Սև լիճ (ավանդազրույց)

Գրիշա Մանուչարյան
Տիգրան Գրիգորյան
Իշխանասար լեռան լանջին
Կա մի լճակ գեղեցկատես,
Հատակը՝ սեղմ, ինքն՝ անչափ ջինջ,
Հսկայակա՜ն ձագարի պես:
Նրա շուրջը ծաղկունքի ծով
Ու զով բուրմունք է ո՜ղջ ամառ…
Զեփյուռաշունչ ալիքներով
Նա հովիտն է պահում դալար:
Ինքը՝ լազուր, շուրջը՝ ատլաս,
Ինչպես շրջած կապույտ վրան,
Կարծես երկնից պոկված մի մաս
Ընկել է այդ լեռան վրա:
Դարեր ի վեր այդ լիճը մով
Զովացրել է սարվորին,
Գառ ու մաքի ջրել սիրով
Ամառային շոգ կեսօրին:
Բայց լիճը չէ, որ ինձ գերել,
Խռովել է հոգիս խաղաղ,
Մի կսկիծ է ինձ պարուրել՝
Մի պատմություն արցունքաշաղ:
Ձեզ կպատմեմ ես այն մասին,
Թե ինչու՞ է կոչվել նա Սև,
Երբ դարերով շողը լույսի
Մինչև լճի խորքն է հասել…
* * *
Երկու ջահել իրար տեսան,
Իրար անկեղծ սիրեցին…
Աղջիկն ասես՝ սարի շուշան,
Տղան՝ բարդի սլացիկ:
Հանդիպում էր ամեն գիշեր
Սիրած զույգը լճափին,
Բերում իրար գգվա՜նք ու սեր,
Ինչպես գարունն ու արփին:
Բայց հրճվանքն էլ ունի սահման,
Նրա հետ է վիշտն արթուն,
Այնպես, ինչպես լույս ցերեկվան
Միշտ գիշերն է հաջորդում:
Երբ աղջկա հայրն իմացավ
Սիրո մասին այդ զույգի,
Մի իսկական դահիճ դարձավ՝
Անզգա ու անհոգի…
Ու «անպատկառ» իր աղջկան
Այնքան ծեծեց զայրույթից,
Որ մեծացավ այդ լիճն անգամ
Նրա թափած արցունքից:
Հետո նետեց մի մութ վրան,
Ինչպես ժայռի մի խոռոչ,
Որ սպանի սերը նրա՝
Դեռ չծաղկած, դեռ բողբոջ:
– Հարու՛ստ մարդու պիտի գնաս, –
Թնդաց հոր ձայնը դաժան, –
Ի՞նչ ես կպել խեղճ ու տհաս
Էդ հովիվին անարժան…
* * *
Բայց աղջկա սերը մաքուր
Զորանում էր ինքնակամ,
Ինչպես պարարտ հողի գրկում
Սերմն է աճում ժամ առ ժամ:
Մինչդեռ տղան, գիշեր ու զօր,
Ընկճված ու թևաթափ՝
Տվայտում էր մտամոլոր,
Մտքով հասնում ափից ափ:
Տեսնում նրան՝ անօգ տեսքով.
Դեմքը՝ մռայլ, աչքը՝ թաց,
Գութ չունեցող իր հոր կամքով
Եղնիկի պես վանդակված:
Լճի ափին նստում էր նա
Ու տարվում իր սրինգով
Եվ մոռանում վիշտը մի պահ
Իր սրտառուչ նվագով:
Բայց աղջիկը չէ՛ր երևում,
Ասես երբե՜ք չէր եղել…
Խեղճն այն ափին՝ սերը սրտում,
Ծով արցունք էր հեղեղել:
Երբ տղայի ցավն անհատնում
Խորանում է օրեցօր,
Մի գիշեր էլ տղան տրտում
Լիճն է մտնում խենթօրոր:
Ու լողալով ուզում է նա
Հասնել ափը դիմացի,
Ուր աղջիկն էր այրվում մենակ՝
Առանց ծխի ու բոցի:
Բայց կենտրոնում այդ լճակի
Խորասուզվեց խեղճ տղան,
Առանց թաղման ու թափորի
Լիճը դարձավ գերեզման…
* * *
Հենց ի կսկիծ այս պատմության՝
Անվանեցին նրան «Սև լիճ»,
Անունն՝ ինչպես գույնը մահվան,
Ինքը՝ հովվի սիրո պես ջինջ:
Իսկ որ լճի ջուրն աղահամ

Չի՛ քաղցրանում դար ու դարեր,

Այդ արցունքն է այն աղջկա
Լճում աղի շերտեր թողել:
Եվ սրինգն են գտել մի տեղ՝
Հեռու՜- հեռու մի գյուղակում,
Ասում են թե՝ երկար ու նեղ
Անցք է բացված լճի խորքում:
Երբ կեսօրին ամառային
Մաքիներն են ջրի վազում,
Ասես՝ փնտրում են տղային,
Որին աղջիկն է դեռ սպասում…


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

ՀՀ ­Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­գիծ

Մալիկ Թելունց See author's posts Ընթերցված է՝ 3 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get…

Read More

Գորիս քաղաքի հիմնումը և զարգացումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածները կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոխառությունների ոճական առանձնահատկությունները Խ․ Աբովյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Քումունց Մ․Տարեթիվ՝ 2005Աղբյուր՝ Նորք, 3Էջեր՝ 46–52📄 Ներբեռնել PDF Մհեր Քումունց See author's posts Ընթերցված…

Read More

Դարձվածքները Հ. Մաթևոսյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Մհեր Քումունց Տարեթիվ՝ 2005թ. Հրատարակություն՝ «Մաթևոսյանական արձագանքներ» գիտական նյութերի ժողովածու Էջեր՝ 143–152 Ամփոփում Հոդվածում…

Read More