Ձագեձորի բերդի տեղադրության հարցի շուրջ

Ժիրայր Միրումյան

Արամ Բաբայան

 

Ձագեձորի բերդը եղել է Սյունիքի նշանավոր բերդերից մեկը: Ըստ Ստ. Օրբելյանի՝ «Հաբանդա բերդը, որը Սիսակի նույն տոհմի Ձագ նահապետը շինեց մի գետի վրա և իր անունով ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորո բերդ»[1]:

Բերդի տեղադրության վերաբերյալ հայտնել են  տարբեր  տեսակետներ:  Ականավոր վիմագրագետ Ս. Բարխուդարյանի տեսակետի համաձայն՝ Ձագեձորի բերդը գտնվել է Գորիսի հարավային մասում վերխոյացող Լաստի խութ կոչվող ժայռի գագաթին[2]: Սակայն, պատմական նյութերը ուսումնասիրելով՝ ավելի համոզիչ է դառնում այն, որ Լաստի փոքր գագաթը հարմար  չէ  Ձագեձորի նման  նշանավոր բերդի  տեղադրության համար:

Կարծում ենք, ընդունելի չէ նաև   Ս. Բարխուդարյանի տեսակետը Ձագեձոր գյուղի տեղադրության վերաբերյալ: Ըստ նրա՝ Ձագեձոր գյուղը համապատասխանում է Գորիսի հյուսիսարևելյան մասում գտնվող Ծակերի ձորի (Շորին ձոր) հին բնակավայրին[3]: Ավելի վաղ  նման տեսակետ էր հայտնել նաև ազգագրագետ  Ե. Լալայանը՝ նշելով, որ Ձագեձոր անվանունը առաջացել է  Ծակերի ձորի անվան հնչյունափոխումից. այդտեղ գտնվում էին բազմաթիվ փորվածքներ՝ քարայրներ, ծակեր, որոնցից էլ առաջացել է տեղանունը[4]: Ձագեձորի և  Ծակերի ձոր տեղանունների նույնացումը  անհավանական է: Կարծում ենք՝ առավել ընդունելի է Ա. Ղարագյոզյանի տեսակետը, համաձայն որի՝ այստեղ առկա է միայն երկու տարբեր  անվանումների զուտ հնչյունական նմանությունը և Ծակերի ձորը ավելի շուտ համապատասխանում է  Ստ. Օրբելյանի հարկացուցակում  Գորայքի հետ հիշատակված Աղոջրիկ գյուղին, որն իր անունը կարող էր  ստանալ Շոռ ջուր վտակը կազմող սելտերյան  աղբյուրներից[5]:

Որոշ  հետազոտողներ Ձագեձոր գյուղը համարել են Գորիս գյուղը[6]: Կարծում ենք,  անհավանական է նաև այս տեսակետը, քանի որ դրանք, ըստ էության,  երկու տարբեր  բնակավայրեր են, որովհետև Գորիսը Գորայք ձևով վկայված է Տաթևի  վանքին հարկատու գյուղերի ցուցակում:

Մեր կարծիքով,   ընդունելի չի նաև Ա. Ղարագյոզյանի՝ Ձագեձորի բերդը ներկայիս Ակներ (Բռուն) գյուղի տարածքում, իսկ  Ականա գյուղը  «Գյավուրի բներ» կոչվող հին բնակատեղիում գտնվելու վերաբերյալ տեսակետը[7]: Տեսակետը մերժելի է այն պատճառով, որ հին Բռունը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է Ստ. Օրբելյանի հարկացուցակում 10 չափ հարկ վճարող Ականա բնակավայրին[8]:  Եթե բերդը  կառուցված լիներ այդտեղ, ապա  այն կկոչվեր ոչ թե Ձագեձորի, այլ Ականա բերդ, հատկապես, որ բերդը սկզբնապես կրել է ոչ թե  Ձագեձորի, այլ Հաբանդա բերդ անվանումը: Ճիշտ է, Ակներ գյուղի տարածքում գտնվում են Ղլքերծ  կոչվող հին բնակավայրի և կիկլոպյան  ամրոցի մնացորդներ, բայց այդ տարածքը գտնվում է ոչ թե  Ակներ գյուղը զբաղեցնող հրվանդանի վրա, այլ Վարարակն գետի արևմտյան ափին:

