՝ դաշնակներս մի կողմից որևէ հենարան չունեինք, մյուս կողմից ես որպես համոզված դաշնակ, Նժդեհի և մյուս ղեկավարների հետ փախանք Իրան, ուր ես և մյուս դաշնակները ստացանք տնտեսական օգնություն, դաշնակցական կոմիտեից: Օրը ես ստանում էի 20 կոպեկ: Ես Թավրիզում մնացի մեկ ամիս և մի քանի օր: Եվ երբ սովետական իշխանությունը սկսեց թույլ տալ վերադառնալ, ես նույնպես վերադարձա և սկսեցի ապրել Գորիսում ու աշխատել տպարանում:

Իրանից վերադառնալուց հետո 10 օր չանցած, Զանգեզուրի գավառի քաղբյուրոն ինձ ձերբակալեց և աքսորեց Մախաչկալա, որտեղ ես նստեցի 7 ամիս: Ինձ մեղադրում էին դաշնակցական գործունեության համար: 1923թ. ես հայտարարություն տվեցի դաշկուսից հեռանալու մասին, բայց ես մինչև այժմ մնում եմ ու կմնամ իմ ազգայնական և դաշնակցական դիրքորոշման ու համոզմունքների մեջ: Ցուցմունք եմ տալիս, որ ես ոչ մի աշխատանք չեմ տարել, և ավելի շուտ դժգոհ եմ եղել ու ատել եմ սովետական իշխանությունը:

«Սասուն» տպարանում տպագրված գրքերը և մամուլը[7]

  1. «Գավառ» թերթը, Սյունիքի առաջին պարբերականը (1909թ. դեկտեմբերից մինչև 1910 թ. սեպտեմբերը), խմբագիր՝ Սիմոն Տեր-Մինասյան[8]:
  2. Տիգրան Սազանդարյան, «Կալանավորը որդեսպան», 1909 թ., 16 էջ:
  3. Եղիա Տեր-Հայրապետյան[9], «Զանգ-Է-Զուր. Լեգենդական պոեմ», 1910 թ.:
  4. «Նոր Քնար» երգարան, կազմող և խմբագիր Տիգրան Սազանդարյան: 1912թ.:
  5. Հակոբ Խանլարյան[10], «Բանաստեղծություններ», պրակ1, 1916թ., 98 էջ:
  6. 6. «Խուստուփյան կանչեր», Խմբագիր՝ Գ.Նժդեհ, 1921թ.:
  7. 7. «Ազատ Սյունիք. Սև էջեր և փաստեր բոլշևիկների հնգամսյա գործունեությունից», 1921թ., կազմող՝ Տիգրան Սազանդարյան:

8.«Արնոտ գիրք. Պատմական համառոտ տեսություն բոլշևիկյան սխրագործության Զանգեզուրում, Սիսիանում և Ղափանում: Ապստամբական շարժում: Փաստաթղթեր», 1921թ., կազմող՝ Ասլան Շահնազարյան:

  1. «Որոտան» թերթը[11], 1918թ.:
  2. «Սյունիք» թերթը, 1920թ. հունվարի սկզբից ( Ըստ Հ.Ստեփանյանի, այնուհետև անվանափոխվել է «Ազատ Սյունիքի»:)
  3. Մնացական Թավաքալյան[12], «Ազատագրված Զանգեզուր», 1922 թ.:

«Սասունը» սովետականացման ժամանակ[13]

Գորիսի «Սասուն» տպարանը, ուր տպում էին գավհեղկոմի հայտարարությունները ևս պետականացված էր: Տպարանական գործը վատ հիմքերի վրա էր դրված: Տառերը ցիրուցան թափթփված էին, մեքենան կեղտոտ էր, ծառայողներն՝ անպարտաճանաչ: չէին վարձատրվում, ըստ այնմ և չէին աշխատում: Ռոճիկի փոխարեն ստանում էին ճաշ և մեկ ֆունտ հաց:

Տպարանն առաջներում երկու հասակավոր գրաշարներ ուներ, որոնք արձակուրդով  հեռացել էին Շուշի ու Բաքու և չէին վերադարձել: Գորիս հասածս ժամանակ տպարանում աշխատում էին երկու գրաշարներ՝ մեկը 15 տարեկան, մյուսը՝ 17 տարեկան: Երկուսն էլ նախկին աշակերտներ: Տպարանն ունի մեկ վարիչ, նա ինքն է և տպագրողը:


[1] Տպարանի հիմնադիր Մեսրոպ Գրիգորի Փարսյանի վկայությունը: Հատվածներ բռնադատման գործից. ՀԱԱ Ֆ.1191, ց.13, գ.146, թթ.130-133:

[2] Մեսրոպ Գրիգորի Փարսյան, ծնվել է 1874թ., Հին Գորիս գյուղում, ունևոր ընտանիքում, կրթված: Դաշկուսի անդամ է 1905 թվից, ձերբակալվել է 23 նոյեմբերի, 1937թ. և գնդակահարվել 1937թ. դեկտեմբերի 8-ին: Ունեցել է մասնավոր տպարան, որը մատակարարել է դաշնակցության գաղափարներ: Իր հորեղբոր տղա Պողոս Փարսյանը եղել է հայտնի դաշնակցական, որը սպանվել է բոլշևիկների կողմից: 1920թ. բոլշևիկների Գորիս գալուց Մեսրոպ Փարսյանը ընտանիքով փախչում է Վայոց Ձոր և նորից վերադառնում և հակահեղափոխական աշխատանք տանում: Մասնագիտությունը՝ տպագրագործ (տպագրիչ), մեղվապահ: Մինչև ձերբակալվելը աշխատում էր «Կարմիր Զանգեզուր» շրջանային թերթում՝ տպագիր (տպագրիչ): 1921թ. կալանավորվել է 7 ամսով՝ դաշնակցական աշխատանքի համար: Ընտանիքը՝ Կինը՝ Շուշանիկ-55տ, թոռները՝ Նվարդ-14տ, Արամ-12տ: Որդինները՝ Դրաստամատ, ծն.1907թ., Արբակ-22տ., Բաբկեն՝ 24 տ.: Միացել է 1923թ. դեկլարացիային: Ըստ Մ.Փարսյանի անկետայի և գործում առկա այլ տեղեկանքների: ՀԱԱ Ֆ.1191, ց.13, գ.146:

[3] Ստեփան Ստեփանյան՝ իսկական անունը՝ Հարություն Պետրոսյան (1878, Գանձակի Նորաշեն-20.12.1905թ, Սիսիան): 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1899թ. զորակոչվել է ռուսական բանակ, ծառայել 3 տարի: Ակտիվ մասնակցություն է ունեցել ռուսական իշխանությունների 1903թ. հունիսի 12-ի որոշմամբ հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման դեմ հայության ընբոստությանը, որի դեմ ցարիզմը բիռտ ուժ կիրառեց: Բանտարկվեց նաև Ս.Ստեփանյանը: Այնուհետև, անդամակցելով ՀՅԴ-ին, ՀՅԴ Արևելյան Բյուրոյի կողմից ուղարկվում է Շուշի, դառնում ՀՅԴ «Ապառաժի» Կենտկոմիտեի անդամ: Երբ 1905թ. սկսվում են հայ-թաթարական բախումները, ուղարկվում է Զանգեզուր՝ կազմակերպելու գավառի հայության ինքնապաշտպանությունը: Զոհվել է մի հայ կնոջ դավաճանությամբ՝ թուրքերի և նրանց միացած ռուս զինվորների հետ տեղի ունեցած կռվի ժամանակ: Թաղված է Բռնակոթում: Նրա փոխարեն Զանգեզուրի հայկական ուժերի ղեկավար է ուղարկվում՝ Մելիքը:

[4] Ասատուր Հայրապետի Գևորգյան — հիշատակել են նաև Խոսունց Ասատուր: Գրահրատարակիչ, բանասեր, ծնվել է 1875թ. Գորիսում: ՀՅԴ անդամ է 1902 թվից, ավարտել է Լայպցիգի համալսարանի բանասիրության ֆակուլտետը, վերադառնալով Գորիս, Մ.Փարսյանի հետ միասին հիմնադրել են «Սասուն» տպարանը: Ըստ նշյալ բռնադատման գործում առկա մեղադրյալների վկայությունների: ներկայումս ապրում է Բաքվում, աշխատում հաշմանդամների կոոպերացիայում, գրաշար: Գևորգյան Ասատուրը համարյա ամեն տարի Բաքվից գալիս է Գորիս, հանդիպում նախկին դաշնակների հետ, Փարսյան Մեսրոպի, Մալունց Ղազարի և Ոսկանյանի հետ: Այլ տեղեկությունների համաձայն 30-ականների հետապնդումներից խուսափելու համար թաքնվել է բարեկամների մոտ՝ Շիկահողում, սակայն հայտնաբերվել է, կալանավորվել ու աքսորվել:

Նրա մասին հիշատակվում է նաև Ե.Իշխանյանի գրքում. Պողոսը` Ե.Իշխանյանին – «Հիշո՞ւմ ես, երբ Խոսունց Ծատուրի «Սասուն» տպարանում հրատարակվում էր «Որոտան»  թերթը, մինչև տպագրության ծախսը կանխիկ չէր ստանում Կոմիտեից, թերթը չէր տպագրում Բացի այդ, ամեն մի համարի համար նոր և ավելի բարձր գին էր պահանջում: Ինքդ էլ այն ժամանակ արտահայտվեցիր, թե դա վաշխառություն է և կարծեմ դա էր առիթը, որ Զանգեզուրի շրջանի ներկայացուցչական ժողովին չմասնակցեցիր, պատճառաբանելով, որ այնտեղ վաշխառուներ են նստած և ոչ թե դաշնակցականներ»: Եղ.Իշխանյան, «Լեռնային Ղարաբաղ. 1917-1920թթ.», Երևան 1999:

[5]Տպարանի գործունեությանը անդրադարձել է նաև Ս.Հախվերդյանը. «Գորիսում Նժդեհի կարևոր գործունեության ուղղություներից էր հրատարակչական գործի վերականգնումը և հովանավորչումը, որը բոլշևիկյան տիրապետության գրեթե հինգ ամիսների ընթացքում «Սասուն» տպարանի գործունեությունը դադարել էր: Չկար նաև թուղթ, որը հոժարակամ, իր եղբայր Սիմոն Բեկ Մելիք-Թանգյանի միջոցով ուղարկեց Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես Մելիք-Թանգյանը: Տպարանում սկսեցին տպվել  բազմաթիվ կոչեր, թռուցիկներ: Սկսեց տպագրվել «Ազատ Սյունիք» թերթը (ցավոք միայն 5 համար), որը Լեռնահայաստանի կառավարության պաշտոնաթերթն էր, խմբագիրը՝ Ա.Մեհրաբյանն էր: Ասլան Շահնազարյանի  խմբագրությամբ հրատարակվեց բոլշևիկների 5 ամսյա տիրապետության մասին փաստող «Արնոտ գիրքը»»: «Գորիսի ամփոփ պատմություն», Երևան 2006,էջ.257:

[6] Նկատի ունի Նժդեհի խմբագրած «Արյունոտ գիրքը» և «Ազատ Սյունիքը» և այլն:

[7]Հ.Սուքիասյան, «Գորիսի «Սասուն» տպարանի գրահրատարակչական գործունեությունը»: Աղբյուրը՝ Սյունիքը կրթության և մշակույթի օջախ: Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր: Ե., 2019թ., էջ 35-44:

[8] Ներսես քահանա Տեր-Մինասյանը խորին վշտով հայտնում է իր ազգականներին և ծանոթներին, որ ամսի (հունիսի) 22-ին առավոտյան ժամը 1-ին Շուշիում հանկարծամահ եղավ սրտի պայթյունից իր թանկագին եղբայր ՍԻՄԷՕՆ ՏԷՐ-ՄԻՆԱՍԵԱՆԸ: Հանգուցյալի թաղումը կկատարվի կիրակի ամսոյս 24-ին Գորիս քաղաքում: «ՂԱՐԱԲԱՂ», . 24. 06.1912թ., հ-45:

