Սա անգյա̈լ կօրծ ա. բառի պատմության հետքերով

Նկարում՝ հին Հարժիսը
Նկարում՝ հին Հարժիսը

Մ. Քումունց

Անգյա̈լ բառը հայերենի համար նշվում է բարբառային փոխառությունների շարքում՝ որպես պրսկերենից անցած բառ՝ انگل /angal/ «պարազիտ, մակաբույծ»[1]: Հայերենի բարբառներում տարածված է անկյալ և անգյա̈լ՝ «1. ծույլ, 2. անդամալույծ, 3. անազնիվ» իմաստներով, Սյունիք-Արցախում՝ անգյա̈լ/ա̈նգյա̈լ/էնգա̈լ՝ «1. թերություն. 2. վատ արարք, 3. ապաշնորհ, 4. փորձանք, 5. արատ»: Նրանով կազմված են անգյա̈լ անէլ «1. փչացնել, 2. ծուլանալ», Արցախում՝ անգյա̈լա քյօ̈ք անէլ «թերանալ»: Այս արմատից է անգյա̈լլո̈ւ «արատ ունեցող, ծույլ, չաշխատող մարդ», որ անցել է նաև թյուրքերենին՝ angallu, որը այդպես էլ նորից փոխանցվել է Սյունիք-Արցախ բարբառախմբին:

Հետևելով բառի ծագմանը՝ նկատում ենք, որ անգյա̈լ բառի հիմքում ընկած է գրաբարի բազմիմաստ բառերից անկանիմ/անգանիմ-ը՝ «1. ընկնել, 2. բաժին ընկնել, 3. մեկին ապավինել, 4. մատնվել, ենթարկվել» և այլն[2]: Նշվածներից ամենաշատը հանդիպում է «ընկնել>ընկած» իմաստով[3]: Օրինակ՝ «Աստվածաշնչում» գործածված անկանիլ բայի 807 դեպքից 113-ը ունի «ընկնել» իմաստը[4]: Միջին հայերենում հանդիպում է ընկնիլ/ընկնալ/ընկնուլ տարբերակներով՝ «1. ընկնել, 2. ընկնավորել, 3. լինել, գտնվել»:

Հ. Աճառյանը նշում է, որ արմատը անկ-ն է, «գրուած է նաև անգանիլ, ընկանիլ»[5], և գրաբարում «ընկնել» իմաստով գործածվել է -եալ մասինկ-ածանցի կցմամբ, որ բարբառներում տարածվել են ըստ տարածքային հատկանիշների՝ անգյա̈լ/ա̈նգյա̈լ/էնգա̈լ/անգյալ և այլն:  Անկ- արմատը հետագայում էլ Սյունիք-Արցախում հանդես է եկել նաև «ընկնել» իմաստով՝ ինգյիլ/ըղնէլ>յէր ընգյէլ և այլն:  Ստացվում է, որ գրաբարյան շրջանից հետո ձևավորվել է  անկեալ>անգյա̈լ բառը իմաստային ընդհանրացմամբ՝ «Անգյա̈լ ա տառալ էս մարթը» — «ծուլանալ, վիճակը վատթարանալ»,  «Սա անգյա̈լ կօրծ ա» — «վտանգավոր», այլև՝ «1. թերություն, 2. գաղտնի արած վատ արարք, 3. ապաշնորհ, 4. փորձանք, 5. արատ», որը հարանվանական տարբերակով պահպանվել է Սյունիք-Արցախում:  Այն ծագում է ՝   հ.-ե.  *sengw ձևից՝ *s> h>ø, *gw>կ/գ/գյ,  և եալ մասնիկից, որն էլ համապատասխանում է *-lo ածանցին՝ *-isālo` հայ. սեռ. ոյ՝ դերբայական արժեքով[6]՝ անգյա̈լ «ընկած՝ աշխատելու ոչ ունակ, թերություն ունեցող և այլն»: Հիմա էլ ինգյիլ/ըղնէլ/ընգընէլ/ընգնէլ/ըյնէլ/ընգյիլ տարբերակները «Ղարաբաղի բարբառային բառարանում» նշվում են բազմաթիվ իմաստներով[7], որոնց հավելում ենք նաև Սյունիքում գործածական «մահամերձ վիճակ, թուլացած, անկարող»:

Կարծում ենք, որ բարբառախմբում անկ>անգ /կ>գ/ անցումը պայմանավորված է ն ձայնորդով, հմմտ.՝ ժանկ>ժա̈նգ, թանկ>թանգ, արմունկ>արմունգ, բանկ>բանգ և այլն, որի հետևանքով էլ -եալ ածանցը դարձել է յա̈լ:

Այսպիսով՝ անգյա̈լ-ը բնիկ հայերեն բառ-կազմություն է, որ անցել է նաև թյուրքերենին և մինչև օրս ունի լայն գործածություն Սյունիք-Արցախ բարբառախմբում:

[1] Մարգարյան Ա., «Գորիսի բարբառը», Ե., 1975, էջ 503, Սարգսյան Ա., «Ղարաբաղի բարբառի բառարան», Ե., 2013, էջ 44, Իսրայելյան Ա., Պարսկերենից փոխառյալ բառերը Արտաշատի խոսվածքում, Հայագիտական հանդես,  թիվ 3-4 (23 — 24), Ե., 2013, էջ 45:

[2] Տե՛ս Ղազարյան Ս., Գրաբարի բառարան, Ե., 2000, էջ 101-102, ՆՀԲ., 168-169:

[3] Սբ. Գրքից առանձնացված գրեթե բոլոր հատվածներում հիշատակվում է «ընկնել» իմաստով.

«Եւ անկեալ ի վերայ պարանոցին Բենիամինի եղբօր», «թլփատեաց զանթլփատութիւն որդւոյն իւրոյ. եւ անկեալ առ ոտս նորա ասէԱհա…» և այլն /տե՛ս http://www.arak29.am/bible_28E/w2153.htm/:

[4] http://www.arak29.am:

[5] Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան, Ե.1926, էջ 197:

[6] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, Էջ 803:

[7] 1. Դեպի ցած շարժվել,  ընկնել, 2. որևէ բանի վրա հենվել, տարածվել, փռվել, 3. չոքել, գետնին փռվել (աղոթելու, աղերսելու համար),4. իջնել, նվազել, թուլանալ, 5. կորցնել, զրկվել, 6. իր վրա կրել, ծանրաբեռնվել, 7. որևէ բանի ենթարկվել, 8. հարձակվել, արշա­վել, 9. վատ արարքը բացահայտվել, վատ ա­րարքի մեջ բռնվել, 10. լինել, տարածվել, սփռվել, 11. ո­րևէ տեղ հայտնվել, գնալ, 12. առա­ջանալ, ծագել, տարածվել, 13. թա­փանցել, անցնել, մի բանի դիպչել, 14. որևէ բանի մեջ գրվել, հաշվառվել, տպագրվել, 15. որևէ հիվանդությամբ վա­րակվել, 16. դեգերել, թափառել, 17. մի բանի տակ, արան­քում մնալ, 18. թակարդով, ծուղակով բռն­վել, 19. մեկին ապա­վինել, մեկի, մի բանի օգնությունը ակն­կալել /Տե՛ս Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Ե., 2013, էջ 157-158/:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Indo-European Origins of Syunik-ArtsakhAgricultural Terms

Հեղինակ՝ Mher Kumunts, Inga Margaryan, Sona Miqayelyan, Valentin Khachatryan, Gayane Gevorgyan, Hasmik Khachatryan, Susanna Grigoryan,…

Read More

Productive Word-Formation Patterns in Modern Armenian: A Lexicographical Data Analysis

Ինգա Մարգարյան See author's posts Մհեր Քումունց See author's posts Լուսինե Ներսիսյան See author's posts…

Read More