Զորաց քարերի «համազգային» վեճի մասին

Համլետ Պետրոսյան

 

Առաջին և վերջին անգամ /տեսակետ/

Երկար ժամանակ հետևում եմ Զորաց քարերի շուրջ ընթացող վեճին: Ցավում եմ, որ այն լի է անձնական վիրավորանքներով: Հասկանում եմ, որ հնագիտությունը դեռևս ի զորու չէ մինչև վերջ բացատրելու այս առեղծվածը: Գուցե այն պատճառով, որ հետազոտությունները դեռ նախնական փուլում են: Գուցե այն այդպես էլ առեղծված մնա, անկախ հետազոտության ծավալներից ու մակարդակից: Չգիտեմ: Եվ միանգամայն բնական է, որ այդ «բացը» լրացնելու են գալիս այլ գիտակարգերը, մերձգիտական և սիրողական մեկնաբանությունները: Այո, բնական է: Բայց լիովին մերժելի է, որ դրանք ուղեկցվում են հնագետների, և ի մասնավորի՝ ակադեմիական գիտնական Աշոտ Փիլիպոսյանի հանդեպ լտի հարձակումներով: Ոչ էլ կոչ եմ անում այդ մարդկանց զսպել իրենց: Բայց և չեմ կարող դավաճանել իմ սկզբունքներին. դու կարող ես Զորաքարերի մասին մտածել և արտահայտել ինչ ուզում ես՝ իմաստուն մտքերից մինչև վերջին ցնդաբանությունը, բայց դու իրավունք չունես պիտակավորել, ծաղրել, վիրավորել գիտնականի արժանապատվությունը՝ նրա արտահայտած մտքերի համար: Ես միանշանակ հեռացնելու եմ իմ ընկերների շարքերից բոլոր նրանց, ովքեր նման պահվածք դրսևորեն, դադարեցնելու եմ նրանց հետ իմ բոլոր հարաբերությունները: Ցավոք, սա այն նվազագույնն է, որ ես կարող եմ անել որպես քաղաքացի:
Ստորև դնում եմ և իմ՝ միջնադարյան կոթողային մշակույթով զբաղվող մասնագետի կարծիքը այդ հուշարձանի վերաբերյալ, որ գրել եմ 1998թ.` Արեգ հրատարակչության պատվերով: Այն լույս է տեսել 1999թ. ի վեր մի քանի լեզուներով հրատարակված «Հայաստանի հրաշալիքները» գրքում:

Այսօր դժվար թե որևէ մասնագետ կարողանա վերջնականապես պարզել, թե երբ և ինչ նպատակով են կանգնեցվել մի քանի հարյուրի հասնող, մինչև երեք մետր բարձրություն և մինչև ինը տոննա քաշ ունեցող բազալտե ուղղաձիգ այս կոթողները: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մերձակայքում, ծովի մակերևույթից մոտ 1800մ բարձրության վրա գտնվող, արևմտյան կողմից քարափով եզերվող հրվանդանի վրա տեղադրված, ավելի քան 300մ ձգվող և մոտ յոթ հա տարածություն զբաղեցնող այս հուշարձանը հեռվից դիտողին առասպելական հսկաների կանոնավոր շարքեր է հիշեցնում: Ահա հավաքվել են զորագնդերը, և որ որ է, պիտի սկսվեր ահեղ մարտը, բայց ինչ-որ գերբնական ուժ կախարդել-անշարժացրել է նրանց: Մոտավորապես այսպես է բացատրում ավանդությունը հուշարձանի Զորաքարեր անունը:Հուշարձանի կենտրոնը կազմում է խոշոր սալաքարերով շարված ընդարձակ քառանկյուն դամբարանը (այն ունի 7մ երկարություն և 5մ լայնություն), որը ներառված է ոչ մեծ քարերից կազմված շրջանի մեջ: Սա էլ իր հերթին ներառված է արդեն ուղղաձիգ կոթողներից կազմված, 45մ երկարություն ունեցող ձվաձև, սուր ծայրով դեպի արևմուտք ուղղված շրջանի մեջ: Այս շրջանը հատվում է կոթողների հյուսիսից հարավ ավելի քան 250մ ձգվող մի շարքով, որը ծայրերում փոքր-ինչ թեքվում է դեպի արևմուտք, դեպի հրվանդանը եզերող քարափը: Թե՜ ձվածիր շրջանից և թե՜ այս հիմնական շարքից ելնում են կոթողների այլ շարքեր ևս: Սակայն դրանցից շատ քիչ կոթողներ են մնացել և նախնական տեսքի մասին միայն ենթադրություններ կարելի է անել: Կարելի էր ենթադրել, թե մեր առջև հին ՙարքայական՚ մի թաղում է: Սակայն քարե օղով շրջափակված դամբարանները, որ խիստ տարածված էին Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների մշակույթում, ոչ մի տեղ չունեն ուղղաձիգ կոթողներով շրջափակում և ոչ էլ ուղեկցվում են կոթողների շարքերով: Բացառված չէ նաև, որ այս կոթողներն ու դամբարանը կառուցվել են տարբեր ժամանակներում և իրար կողքի հայտնվել են պատահաբար: Հյուսիսից հարավ ձգվող և ծայրերով դեպի հրվանդանը թեքվող շարքը հիմք է տվել ենթադրել, թե գուցե մենք գործ ունենք յուրօրինակ մի պաշտպանական կառույցի հետ: Բայց ուղղաձիգ կոթողներով ամրություն կառուցելը ոչ միայն անսովոր, այլև պաշպանական առումով անհեռանկար ձև է, էլ չենք ասում, որ այստեղ չկա որևէ բնակավայրի կամ ամրոցի հետքեր:Եթե նայենք կոթողների տեղաբաշխման հատակագիծը, ապա այն մեզ կարող է հիշեցնել խոյի կամ ցուլի գլուխ՝ եղջյուրներով հանդերձ: Այս երկու կենդանիների պատկերները, որոնք նաև համանուն երկու ամենահայտնի համաստեղություններն էին խորհդանշում, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների մշակույթի ամենասիրված մոտիվներից են: ԵՎ գուցե այս հուշարձանը նրանց նվիրված մի հնագույն պաշտամունքային համալիր է: Բայց թե որ դիրքից ու ինչ հեռավորությունից այն պիտի հին բնիկներին հիշեցներ իր խորհրդանշած իմաստը, այնքան էլ պարզ չէ: Կոթողները արտաքնապես նման են բնական քարաբեկորների: Կարելի էր եզրակացնել, որ հին քարագործի աշխատանքը սահմանափակվել է մայր ժայռից սյունանման բեկորներ առանձնացնելով, եթե չլինեին նրանց մի մասի վրայի միջանցիկ անցքերը, որոնց նշանակությունը այդպես էլ մնում է չպարզված: Սովորաբար մի քարի վրա բացված է մեկ անցք, միայն եզակի դեպքերում՝ երկու: Անցքերը որպես կանոն գտնվում են կոթողի վերնամասում ու եզրին մոտ: Այդ անցքերը նման են սուր ծայրերով իրար հանդիպող զույգ կոների, ինչը վկայում է, որ անցքի կեսը փորվել է քարի մի կողմից, իսկ մյուս կեսը՝ հակառակ կողմից: Ընդ որում, դատելով նրանց խիստ կանոնավոր ու հարթ ներքին մակերեսներից, կարելի հավաստել, որ դրանք բացվել են կարծրաբյուրեղ ավազը հատուկ ձողի օգնությամբ քարի վրա տրորելով: Հնավանդ այս ձևով անցքերի բացումը խիստ աշխատատար էր, բայց և ապահով, այն եզակի դեպքերում միայն կարող էր հանգեցնել քարի ջարդվելուն: Մի քանի կոթողի վրա այսօր էլ տեսանելի են նման խոտանված անցքեր: Այս անցքերը Զորաքարերի ամենամեծ առեղծվածներից մեկն են: Ովքեր հակված են Զորաքարերը համարել հնագույն աստղադիտարան, այս անցքերը համարում են երկնային մարմիններին հետևելու համար նախատեսված ‘աստղադիտակներ’: Բայց թե քանի մոլորակի, համաստեղության կամ աստղի պիտի հետևեին ութսունից ավելի ՙաստղադիտակներով՚, որոնց մի զգալի մասն էլ դեպի երկինք չի ուղղված, նույնպես դժվար է պատկերացնել: Հնագետները հակված են այս անցքերը համարել տեխնիկական միջոց՝ պարանի օգնությամբ կոթողները տեղափոխելու կամ ուղղաձիգ կանգնեցնելու համար: Նման ենթադրության օգտին է խոսում և այն փաստը, որ Սիսիանի շրջանի Շաղատ գյուղի հարևանությամբ գտնվող մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջերին-առաջին հազարամյակի սկզբներին վերաբերող ամրոցի պատերում, որոնք չափերով ու տեսքով հար և նման են այս կոթողներին, նույնպես կրում են անցքեր, սակայն ոչ թե ուղղաձիգ կանգնեցված են, այլ շարված են հորիզոնական դիրքով: Դեռևս անցյալ դարի վերջերին հայտնվել է տեսակետ, թե Զորաքարերի անցքերն արվել են հետագայում, անասուններին կապելու նպատակով, երբ հուշարձանն օգտագործվել է որպես քոչվորների մակաղատեղի:Այսպիսով, Զորաքարերը գիտնականների կարծիքով թերևս հնագույն աստղադիտարան է, պաշտպանական կառույց է, հնագույն գերեզմանոց է, պաշտամունքային համալիր է, քոչվորների սեզոնային նստավայր է կամ էլ այս բոլորը կամ մի մասը միասին վերցրած:Նույնքան վիճահարույց է այս կոթողների կանգնեցման ժամանակը: Ըստ երևույթին լրիվ անհիմն պիտի համարել այն մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով թվագրելու փորձերը: Տեղանքի հնագիտական հետազոտությունը, որը կատարվել է վերջերս, ցուցում է այս կոնկրետ տեղանքում նյութական մշակույթի առկայությունը մ.թ.ա. 3-րդ հազարամյակից սկսած, բայց հատկապես նշելի է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի բազմաթիվ դամբարանների առկայությունը: Այս և մի շարք այլ հանգամանքներ ավելի հավանական են դարձնում հուշարձանը մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրելու տեսակետը:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

ՀՀ Սահմանադրության նախագիծ. Մալիկ Թելունց

Մալիկ Թելունց See author's posts Ընթերցված է՝ 3 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get…

Read More

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More