[9] Հայպետ (Եղիա Տեր-Սիմոնի Տեր-Հայրապետյան (1883Տեղ-1966, Թեհրան): Սովորել է Շուշիի Թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, մեկ տարի՝ Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում: Ուսուցչությանը զուգահեռ, բազմաթիվ …

Կյանքի վերջին տարիները անց է կացրել ծերանոցում:

[10] Հակոբ Խանլարյան (07.12.1885, Շուշի -1966), հայ բանաստեղծ, մանկավարժ, 1906-ին ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, այնուհետև, շուրջ 55 տարի, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, ուսուցչություն է արել Շուշիում, Բաքվում, Գորիսում, Թբիլիսիում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Լումա», «Աղբյուր», «Տարազ», «Լուսաբաց», «Գեղարվեստ», «Դարբնոց», «Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Պրոլետար» պարբերականներին։

[11] Այդ մասին մեզ հայտնի է միայն Հովակ Ստեփանյանի վկայությունը. «Դեպի Շուշի արշավանքի գաղափարի ջատագովությունը ավելի հաջող վարելու համար հիմք դրինք «Որոտան» թերթին, որի անունը պիտի «Սյունքի» լիներ, սակայն չուզեցինք հակառակվել Շիրինին: Հետագայում այն փոխվեց «Սյունիք», ապա՝«Ազատ Սյունիք»: Այս, ինչպես նաև Գորիսում լույս տեսած հատուկենտ գրքերը տպվում էին «Սասուն» տպարանում»:

[12] Մնացական (Հրանտ) Մկրտիչի Թավաքելյան (1892 Շամախու Մադրասա գյուղ — .) , ավարտել է Ներսիսյան դպրոցը, սովորել և չի ավարտել Կիևի Առևտրի ինստիտուտոմ, ապա Կիւի համալսարանում, մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական կռիվներին, 1920թ. հունվարին ՌԿ/բ/Կ Անդրերկրկոմի կողմից ուղարկվել է ՀՀ, մասնակցել է Մայիսյան հակապետական խռովությանը, 1920-21թթ. եղել է Երևանի քաղաքային և գավառային հեղկոմի նախագահը, Երևանի Գավկոմի քարտուղար, 1921-1923թթ. գործուղվել է ԱՄՆ՝ ՀՕԿ-ի աշխատանքները կազմակերպելու նպատակով: Վերադառնալով, դարձել ՀԿ(բ)Կ Զանգեզուրի գավկոմի քարտուղար: 1924թ., օգոստոսի 19-ին ձերբակալվել են, ըստ Հայկոմկուսի ԿԿ-ի և Հայ չէկայի հ-210 օրդերի, Մ.Օսիպովի կարգադրությամբ: 1924թ հեռացվել է կոմկուսից: Ձերբակալման ժամանակ գրանցված է Մոսկվայում, ընտանիքը ևս: Կինը՝ ատամնաբուժ, 27տ: Որոշվել է  բանտարկել Մնացական Թավաքելյանին՝ մեկուսի, առանց փականի բանտախցում և առանց պահակի: ՀԱԱ Ֆ.1191 , ց.18, գ.1033, թ.8 և թ.16:

[13] Կարո Մելիք-Օհանջանյանի Զեկույցը ՀՍՍՀ Լուսժողկոմին. 22 նոյեմբերի, 1921թ.: «Սովետական մանկավարժ», Երևան, 1967թ. հ-10, էջ 87:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Read More

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Read More

Դրվագներ ուշ միջնադարյան Մեղրու հոգևոր կյանքից

Հոգևոր կյանքի հաջորդ բուռն վերելքի ժամանակաշրջանը Մեղրիում կարելի է համարել XVII-XVIII դդ.՝ Մովսես Խոտանանցի (կամ՝…

Read More