«Գյավուրի բներ» բնակատեղիում  1980թ.  Օ. Խնկիկյանի կողմից իրականացված հնագիտական պեղումները վկայում են մ.թ.ա. II-I դդ. այստեղ բնակավայրի գոյության մասին[9]: Մեր կողմից տեղում իրականացրած հետազոտությունները, մասնավորապես հայտնաբերած օբսիդիանի բազմաթիվ հնագիտական իրեր,  գործիքներ վկայում են ավելի հին բնակավայրի գոյության փաստի մասին:  Այդ նյութերը հիմք են ենթադրելու, որ «Գյավուրի բներ» բնակավայրը  միջնադարում արդեն գոյություն  չի ունեցել:

Ինչպես և կարծում ենք, առավել հավանական է Ղ. Ալիշանի տեսակետը, ըստ որի՝ Ձագեձոր գյուղը  համապատասխանում է Հին Գորիսին (Վերիշեն), իսկ բերդը պետք է գտնվեր նրա շրջակայքում[10]: Այսօրինակ կարծիք են հայտնել նաև Ս. Հախվերդյանը  և Թ. Հակոբյանը[11]:

Նման տեսակետի համար կարևոր փաստարկ կարող է  ծառայել Վերիշենի տարածքում Հայաստանի միասրահ ամենամեծ  բազիլիկ եկեղեցու առկայությունը (երկարությունը 27,3 մ), որը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 4-րդ դարում նախկին հեթանոսական մեհյանի տեղում: Նրա շրջակայքում հայտնաբերված  մեծաթիվ խաչքարերը,  տապանաքարերը և մշակույթային մեծ արժեք ներկայացնող այլ նյութերը վկայում են եկեղեցու մոտակայքում մեծ բնակավայրի առկայության մասին: Ինչն էլ թույլ է տալիս նշել, որ այդպիսի բնակավայր կարող էր լինել միայն Ձագեձորը:

Ձագեձորի տեղադրության հարցում կարևորվում է նաև Ստ. Օրբելյանի տեղեկությունը Հաբանդա բերդի կառուցման վերաբերյալ:  Նա  նշում է, որ Ձագ նահապետը Հաբանդա բերդը  կառուցել է մի  գետի մոտ՝ առանց նշելու նրա անունը[12]: Հասկանալի է, որ խոսքն անկասկած Վարարակնի մասին է: Սակայն այստեղ պետք է մեկ վերապահում. Վարարակն գետը ունի երկու բազուկ` արևմտյան և արևելյան: Արևմտյան բազուկը կամ բուն Վարարակնը  սկիզբ է առնում Իշխանասարի փեշերից և Ակներ գյուղի տարածքով հոսելով` Վերիշենի հարավային մասում  միախառնվում է արևելյանին:  Արևելյան բազուկը, որը նույնպես կոչվում է Վարարակն (նաև` Վերիշեն), սկիզբ է առնում Վերիշենի հյուսիսում գտնվող Ավի դարա (Որսաձոր) կոչվող տարածքից բխող բազմաթիվ աղբյուրներից: Մեր կարծիքով, Օրբելյանի վկայած մի գետը  հենց արևելյան Վարարակն է:

Ամենայն հավանականությամբ Ձագեձորի  բերդը գոյություն է ունեցել մինչև 13-րդ դարի երկորդ կեսը, կամ էլ առավելագույնը մինչև 14-րդ դարի 50-ական թվականները: Մոնղոլական արշավանքներից, ինչպես և նրանց տիրապետության սկզբնական շրջանում  Ձագեձորի  բերդը չի տուժել: Այդ իրողության օգտին է այն հանգամանքը, որ բերդը  1242-43 թթ. Եղել է Այսրկովկասում մոնղոլական զորքերի գլխավոր զորավար Բաչու-Նոյինի նստավայրը: Ենթադրվում է, որ մինչև 1256 թ. Ձագեձորը համարվել է Բաչու-Նոյինի ամառային նստավայրը, քանի որ նրա հիմնական կենտրոնավայրը կամ ձմեռանոցը Մուղանի հարթավայրն էր[13]: Սակայն մոնղոլների վերաբերմունքը ամրությունների նկատմամբ խիստ բացասական էր: Անառիկ ամրոցների ոչնչացումը նրանք խիստ կարևոր էին համարում, որպեսզի տեղական իշխանները չկարողանան ամրանալ և իրենց դեմ ապստամբել:  Մաղաքիա աբեղան վկայում է, որ մոնղոլները  Հայաստանը գրավելուց հետո կարգադրել էին Ղարա Բուղային, որը 1254 թ. Հայաստանում և Վրաստանում ընդհանուր աշխարհագիր անցկացրեց, քանդել երկրի ամրությունները, գլխավորապես անառիկ բերդերը[14]: Բայց հնարավոր է, որ Ձագեձորի  բերդը այդ ժամանակ խուսափել է Ղարա Բուղայի կողմից ավերվելուց, քանի որ Սյունիքի տեր Օրբելյանների հարաբերությունները մոնղոլների հետ բավականին բարեկամական էին: Օրբելյանների իշխանական տունը Սմբատ I-ի (1253-1273) օրոք 13-րդ դարի 50-ական թթ. այնքան էր ուժեղացել, որ 1251թ. Մանգու խանը նրա տիրույթները դասում է մեծ խանին անմիջապես ենթակա ինջուների շարքը, հանում է Վրաստանի և Զաքարյանների գերիշխանությունից, դարձնում ինքնուրույն թուման[15]:

Առավել հավանական է, որ Ձագեձորի  բերդը ավերվել է 14-րդ դարի 30-40-ական թվականներին մոնղոլական Հուլավյան իշխանության քայքայմամբ և դրան հաջորդած Ջելայիրյանների և Չոբանյանների երկպառակչական պատերազմների հետևանքով, կամ էլ բերդը վերջնականապես ավերվել է 1386-87 թթ. Լենկ-Թեմուրի՝ դեպի Սյունիք կատարած ավերիչ արշավանքների ժամանակ, չնայած այդ ժամանակաշրջանի աղբյուրներում Ձագեձորի բերդի վերաբերյալ որևէ հիշատակություն չկա:

Այսպիսով, մեր կարծիքով Ձագեձորի  բերդի ամենահավանական տեղադրությունը կարող է լինել  Վերիշենից 200-300 մ. հյուսիս-արևելք գտնվող` Վերիշենից դեպի Վաղատուր տանող ճանապարհի վրա իշխող Ղլըքերծ կոչվող բարձունքի գագաթը: Իսկապես, այդ բարձունքին հեռվից նայելիս հստակորեն ուրվագծվում են պաշտպանական կառույցների նմանվող ամրությունների շղթա, իսկ գագաթին նկատելի են 3-4 մետր լայնություն ունեցող պարիսպների  մնացորդներ: Նշենք, որ Ղլըքերծ (Ղալքերծ, Ղալաքերծ) անունը ստուգաբանվում է որպես ամրացված (թուրքերենից անցած՝ ղալ, ղալա՝ ամրություն, բերդքերծ (ժայռ, լեռ): Ընդ որում ստրատեգիական և աշխարհագրական տեսակետից այդ բարձունքը բավականին հարմար է ամրոցի համար: Այն երեք կողմերից պաշտպանված է զառիթափ լանջերով, գտնվում է դեպի հյուսիս տանող ճանապարհի վրա և գտնվում է հին Վերիշենի մոտակայքում, ինչը գյուղի բնակչությանը հնարավորություն կտար վտանգի դեպքում անմիջականորեն պաշտպանվել մոտակա ամրոցում: Գյուղացիների շրջանում այժմ էլ ենթադրություններ կան, ըստ որի՝ նախկինում քարանձավներից դեպի այդ բարձունքը գոյություն է ունեցել ստորերկյա գաղտնուղի:


 [1] Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 71:

[2] Դիվան հայ վիմագրության, պր. II, կազմ. Ս. Բարխուդարյան, Երևան, 1960, էջ 76:

[3] Նույն տեղում:

[4] Լալայան Ե., Զանգեզուրի գավառ, հ. Բ, Թիֆլիս, 1899, էջ 8:

[5] Ղարագյոզյան Ա., Ձագաձորի տեղադրությունը, Լրաբեր, 1985, N 11, էջ 60:

[6] Օրբելյան Ստ., նշվ. աշխ., էջ 399-400:

[7] Ղարագյոզյան Ա., նշվ. աշխ., էջ 60:

[8] Օրբելյան Ստ., նշվ. աշխ., էջ 399-400:

[9] Խնկիկյան Օ., Նորահայտ հուշարձան Գորիսում, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 1981, N 4, էջ 312-313:

[10] Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ 1893, էջ 261:

[11] Տե՛ս  Հակոբյան Թ., Սյունիքի թագավորությունը, Երևան 1966, էջ 158: Հախվերդյան Ս., Գորիսի ամփոփ պատմություն, Երևան 2005, էջ 29:

[12] Օրբելյան Ստ., նշվ. աշխ., էջ 71:

[13] Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ.Գ, Երևան 1959,   էջ 234:

[14] ИНОК МАГАКИЯ. ИСТОРИЯ НАРОДА СТРЕЛКОВ М. 1871.

[15] Օրբելյան Ստ.,նշվ. աշխ., էջ 405-409:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

ՀՀ Սահմանադրության նախագիծ. Մալիկ Թելունց

Մալիկ Թելունց See author's posts Ընթերցված է՝ 3 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get…

Read More

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More