Աղահեճք գավառի Հայելեակ բնակավայրը Վաղատուր գյուղի Հալաք թաղամասն է

Ս․ Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ Արահուծից հետո (ներկայում՝ Արավուս) նշվում է Հայելեակ գյուղը՝ 6 միավոր հարկով[1]։ Մեզ չի հանդիպել Հայելեակ գյուղին վերաբերող որևէ ուսումնասիրություն[2]։ Հնագիտական որոշ ուսումնասիրություններում նշվում է, որ մ. թ. ա. II հազ. վերջում և I հազ. սկզբում տարածաշրջանում [Քաշաթաղ], արձանագրվում է տնտեսական և քաղաքական կյանքի աշխուժացում[3]։  Հ. Կարագյոզյանն էլ կարծում է, որ Աղահեջք գավառի, այլև Հայելեակ գյուղի անվանումը (Ծիծեռնավանքից 5 կմ արլ․) ծագել են Ծովինարի՝ ուրարտական շրջանի ժայռափոր արձանագրությունում վկայվող «Էլաինե»-ից[4]:

Նշենք, որ Վաղատուր գյուղը բաժանված է երկու մասի՝ Վաղատուր և Հալաք || Հա̈լա̈ք կամ Վերին թաղ։ Հալաք թաղամասում է գտնվում Հալաքի` եռանավ սրահով եկեղեցին, որ սխալմամբ վերագրում են 19-րդ դարին[5]։

Արդ՝ կարծում ենք, որ ներկայիս Հալաք || Հա̈լա̈ք թաղամասը նույն Հայելեակ գյուղն է, որի մասին նշվում է Օրբելյանի՝ Աղահեճք գավառի հարկատու գյուղերի ցանկում։ Հալաք || Հա̈լա̈ք-ը Հայելակ-ի բարբառային տարբերակն է։ Առայժմ չենք կարող հստակ ասել, թե ինչ է նշանակում Հայելակ-ը։ Ունենք կանխավարկած, ըստ որի՝ այն առաջացել է հայ (հայել «նայել» +ել+ակ) «դիտանոց» անհայտ ծագմամբ հայերեն բառից։ Հետագայում, երբ գյուղը շուրջ 74 տարի հայազրկված է եղել, Հայելակ-ը չի ըմբռնվել կամ աղավաղվել է ու դարձել Հալաք || Հա̈լա̈ք։

Այսպիսով՝ կարող են վերականգնված համարել Ս․ Օրբելյանի վկայաբերած հայկական բնակավայրերից մեկը՝ Հայելակ-ը, որ  գտնվել է Հաբանդն գավառի Վաղատու գյուղին կից[6]՝ Աղահեճքի սահմանում՝ սահմանագլխին՝ «Արահուծի» և «Ծիծառնուվանքի» շրջակայքում (ըստ հին ցուցակի) [7]՝ Կադոհորինքին նախորդող[8]։

Անունը պահպանվել է տարածքում և անցել եկեղեցու վրա՝ Հալաքի [Հայելեակի] վանք։


[1] Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա, Բ, Ի գործատան Կ.Վ. Շահնազարեանց, Փարիզ, 1859, հատ. Բ, էջ 266։

[2] Եթե կան այդպիսիք, ուրախ և շնորհակալ կլինենք մեզ տրամադրելու համար։

[3] Սարգսյան Գ․Մ.,  Գնունի Ա․ Վ., Հակոբյան Ա․ Հ.,  Սյունիքի արեւելյան սահմանների պաշտպանական համակարգի ձեւավորումը մ. թ. ա. II-I հազարամյակներում, «Վեմ համահայկական հանդես», 2014, թիվ 1, էջ 154։

[4] Կարագեոզեան Յ., Սեպագիր տեղանուններ (Այրարատում եւ յարակից նահանգներում), Երևան, 1998, էջ 142։

[5] Ըստ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ցանկի։

[6] Օրբելյան Բ, 1859, էջ 267։

[7] Օրբելյան Բ, 1859, էջ 266։

[8] Ըստ Ս․ Օրբելյանի 1861թ․ հրատարակության (Էջ 375):

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Դրվագներ ուշ միջնադարյան Մեղրու հոգևոր կյանքից

Հոգևոր կյանքի հաջորդ բուռն վերելքի ժամանակաշրջանը Մեղրիում կարելի է համարել XVII-XVIII դդ.՝ Մովսես Խոտանանցի (կամ՝…

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…